Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 9

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

ֆրանսերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

 

Գարիկ երկերեսանին

Կապանի տաքսու վարորդ Գարիկը (սա նրա իսկական անունն է) թողեց, որ մի պահ մտածեմ, թե սխալվել եմ: Իմ նախորդ գրքերում ես մի լավ հռհռացել էի չորս անիվների չարագործների այդ միավորման վրա:
Հալից ընկել էինք` հուսահատվելով, թե կհասնենք Կապան գիշերվանից առաջ, երբ մարդը համաձայնեց մեզ վերցնել: Չնայած իր պստիկ գիշատչի ժպիտին, զանգեզուրցի քառասնամյա այդ սամարիտացին սկզբում մեզ որոշ վստահություն ներշնչեց: Մեզ իջեցնելով հյուրանոցի առջև` հրաժարվեց փող վերցնել: Դա ապացույցն էր այն բանի, որ այդ մեծահոգի մարդը, ինչը հազվադեպ բան է աշխարհի այս խուլ անկյունում, մեզ պիտի պաշտպաներ հայաստանցի խաբեբաներից, որոնք մեզ առաջարկում էին տանել ուր մենք էինք ցանկանում: «Վաղը, ես ձեզ ես կտանեմ ուր ուզենաք»: Ու շտապեց գրպանս խոթել իր հեռախոսի համարը: Դե ուրեմն, ինչպես շնորհակալ չլինել նրանից ու չընդունել նրա ծառայությունները հաջորդ օրը:
Ուզում էի տեսնել Երիցվանքը, որ Կապանի բարձունքներում է: «Հարց չկա»,- ասաց ինձ Գարիկը: Դուրս ենք գալիս մայրուղուց ու գնում մի քարքարոտ, փոսերով լի ճանապարհով: Գարիկը ստիպում է իր մեքենային ելնել վեր, դանդաղ, զգույշ, շրջահայացորեն: Մինչ մենք ճաշակում ենք համայնապատկերի հատույթները որպես անուղղելի զմայլվողներ, նա սկսեց իր անձի նարցիսական նկարագրությունն անել, թե բա ինքը ծանոթներ ունի պաշտոնական բոլոր շրջանակներում, թե անլուծելի խնդիր չկա իր համար: Թե չի թողնում որ թմրամոլներ նստեն իր մեքենան, և թե սիրում է իր ծննդավայրն այն աստիճան, որ մնացել է այստեղ` ի հեճուկս ամեն ինչի…Բա չէ, իր մանկության ընկերների պես, կամ զարմիկների, որ գնացել են հարստանալու Ռուսաստաններում:
Դուրս եկանք մի հարթավայր: Գարիկը կանգ առավ տարօրինակ, տանիք չունեցող մի աշտարակի առաջ: «Սա է Երիցվանքը»,- ասում է : Մի փոքր զարմանալի է : «Շատ հին է», ավելացնում է նա, նույնքան բանիմաց տեսքով, ինչքան տանիքների վրա թափառող կատուն: Կառույցը ոչ մի ընդհանուր բան չուներ հայկական հին վանքերի դասական ճարտարապետության հետ: Բաձարցակապես ոչինչ: Ասենք, անհնար էր այն զննելը, քանզի պատված էր բուսականությամբ: Համաձայնում եմ` կասկածամտությունս լուծելով այն վստահության մեջ, որ Գարիկը կարողացել էր հարուցել ճանապարհի ընթացքում: Մոտակա գյուղի` Կառմուտի գյուղապետը իր զարմիկն է: Գարիկը զանգահարում է նրան: Բայց զարմիկն իր անասուններին կերակրելով է զբաղված: Ուզում է գալ, մի խոզ մորթել ու խորոված անել մեր պատվին: Ահա, թե որքան է Գարիկը հարգված այստեղ: Մենք կտրականապես հրաժարվեցինք: Բայցևայնպես, անցնելու ենք այնտեղով, քայլելու համար նրա փողոցներով, որ իր փարթամ-բուսականությամբ շվեյցարական գյուղ է հիշեցնում: Երբ վերադառնում էինք, Գարիկի մեքենայի մի անիվը ծակեց` ընկնելով փոսերից մեկի մեջ: Նա մի լավ քրտնեց այդ անիվը փոխելու վրա: Ես ինձ մեղավոր զգացի այդ վթարի համար: Կապանի մի ավտոտնակում մեքենան վերանորոգելուց հետո, Գարիկն ուզում է մեզ տանել Վահանավանք: Այս անգամ` ամենաիսկական: Ասես խղճի խայթ է զգում: Վերջում հարցնում եմ նրան, թե ինչքան եմ վճարելու: «Ինչքան ուզում ես», -ասում է: Վերին աստիճանի խորամանկ հնարք է այդ «Ինչքան ուզում ես»-ը : Եթե տաքսու վարորդը, նրանցից, որ մոլեգնում են այս երկրում, ձեզ է թողնում գինը որոշելը, ինքը գիտե, ինչ է անում: Միաժամանակ նա ձեզ մշակում է` մյուսների անազնվության առիթով հազար ու մի լուտանքներ թափելով, ու ձեզ հավատացնելով, թե ինքն այդպիսին չէ: Ու դուք նրան վճարում եք առատաձեռնորեն: Ինչն էլ արվեց:
Երևան վերադառնալով` մի գրքի մեջ ճշգրտումներ եմ անում Երիցավանքի վերաբերյալ: Պարզվեց, ոչ մի ընդհանուր բան այն աշտարակի հետ, որը ցույց էր տվել Գարիկը: Ամբողջ երթուղու ժամանակ այդ տղան ուղղակի ֆռռացնում էր մեզ:
Չլինեին Նորոն, Ռոբերտը, Վիլիկն ու մի քանի ուրիշները, ծանոթ կամ անծանոթ մարդիկ, որոնք արժանապատվություն ունեն իրենց մեջ, ես ավելի ու ավելի պիտի հավատայի, որ որոշ հայաստանցիների գլխում քաք է ուղեղի փոխարեն: Նրանց խաբեբայության խճողվածությունները սրտխառնուք են պատճառում ինձ: Ասես ձեր առաջ թքեն անազնիվ մարդկանց վրա` ձեզ թմրեցնելու ու թակարդը գցելու համար: Եթե ճշմարիտ մարդը կարող է զսպել իրեն (քանզի ազատ է), այստեղի մարդիկ դիմացինի հանդեպ խորամանկում են անընդհատ: Ակամայից ինքդ էլ ընտելանում ես այդ վայրենի կյանքին,եթե հանկարծ չսթափվես ու չսահմանազատվես դրանից:
Իմ ճամփորդական գրքերը սրանով կավարտվեն: Իրականում նրանք ահազանգ են հնչեցնում`քառասուն տարվա այցելության, մի երկրում, որից գարշահոտություն է փչում: Քաղաքական առաջին դեմքերից սկսած մինչև հասարակության ամենացածր աստիճանի վրա գտնվող քաղաքացին… բոլորը գիշատիչներ:

 

Տերևակալած բեռնատարը

Այնքան է ծառայել բոլոր ճանապարհների այս բեռնատարը, որ հոգին ավանդել է արդեն: Լեռնային, քաղաքային կամ գյուղական ճանապարհներ, որ հազվադեպ են հարթ լինում, մեծ մասամբ` քարուքանդ…Ճանապարհներ, որ ընդմիջվում են լեռներով ու հովիտներով, որոնցով ինքը խուսանավում էր` փնտրեով տափակ տարածք, որպեսզի խուսափեր իր անիվների ու շարժիչի համար ճոճքի ու անընդհատ գոտեմարտի բռնվելու սարսափներից: Բեռնատարը կպել- մնացել է գետնին, քիթը պարզելով քամուն` հուլիսի ու օգոստոսի շոգերի, ձմեռվա ձյան ու գարնան ցեխերի ժամանակ: Նա ոչ մեկից ոչինչ չխնդրեց, կատարեց իր առաքելությունը նեգրի, ավանակի պես, որպես մի մեքենա, որը ենթակարկվում է իր տիրոջ օրենքներին: Իսկ որքա՜ն բաներ է կրել իր վրա: Այս երկրի ողջ հնոտին, ինչը դառնում էր շարունակական: Եվ ով գիտե, նաև մարդկանց` բանվորների ու գյուղացիների, երբեք` որևէ ջոջի կամ պաշտոնավորի: Նայելով նրան այս վիճակում` անմիջապես կռահում ես, որ այս երկրի ծնունդ է: Քանզի կրում է դրա խարանները: Քանի որ իրեն քշողները այլևս հանգուցյալ են, նա իր կմախքը թողնում է ծածկվի մոլախոտով : Մացառները պեղում են իր ճեղքերը: Այլ մացառներ ծածկել են իր շարժիչը: Ճյուղեր են տեղավորվել խցիկի մեջ: Ու քանի որ գունաթափ կանաչ գույնի է, տերևների մատղաշությունը նրան տալիս են արվեստի գործի տեսք, ինչը ոչ ոքի մտքով չէր անցնի: Ուստի գուցե ստիպի մի պահ տատանվել նրանց, ովքեր կուզենային իրեն տեղափոխել, քանզի իր ներկայությունը վկայում է մի աշխարհի մասին, որը ճնշող էր մարդկանց համար :

 

Նախօրեի ծերերը

Այստեղի ծերերը հիշաչար են: Երեք կապանցիներ գարեջուր էին կոնծում: Նրանցից մեկը հիվանդոտ էր, ջարդված` հենվել էր պատին, մյուսը ալկոհոլից զկռտում էր, երրորդը` մաքուր էր, ժուժկալ, նորմալ: Այդ երեկո, ճուտ-տապակա կարտոֆիլ-սալաթ ուտելուց հետո, ես ցանկանում էի մի լավ դեսերտ տեղի կրկներգերից` դժգոհություններից, մեղադրանքներից ու դառնություններից պատրաստված: Ուղղակիորեն դիմեցի նրանց: Իրենք ևս ցանկություն ունեին դատարկվելու: Որպեսզի մտնեմ նյութի մեջ, հարցրեցի, թե ինչ է այն հոսող ջրի անունը, որն անցնում է կեղտ ու աղբի միջով` նախքան Ողջիին միանալը: Ու նրանք միանգամից աշխուժացան, ասես խոսքն իրենց մասին էր: «Այդ առուն, այո, բոլորը նետում են այնտեղ ինչ ուզում են: Այդպես է: Սակայն երկիրն է այդպիսին: Զիբիլնոց…
Դուք բոլորդ թոշակառուներ եք, երևի…
-Թոշա՞կ: Ի՞նչ թոշակ: Գոյատևում ենք, էլի: Ուրիշ ի՞նչ անենք: Հա, գոյատևում ենք : Քառասուն տարի աշխատեցինք, որ այս օրվան հասնենք: Այնտեղ` վերևում, ամեն ինչ վերցնում են իրենց:
-Բայց դե մոլիբդենի հանք ունեք, չէ՞ : Դա ձեզ աշխատանք է տալիս, -ասում եմ նրանց :
-Աշխատա՞նք, փո՜ւհ:
-Գերմանացինե՞րն են շահագործում հանքը :
-Գերմանացինե՞րը : Էս ի՞նչ ես խոսում: Մի լրագրող հարցում էր անցկացրել Գերմանիայում: Որոնել էր ձեռնարկության գրասենյակը: Ու ոչ մի բան չէր գտնել: Ոչ մի գրասենյակ: Դու լավ գիտես, թե ինչ է դա նշանակում: Դա ուղղակիորեն գնում է Սերժի գրպանը: Բա ի՞նչ էիր կարծում-Մենք հայերս այսպիսին ենք Չափից դուրս շատ ենք փող սիրում: Փողը մեզ փչացրել է: Ոմանք սատկում են ուղղակի, ու՞մ պետքն է: Տես, այս քաղաքում ոչ ոք չի աշխատում: Եվ սակայն, սա մեծ քաղաք է : Գործարան չունենք: Մի կերպ յոլա ենք գնում: Մինչդեռ սովետի ժամանակ լավ էինք ապրում: Փողը լրիվ հերիքում էր: Իսկ հիմա…
Իսկապես, նույն կրկներգն էր: Մի սև օրորոցային, որից քունս տանում էր, ու ընկնում էի կորուսյալ երազների մեջ` իրականությունից հեռու: Հետո վերադարձա հյուրանոց : Պատշգամբից նայեցի քաղաքին: Շարունակում էր դժժալ:

(շարունակելի)

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.