Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ծովափ: Ավազ: Ափին հպվող ալիքների շրշյուն: Նոսր ամպերի արանքից նայող արև: Ավազի հետ խաղացող փոքրիկ տղա: Լողազգեստով ավելի մեծ տղա՝ վաթսունը վաղուց լրացրած, որ փոքր տղայի հետ խաղալուց և խեցինների դատարկ պատյաններով ավազի վրա մարդու դեմք նկարելուց ձանձրացած՝պառկել է տաք ավազի վրա ու ձեռքի ափերը գլխի տակ դրած նայում է հազիվ երևացող արևի կլոր դեմքին: Արևի կենսատու ջերմությունը խտխտացնում է նրա մաշկը: Արևը թափանցիկ հագուստներ հագած աղջկա հմայք ունի և իր աչքերի հրացայտ ճառագայթներով պարուրել է մեծ տղային: Մեծ տղան հաճույքից նվաղած փակում է աչքերը:
Փոքրիկ տղան, անտարբեր արևին ու ծովին՝ կաուչուկե բահիկով եռանդով ու վերացած քանդում է ավազները, լցնում կարմիր դույլիկի մեջ ու դույլիկը շուռ տալիս գետնի վրա: Ավազի վրա գոյանում են դույլիկի ձևով թումբեր: Միայն մեկն է անթերի, մյուսները կիսով չափ քանդված են: Փոքրիկ տղան նորից է փորձում: Չի ստացվում… Նրա սպիտակ թմփլիկ ձեռքերն ու կարմրած այտերն ու ճակատը ավազոտ են: Շեղ-շեղ ընթանալով՝ մի մատնաչափ խեցգետին է մոտենում նրան: Տղան ուշադիր նայում է խեցգետնին ու մատերի ծայրով վերցնում գետնից: Խեցգետինը օդում անօգնական շարժում է տոտիկները: Տղան մոտենում է ծովին ու անվարժ շարժումով խեցգետինը նետում է մոտեցող ալիքների մեջ ու նորից ձեռքը վերցնում բահիկը. նա չի կարողանում կտրվել ավազից… Տղան և ավազը մերվել են իրար՝ դառնալով մի ամբողջություն:
Արևը չբացահայտված գաղտնիքներ է շշնջում մեծ տղայի ականջին:
— Գիտե՞ս,-ասում է նա,- չլինեի ես, չէիր լինի դու, չէր լինի այս փոքրիկ տղան, այս ծովը, ավազները…
— Դե, իհարկե, դա գիտեն նույնիսկ դպրոցականները, նորություն ասա:
— Գիտեն, բայց չեն խորացել դրա իմաստի մեջ, դա ընդունել են որպես հնուց եկած անառարկելի ճշմարտություն, ասել են ու անցել… Ճիշտ է դեռ կան մարդիկ, որ երկրպագում են ինձ, բայց դրանց թիվը քիչ է: Երբեմն այնքա՜ն վիրավորված եմ զգում ինձ ու որոշում եմ հեռանալ ու անէանալ տիեզերական անհուններում: Շա՜տ թիթիզ է մարդ կոչված այս արարածը, կարծում է ինքը գիտի ամեն բան, բայց իրականում ոչինչ էլ չգիտի ու իր կարճ խելքով չի էլ կարող գիտենալ: Նույնիսկ մի ժամանակ իրեն հռչակել էր իբրև տիեզերքի կենտրոն, լավ է, որ շուտ գլխի ընկավ, թե ինչ տականքն է…
— Չեմ հասկանում, ի՞նչն է այդքան վրդովել քեզ:
— Չես հասկանում, որովհետև բոլորի պես ծնվածդ օրվանից քո գլուխն էլ լցրել են ամեն տեսակ վերացական մտքերով,- արևը մի պահ դուրս լողաց նոսր ամպերի տակից ու անողոքաբար այրեց մեծ տղայի ուսերը,- որովհետև մինչև այժմ չես հասկացել որ աշխարհի գոյության ու լինելիության գաղտնիքը իմ մեջ է:
-Այդքան հեշտ ու հասարա՞կ…
— Բա, ո՞նց. իսկ դուք շիտակը թողած՝ ընկել եք ծուռի ետևից ու շեղվելով այսքան պարզ ճշմարտությունից՝ փորձում եք պարզել ձեր ասած՝ արարչագործության գաղտնիքը:
— Իսկ քո կարծիքով, ո՞վ է արարել տիեզերքը:
— Գիտե՞ս, տանել չեմ կարողանում մարդկային կարճ խելքի և հինգ զգայարանների արգասիքը հանդիսացող այդ «ստեղծել», «արարել» ու նման բառերը: Տես փոքրիկ տղան էլ ավազե թումբեր է «ստեղծում»: Դա միմիայն մարդու գաղափարն է: Մարդը, բանական արարած դառնալուց և առաջին անգամ մի շարք պիտանի իրեր պատրաստելուց հետո փքված ասել է՝. «ես ստեղծեցի սրանք»: Եվ որքան շատ է ստեղծել, այնքան փքվել է և չի կարողացել կահույքը տարբերել տիեզերքից… Հետո պլշած նայել է շուրջն ու զարմացած հարցրել. «Բա ո՞վ է ստեղծել այս ծառերը, այս սարերը, այս ջրերը, այս քարայրը, որի մեջ ապրում եմ, այս երկինքը, այս լուսինը, աստղերն ու … արևը»: Մտածել է, մտածել դարե՜ր, դարե՜ր: Հետո չկարողանալով գտնել համոզիչ պատասխան՝ ապավինել է երկնային ույժերին ու, պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ ինձ էլ դասել է «ստեղծվածների» շարքի առաջին հորիզոնականում…
— Լավ, այդքան մի բարկացիր, ոչ-ոք չի ուրանում այն ճշմարտությունը, որ առանց քո գոյության չէր լինի կենդանական աշխարհը:
— Ի՞նչ ասացիր, գոյությո՞ւն, այ, կեցցե՛ս: Իմ ասածն էլ դա է: Բավական է «գոյություն» բառին ավելացնես ժամանակը բնորոշող «հարատև» բառն ու կբացահայտես լինելիության պարզ գաղտնիքը, որին իզուր տեղը մարդիկ տվել են առեղծվածային բնույթ, գլուխ են կոտրել, այդ թեմայով գրել են հաստափոր գրքեր, գզգզել ու գզվռտել իրար: Հեռվից նայելիս ծիծաղս է գալիս: Գոյությունը առաջանում է Գոյից: Նայիր այս փոքր տղային: Նա Գոյի շարունակությունն է կամ Գոյից բաժանված մի նոր գոյացություն: Դու էլ գոյացություն ես, եղել ես՝ և կմնաս: Ես էլ գոյացություն եմ: Ողջ տիեզերքն էլ գոյացություն է:
— Դիցուք այդպես է, բայց որտեղի՞ց է առաջացել ինքը Գոյը:
— Նորից նույնը՝ ի՞նչ առաջանալու կամ ստեղծվելու մասին է խոսքը, երբ Գոյը բացարձակ է: Դրանից այն կողմ էլ գոյ է: Ես խոսում եմ հարատև լինելության մասին, իսկ դու… Այստեղից ես տեսնում եմ միլիոնավոր մարմիններ, որոնք տարածված են տիեզերքում. տեսնում եմ ինձանից մեծ արևներ, որոնց շուրջը պտտվում են բազմաթիվ մոլորակները… Նրանց վրա կյանք կա կամ չկա, բայց մի օր եղել է կամ հետո կլինի:
— Տես, ես ավազների վրա խեցիներով մարդ եմ …ստեղծ… լավ, թող քո ասածը լինի՝ պատկերել: Բայց, չէ՞ որ նա անշարժ է, անկենդան:
— Դա էլ բարդ հարց չէ: Գոյը երկու ձև ունի՝ կենդանի և անկենդան: Այլ խոսքով կան երկու ձևի հյուլեներ՝ ձեր բառերով՝ ապրող և մեռած: Քո գոյության մի կարճ ժամանակահատվածում դու ապրող գոյացություն ես, հետո կդառնաս մեռած գոյացություն, ինչպիսին կայիր: Գոյության ուրիշ ձևեր կամ ուրիշ հյուլեներ էլ կան, բայց դա վեր է քո իմացությունից, որովհետև, կրկնում եմ, դու քո մարդկային խելքով հինգ զգայարաններով երբեք չես կարող ընկալել դրանք:
— Քո խոսքերից հերետիկոսության հոտ է գալիս:
— Շատերն են քեզ պես մտածում, որովհետև չեն կարողանում հրաժարվել փոքր հասակից գիտակցության մեջ ձևավորված՝ զանազան աստվածներից ու հավատքներից:
— Ի՞նչ, աստվածնե՞րից: Աստված միակ է ու կա հավատք Նրա նկատմամբ:
— Մարդը չի կարող ապրել առանց հավատի, դա ճիշտ է, բայց մի պահ նայիր շուրջդ, հայացքդ պտտեցրու ողջ երկրագունդի վրա: Մի՞թե քիչ են ուրիշ աստվածները, գիտե՞ս քանի՜ տեսակ հավատք կա աշխարհում: Հենց վերցնենք քո միակ Աստծուն: Նրա մեկ խոսքը ոմանք հանուն իրենց շահերի ձևափոխել են, դարձրել են տասը, քսանը, ավելին՝ մեկը մյուսին հակասող ու հակադրող: Կարող եմ հազարավոր օրինակներ բերել: Ես եմ միակը և իմ խոսքը լույսն է: Լույսն էլ բացարձակ է: Եթե բոլորը երկրպագեն ու հավատան միայն ինձ, աշխարհը կգեղեցկանա…
— Բայց չէ որ դու քո գոյությամբ պարտական ես…
— Մեծ Գոյին: Հասկացի՛ր, ես էլ Գոյի շարունակությունն եմ: Գիտե՞ս, ուղղակի խղճում եմ քեզ, ուղեղդ կարծրացել է: Տե՛ս, թե քո իսկ ձեռքով, ինչ օրի ես գցել ինքդ քեզ:
— Չգիտեմ ի՞նչը նկատի ունես,- մեծ տղան ակամայից նայեց իր մերկ մարմնին:
— Չէ տարիքդ նկատի չունեմ: Տարիքը, դա ասածս ժամանակահատվածն է: Ապրող հյուլեները հավերժական չեն, նրանք անվերջ կերպափոխվում են: Այս փոքրիկ տղան գոյացել է ապրող մի քանի հյուլեների միացությունից ու գնալով դրանք շատացել են ու դեռ կշատանան: Հետո կսկսեն աստիճանաբար քչանալ: Եվ կգա մի օր…
— Որ ես ել կդառնամ մեռած գոյացություն, դա՞ ես ուզում ասել…
— Շատ մի տխիր, ողջ երկրագունդն էլ մի օր կդառնա տիեզերական անհամար անկենդան մարմինների պես մեռած գոյացություն: Թողնենք, նպատակս դա չէր: Ուզում եմ ասել, որ ինչքան գլուխդ լցվում է գիտություններով, այնքան մարդուց փոխվում ես… խամաճիկի: Չես կարողանում հանդուրժել քեզ խանգարող որևե բան: Տեսա՞ր փոքրիկ տղան ոնց բռնեց խեցգետինին ու նետեց ջուրը, ո՞վ էր հուշել նրան վարվել այդպես:
— Խամաճի՜կ… Իսկ, չե՞ս կարող խոսել առանց վիրավորական արտահայտությունների,- բողոքեց մեծ տղան ու փորի վրա շրջվելով՝ մեջքին զգաց արևի հաճելի ջերմությունը: — Երևում է շատ ես դառնացած մարդկանց ձեռքից…
— Ո՞նց չդառնանամ, երբ նրանք չեն կարղանում տեսնել լինելիության միակ երաշխիքը՝ ինձ, և սարուձոր ընկած, արարիչ կամ արարիչներ են փնտրում…
— Ենթադրենք ասածդ ճիշտ է, ախր մարդ դրանից ի՞նչ է կորցնում:
— Մի՞թե ինքդ էլ չես զգում՝ թե ո՞նց ես կաշկանդվել ամեն տեսակ օրենքների ցանցի մեջ: Հիմա ազատ ու անարգել պառկել ես ավազին ու ըմբոշխնում ես ինձ, ալիքների համանվագը, ծովից փչող մեղմ քամին, ավազների հպումը մերկ մարմնիդ… Քո իսկական ազատությունը բնության գրկումն է: Իսկ ազատությունից մինչև ձեր այդ գրողը տարած քաղաքակրթությունը, որը ձեռք եք բերել դարերի ընթացքին ու որով հպարտանում եք ՝ ընդամենը մի քայլ է, այնպես, ինչպես միայն մի քայլ է բաժանում մարդու առերևույթ քաղաքակրթությունը նախամարդու վայրենությունից… Քիչ հետո կգնաս ու կհագնես ծիծաղելի լաթերդ, կծածկես քեզ ինձանից, կմտնես տան չորս պատերի մեջ, կնստես համակարգչի առջև, ինչպես շլդիկը՝ օձի ու նորից կդառնաս քո ձեռքով ստեղծած հազարավոր օրենքների ու ավանդույթների ստուկը՝ միշտ ահը սրտումդ: Օրենքներ, օրենքներ, օրենքներ… Զարմանում եմ, ոնց ես շարժվում… Ճանճի չափ էլ չկաս: Էլ չեմ խոսում վտանգավոր անտեսանելի ճառագայթների մասին, որով շրջապատել ես ինքդ քեզ: Միջուկային ռեակտոր, բջջային հեռախոս , համակարգիչ, հեռուստատես, պույլտ և այլ զահրումարներ… Վրագլուխդ պատած է աներևույթ թելերից ու հյուսվածքներից գործված անհամար ցանցերով… Դու չես տեսնում ու ընկալում, սակայն ես տեսնում եմ դրանք իմ նրբազգայուն սուր ասեղների միջոցով: Ո՞ւր է, նախամարդու երանելի դարաշրջանը, երբ մարդը ազատ էր մյուս կենդանիների նման ու… պաշտում էր միայն ինձ երկնքում և երկրի վրա՝ կրակը, որ իմ շարունակությունն է: Չէր ապականվել ուղեղը հազար ու մի իմաստասիրություններով, կասեի՝ դատարկաբանություններով. չէին ապականվել բնությունն ու կենսոլորտը. դեռ մարդու մեղքով չէր ծակվել մթնոլորտի օզոնային շերտը. ո՜ւխ, ես էլ ակամայից դարձել եմ մարդուն մեղսակից. իմ պատճառով հալվում են բևեռների սառցաբեկորները…
— Սպասիր, սպասիր. Չէ որ թվածդ բոլոր միջոցները ծառայում եմ մարդու բարօրությանը, եթե քեզ լսելու լինենք, ապրելը դժվար կդառնա: Ընդունում եմ՝ աշխարհը նույն աշխարհն է, ոչինչ չի փոխվել, տեղի է ունեցել նյութերի տեղաշարժ և միակցում, բայց դրանցին մարդը միայն շահել է, այլապես կյանքը կդառնար ուղղակի խառնաշփոթ, անարխիա:
— Իսկ քո կարծիքով ինչո՞ւ չի խախտվում կենդանական աշխարհի բնականոն օրինաչափությունը:
— Բայց նրանք էլ քիչ չեն կոտորում ու կոտորվում:
— Բան ասացիր, մոռանում ես քո ձեռքով շինված տեսակ-տեսակ զենքերը: Ո՞ւմ համար են նախատեսված դրանք: Գուցե կասե՞ս մարդու բարօրության համար: Մի մտածիր, է՜… Ո՞ւմ են պետք աշխարհակործան հրթիռները, կործանիչները, միջուկային ռումբերը, արդիական միլիոնավոր հրազենային, լազերային ու ով գիտի՝ ինչային զենքերը: Եվ դեռ ստեղծվում են նորերը… Հիմա ապրում ես խաղաղության մեջ ու չես զգում այն ահավոր վտանգը, որ ամեն վայրկյան կախված է գլխիդ: Հենց միայն առկա միջուկային զենքերով հնարավոր է ոչնչացնել տասնյակ երկրագնդեր միասին վերցված…
Մեծ տղան հանկարծ վեր թռավ մեջքին թափված ավազի շրմփոցից: Փոքր տղան բահիկով ավազ էր նետում նրա վրա ու կչկչալով ծիծաղում: Նա վեր կացավ ու ավազները թափ տալուց հետո նայեց վեր:
Արևը չկար: Մի սև ամպ ծածկել էր նրան…
21.08.2009

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի