Բարձրահարկ շենքի առջևի բաց տարածության երկու կողմերում դրված նստարաններին նստած էին ծերունիներ, ոմանք ուաքըրները դրած ոտքերի մոտ: Գլխավոր մուտքից ծերունական դանդաղ քայլվածքով ելումուտ էին անում դարձյալ տարեց կանայք ու տղամարդիկ: Կալիֆորնիայի սպիտակ արևը կրակ էր մաղում երկնքից: Մեկը ծանոթ դուրս եկավ. Մայքլը փորձեց շրջանցել բայց չհաջողեց:
-Վայ բարև, Միքայել ջան,- ասաց կնճիռներով, թանձր շպարված կինը, մոտեցավ ու պաչեց Մայքլի այտը, -վաղուց չես երևում էս կողմերում:
-Հա, զբաղված էի, տիկին Մարո:
-Լավ բան չեք անում, լավ բան չեք անում, անտեր եք թողնում մեզ՝ պառավներիս: Լսեցի՝ ուզում ես ամուսնանալ:
Մայքլը անորոշ գլխով արեց ու ակամա ազատ ձեռքի ափով մաքրեց թաց և կրեմոտ այտը, ինչը չվրիպեց կնոջ հայացքից.
-Բախտավոր լինեք, -ասաց նա և հեռացավ:
«Ամուսնացրեց, հոգին ազատեց», Մայքլը դառը ժպտաց:
Լաբիի պահակը փոխվել էր, մի գեր, հաստ վզով, տգեղ սևամորթ կին էր: Ինքը մտերիմ էր նախորդ պահակի հետ: Անուշադիր նրան՝ քայլեց դեպի վերելակը, բայց կինը կանչեց.
-Ներեցե՛ք, պարոն, խնդրում եմ մոտեցեք:
-Գնում եմ ծնողներիս մոտ, դուք նո՞ր եք այստեղ:
Կինը պատասխանի փոխարեն երկարեց գրիչն ու այցելուների ցուցակը շրջեց Մայքլի կողմը:
«Այս կարգ ու կանո՜նը, զահլա են տանում իրենց security-ով», մտածեց՝ կռացած գրելիս:
Բախտը բերեց, պետական այս փոքրիկ բնակարանը, երկար տարիների սպասումից հետո, հատկացրին ծնողներին: Նախկին բնակարանի վարձի հազիվ մեկ չորրորդն էին վճարում: Ի՜նչ էին ուրախացել: Ասես մի առանձնատան տեր էին դարձել:
Վերելակի դռան մոտ մի համակրելի ծեր մարդ էր կանգնած: Միասին ներս մտան: Ծերունին սեղմեց 4-րդ, իսկ Մայքլը 7-րդ կոճակները: Ծերունու վրայից տհաճ հոտ էր գալիս:
Դուռը բացեց մայրը: Մայքլի սիրտը ճմլվեց. երկու ամսից ավել չէր այցելել ծնողներին, կապ էր պահպանել միայն հեռախոսով: Այդ ընթացքում մայրը շատ էր փոխվել, ավելի ճերմակել ու կռացել:
-Վա՜յ, Միքո ջան, բալես,- բացականչեց նա, գրկեց ու կարոտով համբուրեց որդուն,- էս ինչ լավ բան ես արել, եկել ես:
Մայքլը գնումների տոպրակը դրեց խոհանոցի մի անկյունում:
Հայրը շեղ նայեց որդուն.
-Եկար,-ասաց ոչ այն է հարցական, ոչ այն է սարկազմով:
Երկար, տառապալից միայնակ օրերը ձգվեցին Մայքլի աչքերի առջև: Պատմե՞ր հորը իր չգալու պատճառների մասին, ասե՞ր, որ կյանքում միշտ հաջողակը միանգամից երկու ուժգին հարված կրեց, որ գլուխը կորցրել էր, որ հազիվ է կարողացել վերագտնել իրեն:
-Հա, եկա, ուրախ չե՞ս:
-Ուրախ եմ, ուրախ եմ, ոնց ուրախ չեմ, նստի՛ր:
Հայրը ինչ-որ հաբեր էր երկու կես անում հատուկ կտրիչով՝ ճտճտոց հանելով:
-Գործերդ ինչպե՞ս են:
-Լավ են:
-Բա ասում էիր պարապ ես,- ասաց հայրը՝ շարունակելով իր գործը,- նոր աշխատա՞նք ես գտել:
-Չէ, էլի պարապ եմ, դիմումներ եմ ուղարկել, սպասում եմ պատասխանի:
-Չեմ հասկանում, քեզ պես բարձրագույն կրթությամբ, տիեզերական գիտությունների մասնագետ ինժեները ինչու պիտի անգործ մնա էս երկրում:
-Դե, պատահում է, ա՛յ հեր, մեր project-ը բեկանվեց փողի պատճառով, շատերին կրճատեցին:
-Էդպես հեշտ ու հասարա՜կ, արդեն երեք ամիս է:
-Ինձ նմաններին դժվար են վարձում, մի բան կանեմ:
— Տունդ ինչի՞ փոխեցիր բնակարանով:
-Շատ մեծ էր մի հոգու համար:
-Բա Եվան, վաղուց է լուր չկա,-մեջ մտավ մայրը,-գոնե երբեմն հեռախոսում էր. ի՞նչ կուտես:
-Սոված չեմ, նախաճաշել եմ:
-Հը՞, չլինի սև կատու է անցել ձեր միջև,- ասաց հայրը՝ շարունակելով ճտճտացնել:
-Հա, անցել է,- ասաց Մայքլը երկար դադարից հետո՝ մոր սպասողական հայացքից ազատվելու համար:
-Վայ, հողը գլխիս,- ասաց մայրը,- բա էդ ոնց կլինի, ուրեմն…
-Ես չուզեցի… ուրիշի հետ է:
Մայրը ասես ավելի կռացավ: Ինչ-որ թխվածքներ դրեց սեղանին:
-Սուրճ կխմե՞ս,-ասաց անտրամադիր:
-Հա, կխմեմ, դառը:
-Դե, ասա գործերդ լավ չեն,-ասաց հայրը:
-Էդ ի՞նչ հաբեր են, ինչի՞ ես կիսում:
-Բժիշկն ասաց, ասաց քչացրու, ճնշումի դեղ է:
Երեքն էլ միանգամից լռեցին: Լսվում էր միայն հաբերի կտրվելու ճտճտոցը, ինչը ներվայնացնում էր Մայքլին: Երբ աշխատում էր, ավելի շուտ-շուտ էր այցելում ծնողներին և ավելի շատ ասելիք կար:
-Դուք ո՞նց եք,- հարցրեց մի բան հիշելու պես:
-Դեռ հարցնում ես,-ասաց հայրը:
-Կանք էլի,-ասաց մայրը բարձր ձայնով, ասես փորձելով խլացնել հոր ձայնը,- լավից վատից ապրում ենք: Քույրդ երբեմն այցելում է:
Մայքլը խմեց սուրճը և վերցրեց կիսով չափ չորացած գաթայի մի կտոր:
— Գնումների առումվ հո՞ չեք նեղվում,-հարցրեց էլի մի բան հիշելու պես:
— Դեռ հարցնում ես,- ասաց հայրը՝ շարունակելով ճտճտացնել:
-Չէ, բալես,- արագ մեջ մտավ մայրը: Մարիան օգնում է: Էստեղ էլ մարդիկ կան, օգնում են: Դու գործիդ եղիր:
Նորից լռեցին: Մայքլը դժվարությամբ կուլ տվեց կիսաչոր գաթայի պատառն ու վեր կացավ: Փոքրիկ սենյակում շարժվելու քիչ տեղ կար: Անցավ փոքրիկ խոհանոցն ու ձեռքը դրեց մոր ուսին:
-Գնո՞ւմ ես,-հարցրեց մայրը:
-Չէ, հոգնեցի նստելուց: Տան մեջ ամեն բան կարգի՞ն է,- հարցրեց նա բաց դռնից նայելով միակ ննջարանի ներսը: Անկողիները խնամքով հավաքված էին, բայց սենյակում թափթփվածություն էր զգացվում:
-Հա բալես, դժգոհելու բան չունենք:
-Ո՞’նց չունենք,-քթի տակ մրթմրթաց հայրը,- շատ էլ ունենք, ասա, որ գիշերները ծնկների ցավից չես քնում, ասա, որ օրերով տնից դուրս չես գալիս, ասա որ…
Մայքլը չլսեց շարունակությունը: Հոր ձայնը նման էր հաբերի ճտճտոցին:
-Ա՛յ հեր, դրա ձենը վերջապես կկտրե՞ս, խոսում ենք ախր,- Մայքլը զգաց, որ ձայնը բարձրացրեց:
Հայրը չպատասխանեց ու շարունակեց կիսել հաբերը:
Միջանցքում, երբ մենակ մնացին, մայրն ասաց.
-Մի նեղացիր հորիցդ, պառավել է, միայն իր մասին է մտածում…
-Իրավունք ունի,- կարճ դադարից հետո ասաց Մայքլը:
Կալիֆորնիայի սպիտակ արևը այրում էր երկնքից և ինչ-որ բան, ավելի ուժգին, ներսից: Բերանում հնացած գաթայի համն էր, ականջներում հաբերի կիսվելու ճտճտոցը, քթի մեջ՝ վերելակում հանդիպած ծերունու տհաճ հոտը, որից առավ նաև ծնողների բնակարանում: Քայլերը ծանրացել էին, թվում էր, թե երբեք չի հասնելու հեռվում կառանած մեքենային: «Տեսնես՝ կենդանիներն էլ որդիական պարտավորություններ ունե՞ն, սկի ճանաչո՞ւմ են իրենց ծնողներին,-անցավ մտքով,- ծնողները, հասկացանք, իրենց ծնողական բնազդով որոշ ժամանակ պահում, պահպանում են զավակներին, բայց…»:
Նա հանկարծ նշմարեց ոստիկանին, կանգնած իր մեքենայի մոտ՝ տուգանքի ակտը լրացնելիս… «Կանգնելու տեղն էլ խառնել եմ»,-մտածեց վրդովված:
Մայիս, 2014
Լոս Անջելես
—
1 մեկնաբանություն
հետաքրքիր էր