Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս… Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Աստվա՜ծ իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ: Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ոչ մի կապ չունեմ: Սակայն դրանք զարմանալիորեն ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը, ուր ես տեսնում եմ ինքս ինձ… Հնարավո՞ր բան է միթե: Որտե՞ղ եմ այս ամենը տեսել, զգացել ու ապրել: Գուցե շրջվեմ, այլևս կորչի՞ այս քամին ու նրանից ծնվող զգացողությունը: Կտրուկ շրջվում եմ՝ չտրվելու համար ինձ կլանող ին: Սակայն թիկունքիս զգում եմ քամու վետվետալը վարսերիս արանքում ու նրա՝ մազերս մտերմիկ խառնշտորելը: Հիշողությունից քամված մի կաթիլ լուծվեց ուղեղիս մոռացված խորքի ծալքերից մեկում, ու մի մտապատկեր երիզվեց աչքերիս առջև. դու նույնպիսի քնքշանքով, ինչպես այս քամին, խառնշտորեցիր մազերս ու ասացիր. «Աստվածային գեղեցիկ ես»…
Ասացի՛ր, այո՛, բայց ո՞վ ես դու, որտեղի՞ց եմ հիշում քեզ: Կամ այդ որտե՞ղ էի ես և առհասարակ, ի՞նչ առնչություն ունեմ քեզ հետ… Ուղեղս ասես բաժանվում է երկու մասի՝ ինձ էլ իր հետ կիսելով: Հիմա ես մի այլ բույր եմ զգում, ինձ շատ ծանոթ, հաճելի բույր է, ու ես սե՜րն եմ ճանաչում այդ բույրի մեջ… Այո՛, այո՛, դա քո բույրն է, ու ես սիրում եմ քեզ… Ի՜նչ Աստվածային պարգև… Սերը ափեափ լցրել է ինձ իրենով, ու ես ամբողջովին սիրով եմ ներծծված…
Հիմա ես պարզորոշ զգում եմ, որ ընդարմանում եմ այս քամու տիրապետությունից ինձ վրա ու կամովին գնում եմ նրան ընդառաջ… Ես արդեն ուզում եմ հիշել ավելին, բաց չթողնել ոչ մի աննշան դետալ, որովհետև չկա ավելի հրաշալի վիճակ, քան սիրահարված լինելը (գուցե այդպես եմ մտածում, որովհետև մենա՞կ եմ), ու մեծ է ցանկությունս վերապրել յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր պահ: Ու քանի որ ես այդ շատ եմ ցանկանում, հիշողություններն անարգել հոսում են իմ մեջ, ու այժմ ինձ համար միևնույն է՝ անցյա՞լ է դա, ներկա՞, թե ապագա: Կարևորը մեկն է՝ զգում եմ, որ ոչ միայն սիրում եմ, այլև սիրված եմ, ահա թե ինչու եմ երջանիկ:
Ավազներին ձուլված՝ մենք համբուրվում ենք: Համբուրվում ենք երկար, և ոչ մի համբույր չի կրկնում նախորդին: Մենք ասես արարում ենք աշխարհը, հետո քանդում, ստեղծում ենք ավելի գեղեցիկը ու կատարելագործում այն: Մեր համբույրները երկար են, իմաստալից: Մենք ասես քնքշություն ենք արարում ու առաքում երկինք: Սեր ենք պեղում Երկրի ընդերքից ու լցնում երկրոլորտը մեր սիրո շնչով: Մենք սեր ենք քամում մեկս մյուսից ու դարձյալ փոխանցում իրար՝ նորացված ու հուժկու ավիշով, որպես կյանքի հավերժական շարժման շրջապտույտ: Ավազները շնչում են սիրո հևքով, ու մեր տաք, իրական սիրուց փափկել ու նվաղել է ավազը մեր ոտքերի տակ: Դու ասում ես ինձ քնքուշ խոսքեր, իրականում դրանք ավելի քնքուշ են, քան խոսքը կարող է լինել… Քո առնական բազուկները քնքշանք են արարում, ու ես լուծվում, դառնում եմ անծավալ մի հեղուկ քո տված քնքշանքից: Սիրո ներկայությունը հասցնում է մեզ երկնային դարպասներին՝ տեղափոխելով այնտեղ մեր երկրային սերը, իսկ մեր երկնային ներշնչանքը տեղափոխում ներքև՝ միախառնելով մեր աշխարհիկ սիրուն… Մենք պարզապես երկնայինի ու երկրայինի համաձույլն ենք՝ սիրով հաստատված… Սիրո գոյության ապացույցն ենք, նրա լինելության պատճառն ու կրողները…
Ե՞րբ է եղել այս ամենը՝ 50, 100, 200 կամ 300 տարի՞ առաջ… Չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ քամին այս ամենը հասցրեց ինձ, ու ես երջանիկ եմ, որ կրողն եմ այդ ամենի՝ հստակ տեսնելով ամեն ինչ՝ որպես ինձ հետ եղածի վերապրում:
Բայց աստիճանաբար անէանում է իմ սիրած բույրը: Ես սկսում եմ զգալ մի այլ ծանոթ բույր, ավելի ճիշտ՝ համ… Այո՛, ճիշտ է, դա ալիքների համն է, հետո արդեն՝ ջրիմուռների… Այդ գարշելի համը պատում է իմ ամբողջ քիմքը, հետո տարածվում ուղեղովս մեկ… Օ՜, ինչ ցավալի է, ես խեղդվում եմ…
……………………………………………………………………………………………………………………
Թեպետ այն ժամանակ ես այդքան չտանջվեցի, սակայն տանջալին ինձ համար հիմա է՝ հիշելով, տեսնելով կատարվածը… Ինչպե՞ս կարելի էր կորցնել այդ ամենը: Ես չգիտեմ՝ երբ կամ ինչպես է կատարվել դա ինձ հետ, բայց դա կատարվել է, ու սա եղելություն է…
Այնքան որոշակի հիշեցի ամեն բան, որ հիմա կասկածի եմ առնում այս պահը. գուցե իրակա՞ն չէ, որ ես հիմա կամ, գտնվում եմ փողոցում ու պատրաստվում եմ անցնել խաչմերուկը… Ի վերջո՝ ո՞րն եմ ես. այն, ինչ կատարվել է ինձ հետ երե՞կ, թե՞ հենց այս պահը, ուր ես՝ ընդամենը մի հետիոտն, հենց նոր բաց թողեցի կանաչ լույսը ու նորից պիտի սպասեմ մինչև լուսակիրը նորից թարթի ջրիմուռներ հիշեցնող այդ գույնը: Ինչպե՞ս գլխի չընկա հենց սկզբից. այս ներկան նույնպես ինձ է պատկանում, իսկ իմ վերհիշածը, փաստորեն, ես արդեն ապրել եմ մեկ անգամ, ստացվում է՝ դա իմ նախորդ կյանքն է եղել…
Ժամանակագրությունը հետզհետե ենթարկվում է երկփեղկված բանականությանս, ու ամեն բան իր տեղն է ընկնում… Այս քամին հիմա ինձ դավաճան է թվում: Թեև փորձում է հաճոյանալ ինձ, սակայն ես այլևս անհաղորդ եմ նրա հպումներին: Ի՞նչ կարիք կար մեկ րոպեի ընթացքում նախորդ կյանքս բացապարզել իմ առջև, հետո թողնել ինձ որպես մի խղճուկ հետիոտն, որը սպասում է իր քայլն առաջ գցել թույլատրող ինչ-որ անշունչ ու անկյանք կանաչ ազդակի: Ես սկսում եմ ատել այն, որովհետև նրա մեջ ես տեսնում եմ ոտքերս կապող ջրիմուռների կանաչ գույնը: Ես ատում եմ նաև այս խաչմերուկը, որովհետև կուզեի այս կյանքում անցնել իմ խաչմերուկը սիրո հետ միասին, այն, որ լիիրավ ինձ էր պատկանում, առանց որի ես չեմ ուզի անցնել և ոչ մի տեսակի ճանապարհ ու խաչմերուկ:
Տխրությունը խեղդում է ինձ: Խեղդում է ոչ պակաս, քան երբ ծովի ահռելի գիրկը խեղդեց իմ երջանիկ գոյությունը: Տխուր եմ ո՛չ այն բանի համար, որ իմ շունչը կորսվեց ալիքների մեջ, ո՛չ, այլ, որովհետև ես թողել եմ այնտեղ՝ ավազների վրա, այն աշխարհաստեղծ սերը, առանց որի ինձ կատարյալ թշվառ եմ զգում ու դատարկ: Ես ունեմ ամեն ինչ՝ աշխատանք, ընտանիք, կայուն դիրք հասարակության մեջ, մի խոսքով այն ամենը, ինչ պահանջվում է այս կյանքում քիչ թե շատ երջանիկ լինելու համար: Բայց ես կարոտում եմ, կարոտում եմ սերը: Ու թե այս կյանքում չխեղդեն ինձ ծովի ալիքները, ապա կխեղդի ինձ կարոտը: Ահա թե որտեղից է գալիս այն մշտարթուն տխրությունը, որը բնակվում է իմ սրտում: Թե չլիներ այս քամին, ես երևի չէի պարզի սա ինձ համար:
Չգիտեմ՝ ուրա՞խ եմ արդյոք, որ Աստծո կամոք ինձ կրկին կյանք է շնորհվել այս Երկրի վրա, ուր ես, հավանաբար, ունեմ իմ անելիքները: Սակայն այս կարոտախտը, որ ժառանգել եմ իմ նախորդ կյանքից, չեմ կարող կորցնել ուղեղիս ոչ մի մոռացված խորշում: Սիրո կարոտը կենսաբանորեն իմ մեջ է, ու ես կփնտրեմ քեզ, սե՛ր, թեպետ չգիտեմ՝ ո՞վ ես դու, որտե՞ղ ես կամ ինչպե՞ս գտնեմ քեզ…Պիտի գտնեմ քեզ՝ վերագտնելու համար այն, ինչ ինձ է պատկանում ու ժառանգելու համար իմ օրինական ունեցածը:
Գալիս եմ քեզ ընդառաջ: Սպասի՛ր ինձ, սե՛ր, որովհետև մի օր ես գտնելու եմ քեզ:
Նյմ 22 2011
Վերջին մեկնաբանություններ