«

»

Հոկ 13 2011

Տպել Գրառում

Լիլիթ Շահմուրադյան | ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Որոշեցի:
Վերջ, գնում եմ…
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն: Կցեցի նաև մի փոքրիկ կտակ, թե ով պետք է կատուներիս պահի, ում կթողնեմ նկարներս և այլն: Նաև խնդրեցի՝ քեզ չասել իմ մահվան մասին :Հետո սկսեցի մտածել, թե ո՞նց իրականացնեմ որոշումս:
Բարձրից թռչել միշտ էլ երազել եմ. իսկ եթե փափուկ տեղ ընկնե՞մ, կենդանի մնամ ու, ասենք` պարալիզացվեմ… Կամ ընկնեմ մի խավարասերի վրա. չէ, ես այդ մեկը փաստորեն ինձ երբեք չեմ ների…
Կարելի է սենյակի դուռը կողպել ու դեղ խմել: Բա որ կասկածե՞ն, հասցնեն դուռը ջարդել ու տագնապահար ինձ տանեն՝ կլիզմա անեն : Օ՜, ոչ:
Կախվե՞լ: Իհարկե, բայց վտանգավոր է, է՜: Մարդ է՝ հանկարծ չխեղդվեմ ու մնացած կյանքս նստեմ կալյասկայի մեջ. իսկ եթե խեղդվեմ, մարդիկ մի կուշտ կծիծաղեն ինձ վրա, երբ ինձ տեսնեն աչքերս թռսծ ճակատիս, լեզուս դուրս կախված, ձեռքս ձգված… Միշտ խուսափել եմ ծիծաղի առարկա դառնալուց: Չեմ կախվի:
Մնում է մեկ հնարավոր տարբերակ՝ կտրել դաստակիս երակը: Սիրուն կկտրեմ ու հանգիստ կնստեմ միչև կենդանության հեղուկ-ավիշը վերջնականապես լքի մարմինս. ոչ ոք սկի չի նկատի, գործը մաքուր կանեմ: Նկատելու դեպքում էլ՝ ուշ կլինի, հո չե՞ն հասցնի կարել կտրված երակս կամ արյունս հատակից հավաքել ու ետ լցնեն մարմնիս մեջ:
Այո, որոշեցի: Ինչ լավ է` մազերս էլ պետք չէ սանրել: Ամեն ինչ պատրաստ է: Ափսոս, որ պիտի գնամ, բայց մյուս կողմից նոր բան կիմանամ: Ու ,եթե Աստված ինձ ների ես նրանից մի քանի բան կխնդրեմ:
Այսօր առանձնահատուկ սիրուն եմ :Մահը տեղյակ է, որ գնալու եմ իր մոտ՝ ինձ միտումնավոր գեղեցկացրել է, որպեսզի հակադրվեմ սևին… Բայց ի՞նչու սև. ես միշտ էլ կանաչ գույնն եմ սիրել: Սա էլ չմոռանամ ավելացնել ցուցակիս մեջ՝ նամակում: Հա, ի՞նչ կլինի որ, եթե ինձ կանաչ թաղեն… Կամ էլ, թող անունը դնեն «կանաչ թաղում» և այդ անվան տակ հրավերներ բաժանեն փողոցներում՝ թռուցիկի ձևով: Էդ էլ տենց:
Դե, իհարկե մի երկու ժամ մտածել եմ, թե ինչեր եմ արել ես այս աշխարհում. մեկ- մեկ էլ մտքովս անցնում է, թե արդյոք շուտ չեմ գնո՞ւմ: բայց, ասենք՝ մնացի, ախր մնամ ինչ անեմ… Գնամ, գոնե տեսնեմ էնտեղ ինչ կա, չկա: Բայց, եթե էնտեղ կոֆե ու ծխախոտ չկա, երևի չարժի գնալ…
…Սիրուն, բարակ գրաֆիկական երկու գիծ քաշեցի ու սկսեցի վայելել վերջին սուրճս ու ծխախոտս: Երկուսն էլ կիսատ թողեցի. Կարո՞ղ է կիսատ մնացած սուրճը և ծխախոտը ինձ նորից ետ բերեն…

 

Share Button

7 կարծիք

Skip to comment form

  1. Ani

    Շատ սիրեցի…

  2. Emma

    Պատմվածքի սյուժեն և աղջկա մտքերն ու ինքնասպանության տարբերակները լրիվորեն նման են Պաոլո Կուիլիոյի «Վերոնիկան ուզում է մեռնել» վեպի առաջին էջերին: Այս վեպն, ի դեպ, թարգմանվել է նաև պարսկերեն, երևի մի 10 տրի առաջ:

  3. Ani

    Թերևս.. ես Պաոլո Կոելյոյի բոլոր գրքերն էլ կարդացել եմ ուսանողական տարիներիս, երբ նա շատ պոպուլար էր, բայց նշեմ, որ երբ ես այս պատվածքը կարդացի, Վերոնիկան մտքիս չեկավ, ես սա որպես առանձին մի բան կարդացի:

  4. Կոլյա

    Հարգելի Էմմա,
    առհասարակ ինքնասպսնության տարբերակները միանման են, ուրիշ էլ ինչ կա՞, երևի միայն հրազենը: Ըստ-իս, սա շատ ինքնատիպ գրվածք է և համոզված չեմ, որ Լիլիթը անպայման կարդացել է ՊԿ-ի վեպը կամ գրել դրա ազդեցության տակ: Թեման այնպիսի է, որի մասին շատերն են գրել, ուստի նույն «հաջողությամբ» կարելի է ասել, թե ՊԿ-ն էլ ընդօրինակել է մի անանուն հեղինակից. այսպես էլ պատահում է… Ինչևէ, գրական զուգադիպություններ շատ կան (Օր.՝ Համաստեղ, Սադեղ Հեդայաթ):

  5. CHUCHY

    Շնորհակալություն ընթերցման և կոմմենտների համար )Անկեղծ ասած ես շատ քիչ եմ կարդում և Պ.Կ. գրածը չեմ կարդացել ,սակայն ,երբ ծերանամ անպայման կկարդամ =)

  6. Emma

    Ես էլ միանշանակ չեմ կարող պնդել թե պատմվածքի հեղինակն անպայման կարդացել կամ ազդվել է նշածս գործից: Ուղղակի հենց որ կարդացի մտքումս այդ գործը ասոցացվեց: Իհարկէ, ազդվելն էլ ինքնին վատ բան չէ, կարելի է թեման անվերջ խորացնել ու ընդարձակել և նոր արժեքներ ստեղծել:Կցանկանայի հեղինակի կարծիքն էլ կարդալ…

  7. CHUCHY

    Հարգելի Եմմա,սկսել եմ կարդալ ‘Վերոնիկան որոշում է մեռնել”-ը: Իրոք նման բաներ կային սկզբում ,այնքան զվարճալի է:Տեղ-տեղ ինձ թվում էր ,որ ես եմ գրել`թող մեծամտորեն չհնչի :
    Ես ոգեշնչմանը լավ չեմ վերաբերվում, այդքան էլ ,քանզի դժվար է տարբերել ,այն կրկնօրինակումից:Ես նախընտրում եմ ոգեշնչվել այլ ոլորտներից`երաժշտությունից օրինակ,իմ առորյա կյանքից ,մարդկանց հետ շփումից :Շատ անգամներ լինում է ,որ մարդն ինքն իրեն է խաբում ,համոզելով ,որ ոգեշնչվել է ,սակայն կրկնօրինակում է:
    Ի դեպ շնորհակալություն ձեզ,ես ընդհանրապես կարդալը դեռ չեմ սովորել սիրել ,բայց միջոց գտա այս ստեղծագործությունը ընթերցել` աուդիո-գիրք , բավականին հետաքրքիր է ,քանզի թեման հոգեհարազատ է:

Պատասխանել Կոլյա-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>