Martha Medeiros
Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Փողոցի մյուս կողմի դեմքը
Նա գիտեր, թե որտեղ է ապրում դերասանուհին ու հաճախ էր նրան տեսնում ավտոտնակից մեքենայով դուրս գալիս. մինչև անգամ անգիր գիտեր նրա տան մուտքի դռան վրայի, տիրուհու անունով ու մասնագիտությամբ, փայտե ցուցանակը: Միայն չգիտեր, որ իր բնակարանի պատուհանից դերասանուհին էլ իրեն է զննում, երբ ինքը գալիս էր հանդիպակաց մայթին գտնվող իր գրասենյակը: Բարձրահասակ, մյուս բարձրահասակ թխահեր տղամարդկանցից ոչ այնքան տարբերվող՝ մի թուխ տղամարդ:
Տղամարդը դիտում էր ժամը 8-ի սերիալը, որի մեջ դերասանուհին էր խաղում. սիրում էր նրա խաղը, քանզի նա առանձնահատուկ արժանապատությամբ էր ընտրում իր դերերը, ու դիտելիս այնպես էր պատկերացնում, որ դերասանուհին շատ սիրեցյալներ ունի: Իսկ դերասանուհին, իր հերթին, ոչինչ չգիտեր տղամարդու մասին, բացի նրանից, որ նա մեկն է՝ մյուս բոլոր տղամարդկանց պես:
Մի օր իրար հանդիպեցին. դերասանուհին` շենքից դուրս գալիս, իսկ տղամարդը` գրասենյակ գնալիս, առանց պատճառի բարևեցին իրար: Լոկ մի բառ` «ողջույն»:
Շաբաթներ անցան, և մի օր հեռվից իրար ձեռքով բարևեցին: Ու այդպես էլ հեռու մնացին մի քանի ամիս. անվանի դերասանուհին` դիմացի շենքում, տղամարդը` փողոցի մյուս կողմի գրասենյակում: Հենց դա էր, որ կար՝ մեկը մյուսի համար էին ստեղծված:
Պարզ չէ, թե ով առաջին քայլը նախաձեռնեց, դերասանուհի՞ն, որ շատ խոսուն ժեստով ժպտաց, թե՞ նա, ով առավոտյան խանդավառությամբ որոշեց թոթափել հին մտածողությունը. միայն հայտնի է, որ մի օր կանգ առան մայթին` այն մեկ բառից ավել խոսելու համար. տղամարդը քաջություն գտավ նրան սուրճի հրավիրելու, իսկ դերասանուհին համարձակություն ունեցավ ընդունելու նրա առաջարկը:
Սուրճի ընթացքում տղամարդն իմացավ, որ դերասանուհին վերջերս է բաժանվել, իսկ դերասանուհին տեղեկացավ, որ տղամարդը փորձում է վճռականորեն տրամադրվել` արդեն մարած հարաբերություններին վերջ տալու համար: Դերասանուհին առանց գազի ջուր պատվիրեց, իսկ տղամարդը` երկու էքսպրեսսո, ու շարունակեցին զրույցը:
Հաջորդ օրը տղամարդը զանգեց դերասանուհուն և ասաց, որ նա պարգևել է իրեն պակասող վճռականությունը: Ակնարկը պարզ էր, և դերասանուհին շուտով ընդունեց ընթրիքի հրավերն ու այդ օրվանից այլևս չդադարեցին իրար դիպչել ու ճանաչել: Դերասանուհին փաթաթված սավանով պատմեց, որ հեռուստատեսությունում աշխատելը մյուս մասնագիտությունների պես մի մասնագիտություն է, որ աստղ լինելը՝ դա հանդիսատեսի ընկալումն է, և որ ներքուստ ինքը համարյա սովորական կին է: Միասին կատարած մի ճամփորդության ժամանակ տղամարդը պատմեց իր տատի ու պապի հետ ունեցած հարաբերությունների մասին, իր մանկության օրերին նրանց կարևոր դերի մասին, և թե ինչպես իր մեջ տպավորված պատանեկան անցյալը ձևավորել է իր բնավորությունը: Միասին մակարոն եփելիս դերասանուհին պատմեց, որ բավականին չաղլիկ աղջնակ է եղել, և որ դպրոցում շատ են իրեն նեղել: Տղամարդը ռադիոյով երաժշտություն փնտրելիս պատմեց, որ ապրել է Լիսաբոնում, և որ երազում է հայր դառնալ: Դերասանուհին տղամարդու մազերը սանրելիս պատմեց, որ երբեմն ավելի շատ լաց էր լինում երջանկությունից, քան տխրությունից, և որ մինչև հիմա չգիտի, թե ինչ նրան նվիրի ծնունդի կապակցությամբ: Մի օր DVD-ով ֆիլմ նայելիս` տղամարդը նշեց, որ դերասանուհին գուցե ծիծաղի, բայց դա ճիշտ է, որ ինքը դեռ պատանի տարիքից մտածել է հայր դառնալու մասին: Մատների լաքը թարմացնելիս` դերասանուհին պատմեց, որ փորձել է բանաստեղծություններ գրել, բայց ահավոր է ստացվել: Տղամարդը խնդրեց, որ թույլ տա կարդալ: Մի օր նա ցույց տվեց. իրոք ահավոր էին: Տղամարդը դերասանուհուն ցույց տվեց իր բանաստեղծությունները: Մի՞թե նա ավելի լավ էր գրում:
Չկարողացան միասին ապրել, ինչպես ապրում են ամուսնացած զույգերը, բայց ոչ էլ՝ այլևս իրարից առանձնացած: Մնացին ինչ-որ պատուհանով, փողոցով, հարցական լռությամբ, հեռու հնարավորությամբ…
Այդպես պատահեց:
Դերասանուհին տղամարդու համար այլևս հայտնի աստղ չեր:
Տղամարդը դերասանուհու համար այլևս սովորական մեկը չէր:
Strip-Tease
Եկավ նրա բնակարանը երեկոյան ժամը 6-ի մոտ` զգալով մի արտասովոր լարվածություն: Մտնելուց առաջ ևս մեկ անգամ մտածեց այն մասին, թե ինչ է պատրաստվում անել հիմա: Սա իր առաջին անգամն էր… Արդեն կրծոտել էր երկու ձեռքերի եղունգները: Այլևս չէր կարող հետ դառնալ: Դիպչեց դռան զանգին ու տղամարդը, դռան մյուս կողմում անհանգիստ, երկու վայրկյան չանցած բացեց դուռը:
Նա հարցրեց, թե արդյոք կինը չի՞ ցանկանա խմել որևէ բան. կինն ասաց` ոչ: Հարցրեց, թե արդյոք չի՞ ցանկանա նստել, կինը հրաժարվեց: Տղամարդը հարցրեց, թե ինչ կարող է անել կնոջ համար: Կինը պատասխանեց առանց նախաբանի՝ ուզում եմ ուղղակի լսես ինձ: Եվ կինը սկսեց հանվել այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէր արել: Նախ հանեց դիմակը. «Ես մտածում էի, որ դու ինձ այնքան էլ չես հետաքրքում, բայց դա ճիշտ չէ: Դու ամենաարտասովոր մարդն ես, ում հետ երբևէ ծանոթացել եմ: Ոչ թե նրա համար, որ դու բարետես ես, կամ որ շատ բաների շուրջ նույն կարծիքն ունես, ինչ՝ ես, այլ շատ ավելի մեծ ու խոր բանի համար, քան արտաքինն ու միանմանությունն է: Այս պահին, պատշաճ լինելն ինձ ամենաքիչն է հետաքրքրում` պետք է ասեմ այն, ինչ զգում եմ»:
Հետո հանեց գոռոզությունը. «Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես եկա քո տուն, կարծում էի, թե քաջությունս չի հերիքի: Բայց հիմա, երբ արդեն այստեղ եմ, ուզում եմ իմանաս, որ յուրաքանչյուր երաժշտությունը, որ հնչում է, քեզ հետ եմ լսում, յուրաքանչյուր բառը, որ կարդում եմ, քեզ հետ եմ կիսում, յուրաքանչյուր հիացումը, որ ապրում եմ, քեզ հետ եմ զգում: Դու մխրճված ես իմ մեջ, դարձել ես իմ պատմության մի մասը»:
Հիմա արդեն ամոթխածության կոճակներն էր արձակում. «Ես հայելիներ եմ համբուրում, բարձեր եմ գրկում, ինքս ինձ շոյում եմ` քո մասին մտածելիս. նույնիսկ քիչ կարևորություն ունեցող բաներ անելիս, օրինակ՝ ամսագիր կարդալիս կամ զուգագուլպա լվանալիս, միևնույնն է, դու ինձ հետ ես»:
Մի կողմ գցելով՝ վախը. «Ես ուրիշներից լավը կամ վատը չեմ, ես ընդամենը մի կին եմ, որը վարժվում է սիրուց տառապել, զգում եմ, որ այն գոյություն ունի, զգում եմ, որ հզոր է, և զգում եմ, թե այն, ինչ բոլորը փնտրում են՝ ես գտել եմ»:
Եվ վերջում, երբ ամենավերջին կտորն էր ընկնում` թողնելով նրան լրիվ մերկ. «Ես կուզեի ապրել քեզ հետ, բայց դա չէր գալուս պատճառը: Նպատակս միայն այն է, որ իմանաս, որ սիրված ես, և որ իմանաս, որ սերը մի բան չի, որ անմիջապես տրվի ուղղակի սիրալիր լինելու համար: Եթե մի օր, ես էլ այսպես սիրվեմ քո կողմից, ասա ինձ, ու ես կվերադառնամ, ու կշարունակենք այնտեղից, որտեղ կանգ ենք առել. այստեղ կանգ ենք առնում»:
Ու դուրս եկավ բնակարանից` իրեն ավելի կին զգալով, քան երբևէ:
Վերջին մեկնաբանություններ