Էդուարդ Թուրնեյզեն | ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

Edouard Thurneysen

Ֆրանսերենիգ թարգմանեց՝ Գառնիկ Մելքոնյանը

Մաս Ա

Նախապատերազմական բնականոն ու անվտանգ մթնոլորտից դուրս ելած մարդը, որն առաջին անգամ շփվում է Դոստոևսկու ստեղծագործության հետ, ապրում է ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, հավեր ու ձիեր պահողի այն զգացումը, ով հանկարծ խորթություն է զգում՝ իր առաջ տեսնելով մի անապատ, որը ծայրից- ծայր բնակեցված է վայրի կենդանիներով: Հովազներն ու կատվառյուծները, վագրերը, կոկորդիլոսներն ու օձերը վխտում են իր չորս բոլորը, արծիվներն ու գիշանգղները հետապնդում են նրան: Բնութունը պարուրում է նրան, անհանգստացնող, վայրի, հանելուկային այդ բնությունը իր հազար ու մի անակնկալներով: «Նա ոտքը դրեց կույս հողի վրա», ասում է Ստեֆան Ցվայգը, նա թողեց հեռու՝ իր ետևում, ծանոթ ու մեղմ կլիմա ունեցող բնակելի տարածքները: Նա անցավ վերջին սահմանները, սովորական մարդկության սահմանները.անձկությունը սրտում` նա դիտում է ծանոթ ու անծանոթ դեմքը մի էակի, ով իր նման կրում է մարդ անունը, և սակայն, թվում է, ապրում է մարդկային բոլոր հասկացություններից դուրս, բարու և չարի, իմաստության ու խելագարության, գեղեցկության ու տգեղության հասկացություններից դուրս, անգամ պետությունից ու ընտանիքից, դպրոցից ու Եկեղեցուց դուրս: Ավելին, այդ մարդը, երբ այդ խորհրդավոր շրջապատից վերադառնում է իրեն հարազատ աշխարհ, հանկարծ այդ ընտանի կենդանիների մեջ վերագտնում է իր ընկերակիցներին, որոնց հետ, մի ժամանակ, նա իրեն լրիվ իր ափսեի մեջ էր զգում.և ահա, մինչև անգամ իր սեփական տան մեջ, նա հայտնաբերում է, որ շրջապատված է գաղտնի վտանգներով, որոնց մասին մինչ այդ անտեղյակ էր: Այդպես էլ նա, ով ծանոթանում է Դոստոևվսկու աշխարհին ու նրա գործող անձանց, ապրում է ներքին զարհուրանքի ու սարսուռի զգացում: «Քաոսի մեջ ուղղված այդ հայացքը» առանց հետևանքի չի մնում. Հերման Հեսսեն իրավացի էր, որ մի թաքուն անձկությամբ ահազանգի ձայն էր բարձրացնում՝ մատնանշելով այն կապերը, որոնք Դոստոևսկու պատկերած ռուս մարդուն միավորում են Արևմուտքի մայրամուտի հետ: Հանելուկային մարդկության տարօրինակ բռնությունները, ինչպես դրանք նկարագրում է Դոստոևսկին, իրենց մեջ ունեն հոգեկան խռովք պատճառող մի բան: Դրանք ձեզ հետևում են անքնության ժամերին ու հարուցում մղձավանջներ: Latzko-ի աշխատությունը՝ «Մարդիկ պատերազմում» վերնագրով, կարողացավ ավելի սարսափազդու թվալ հիվանդ նյարդեր ունեցողներին՝ շնորհիվ ծայրահեղ իրադրությունների նկարագրությունների. մինչդեռ Դոստոևսկու հերոսներն ապրում են 1860-70 թթ. ռուսական քաղաքների խուլ անդորրի մեջ. նրա գրքերում չենք լսում նռնակների պայթյուն, չենք տեսնում իրար վրա ընկած դիակներ, բանտարկյալները չեն խփվում երկաթյա փշալարերին ու մեռնում. ամեն ինչ ընթանում է ճապաղ առօրյայի գորշ միօրինակության մեջ. բայց այդ մռայլ մշուշի մեջ թաքնված, էլ ավելի սպառնագին, էլ ավելի ճշմարիտ է երևում մարդկային մթին բնության դեմքը: Դա նրանից չէ՞ արդյոք, որ արտաքնապես այնքան կարգավորված, այնքան բնականոն թվացող մեր արտաքինի տակ այրվում է լափող կրակը մի կյանքի, որը լի է չլուծված խնդիրներով, անբացատրելի հանելուկներով:
Կարդալ ամբողջովին

Թողնել պատասխան

Your email address will not be published.