Սամվել Մարտիրոսյան | ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Ալ կարմիր ավտոմեքենան և ոսկերիզ, տոնական ժապավենը

Այգու երկաթե դարպասները վաղուց արդեն փակել էին անցուդարձը: Հաստաշուրթ մի կողպեք վերջակետ էր դրել ամեն ինչին:
-Հեռու՛ մնա, -կարճ կապում էր նա, եթե մեկնումեկն այնուամենայնիվ մի թաքուն հույսով մոտենում էր ճաղերին:
-Հեռու մնա, -ու ամեն անգամվա հետ նրա մռութն ավելի էր կախվում, իջնում, հասնում էր ծնկներին:
Ներսում լռություն էր տիրում:
Ալ կարմիր, գեղեցիկ ավտոմեքենան, որն ամբողջ օրը վազվզել էր ու խաղացել մանուկների հետ հավասար, ինքն էլ մի տեսակ տարակուսանքի մեջ էր: Ու հավանաբար նա դեռ երկար կմնար իր տարակուսանքի մեջ, եթե մեկը կամացուկ չկանչեր՝- հե՛յ:
Նա կտրուկ շրջվեց ու հենց իր ուսի վրա հայտնաբերեց ոսկերիզ, տոնական ժապավենին:
-Կեսօրվա տոնահանդեսի ժապավեններից է,- ճանաչեց ավտոմեքենան: Այդպես հաճախ է լինում: Համարյա ամեն հանդեսից հետո: Ինչ որ մեկը մոռանում է…
Հետո գալիս է հավաքարարն ու այդ ամենը նետում է մոտակա աղբարկղը:
-Հե՛յ,- կանչեց նա կրկին, պեծպեծալով ու խայտալով ուրախությունից: Միգուցե նրան դեռ չէ՞ին ասել, որ տոնահանդեսն արդեն ավարտվել է:
-Ես էլ չեմ ասի, -չգիտես ինչու որոշեց ալ կարմիր ավտոմեքենան:
-Ողջույն, -ժպտաց նա, -պտտվել ուզու՞մ ես:
-Ուզում եմ, -ասաց ժապավենը, -ճիշտն ասած, գլուխս մինչև հիմա էլ դեռ մի քիչ պտտվում է: Իսկ իմ օդապարիկը, տեսա՞ր թե ինչպես թռավ, ինչպես գնաց: Նույնիսկ չգիտեմ, թե հիմա ու՞ր հասած կլինի: Ոչ ոք չգիտի:
Չէ, ի՞նչ ես ասում, նա ինձ չի լքել: Պարզապես նա ուզեց երկինք բարձրանալ: Այդպես լինում է: Բոլորի հետ էլ կարող է պատահել:
-Իսկ նա կվերադառնա՞, -հարցրեց ավտոմեքենան:
-Այո, իհարկե:
-Դու տխրու՞մ ես առանց նրա:
-Ես չեմ տխրում, -ասաց ժապավենը, -ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչպես է արվում: Չէ՞ որ ես տոնակա՛ն ժապավեն եմ:
Ալ կարմիր ավտոմեքենան ընկավ մտքերի մեջ: Իհարկե, շատ տարօրինակ էր այդ ամենը, բայց միևնույն է, նա չէր ուզում իր նոր հարցերով ակամա նեղացնել ոսկերիզ ժապավենին:
-Դե, ի՞նչ, գնացի՞նք, -շտկվեց ավտոմեքենան:
-Տուր տեսնեմ, -ձեռքը մեկնեց ժապավենը:
Մի լրիվ պտոյտ էլ դեռ չէին արել, հանկարծ նա ամուր սեղմվեց մեքենայի դռնակին ու շշնջաց:
-Ինձ թվում է, որ մենք մենակ չենք այստեղ:
-Մեն-մենակ ենք, -համոզված ասաց ավտոմեքենան, -ավելի մենակ՝ անհնար է լինել:
-Չէ, այստեղ մեկը կա, -համառեց ժապավենը, -տես, նա ինձ դեպի հետ է քաշում: Իսկ սուլո՞ցը: մի՞թե չես լսում նրա սուլոցը:
-Եղած-չեղածը՝ մի քամի է, -ձեռքը թափ տվեց ավտոմեքենան: -Ասում եմ՝ նա մեզ հետ չի: Նա ինքն իրեն է պտտվում:
-Այդ ինչպե՞ս կլինի, -զարմացավ ժապավենը:
-Մենք դեպի առաջ ենք պտտվում, իսկ նա՝հետ, -շարունակեց ավտոմեքենան, -նա ամեն ինչ ճիշտ հակառակն է անում:
-Իսկ ինչու՞ է այդպես անում:
-Չգիտեմ, երբ ես փորձում եմ կանգնել ու հարցեր տալ նրան, նա տեղնուտեղն անհետանում է, կարծես՝ չի էլ եղել: Ես լսել եմ, որ ամեն մեկն իր քամին ունի: Բայց նա կարող է և չիմանալ այդ մասին:
Ու ոչ մի վատ բան չկա դրանում, եթե ինչ որ մեկը քեզ ստիպում է հիշել իր մասին ու ստիպում է մոռանալ իր մասին:
Գիշերը վերջնում էր:
Նրանից ոչինչ համարյա չէր մնացել:
Ալ կարմիր ավտոմեքենան ու տոնական, ոսկերիզ ժապավենը կպել էին իրար, ու ճիշտն ասած՝ մի քիչ մրսում էին:
Բայց ուր որ է, արեգակը մի հսկա օդապարիկի պես դանդաղ ու հանդիսավոր կսկսի վերև վարձրանալ այգու խորքից:
-Այդ նա՛ է, իմ օդապարիկը, -երեկվա պես կասի ոսկեգույն, տոնական ժապավենը:
-Տեսնում եմ, տեսնում, -երեկվա պես կասի ալ կարմիր ավտոմեքենան:
Իսկ դա, մեր թաղի փոքրիկների համար միայն մի բան է նշանակում՝
-Գարնանային տոները շարունակվում են:

Ծննդյան օրը
-Ամեն ինչ կարգի՞ն է, -վերջապես հարցրեց Արմենը սենյակի անկյունում գլխիվայր կախված սարդին: Նա արդեն վաղուց է, ինչ նկատել ու աչքերով հետևում էր նրան: Առաջին իսկ պահից: Նայում էր ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ նա իրեն վա՞տ է զգում այդպես, ոտքերը վերև ցցած, թե՝ լավ:
-Ընդհակառակը, -կարճ պատասխանեց սարդը: Դա այնքան արագ կատարվեց, որ անակնկալից երկուսն էլ բան չհասկացան:
-Կարգին չի՞, -նորից հարցրեց Արմենը:
-Ընդհակառակը, -նորից պատասխանեց սարդը:
-Ինչի՞ հակառակը, -համբերությունը կորցրեց Արմենը:
-Ամեն ինչի,-պատասխանեց սարդն ու մի քանի քայլ ցած իջավ: Նա սկսեց հետաքրքրությամբ զննել տղային:
-Ամեն ինչի, -ժպտաց նա, -ուրիշ կերպ չի էլ կարող լինել, եթե դու գլխիվայր կախված ես առաստաղից: Չէ՞ որ ինձ ամեն ինչ հակառակն է երևում, շուռ տված:
-Ե՞ս էլ:
-Դու էլ:
Սարդը ոչ մի տեղ չէր շտապում: Տղան էլ ոչ մի տեղ չէր շտապում: Ասում են, որ սարդերն ու փոքրիկ տղաները ազատ ժամանակ շատ ունեն:
-Շուռ տվա՞ծ, -հարցրեց Արմենը:
-Շուռ տված, -պատասխանեց սարդը:
Հիմա երկուսն էլ համոզված էին, որ հենց այդպես էլ պետք է անց կացնեն իրենց ժամանակը իսկական սարդերը և իսկական տղաները:
Արմենը նայեց դռան կողմը: Չէ, ոչ ոք չկար: Նա, ճիշտն ասած, չէր ուզում, որ հիմա մեկնումեկն իրեն գլխիվայր, շուռ տված տեսնի:
Ավելի լավ է՝ հետո, երբ նա կկարողանա ինչ որ կերպ բացատրել այդ ամենը:
-Մարդ, մուրդ չկա, -ասաց սարդն ավելի լայն ժպտալով:
-Ի՞նչ, -զարմացավ Արմենը:
-Մարդ չկա, ասում եմ, -այս անգամ արդեն շշուկով կրկնեց սարդը:
-Բա ինչու՞ ես շշուկով խոսում, -հարցրեց Արմենը:
-Որովհետև մենք իրար գաղտնիքներ ունենք ասելու, -աչքերը կկոցեց սարդը, -իսկ գաղտնիքները միշտ շշուկով են ասում:
-Տեսնես ո՞վ է առաջինն ասելու, -հարցրեց Արմենն ու չսպասելով պատասխանի, տեղնուտեղը վրա տվեց, -իսկ ես, այսօրվանից այլևս փոքր չեմ, արդեն մեծ տղա եմ:
-Ճի՞շտ ես ասում, -քիչ էր մնում պարանը բաց թողներ սարդը: Ու նա, հավանաբար բաց էլ կթողներ, եթե ձեռքերն այդքան շատ չլինեին:
-Չե՞ս խաբում, -կրկնեց սարդը թուքը մի կերպ կուլ տալով, որ չխեղդվի:
-Հա, -ասաց Արմենը, -դրա համար էլ քունս չի տանում: Մուկուչն ինձ ասել է, որ մեծերը բոլորովին չեն քնում: Դա մեր՝ երկուսի գաղտնիքն է:
Նրանք լռեցին:
-Հավանաբար կան և այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին երբեք չեն խոսում, -անցավ սարդի մտքով:
-Դրա համար էլ երբեմն պարզապես լռում են, -անցավ Արմենի մտքով:
-Իսկ ի՞նչ ես անվերջ գործում վերևում, -վերջապես խախտեց նա իր բաժին լռությունը, -դու տատի՞կ ես, ի՞նչ է:
-Չէ, ես ոչ մեկի տատիկն էլ չեմ, -անակնկալի եկավ սարդը,- պարզապես դա մեր՝ սարդերիս զբաղմունքն է:
-Էդ ի՞նչ մի զբաղմունք է որ, -անհամբեր շարժում արեց Արմենը:
-Դա շատ կարևոր է մեզ համար: Մենք բաժանում ենք այս կողմը՝ մյուս կողմից: Իսկ հետո ծածկում ենք մեկը՝ մյուսից:
-Իսկ մենք հիմա ո՞ր կողմում ենք, -հարցրեց Արմենը:
-Մենք այս կողմում ենք:
-Իսկ մյուս կողմը՝ դա վա՞տ կողմ է:
-Չէ, բոլորովին էլ վատ չի: Պարզապես մեզ այդպես են սովորեցրել: Նրանք, ովքեր ապրում են այս կողմում՝ չպետք է իմանան այն մյուս կողմի մասին:
-Ինչու՞:
-Որովհետև դրանք բոլորովին հակառակ կողմեր են: Որովհետև չի կարելի, որ հակառակ կողմերը խառնվեն ու դառնան մի կողմ: Որովհետև միշտ պետք է լինի մի տեղ, ուր կարելի է գնալ, կամ չգնալ:
Արմենը լսում էր նրան, ու ոչինչ չէր պատասխանում: Նրա մտքերը խառնվել էին ու ոչ մի կերպ չէին դասավորվում:
-Իսկ ի՞նչ կլինի, եթե ես վազեմ ու անցնեմ այն կողմը, քանի դեռ ոչ ոք չկա:
-հանկարծ չփորձես, -տագնապեց սարդը, -ես մոռացա քեզ ասել, որ այնտեղից երբեք չեն վերադառնում…
Բայց Արմեննն այդպես էլ չլսեց նրա վերջին խոսքերը: Նա այդ պահին արդեն բաց էր թողել սարդոստայնը և ամեն ինչ մնացել էր ետևում:
Այստեղ սենյակն ավելի լուսավոր է, ու մի տեսակ հանդիսավոր տեսք ունի:
Սարդը կախվել, ճոճվում է առաստաղի մեջտեղում, տոնական կլոր սեղանի ու մեծ տորթի վրա, որը զարդարված է յոթ գունավոր մոմիկներով:
Հյուրերը շատ են: Աղմուկ-աղաղակն էլ է շատ: Արմենն, իր նման փոքրիկ երեխաների հետ, անվերջ վազվզում է սենյակից սենյակ, ու ցույց տալիս նրանց իր բոլորովին նոր խաղալիքները:
Վերևից նա ավելի անծանոթ և ավելի զվարճալի է երևում:
-Բայց նույնիսկ այս աշխարհում ոչինչ շուռ չի գալիս, եթե անգամ դու վերևից ներքև ես նայում ամեն ինչին, -որոշեց սարդը:
-Իսկ ամենակարևորը, -որոշեց նա, -պետք է հիշել, որ ուրախությունն ու տխրությունն այստեղ էլ շատ կարճ են տևում: Մինչև այն պահը, երբ որևէ մեկն առաջինը կնկատի քեզ ու ճանճի պես կսատկեցնի:

Ոսկեթևիկը
Փեթակների մոտ մեղուները բզզոցի միայն երկու ձև ունեն:
Մեկը՝ երբ նրանք մոտենում են քեզ, իսկ մյուսը՝ երբ նրանք հեռանում են քեզանից: Երկու դեպքում էլ ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ կա նրանց մտքին: Այնպես որ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ փեթակների մոտ հանդիպել են մեղուների հետ, անպայման կհաստատեն իմ ասածները:
Ահա այսպիսի ծանոթ բզզոցով կեսօրին մեղուները սուրացին ու անցան մարգագետնի ծաղիկների գլխավերևով:
Ոսկեթևիկն ինչպես միշտ՝ հետ էր մնացել: Նա թռչում էր ամենավերջինը, պոչից կպած, ու բերանը բաց անվերջ աջ ու ձախ էր նայում:
-Ես մեղու չեմ, ես հենց նոր պոկվեցի արեգակից: Զարմանալի է,ինչու՞ ոչ ոք չի նկատում: Ինչու՞ ոչ ոք չի զարմանում: Ինչու՞…ինչու՞…
Այս մտքերն էին, որ հիմա բզզում էին նրա փոքրիկ գլխիկի մեջ:
Ոսկեթևիկը մոտեցավ ամենամոտ թռչող մեղվին, և այն է, ուզում էր բան ասել, երբ սա առանց իր կողմը նայելու գոռաց՝
-Մի՛ խանգարիր:
Հետո դարձավ, ոտքից գլուխ չափեց ու ավելացրեց,-միևնույն է, չեմ տա:
-Ի՞նչը չես տա, -զարմացավ Թևիկը:
-Մեղրը:
-Ինձ քո մեղրը բոլորովին էլ պետք չի, -վրդովվեց Ոսկեթևիկը, -գիտե՞ս ինչքան մեղր կա արեգակի վրա:
Բայց մեղուն նրան չլսեց: Նա թաղվեց ծաղիկներից մեկի մեջ ու սկսեց ջանասիրությամբ դույլը նեկտարով լցնել:
-Ոսկեփորիկ, մի կողմ քաշվիր, խանգարում ես, -լսվեց հաջորդ մեղվի ձայնը:
-Ես Ոսկեփորիկը չեմ, ես Ոսկեթևիկն եմ, -ուզում էր ասել նա, բայց չհասցրեց:
-Հեյ, Ոսկետոտիկ, ապա մի ամուր բռնիր դույլիցս: Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես է պտտվում երկինքը:
-Իսկ մի՞թե նա պտտվում է, -զարմացավ Թևիկը:
-Մեծ շրջանի մեջ ամեն ինչն էլ պտտվում է, -ասաց մեղուն, -դու կարո՞ղ ես մեծ շրջան գծել:
-Արեգա՞կն էլ է պտտվում, -հարցրեց Ոսկեթևիկը, նայելով մեղուների գծած փոքր ու մեծ շրջաններին:
-Չէ, չեմ կարծում, -կանգ առավ մեղուն, -արեգակը մեջտեղում է մնում:
-ՈՒրեմն ես էլ չեմ պտտվի:
-Ինչու՞:
-Մի՞թե դու ոչինչ չես տեսնում:
-Չեմ տեսնում:
-Ապա ուշադիր նայիր: Մի՞թե ես նման չեմ արեգակից պոկված մի փոքրիկ բեկորի:
Մեղուն զննեց Թևիկին բոլոր կողմերից, հետո նայեց արեգակի կողմն ու ձեռքով ծածկեց աչքերը:
-Արեգակին ես չեմ կարող նայել, նա ինձ կուրացնում է, իսկ դու չես կուրացնում:Բա ինչու՞ դու չես կուրացնում:
-Եթե ես էլ կուրացնեմ, ապա մեղուներն այդպես էլ չեն իմանա, թե ինչպիսին է արեգակը:
Մեղուն լռեց: Ոսկեթևիկն էլ լռեց: Հիմա նրանք միայն բզզում էին:
-Արի մի քիչ էլ խոսենք, -առաջարկեց Թևիկը:
-Իսկ ի՞նչ կարիք կա խոսելու, եթե կարելի է բզզալ:
-Երբ խոսում ես, միշտ նորանոր բաներ ես լսում քո մասին:
-Այդ դեպքում ասա, ինչու՞ են մեղուները քեզ տարբեր անուններով կանչում:
-Այդ նրանից է, որ նրանք չգիտեն իմ իսկական անունը:
-Իսկ ի՞նչ է քո անունը:
-Արեգակ: Ես կարծում եմ, որ «Արեգակ» է իմ անունը:
Մեղուն շատ զարմացավ նրա ասածների վրա: Նույնիսկ սսկվեց: Այնքան անհավանական էր այդ ամենը: Բայց նա արագ ուշքի եկավ ու հարցրեց՝
-Այդ դեպքում ի՞նչ է արևի անունը:
-Ոսկեթևիկ է, -առանց երկար մտածելու պատասխանեց Թևիկը, -կամ էլ Ոսկեփորիկ, ինչու՞ չէ:
Պետք է ասել, որ լինում են պահեր, երբ մեղուները ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից: Իսկ լինում են և այնպիսի դեպքեր, երբ նրանք ծաղիկներից էլ չեն տարբերվում:
Այսպես ծաղիկներն են մտածում:
Մեղուներն էլ են այդպես մտածում: Նրանք, ընդհանրապես, իրենց կյանքում ամեն ինչ վստահում են ծաղիկներին:
Բայց, որ արեգակից մեղուն ոչնչով չտարբերվի՞, լինելու՞ բան է:
Իսկ մյուս կողմից՝ ինչու՞ չէ: Մի՞թե չի կարելի ասել, թե արեգակը՝ դա մի հավերժական մեղու է, ում բզզոցը հեռվից բոլորովին չի լսվում: Կամ թե՝ ծաղիկ է, հավերժական ծաղիկ:
Միայն թե՝ այսպես կարելի է և մոլորվել, գլուխը կորցնել, փոխվել, դառնալ բոլորովին ուրիշ մեկը: Մեղուները չէին կարող այդպիսի անփթություն թույլ տալ իրենց: Ծաղիկներն էլ չէին կարող: Չէ՞ որ մեղուների բզզոցը մարգագետնում էլ, ինչպես փեթակների մոտ, միայն երկու բան կարող է նշանակել: Կամ նրանք թռչում են քո կողմը,կամ հեռանում քեզանից: ՈՒ երկու դեպքում էլ դժվար է ասել, թե՝ այնուամենայնիվ, ի՞նչ կա նրանց մտքին:

Առաջին ձյունը
Այսօր ամբողջ գիշեր Արմենի փոքրիկ սրտիկը բարձր-բարձր թմբկահարում էր, չէր թողնում քնի:
Արդեն քանիերորդ անգամ մայրիկը մտնում էր նրա ննջասենյակը, բարձրացնում գետին ընկած վերմակը, բարձն ուղղում և ձեռքն անհանգիստ տանում փոքրիկի ճակատին: Նույնիսկ հայրիկը մի անգամ ներս եկավ ու նստեց կողքին: Երկար ու զննող հայացքով նայեց որդուն, հետո վեր կացավ, մի քիչ էլ այդպես կանգնած մնաց ու դուրս գնաց:
-Այդ ինչու՞ ես այդպես աղմկում, -կամացուկ հարցրեց Արմենը, -հիմա բոլորին կզարթնեցնես:
-Ես չեմ աղմկում, ես պարզապես ուրախանում եմ, -պատասխանեց սրտիկը նույնպես շշուկով, -առաջին ձյան համար, որն ուր որ է, գալու է:
-Ո՞վ է այդպես ուրախնում, -չէր զիջում Արմենը, -դու պարզապես դոփում ես ու դոփում կամակոր երեխայի նման:
-Չէ, Ի՞նչ ես ասում, Ի՞նչ դոփել, ի՞նչ բան, դա երգ է, առաջին ձյան մասին իմ երգը:
Սրտիկին թվաց, որ Արմենն իրեն չհասկացավ, ու լռեց: Արմենին էլ թվաց, թե սրտիկն իրեն չհասկացավ, ու նա էլ լռեց: Բայց դադարը շատ կարճ տևեց:
-Իսկ դու կարո՞ղ ես երգել, -հարցրեց սրտիկը:
-Ու՞մ համար:
-Ինքդ՝ քեզ:
-Չէ, ինձ համար մայրիկն է երգում:
-Իսկ ես կարող եմ, -ասաց սրտիկը:
-Բա որ դու քեզ համար ես երգում, այդ ինչպե՞ս է, որ ես էլ եմ քեզ լսում, -զարմացավ Արմենը:
-Այսօր բացառություն է, -ասաց սրտիկը, -այսօրվա երգը քո առաջին ձյան մասին է:
-Ի՞մ:
-Նա քեզ անպայման դուր կգա, այ կտեսնես:
-Իսկ դու տեսե՞լ ես նրան, -անհամբեր հարցրեց Արմենը:
-Չէ, սրտերը չեն տեսնում, սրտերը միայն զգում են:
Արմենը բարձրացավ, նստեց բարձին, ծնկները հավաքեց դնչի տակ և ամուր սեղմեց կրծքին: Նա այդպես ավելի լավ էր լսում, թե ներսում ինչպես է թմբկահարում իր սրտիկը, որը ոչինչ չի տեսնում, բայց ամեն ինչի մասին տեղյակ է:
Դրսում, ձյան առաջին փաթիլներն արդեն պտտվում էին, կայծկլտում ու նորից անհետանում գիշերվա մեջ:
Ինչ շատ էին նրանք, ինչ սիրուն էին:
Արմենին թվում էր, որ հիմա ամբողջ աշխարհում մարդիկ շնչները պահած հետևում են առաջին ձյան փաթիլներին միայն:
Սրտիկը լուռ էր, ձայն չէր հանում:
-Երևի նա էլ այս փաթիլների պես փոքրիկ է ու անպաշտպան,-մտածեց Արմենը,-երևի նա էլ չի սիրում մենակ մնալ ու դրա համար էլ արթնացնում է ինձ գիշերով:
Նա նորից ականջ դրեց՝ լռություն էր:
-Լավ է, էլի, ինձ արթնացնում է, իսկ ինքը՝ քնում, -դժգոհեց Արմենը: Հետո կողքի թեքվեց ու վերմակը քաշեց գլխին: Նա ուզում էր քնել, բայց զգում էր, որ մոտիկ ինչ որ տեղ, սրտիկը դեռ քնած չէ:
Հազարավոր հարցեր, ձյան փաթիլների նման պտտվում էին ու պեծպեծում նրա աչքերի մեջ: Բայց դրանցից ոչ մեկի պատասխանը նա դեռ չգիտեր, չէր կարողանում գտնել:
-Դու քնա՞ծ ես, -վերջապես հարցրեց Արմենը:
-Չէ, քնած չեմ, -տեղնուտեղը ձայն տվեց սրտիկն ու սկսեց ավելի ուժգին թմբկահարել:
-Ասա, երբ ես մեծանամ, դու՞ էլ ինձ հետ կմեծանաս:
-Ես դեռ չգիտեմ, -պատասխանեց սրտիկը, -իսկ դու ե՞րբ ես մեծանալու:
-Երևի՝ շուտով: Գուցե, նույնիսկ ավելի շուտ…
-Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս:
-Սահմանապահ:
-Չե՞ս խաբում:
-Չէ, -գլուխը թափ տվեց Արմենը, -դա ես վաղուց եմ որոշել:
-Բա էլ ի՞նչ ես ձգձգում:
Այստեղ Արմենը վերմակը բոլորովին նետեց իր վրայից ու եռանդուն մի կողմ հրեց, կարծես տեղ բացելով ևս մեկի համար:
-Ամբողջ հարցն էլ հենց նրանում է, որ ես դեռ շուն չունեմ:
-Իսկ առանց դրա չի՞ լինի:
-Բան դուրս չի գա, -համոզված ասաց Արմենը, -շունը՝ դա սահմանապահի ամենահավատարիմ ընկերն է:
-Այդ ինչքան բաներ գիտես դու, որ ես դեռ չգիտեմ, -հիացած բացականչեց սրտիկը, -երևի իսկապես քո մեծանալու ժամանակն է արդեն:
Արմենն, իհարկե, իրեն շոյված զգաց, շատ շոյված և առանց երկար-բարակ մտածելու առաջարկեց՝
-Ուզւո՞մ ես, արի իրար հետ մեծանանք:
-Թխի՝ գա, -ասաց սրտիկը:
-Լսիր, իսկ դու՞ ինչ ես դառնալու, երբ մեծանաս:
-Թմբկահար:
-Թմբկահա՞ր, ափսոս, շատ ափսոս: Իսկ չե՞ս կարող, ոչ թե թմբկահար, այլ ասենք՝ շուն դառնալ:
-Չէ, միայն թմբկահար, -ուրախ պատասխանեց սրտիկը:
-Ուրեմն հարկավոր է մի շուն ճարել, -հոգոց հանեց Արմենը:
-Կճարենք,- ասաց սրտիկը, -շները մարդկանցից հեռու չեն կարող ապրել: Քո շունն էլ, ինչ որ տեղ՝ մոտերքում է, ու եթե լսի մեր ձայնը, անպայման վազ կտա, կգա:
-Որտեղի՞ց գիտես այդ ամենը, -ուզում էր հարցնել Արմենը, բայց չհարցրեց: Նրան անչափ դուր եկան սրտիկի ասածները: Միայն մի բան էր վատ՝ նրա կոկորդը երեկվա պաղպաղակից հետո կարմրել էր ու ցավում էր: Այնպես, որ մոտ օրերս նա հաստատ չէր կարողանա կանչել իր շնիկին:
-Ես քեզ կօգնեմ, -ասաց սրտիկը, որը միշտ գիտեր, թե ինչի՞ մասին է մտածում Արմենը: Նա ավելի հարմար բռնեց փայտիկներն և ամբողջ ուժով սկսեց խփել իր թմբուկը: Ու քանի նա զլում էր, այնքան Արմենին թվում էր, թե՝ հիմա, ուր որ է, նա հեռվից կորսա իր հավատարիմ ընկերոջ պատասխան կանչը:
-Էլի, էլի խփիր, -խնդրում էր նա իր սրտիկին, ավելի ուժեղ խփիր:
Սրտիկն ինքնամոռաց հարվածում էր ու հարվածում: Երբեմն քիչ էր մնում, որ փայտիկները դուրս թռչեին նրա քրտնած ձեռքերի միջից: Բայց չէ, նա ավելի ամուր էր սեղմում իր բռունցքներն ու շարունակում թմբկահարել:
-Հը, երևու՞մ է, -ժամանակ առ ժամանակ հարցնում էր նա Արմենին:
-Մի քիչ էլ, մի քիչ էլ հուպ տուր:
Սրտիկն ամբողջ ուժով խփում էր իր թմբուկը: Նա գիտեր, որ թմբուկը կարող է և չդիմանալ, կարող է և պատռվել: Բայց նա շատ էր ուզում օգնել Արմենին և աշխատում էր ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել: Նա մտածում էր միայն նրանց մասին, ովքեր այսօր հանդիպելու էին ու սիրելու մեկը՝ մյուսին:
Չէ՞ որ շներն էլ, սրտերի նման, հավատարիմ ընկերոջից բացի, ուրիշ էլ ոչինչ չեն կարող լինել փոքրիկ տղաների համար:

Նորածինը
Ահա գիշերը, որն ամենևին էլ նման չի արդեն գիշերվան:
Ահա արեգակը, որը գլուխն ու թևերը խցկել է Արմենի փոքրիկ ննջասենյակի մեջ, քիչ է, դեռ ոտքերն էլ է ուզում ներս մտցնի:
Եվ վերջապես, ահա Արմենը, ում մասին, ճիշտ չի լինի առայժմ որոշակի ինչ որ բաներ ասելը, բացի այն, որ նա արդեն քնած չի վաղուց, բ