Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 10

DD112

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը 

 

Վահանավանք

Կտրեցինք անցանք Ողջի գետը, թողեցինք Շնարջիկ գյուղն ու գնացինք բլրալանջով ելնող անտառային մի ճանապարհով: Աչքդ միանգամից շոյում է վանքի  նրաբակերտ ուրվապատկերը: Ու նաև նրա թարմ, կարմիր կղմինդրները` կանաչ ու վայրի ճանապարհի ծայրին: Այդժամ կռահում ես, որ Վահանավանքը դարձել է  հախուռն վերականգնման առարկա: Աշխատանքը մի թիմի, որը ղեկավարում է ակադեմիկոս Գրիգոր Գրիգորյանը, բայց որը հանկարծակի ընդհատվել է: Մնում են սրահները` ամրակուռ կամարներով, որ արված են  երգեցողության ձայնն ավելի  ուժգնացնելու համար:

Քանի որ դիվահար էր, Վահանը` Կապանի Գագիկ իշխանի որդին, կառուցել տվեց վանքը 911 թվականին` այնտեղ վանականի մեկուսի կյանք վարելու համար: Հարյուրի չափ նույն մտայնության մարդկանց հետ նա կառուցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու երբ վախճանվեց, հենց  եկեղեցու դռան մոտ էլ թաղվեց: Նրա եղբորորդին, որ թագավորական արյունից էր ու նույնպես Վահան անուն էր կրում, այնտեղ ստացավ իր կրթությունը` հասնելով եպիսկոպոսի աստիճանի, հետո դարձավ կաթողիկոս: 11-րդ դարում վանքը դարձավ կրոնական կենտրոն Սյունիքի բոլոր թագավորների համար: Շահանդուխտ թագուհին կառուցել տվեց Աստվածածին մատուռը, ու մահվանից հետո  այնտեղ թաղվեց: Իր ծաղկուն ժամանակաշրջանում մենաստանում ապրում ու գործում էին հարյուրի չափ վանականներ: Այնուհետև դարերի հողը ի վերջո ծածկեց այն մինչև 1968 թվականը, երբ այն նորից հառնեց հողի տակից: Տաս տարի հետո սկսվեցին նորոգման աշխատանքները:

Շրջակա լեռներն իրենց լռությունը փոխանցում են մենաստանին: Մշուշոտ եղանակից ու մռայլ բնանկարից մթնում է քարը և հոգիդ ծանրանում: Լիակատար ու ձգձգվող մենությունը նրանց, ովքեր այստեղ իրենց հավատն էին բնակեցնում: Այնքան զգայելի  ներկայություն, որ ասես, երգեցողություններ կան պատերի մեջ: Բավական է մի շունչ, ու կսկսես լսել դրանք…

Հավատի թևատ Էդգարը

Նա կրում է պատերազմի խարանները: Ու դա նրան տալիս է խամաճիկի անօգնական տեսք, ուր քարացել է չար աչքից դաշունահար մարդու ողբերգական մի արտահայտություն: Այն ժամանակ ազերիները ռմբակոծում էին Կապանը շրջակա բարձունքներից: Նա այնտեղ կորցրեց իր թևը, մատներն ու ով գիտե ուրիշ էլ ինչ : Բայց հայ եկեղեցիներն ունեն իրենց նվիրյալները: Լինի կորսված, պայթեցված` տիրող գաղափարախոսություններից, բայց դեռևս հասանելի` ավերակների սիրահար հետաքրքրասերներին, որևէ տիպ, միևնույն է, կպչում-մնում է դրան` ծառայելով որպես պահակ կամ ուղեկցորդ: Արդարև, փլվելուց մինչև վերականգնվելը, մենաստանն ի վերջո գտնում է իր աղքատին ու դառնում նրա համար հաց վաստակելու գրավական, մի բան, որ նրան մերժում է պետությունը:  Էդգարը մեզ համար շարական երգեց, որքան այն բանի համար, որ մենք գնահատեինք սրահի ակուստիկան, այնքան էլ արժանանար մանրադրամին, որ սպասում էր մեզնից: Փոքրահասակ լինելով` հզոր ձայն ուներ սակայն, որ տասնապատկվում էր կոնքի շնորհիվ, որը պատերին ստիպում էր հնչել: Հետո նա մեզ պատմեց Վահանավանքի մասին` խոր ափսոսանք հայտնելով, որ նորոգման աշխատանքներն ընդատվեցին ֆինանսների բացակայության պատճառով:

Էդգարի դեմքն հազվադեպ է ժպտում: Այնքան որ  խրված է ճակատագրայնության ու այս եկեղեցու կարգ ու կանոնի մեջ, որ ինքը պաշտպանում է լեգենդար հերոսի նման` նրա  սուրբ հողի մի թիզը: Բայց ո՞վ է նրան երախտապարտ: Ոչ ոք չի օգնում նրան: Ոչ ոք չի հասկանում ամեն ինչ այս քարերին նվիրաբերելու մարտահրավերը: Այդ զգացումն է կարդացվում նրա դեմքին, խորքում մի դառնություն, որն ավելանում է մյուս դառնություններին, որոնցից մեկն էլ ապրելն է մի երկրում, որը լքում է յուրայիններին: Մաքուր, սպիտակ մազերը խնամքով սանրած` նա գնում- գալիս է վանքից իր գյուղ և հակառակը, ամեն օր, բոլոր եղանակներին, անցնելով կարճ ճանապարհներով, որոնք միայն իրեն են հայտնի: Որպես հրաժեշտ` նա պոկեց վայրի ծաղիկներ նվիրելու համար մեր խմբի կնոջը: Մխիթարությու՞ն, թե՞ շնորհակալություն, ո՞վ գիտե:

Ստվեր շիրմաքարի վրա

Մուտքի մոտից, մեջքդ արևին դարձրած` հայկական եկեղեցու ներքնամասը նկարելը կարող է հարուցել ախտանիշային մտապատկերներ: Ասես Աստված հանկարծ խոսեր ձեր ոտքերի տակ: Ու բացահայտվեր ձեր գալիք անկման պատկերը, ձեր ֆիզիկական քայքայման` ինչ-որ անօգուտ ու անցողիկ բանի մեջ: Հանկարծ վայրկյանները սեղմվում են, իսկ դուք` նախագծված ոչնչի կանխազգացման, մի լիարժեքության, մեկ  այլ, բոլորովին ուրիշ ու անծանոթ ժամանակայնության մեջ: Ստվերդ տպվում է ոտքերիդ` մի շիրմաքարի վրա: Քայլել ես մինչև այստեղ, ամեն քայլից հետո դարձնելով դեգերումներիդ էջը, երբ հանկարծ մուտքը գծագրում է բոլորովին այլ բան, լցված լույսով` սրահի մութ ներքնամասում: Քո ուվագիծն է այդտեղ, մի մարդու, ով լուսանկարելու է. ստվերդ ընկել է շիրմաքարերով ծածկված գետնին :

Քարի մեջ փորագրված տառերը վերակազմում են հանգուցյալի էությունը. մասունքները մի կրոնավորի, ասելով, թե մահը կեցությանն է: Շիրմաքարը կեղտոտ մոխրագույն է, բայց լուսավորված դրսի բոցավառումներից: Մի ներդրվագ քեզ գցում է հուզմունքի մեջ: Հանկարծ զգում ես փխրունությունդ. կայծակնային մի պահի ` անդրանցական պատկերդ է քեզ կանչում: Քեզ թափ ես տալիս` ցրելու համար զառանցանքները, որ խռնվում են երևակայությանդ մեջ: Կառչում ես լուսանկարչական սարքիցդ, մատներդ նրան աղաչում են, որ պոկի քեզ ուրվապատկերից այդ դիակի, որը պառկած է քարի վրա: Բայց ինչու՞ փախչել այն բանից, ինչն անսուսափելիորեն գալու է: Ինչու՞: Մինչդեռ, դեռևս պատանի, դու պտույտ էիր տալիս հայրենի քաղաքիդ գերեզմանատանը, պարբերաբար,  վարժեցնելու համար ժամանակի անծանոթին, ուր դու ինքդ էլ բռնվելու ես մի օր:

Ողջի

Գեղատեսիլ Ողջին… Ակնահաճո` իր արծաթե վարսերով: Ես դա ասել եմ տաս տարի առաջ, երբ Cooperation Armenie-ն ինձ ընդունեց որպես վկա իրենց առաքելության` ամենաչքավոր հայերի համար, ծերերի, ովքեր ոչինչ չունեին ուտելու: Վազելով Զանգեզուրի բարձունքներից` գետը գալիս է կեղտոտվելու` անցնելով քաղաքի միջով: Դա բացօթյա կոյուղի է. զզվանք ես զգում բարձիթողի վիճակում գտնվող այդ գետի տեսքից: Քանզի Հայաստանում ո՞վ է մտահոգվում  գետերի մասին:

 

(շարունակելի)

Թողնել պատասխան

Your email address will not be published.