«

»

Հուլ 18 2011

Տպել Գրառում

Դինո Բուցատի | ԱՌՆԵՏՆԵՐԸ

Dino Buzzati, 1906-1972

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ:
Ինչքա՜ն ուրախ օրեր եմ անցկացրել նրանց այդ տանը, անտառների միայնության մեջ: Այսօր, հին հիշողություններից առաջին անգամ հառնում են այնպիսի փաստեր, որոնք այն ժամանակ ինձ առօրյա ու անկարևոր էին թվում: Ու հիմա հանկարծակի բացահայտվում են:
Օրինակ, միտս է գալիս մի տեսարան, (երկրորդ անգամն էր, որ հյուր էի գնում Կորիոներին) որին ականատես եղա հեռավոր մի ամռանը, պատերազմից շատ առաջ:
Արդեն առանձնացել էի երկրորդ հարկի անկյունի իմ սենյակում, որը բացվում է պարտեզի վրա, (նաև հաջորդ ամառներն էի մնում այնտեղ) ու պատրաստվում էի քնել, երբ մի ցածր աղմուկ լսվեց դռան ներքևի մասում գտնվող մի քերծում: Գնացի բացելու: Մի պստիկ մուկ ճողոպրեց ոտքերիս արանքով, կտրեց-անցավ սենյակն ու գնաց թաքնվելու կոմոդի տակ: Մի տեսակ ծանր-ծանր էր վազում, ու ես լրիվ կարող էի հասցնել ճզմել նրան: Բայց նա այնքան նուրբ էր ու անպաշտպան:
Պատահմամբ, հաջորդ առվոտյան, այդ մասին խոսեցի Ջովաննիի հետ:
-Ախ հա՜,-ասաց նա ցրված,- տանը ժամանակ առ ժամանակ լինում են առնետներ:
-Պստլիկ մուկ էր ընդամենը…անգամ սիրտս չտարավ….
-Այո, պատեկերացնում եմ: Բայց ուշք մի’ դարձրու…
Խոսակցության նյութը փոխեց, ասես դա տհաճ էր իր համար:
Հաջորդ տարին: Մի երեկո թղթախաղ էինք խաղում, կլիներ արդեն գիշերվա տասներկուսն անց կես, երբ հարևան սենյակից մի չխկոց լսվեց, մետաղական մի ձայն, նման զսպանակի հանած ձայնի:
– Այդ ի՞նչ է,- հարցրեցի ես:
– Ես ոչինչ չլսեցի,- ասաց Ջովաննին խուսափողաբար,- իսկ դո՞ւ, Էլենա, լսեցի՞ր ինչ-որ բան:
– Ե՞ս, չէ՛,- պատասխանեց նրան կինը` մի քիչ շիկնելով,- ինչո՞ւ:
– Ինձ թվաց, այնտեղից, այն սենյակից մետաղական մի ձայն լսեցի…:
Նեղվածության նշույլ նկատեցի նրանց աչքերում:
– Լավ, ի՞մ հերթն է բաժանելու:
Չէր անցել տասը րոպե, ևս մի չխկոց, այս անգամ` միջանցքից, որին ուղեկցվեց մի բարակ ծղրտոց, ասես գազանի:
– Ասա° Ջովաննի,- հարցնում եմ,- առնետների համար թակա՞րդներ եք դրել:
Կինը, թե.
– Այդ ի՞նչ անցավ ձեր մտքով: Այստեղ հազիվ մի երկու-երեք առնետ լինի:
Անցավ մի տարի: Հենց նոր էի մտել նրանց ամառանոցը. տեսնեմ երկու հոյկապ կատու, օժտված արտակարգ շարժունությամբ, սորիանա ցեղատեսակի, ատլետիկ մկանային կազմվածքով, մետաքսյա բրդով, որ բնորոշ է առնետներով սնվող կատուներին: Ասում եմ Ջովանիին.
– Ա՜, վերջապես վճռեցիք: Ո՞վ գիտե, ի՜նչ մեծ կերուխում են անում սրանք: Քանզի այստեղ երբեք մկների պակասություն չեն զգում:
– Դե,- ասում է նա,- մեկ-մեկ….Եթե ստիպված են սնվել միայն մկներով…
– Բայց տեսնում եմ, որ գեղեցիկ ու կուշտ տեսք ունեն այդ փիսիկները:
– Հա՛, լավ տեսք ունեն, առողջ են: Գիտե՞ս, խոհանոցում Աստծո բոլոր բարիքներից էլ գտնում են:
Անցնում է ևս մի տարի. այցելելով նրանց ամառանոցը, ինչպես միշտ, արձակուրդներիս օրերին, տեսնեմ այն երկու կատուները նորից հայտնվում են: Բայց այլևս նախկին խրոխտ ու շարժուն կենդանիները չեն, հակառակը, հալից ընկած, անուժ ու լղարած: Այլևս արագորեն չեն վազվզում մի սենյակից մյուսը: Հակառակը, հիմա միշտ քարշ են գալիս իրենց տիրոջ ոտքերի տակ, ալարկոտ, զուրկ` որևէ նախաձեռնությունից: Հարցնում եմ.
-Հիվանդացե՞լ են: Էս ինչու են էսպես հալից ընկել: Չլինի՞ այլևս մուկ չունեն ուտելու:
-Կռահեցիր: Ամենատխմար կատուներն են, որ երբևէ տեսել եմ: Խռովել են, այն ժամանակից ի վեր, ինչ մկներ այլևս չկան… Դրանց հետքն էլ չի մնացել: Ու ինքնագոհ հռհռում է:
Քիչ հետո, նրա ավագ որդին, ինձ մի կողմ է տանում` դավադիր տեսքով.
– Գիտե՞ս որն է պատճառը: Նրանք վախենում են:
– Ո՞վ է վախենում: Նա, թե.
– Կատուները…վախենում են: Հայրիկը երբեք չի ուզում, որ այդ մասին խոսվի, դա նրան տհաճություն է պատճառում: Բայց, որ կատուները վախենում են, հաստատ է:
– Ումի՞ց են վախենում:
– Առնետներից, էլ ումի՞ց: Մի տարվա մեջ, նրանց թիվը տասից հարյուրի է հասել…Էն էլ հո առաջվա մկնիկները չեն: Հիմա վագրեր են դարձել: Խլուրդից ավելի մեծ են, կոշտ ու սև մորթով: Մի խոսքով, կատուները չեն համարձակվում հարձակվել:
– Բա դուք ոչինչ չե՞ք անում:
– Դե, ինչ-որ բան պետք է արվի, բայց հայրիկը երբեք չի կարողանում վճիռ կայացնել: Չեմ հասկանում ինչու, բայց դա մի նյութ է, որը լավ կլինի չշոշափել: Նա անմիջապես նյարդայնանում է…
Հաջորդ տարի, հենց առաջին իսկ գիշերը, սենյակիս վերևում մի ուժեղ իրարանցում լսեցի, ասես մարդիկ էին վազվզում: Թրը՜խկ, շրը՜խկ: Սակայն շատ լավ գիտեի, որ վերևի հարկում ոչ ոք չէր կարող լինել, որ այն լցված է հին կահույքով, արկղերով ու նման բաներով:
– Գրո՛ղը տանի, այս ի՞նչ հեծելազոր է,- ասում եմ ինքս ինձ,- էդ առնետները բավական խոշոր պիտի լինեն: Քանզի այնպիսի աղմուկ են հանում, որ քնել չեմ կարողանում:
Հաջորդ օրը, սեղանի մոտ, հարցրի.
– Բայց ոչ մի միջոց չեք ձեռնարկո՞ւմ առնետների դեմ: Ձեղնահարկում սարաբանդա էր այս գիշեր:
Տեսնում եմ, թե ինչպես է Ջովաննիի դեմքը մթնում.
– Առնետնե՞րը: Ի՞նչ առնետների մասին ես խոսում: Տանը, փա՜ռք Աստծո, այլևս առնետներ չկան:
Նաև իր ծեր ծնողներն են ընդվզում.
– Ի՞նչ առնետներ: Երևի երազումդ ես տեսել, սիրելիս:
– Սակայն,- ասում եմ ես,- վստահեցնում եմ, որ մի քառասունութ հատ կլինեին, առանց չափազանցության: Որոշ պահերի տեսնում էի, թե ինչպես է առաստաղը դողում:
Ջովաննին ընկավ մտքերի մեջ:
-Գիտե՞ս ինչ կարող է լինել: Երբևէ քեզ դա չէի ասի, քանզի մարդ ես, կարող է` ազդի վրադ, բայց այս տանը ոգիներ կան: Ես էլ եմ հաճախ նրանց լսում… Ու գիշերներ են լինում, սատանան մտնում է նրանց մեջ:
Ես ծիծաղում եմ.
– Ինձ երեխայի տեղ ե՞ս դրել: Ո՜նց չէ, ուրավականներ: Դրանք հաստատ առնետներ էին, խոշոր առնետներ… Ի դեպ, ու՞ր են այն երկու կատուները:
– Նրանց դուրս արեցինք, եթե ուզում ես իմանալ… Բայց ինչը առնետներին է վերաբերում, հաստատ սևեռուն գաղափար ունես: Ուրիշ բանից չես կարո՞ղ խոսել… Ի վերջո, սա գյուղական տուն է, հո չես կարծում, թե…
Ես ապշած նայեցի նրան: Բայց ինչու՞ է այդպես նյարդայնանում: Նա, որ սովորաբար այնքան սիրալիր է ու մեղմաբարո:
Հետագայում նաև Ջորջոն` նրա առաջնեկ որդին, ներկայացրեց իրավիճակի պատկերը.
– Հայրիկին մի՛ հավատա,- ասում է ինձ: -Ինչ որ լսել ես, ճիշտ է: Դրանք առնետներ են. երբեմն լինում է, մենք էլ չենք կարողանում քնել: Դու տեսել ես դրանց, իսկական հրեշներ են, ածխի պես սև, խոզանակաձև մորթով… Իսկ այն երկու կատուներին, եթե ուզում ես իմանալ, նրանք ենք սպանել… Դա եղավ գիշերով: Արդեն մի երկու ժամ էր քնած էինք, երբ սարսափելի մլավոցները արթնացրին մեզ: Սրահում հարայհրոց էր: Այդժամ մահճակալներից ցած թռանք, բայց կատուներից ոչ մի հետք չէր մնացել այլևս… միայն մորթու մազափնջեր… այս ու այնտեղ` արյան բծեր:
– Բա ոչ մի բան չեք անու՞մ: Թակարդներ: Թույն: Չեմ հասկանում, ինչպե՞ս հայրդ չի մտածում այդ մասին:
– Ոնց չենք անում: Իր սևեռուն գաղափարն է դարձել: Բայց նա ևս հիմա վախենում է, ասում է, ավելի լավ է, չգրգռել նրանց, ինչը ավելի վատ է լինելու: Ասում է, միևնույն է, հիմա էլ ոչինչ չես կարող անել, երբ արդեն չափից դուրս բազմացել են… Ասում է, միակ բանը, որ կարելի է անել, տունը հրդեհելն է… Հետո… հետո գիտե՞ս ինչ է ասում, ծիծաղելի է այդ մասին մտածելն անգամ:
– Ասում է` պետք չէ նրանց կտրուկ հակառակվել:
– Ո՞ւմ:
– Առնետներին: Ասում է, մի օր, երբ ավելի շատանան, կարող են նաև վրեժխնդիր լինել…
Երբեմն մտածում եմ, թե հայրիկը խելքը թռցրել է: Գիտե՞ս, որ մի երեկո նրան բռնացրի այն պահին, երբ երշիկի մի կտոր էր նետում նկուղի մեջ: Համեղ պատառ սիրելի գազանիկների համար: Ատում է նրանց, բայց վախենում է նրանցից: Ու չի ուզում նրանց բարկացնել:
Ու այդպես, դա շարունակվեց տարիներ: Մինչև որ անցյալ ամառ իզուր սպասեցի, որ սենյակիս վերևում վերսկսվի նույն սովորական աղմուկ-աղաղակը: Լռություն, վերջապես: Մեծ լռություն: Միայն ծղրիդների երգն էր լսվում պարտեզից:
Առավոտյան, աստճանների վրա հանդիպում եմ Ջորջոյին:
– Շնորհավորում եմ,- ասում եմ նրան,- բայց կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչպես ձեզ հաջովեց դրանց հախից գալ: Այս գիշեր մի մկնիկ անգամ չկար ողջ ձեղնահարկում:
Ջորջոն նայեց ինձ թերհավատ ժպիտով: Հետո.
– Հապա արի՛,- ասաց,- արի՛ ու տե՛ս:
Ինձ տարավ մի նկուղ, ուր մի փակ հորատանցք կար:
– Հիմա նրանք այստեղ են,- շշնջաց նա: -Մի քանի ամիս է, ինչ հավաքվել են այստեղ, կոյուղու հորատանցքի մեջ: Տան միջով վազվզում են մի քանիսը միայն: Այստեղ են, ներքևում…լսի՛ր…
Լռեց: Ու հատակի տակից լսվեց դժվար նկարագրելի մի ձայն. մի շրշյուն, մի աղոտ սվսվուն, մի խուլ թնդյուն, ասես մի անհանգիստ ու կենդանի նյութ, որը եռման մեջ էր գտնվում. ու դրանց միջև` դարձյալ ձայներ, փոքրիկ սուր ճիչեր, սուլոցներ, փսփսոցներ.
– Բայց քանի՞սն են,- հարցրի սարսուռ զգալով:
– Ո՞վ գիտե: Գուցե միլիոններ… Հիմա նայի՛ր, բայց շո՛ւտ արա:
Մի լուցկի վառեց ու վեր հանեց հորատանցքի կափարիչը, հետո թողեց այն ընկնի անցքը: Մի պահ միայն տեսա. անձավի պես մի բանի մեջ, տենդորեն վխտացող սև արարածներ, որ կուտակվում էին իրար վրա մոլեգնորեն: Ու այդ զզվելի իրարանցման մեջ կար մի զորություն, դժոխային մի կենսունակություն, որն այլևս ոչ ոք չէր կարողանա կանգնեցնել: Առենտնե՜րը: Տեսա նաև պսպղացող բիբեր, հարյուր հազարավոր, որ ուղղված էին վեր ու չար հայացքով` սևեռում էին ինձ: Բայց Ջորջոն վար բերեց կափարիչը, որը խուլ աղմուկ հանեց:
Իսկ հիմա՞: Ինչու՞ է Ջովաննին գրել, թե այլևս չի կարող ինձ հրավիրել իրենց ամառանոց: Ի՞նչ է պատահել: Մի պահ գայթակղություն ունեցա նրան այցելելու, ուղղակի իմանալու, թե ինչ էր պատահել: Բայց խոստովանում եմ, քաջություն չունեցա: Զանազան աղբյուրներից ինձ հասան տարօրինակ լուրեր: Այնքան տարօրինակ, որ մարդիկ այն կրկնում եմ որպես հեքիաթ ու ծիծաղում դրանց վրա: Բայց ես չեմ ծիծաղում:
Ասում են օրինակ, թե Կորիոյի երկու ծեր ծնողները մահացել են: Ասում են, թե այլևս ոչ ոք ամառանոցից դուրս չի գալիս, և թե նրանց ուտելիք է տանում գյուղի բնակիչներից մեկը, ով կապոցը թողնում է անտառի եզրին: Ասում են, թե ոչ ոք չի կարող ամառանոց մտնել. թե հսկա առնետներն այն զավթել են, և որ Կորիոները նրանց ստրուկներն են դարձել:
Մի գյուղացի, որը մի անգամ մոտեցել է նրանց տանը (բայց ոչ շատ մոտ, քանզի հենց ամառանոցի շեմի վրա սպառնալից տեսքով այդ արարածներից մի դյուժին, հսկում է) ասում է, թե նկատել է տիկին Էլենա Կորիոյին` ընկերոջս կնոջը, մեղմ ու սիրալիր այդ անձնավորությանը: Խոհանոցում է եղել, սալօջախի մոտ, քրջոտ շորերով. ու խառնելիս է եղել մի մեծ կաթսա, մինչ նրա չորսբոլորը առնետների գարշահոտ խմբերը շտապեցնում էին նրան, անհամբեր` խժռելու կերակուրը, որ նա պատրաստում էր:
Նա շատ հոգնած ու հյուծված տեսք է ունեցել: Նկատելով այդ նայող մարդուն` նրան ձեռքով մի հուսահատ շարժում է արել, կարծես ուզենալով ասել.
– Մի՛ մտածեք այդ մասին: Արդեն չափազանց ուշ է: Մեզ համար այլևս ոչ մի հույս չկա:

Share Button

1 կարծիք

  1. Սիրանույշ

    Լավն էր, շնորհակալություն: Լավ պատմվածք, և լավ թարգմանություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>