Արմինե Պետրոսյան | ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

Կոպերը ծանրանում, հպվում էին իրար: Շուրթերը դողում էին: Բաց –խուփ, բաց-խուփ՝ անկամ, նվազող հևքով: Արյան բարակ շիթը ծուռումուռ հետագծով անցնում էր նրանց վրայով, ցած հոսում: Կա՛թ-կա՛թ, կա՜թ-կա՜թ…
Մատները խրել էր հողի մեջ: Սեղմում էր, կծկվող մատներով բուռը հավաքում կոշտուկները: Ձախ ձեռքի երեք կտրված մատները, որ դեռ պատանի ժամանակներից փայտահատ կացնի թողած հուշերից էին, նորից սկսել էին մրմռալ:
«Հո՛ղս»,-գվվում էր ուղեղը: Սիրտը լցվում էր հպարտության զգացումով՝ հերոս մարտիկ: Խեղդող ցավը, սակայն, այլ կտորներ էր քաշում, բերում աչքերի առջև՝ մայրը, քույրերը… հայրը:
«Անի՛, կներես, Անս, քո՛ւրս: Աստված ջան, իրեն մենակ չթողնես»:
Փակվող աչքերի առջև խատուտիկի սերմիկներն էին, որ պոկվել, օդի հետ գիրկընդխառն պարելով, սավառնում էին:
Խոտերը կարմրել, կքվել էին իրենց վրա ընկած ու իրենց ճզմած մարմինների ծանրությունից: Կրակոցները շարունակվում էին:
Ոտքի ցավը, որ արդեն քանի օր էր՝ իրեն մոռացնել չէր տալիս, նորից էր սկսվել:
«Հորս արև, գոնե հիմա հանգիստ թող… գնամ…»:
Խատուտիկի սերմիկներից մեկը փափուկ իջավ նրա աչքին: Խոնավ էր աչքը. սերմիկն իր հանգրվանը գտավ:
Գյուղում հավատում էին, որ խատուտիկի փոփուլները կարոտած մարդկանց լրատուներն են:
Արամի անհամաչափ տրոփող սիրտը սուր կծկվեց: Ուղեղը գվվում էր.
«Մա՛մ, մա՛մ ջան, կյանիքդ մեռնեմ, կներես՝ խոսքիս տերը չեղա, ձեր գլխին էլ չեմ կարող կանգնել: Ես էլ ձեզ անտեր թողեցի…բայց…գլուխդ բարձր կպահես՝ տղեդ հանուն հայրենիքի է…»:
Ձեռնաշղթաներով հոր տնքտնքան քայլերին համընթաց անցան պատանեկության տարիները: Ստամոքսի կծկումների, փողոցում երեսին ասված խոսքերի, անհայր գիշերների ու ցերեկների միակ մեղավորին ներել չէր կարողանում:
Մայրը ոչինչ չէր ասում: Երեխաներին սեղմում էր գրկում ու արտասվում:
Երբ մի փոքր էլ մեծացավ, այդ ամենին սկսեց այլ կերպ նայել: Հորեղբոր հետ հաճախ էին զրուցում նման հարցերի շուրջ: Հորեղբայր Աշոտը, ցուցամատը բազմանշանակ բարձրացնելով, ասում էր.
-Սով էր, սով էր Հայաստան,
Թուրքի ձեռիքց լկստան:
«Թուրքի» բառը ամեն անգամ փոխարինվում էր այլ բառերով՝ ռուսի, քոռ Լևոնի, վատ հարևանների, հայի, մեր անտեր խելքի, մեր բախտի…
«Պապ ջան, էդպես էլ քեզ չէի հասցրել ճանաչել… հասկանալ… դեմս կգաս, երկար զրույց ունենք մենք »:
Մի քանի ամիս հետո իմացան, որ հայրը հենց բանտում էլ սպանվել է՝ անհայտ պայմաններում:
Երեխաներից մեծը տասներկու տարեկան Արամն էր: Երկու աղջիկներից Անին ութ տարեկան էր, Ալլան՝ հինգ: Մայրը շաբաթներով աշխատանք էր փնտրում, մինչև հարևան Սաքոյի տանը փոխարինեց ձուկ մաքրող կանանցից մեկին:
Այս գործով զբաղվում էին գյուղի գրեթե բոլոր ընտանիքները՝ լիճը կողքներին, իրենք էլ կամ ձկնորս էին կամ ձուկ ծախող կամ էլ՝ ծխեցրած ձուկ պատրաստող:
Այդ ամենն ինչքան որ գումար էր բերում գյուղի ընտանքիներին, այնքան էլ տանում էր նրանց առողջությունը: Մարզկենտրոնի հիվանդանոցի բժիշկներն այնքան էին վարժվել կույր աղիքի վիրահատությունն անելուն, որ տեղացիները կատակով ասում էին. «Ինչից էլ բողոք ունենաս, մեր բժիշկներն առաջին հերթին կույր աղիքն են հանելու. էդ մի գործն արդեն փակ աչքերով էլ են անում»:
Տասնչորս տարեկանից Արամն ինքն էլ մասնակցում էր ձկների ծխեցման աշխատանքներին:
Զգաց, որ ձախ կողքի ցավերն սկսել էին բթանալ: Մտքով անցավ, որ անզգայացում է մոտն սկսվում: Գլխում դժժոցներ էին:
«Կրակոցներն էին ուժգին պայթում,
Հետո իջավ քար լռություն.
Առաջադրանքը կատարված է:
Բարձունքը մերն է, փառքն Աստծո… »
-Մանվե՜լ, արի մի անգամ էլ երգենք ու…
Մանվելը «ջիգյարով» էր կիթառ նվագում, Արամի քաղցր ձայնն էլ տարածվում էր վաշտով մեկ: Բանակում էր պարզվել, որ Արամը երգել գիտի:
Թե Մանվելը, թե Արամը լուրջ չէին վերաբերում իրենց շնորհներին. «քեֆները տեղը լիներ»՝ ընկերների ուրախությունն էլ անպակաս էր դառնում:
«Մանվե՛լ, ախպերս…»,-ճիգ գործադրելով՝ բացեց մի աչքը: Փնտրում էր Մանվելին, բայց…համազգեստներ, համազգեստավորներ՝ խոտերին ընկած, կուչուձիգ անող:
Գլուխը պտտվեց: Բացված աչքն ինքնակամ փակվեց:
Դեռ չափահաս չդարձած՝ հորեղբոր հետ անտառից փայտ էր բերում իրենց տան, ինչպես և վաճառքի համար: Այդ տարիքում ջարդում էր ամենամեծ քոթուկներն անգամ: Հորեղբոր աջ ձեռքն էր:
Հենց այդ օրերին պատահեց մի բան, որ Արամի սրտում խոցի պես մտավ ու այլևս դուրս չեկավ:
Շտապում էր ջարդել փայտերը, որ հասցներ միանալ մորը. վերջին օրերին Մանիկը սուր ցավեր ուներ, չէր հասցնում իրեն հանձնարարված գործը մենակ անել:
Շեշտակի հարվածից փայտի տաշեղները այս ու այն կողմ էին թռչում: Արամը շուրջը չէր նայում. մի քանի քոթուկ էին մնացել, իսկ ինքն շտապում էր: Ճիչը տղային անակնկալի բերեց: Թեքվեց հետ. թիկունքին քույրն էր՝ սեղմված, կուչ եկած, ձեռքերով աչքը բռնած, գոռում էր ու կծկվում: Սրածայր տաշեղը թռել, աչքն էր մտել:
Այդ պատահարի հետևանքով Անին կորցրեց մի աչքը:
«Անս, քուրս…»:
Դպրոցն ավարտելուց առաջ արդեն պարզ էր, որ Արամը ուսումը չի շարունակելու. նման «ճոխություն» թույլ տալու ոչ ցանկություն ուներ, ոչ էլ՝ ժամանակ:
Արհեստ էր սովորել՝ ատաղձագործ էր: Գյուղում ասում էին՝ «Արամը հունարով տղա է, ձեռքից ամեն ինչ գալիս է»: Բայց առջևում բանակն էր: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո փայտամշակման սրահ բացել:
-Մա՛մ ջան, չմտածեք, տղեդ ձեզ էսպես չի թողի: Հլա ինչերի՜ ենք հասնելու:
Մայրն այլևս ձուկ ծխեցնելու աշխատանքներին պիտանի չէր: Գիտեր՝ նրանց հնարավորինս շուտ պետք էր դուրս բերել այդ վիճակից:
Ժամանակից շուտ ծերացած Մանիկը շատ էր հպարտանում որդով, հետն էլ դողում էր նրա կյանքի համար:
-Ոսկի տղես արդեն իր արհեստը՝ ոսկե բիլազուկն ունի: Բանակ գնա-գա, տղիս նշանենք, տնավորենք: Համա թե շատ ռիսկով է, վախենում եմ՝ իր ռիսկն իրեն ուտի:
-Մանիկ ջան, դու հեչ մի վախեցիր, Արամի ուժն ու հեռատեսությունը չեն թողնի՝ ոտը քարի առնի,-հանգստացնում էին հարևանները:

Բանակ ճանապարհելիս քույրերը գրկել, բաց չէին թողնում եղբորը: Արամը շարունակում էր կատակներ անել: Ուզում էր՝ ուրախ ճանապարհեն:
-Անի աղջիկ, տես, մինչև գալս քեզ խելոք կպահես: Լուսամուտ-բան քո պատճառով չջարդեն, խայտառակ լինենք:
Անին էլ միանում էր ընդհանուր ծիծաղին, բայց ներքուստ նեղվում էր. ո՞վ էր միաչքանի աղջկան հավանելու:
Կորամեջք դարձած մայրն աշխատում էր իրեն ուժեղ ցույց տալ՝ որդին թող վստահ գնա, տնեցիների համար դարդ չանի:
-Մա՛մ ջան, չմտածես, սաղ լավ ա լինելու: Տղիդ գիտես:
-Վայ, իմ պինդ տղա, ես չեմ էլ մտածում:
Մանիկն իրեն այդպես էր շարունակելու պահել նրան գրվող նամակներում, հեռախոսով խոսելիս, Արամի՝ արձակուրդ եկած ժամանակներում…
Կարևորը՝ որդուց միշտ լավ լուրեր էին գալիս, հետն էլ՝ պատվոգրեր ու խրախուսանքներ:
Ականջներում լսվում էր երգը.
«…Մեր թրերը միշտ ամուր են, սուր են…
…Մերն է լինելու այս հարյուրամյակը…
… Թող որ միշտ խաղաղ լինեն հայոց երկինքը
Եվ լեռները արևավառ…»
Նվագախմբի տղաները հենց այդ երգն էին նվագում, մի խուտուտ էր անցնում մարմնով, արյան գնդիկները, շքերթի կանգնածի պես, ծառս էին լինում: Ինքն էր դառնում երկիրն ու բանակը՝ ամբողջանալով ու տարրալուծվելով միաժամանակ:
Մի ուժ զգաց ներսում, որ մղում էր նրան չհանձնվելու: Չպիտի թույլ տար անզգայանալ: Պիտի հաղթահարեր ցավը:
Ծունկը գետնին խփեց. հարկավոր էր բարձրանալ՝ հակառակ գետնին գամող ցավի, հակառակ փակվող կոպերի, հակառակ հնչող կրակոցների…
Հակառակորդի դիվերսիոն հերթական հարձակումն էր: Նման դեպքեր վերջին օրերին հաճախ էին լինում: Տղաները լավ գիտեին իրենց անելիքը, սակայն հարձակումը մի քանի կողմից էր ձեռնարկվել. Արամն ու Մանվելը հանկարծակի հայտնվեցին լավ սպառազինված ջոկատի շրջափակման մեջ: Գիտեին՝ ուր որ է՝ ընկերներն հասնելու են, բայց մինչ այդ պաշտպանվել էր պետք:
Հակառակորդներն ուշադիր իրար էին նայում՝ ցատկի պատրաստվող գազանների նման: Թե ո՞վ էր լինելու զոհը, ո՞վ՝ որսորդը, վճռելու էին նրանց համարձակությունն ու մարտական վարպետությունը:
Արամը նայեց Մանվելին: Նշան արեց:
Ուժգին, շփոթեցնող գոռոցներն ու անկանխատեսելի հարձակումն ստիպեցին հակառակորդին շփոթվել: Սկսվեց անկանոն կրակահերթը: Մի քանի վայրկյանում Արամենց հաջողվեց զինազրկել հակառակորդներից մի քանիսին, բայց և կրակոցները անհետք չէին անցել: Երկուսն էլ զգում էին, որ վիրավորված են, բայց դրանից ավելի էին կրակով լցվում ու աջուձախ սկսում ջարդել հակառակորդին:
Զգացին, որ ընկերներն հասան, բայց արդեն ուշ էր իրենց համար: Աչքներն արյունով էր լցվել, ականջները փակվել էին: Միայն մի նպատակ կար՝ վերացնել բոլորին: Թշնամին տուն ոտք չէր դնելու: Այնտեղ մի բուռ հարազատ մարդկանց կյանքն էր, որ պաշտպանել էր պետք: Նրանց հույսն իրենք էին…
Երբ կրակոցներն ու վայնասունը դադարեցին, աշնանահամ խոտերը ճկվեցին: Դեղինը՝ կարմիր դարձավ: Հողը տնքաց: Քամին փչեց, ու սկսվեց խատուտիկի սերմիկների պարը: Նրանք օրորովում ու երգում էին սահմանագծին ընկած հակառակորդ բանակների զինվորների համար: Թեթև սահում ու նստում էին նրանց աչքերին՝ բերելով սիրելիների կարոտի լուրը:

«Ուռռաա»,-գրում էին սոցկայքերում հայերը,-«մերոնք ջարդել են այդ ոչխարներին: Երկու հոգով տասնչորսի են շանսատակ արել: Մենք հզոր ենք: Մերոնք ուրիշ են: Միայն թե ցավում ենք քաջաբար զոհված երկու մարտիկի կորստյան համար»:
«Ուռռաա»,-գրում էին սոցկայքերում ադրբեջանցիները,-«մերոնք կարողացել են հետ մղել ողորմելիների հսկա ջոկատին՝ մեծ վնասներ պատճառելով նրանց: Մենք հզոր ենք: Մերոնք ուրիշ են: Միայն թե ցավում ենք քաջաբար զոհված տասը մարտիկի կորստյան համար»:

Իսկ քամին շարունակում էր փչել հավասարապես սահմանի երկու կողմերում էլ: Սահման չճանաչող խոտերը ծածանվում էին ու «ինչի՞ համար» տեսքով տարակուսած իրար նայում: Խատուտիկի սերմիկները շոյում էին ընկած հակառակորդ զինվորներից ծորացած արյան լճակները, քաղում կարոտը, վերջին շշունջները, ու, օդում գիրկընդխառն պարելով, տանում նրանց սիրելիներին:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.