Ո՞վ է լսել՝ ոչ անապատային գոտում գտնվող Հայաստանի մեր այս կողմերում՝ Երևան մայրաքաղաքի արվարձաններից մեկում, չեք հավատա, չկան ճնճղուկներ, որ միշտ եղել են դարուց դար: Եթե անգամ ոչ մի ուրիշ թռչուն չի մնացել երկրում՝ կռունկները, արագիլները, վայրի բադերն ու սագերը արդեն տաք երկրներ են չված եղել, մեր ցրտադիմացկուն, մեր քաղցադիմացկուն, անգթության ու անտարբերության սովոր ճնճղուկները, նույնիսկ ամենաճքճքան ցրտերին երկրից չեն բացակայել երբևէ:
Բայց ահա արդեն քանի ամիս էր, ինչ ոչ՛ճնճղուկի ճռվողյուն, ո՛չ ձագուկներին թռչել սովորեցնելու ծնողական մտահոգ ճլվլոց, ո՛չ ծառերի ճյուղերի մեջ խռնվող միջանձնային և միջընտանեկան հարաբերություններ ճշտող դատավարություն… Նրանք չքացել էին, չկային…Եվ ոչ ոք այս փաստը առանձնապես չէր նկատել՝ բացի Նելսոնից, նրա ընտանիքից ու մի քանի հարևաններից:
Նման պատմությունները (թեև այս մեկը դաժան է թվում առաջին հայացքից) ոչ ոքի չեն զարմացնի: Քիչ բան է մնացել աշխարհում, որ քաղաքակիրթ մարդու զարմանքը շարժի: Մենք հո գլոբալացումից, մոլորակի անցուդարձից հեռու աբորիգեններ չե՞նք, որ ամեն մի փայլփլուն կամ տարօրինակ ձայն հանող խայծ կուլ տանք:
Բայց զարմանալ՝ մանավանդ այս պատմությունից, դեռ հնարավոր է: Որովհետև զարմանալի է դեպքերի ողջ ընթացքը: Թաղում ոչ մեկի մտքով չէր անցնի, որ արցախյան ազատամարտից առաջ բարձրակարգ փականագործ, ինքնագործ թատերական խմբի պրիմա դերասան, նույնիսկ արջ ու վարազ տապալած գերազանց որսորդ, պատերազմում երկու ոտքերից զրկված Նելսոնի քնքշագին սիրո առարկա միակ դուստր Նունեն, ում Նելսոնը առանց մոր էր մեծացրել, կփախչի մի ռեցիդիվիստի հետ, ով անգամ տուն էլ չուներ: Որ մի օր էլ Նելսոնի տանը կհայտնվի հեռավոր գյուղերից եկած ջահել մի կին՝ Սիլվիկ անունով, կամ որ Սիլվիկը Նելսոնին անկեղծորեն կպատմի իր գլխին եկածը, թե ինչպես՝ հայրը նրան՝ սուսուփուս, վախից կուչ եկած, հայտնաբերել էր մարագում իրենց տուն հյուր եկած զարմիկի գրկում: Թե ապա ոնց էր 50-ամյա զարմիկը տնից վռնդված Սիլվիկին տարել Վլադիմիր և նրան մարմնավաճառ դարձնելու հույսը կտրելուց հետո՝ որպես արյունակից խղճալով, գոնե ինքնաթիռով ճամփել էր Երևան: Նելսոնը, այս սրտառուչ պատմությունը լսելով, շեքսպիրյան ողբերգակ դերասաններին արժանի ներշնչանքով խփել էր կրծքին ու Սիլվիկին ասել.«Սրանից հետո քո խաթրին դիպչողը ինձ հետ գործ կունենա: Իսկ էդ քո ոչուփուչ զարմիկին որտեղ բռնեմ, սատկացնելու եմ, հանգի՛ստ եղիր. նրա տեսակը ապրելու իրավունք չունի»:
Նելսոնը, դուք այդպիսի բան չեք լսել, վերսկսել էր իր որսորդությունը: Քանի որ իր վիճակով նա առանց սայլակի տեղաշարժվել չէր կարող, հրաձգարանի հին հրացանով սկզբում միայն ռազմիկի իր նշանառությունը ստուգելու համար, իսկ հետո արդեն իրեն ու Սիլվիկին թեթև կողմնակի եկամուտ ապահովելու համար սկսեց ճնճղուկ որսալ: Պատերազմի վետերանի ու հաշմանդամի թոշակի մի մասը Նունեին էր ուղարկում, մի մասը տալիս էր հարևանուհուն, որ մուրացիկությունից ետ պահի նրա երկու երեխաներին. Փա՜ռք Աստծո գողությունից նրանք հեռու էին բնույթով: Նրա խփած որսը գնում էին մի քանի հարևաններ՝ հատը 100 դրամով: Երեխաներին ուրիշ կենդանու մսով չէին կարողանում կերակրել, իսկ ճնճղուկը, ինչքան չլինի, միս է: Հիմնականում այդ մսից լավ ապուր էր ստացվում: Իսկ երբ Սիլվիկը գլխի ընկավ՝ սկսեց փետրահան անել, մաքրել, ճնճղուկներն արդեն 150 դրամով էին վաճառվում:
Ռեցիդիվիստի՝ հերթական անգամ բանտ ընկնելուն պես՝ Նունեն իր երեք տարեկան որդու հետ եկավ հայրական տուն: Նելսոնը առաջվանից էլ շատ էր սիրում Նունեին, իսկ թոռնիկի համար խելքն իրենը չէր, բայց խորթ մոր գոյության հետ աղջիկը չէր հաշտվում: Խորթ մայրն էլ՝ այդ հեզիկ-խոնարհ, տնից վռնդված, հեռուներից մի կերպ մայրաքաղաք ընկած անօթևանը, կարծես չար աչքով էր նայում Նելսոնի սիրուն, ազնվադեմ, լսող, պլաստելինից տեսակ-տեսակ կենդանիներ ծեփող թոռանը, իսկ Նունեի հետ աշխատում էր չհանդիպել, թեև տունը շատ փոքրիկ էր, ուր էլ շուռ գար, նրա չուզող հայացքին էր հանդիպելու:
Շատ չանցած, Նունեն հորը գաղտնապես տեղեկացրեց, որ հղի է ռեցիդիվիստից, որ ոչ ոք, մանավանդ խորթ մայրը, չպետք է իմանա դրա մասին, և բնականաբար պետք է աբորտ անի: Նելսոնը լրիվ հասկացավ աղջկան: Մի երկու ճնճղուկով հազիվ մեկին էին կերակրում: Բայց աղջկան համոզում էր.«Երեխան Աստծո պարգևն է, թող ծնվի, բախտը հետը կլինի, կպահենք, կմեծացնենք»: Ի վերջո աղջկա վշտոտ, արցունքոտ կերպարանքին չդիմացավ, խոստացավ, որ ետ գցածի վրա մի տասը-տասնհինգ օրվա ճնճղուկի որսից ստացած գումարը կավելացնի ու հենց Սիլվիկն էլ նրան կտանի բժշկի: Նելսոնը կորցրեց քուն ու դադար: Նա օր ու գիշեր ճնճղուկներին իր փոքրիկ պատշգամբը հրապուրելու նորանոր միջոցներ էր հորինում: Սկսեց կերատաշտակին կպչուն նյութեր քսել, որ ավելի հեշտ լինի որսալը: Սրտում էլ մի քիչ կասկած կար՝ հանկարծ ու ճնճղուկները գլխի ընկնեն, որ այստեղ իրենց միայն մահն է սպասում, ու էլ չգան կերատաշտակից օգտվելու: Բայց այդպես չէր լինում, նրանք գալիս ու գալիս էին, բռնվում, փետրահանվում, պահ էին տրվում միակ կարգին սառնարան ունեցող հարևանի սառցախցիկում:
Ու այստեղ էլի մի զարմանալի բան պատահեց: Նելսոնի բջջայինի վրա զանգեց մարտական ընկերը: Նելսոնը հասկացավ, որ երախտագիտությունն է խոսել ընկերոջ սրտի մեջ: Վիրավոր վիճակում գնդակների տարափի տակ, ձյան վրա արյան հետագիծ թողնելով, Նելսոնը նրան քարշ էր տվել մինչև դաշտային բուժկետ… 7-օրյա կոմայից դուրս գալով՝ նա Նելսոնին պատմել էր անդրաշխարհ կատարած իր զարմանահրաշ ճամփորդության մասին, որտեղից չէր ուզեցել ետ գալ, բայց պարտադրել էին՝«Գնա,-ասել էին,- դու քո տեսած դրախտին, նույնիսկ քավարանին չես արժանացել, ապաշխարելու և վկայություն տալու մի հնարավորություն ենք տալիս քեզ»:
Նելսոնը լսել էր, որ սա պատերազմից հետո հարստացել է, օլիգարխ է դարձել: Ընկերը հեռախոսով ասաց, որ ուզում է այցի գալ իրեն: Կասեք՝ «Սա այնքան էլ զարմանալի չէ, օլիգարխն էլ մարդ է՝ սիրտը քարից չի»:
Օրական հացի փողը հանելուց հետո՝ մնացած ճնճղուկների մարմինները շարքերով դարսվում էին հարևանի սառցախցիկում: Նունեն հանգիստ էր, որ այնտեղ կուտակվում է իր աբորտի գումարը: Բայց օլիգարխի զանգով ամեն բան փոխվել էր: Նելսոնը հայտարարեց, որ իր մարտական ընկերոջը չի կարող առանց պատիվ տալու ճանապարհել, մանավանդ որ օլիգարխը ճշգրիտ օր ու ժամ էր նշանակել: Ընտանիքի հայրը հասկացավ, որ այդ օրը պահեստավորված բոլոր ճնճղուկներին պետք է եփել մի կաթսայի մեջ և հարիսա պատրաստել: Նունեն, լաց լինելով, հորը խնդրեց չանել այդ հիմարությունը, օլիգարխը իրենց հարիսայի կարոտը չէ: Բայց Նելսոնն անդրդվելի էր: «Մենք նրան կասենք, որ մեր փողոցի ասֆալտը նորոգի, որ գիշերային լուսավորություն անցկացնի, լուծի ջրի հարցը, որ մեր հարևաններից մեկին-երկուսին մի քիչ վառելիքով ապահովի»: «Իսկ մե՞զ, պապ, մեզ ոչ մի բա՞ն»: «Մենք, ի՞նչ է, մեր հպարտությունը տանո՞ւլ ենք տվել պատերազմում: Ամոթ չէ՞, որ նրանից ինձ համար բան խնդրեմ,-ասաց նա նույն պաթոսով, որով հին օրերին հանդիսկաններով լեփ-լեցուն դահլիճին էր դիմում,- և ավելացրեց,- ինքը կհասկանա, մի բանով կօգնի: Ես նրա կյանքն եմ փրկել»:
Օլիգարխը եկավ: Կերավ 100 ճնճղուկից պատրաստված հարիսայից մի մեծ ափսե: Զարմացավ, որ այս աղքատիկ տանը այսքան նուրբ ու համեղ հարիսա են պատրաստում: Մտածեց՝ իհարկե ինքը արժանի է նման ուտեստի, ինչպես և աշխարհի շատ ու շատ բարիքների, որ նախատեսված են իր նման տղերքի համար, խոստացավ կատարել Նելսոնի բոլոր խնդրանքները և էլի մի ափսե հարիսա խնդրեց: Եվ այստեղ էլ նրա կոկորդին մնաց ճնճղուկի մի շատ նուրբ ու սուր ոսկրիկ, որ Սիլվիկը հարիսան խառնելիս չէր նկատել: Դա էլ պատճառ դարձավ, որ օլիգարխը հիվանդանոց ընկնի ու երկար տանջվելուց հետո ավանդի հոգին: Եթե նրա թիկնապահը, որին պատիվ էին արել սեղան նստեցնել բոլորի հետ, չամաչեր ու երկրորդ ափսե հարիսան խնդրեր, գուցեև ոսկրիկը ինքը կուլ տար… Բայց վկայողներ կան, որ երկնքում ամեն ինչ ծրագրավորված է: Որքան հայտնի է՝ այն աշխարհից վերադարձածներին ապաշխարելու հիմնականում միայն մեկ հնարավորություն է տրվում:
Այդ պահից ահա անցել էր 200 օր: Օլիգարխը կատարելո՞ւ էր իր խոստումները, եթե չմեռներ, հայտնի չէ: Բայց որ Նունեն լույս աշխարհ բերեց իր երկրորդ թոնթոլիկ որդուն, կատարված փաստ է: Նելսոնը երջանիկ է իր թոռներով, և խորթ տատիկն էլ սիրել է այս երկրորդին, որովհետև Նելսոնը նրան խոստացել է հակառակ դեպքում նրան ուղարկել այնտեղ, որտեղից եկել է:
Ճնճղուկները վերացել էին ոչ միայն Նելսոնի պատշգամբից, այլև ամբողջ թաղամասից: Իսկ ագռավներն ու կաչաղակները բազմանում էին: Երբեմն շատ գեղեցիկ երգող գունավոր թռչուններ էին գալիս հյուրախաղերի, երգում էին ու ապահովաբար հեռանում: Ոչ ագռավներն էին նեղացնում նրանց, ոչ էլ Նելսոնն էր նշան բռնում նրանց կողմը: Բայց ճնճղուկները… «Եթե նրանց մսով չկերակրեիր օլիգարխին, ճնճղուկները չէին վերանա»,-ասաց Նունեն: «Ի՞նչ ես ասում,-առարկեց Նելսոնը,-ե՞րբ ես Սուրբ գիրք կարդում, որ իմանաս, թե ինչ է ասել մեր Տերը հենց ճնճղուկների մասին: Ասել է ա՛յ թե ինչ.«Մի՞թե երկու ճնճղուկ մի դահեկանի չի վաճառվում, և նրանցից ոչ մեկը առանց ձեր Հոր գիտության,-կրկնում եմ,-առանց ձեր Հոր գիտության,- լսո՞ւմ ես,- գետին չի ընկնում, իսկ ձեր գլխի մազերն անգամ հաշվված են»:- Եվ ավելի ոգևորված արտասանում էր շարունակությունը.«Ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք շատ ավելի արժեքավոր եք ճնճղուկներից»: Տեսա՞ր: Իմ որսացած թռչունների հոգիները հրեշտակների են վերածվել, թևածում են թոռներիս շուրջը: Դու չե՞ս լսում նրանց սրինգների երգը»:
Նելսոնի համար իր տունը ապարանք է ու թատրոն է նաև: Նա մերթ հիացմունքով նայում է հոգնածությունից իբր գլխացավով բռնված Սիլվիկին, որ նստում է պատուհանի մոտ ու տխուր աչքերով նայում ինչ-որ հեռավոր կետի… Մերթ ներողամտորեն դիտում է Նունեի զայրույթից հուրհրատող գեղեցիկ աչքերին, որոնցով ուզում է շանթել, սպանել Սիլվիկի ներկայությունը, բայց ուզած-չուզած նրա գիրկն է դնում մանկիկին, որ գնա մի գործ ճարի…Մերթ էլ խենթացած իր ամեն ինչ տեսնող, զննող ու հասկացող թոռնիկների հրեշտակային համբերությունից, մոտ է կանչում մեծին, համբուրում, խոստանում ամենալավ պայուսակը առնել նրա համար, երբ սկսի դպրոց հաճախել: Փոքրին, քանի դեռ նա ոչ մի բան չի հասկանում, ինքն էլ իր ասածին չհավատալով, խոստանում է իսկական որսորդական հրացան, բայց չի մոռանում ավելացնել՝«հենց որ հարստանամ»:
Իսկ ճնճղուկները եկել են ու էլի բնավորվել: Նելսոնը ուխտ է արել՝ էլ երբեք նշան չբռնել ճնճղուկների վրա, այլ կերակրել ու խնամել, մանավանդ՝ ցուրտ ձմեռներին: Հիմա արդեն մտմտում է ճագարներ բազմացնելու մասին: Իհարկե ընդունում է, որ ճագարներն էլ ճնճղուկների պես Աստծո ստեղծած արարածներն են, բայց չէ՞ որ սրանք ընտանի են դարձել մարդու նեղ օրերին օգտակար լինելու հատուկ նպատակով, բացի խոհանոցային համադամ լինելուց, նաև՝ երկու ոտքը պատերազմում կորցրած զինվորի ու նրա հարևանների թոռներին քաղցից և այլ օրհասներից փրկելու համար:
1 մեկնաբանություն
Որտե՞ղ է ավարտվում իրականությունը, եւ որտեղի՞ց է սկիզբ առնում պատումը. այնքան իրական են այս երկու «իրականությունները», եւ անցումներն այնքան սահուն…
Սիրում եմ Ալիս Հովհաննիսյանի պատմելու հանդարտությունն ու մեղմությունը, այդ հանդարտության մեջ ասելիքը հստակորեն, անվրդով արտահայտելու յուրատեսակ ոճը, այն հզոր խաղաղությունը, որը ամեն մի գրողից չէ, որ կարող է այդպես հոսել…