Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԱՌԻԹ

 KDH44                 
-Ներեցե՛ք,- ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:

-Խնդրեմ,-ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:

«Քառասունհինգից ավել չես տա», մտածեց կինը և տարակուսեց՝ իր ի՞նչ գործն է:

Վավերագրական ֆիլմ պիտի ցուցադրվեր: Աթոռները շարել էին կիսաշրջանաձև, կողք-կողքի: Շատ մարդ չկար: Ֆիլմի հեղինակ-ռեժիսորը որոշ բացատրություններ տվեց: Ներկաները ծափահարեցին: Փոքրիկ էկրանի վրա սկսվեց ցուցադրումը:

Կինը փոխեց դիրքը՝ աջ ոտքը գցելով ձախի վրա:

Սրճարանի կիսամութի մեջ, տղամարդը նշմարեց կնոջ կաթնագույն, մերկ ծնկի ծալը և սկսեց աչքի տակով հաճախակի նայել այդ ուղղությամբ:

«Հազիվ քառասուն կլինի», մտածեց տղամարդը և տարակուսեց. իր ի՞նչ գործն է:

Ցուցադրումը ավարտվեց: Նորից ծափահարեցին: Լույսերն ավելացան:

-Դուք որտեղի՞ց գիտեք ռեժիսորին,- հարցրեց տղամարդը:

-Իր կինը մտերիմ ընկերուհիս է,-ասաց կինը ժպտալով:

«Լավիկն է», մտածեց տղամարդը:

-Ինքն էլ իմ դասընկերն է եղել: Ներգաղթելուց հետո ավելի քան երեսուն տարի չէինք հանդիպել:

-Դուք որտեղացի՞ եք:

-Եկել եմ Նահանգներից, կարճ ժամանակով, այս անգամ հրաշքով հանդիպեցինք, պատկերացրեք սկզբում չճանաչեցինք իրար. ասաց, որ իր ֆիլմերից մեկը պիտի ցուցադրի այս սրճարանում, հրավիրեց: Սրճարանը հազիվ գտա,-ասաց ու ծիծաղեց:

Նրանք միասին մոտեցան ու շնորհավորեցին: Կինը խոսքի բռնվեց ռեժիսորի կնոջ հետ: Հետո մոտեցան ֆուրշետի սեղանին, որի վրա շարված էր սրճի ու թեյի տեսականի, հարմարանքներ ու անուշեղեն: Կանայք սուրճ պատրաստեցին ու չորսով նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ. խոսք բացվեց արվեստի և տարբեր երկրների մշակութային խնդիրների մասին, ընդ որում տղամարդը երկար տարիներ անհաղորդակից լինելով նման թեմաներին՝ ընդհանրապես լսողի դերում էր:

Դուրս գալով սրճարանից, քայլեցին մինչև գլխավոր պողոտան:

Տղամարդը խնդրեց կնոջ ձեռքի համարն ու գրանցեց իր բջջայինի մեջ:

-Կզանգեմ,-ասաց նա,- See you:

Կինը ժպտաց, գլխով արեց ու նստելով առաջին պատահած տաքսին՝  հեռացավ:

«Դուրեկան տղամարդ է»,- մտածեց կինը. նա սիրում էր զուսպ, քչախոս տղամարդկանց :

«Ինչ ապուշն եմ, պիտի հրավիրեի ընթրիքի», մտածեց տղամարդը: Չէր հասկանում ինչ խորհրդավոր բան կար այդ կնոջ մեջ, որ խախտում էր իր ինքնավստահությունը: Գուցե դա կնոջ բարձր ինտելեկտն էր, որով ինքը հմայվեց խոսակցության ընթացքում: Նույնիսկ չկարողացավ «դու» ի անցնել: «Առաջին հանդիպման համար, այսքանն էլ բավական է»,- մխիթարեց ինքն իրեն ու տխրեց, որ մեկնում է երկու օրից:

Հաջորդ օրը տեղը չէր գտնում, տատանվում էր. կգա՞, չի՞ գա: Այնուամենայնիվ, զանգեց.

-Բարև, ինչպե՞ս եք:

-Ոչինչ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք,- ասաց կինը կրծքային, հաճելի ձայնով:

-Գիտե՞ք,  երբ այստեղ եմ ինձ հրաշալի եմ զգում,-ասաց տղամարդը դուր գալու ցանկությամբ. չհաշված երեկվա հանդիպումը՝ իր այս այցելության ընթացքում հիասթափության պահեր շատ էր ունեցել: Դեռ երկու օր առաջ ուրախ էր, որ պիտի շուտով վերադառնա:

-Բոլորն էլ այդ են ասում,ասաց կինը,- բայց չեն մնում, գնում են:

— Ինչ արած: Ստիպված ենք: Մեր կյանքն էլ այսպես է դասավորվել:

-Գիտեմ:

-Երեկ ի՞նչ տպավորություն ստացաք ֆիլմից, չուզեցի հարցնել հեղինակի  ներկայությամբ:

-Հաջող էր, վատ չէր ստացվել. ինձ ավելի շատ դուր է գալիս լիամետրաժ կինոն:

-Ինձ էլ, բայց հավանեցի,-ասաց, թեև կարգին չէր էլ հասկացել որոշ կադրեր,- տաղանդավոր տղա է, փոքրուց հատուկ սեր ուներ թատրոնի ու կինոյի հանդեպ:

-Այո, սա իր առաջին գործը չէր:

-Դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՞մ խանգարում:

-Ո՛չ, ո՛չ, հանգիստ եղեք… գիտաշխատող եմ:

-Երեկ դուք մենակ էիք,- ասաց տղամարդը կարճ դադարից հետո՝ ակամա հարգանք զգալով կնոջ հանդեպ, թեև կարգին չգիտեր «գիտաշխատողի» իմաստը:

— Այո,- ծիծաղեց կինը,- մենակ էի եկել, ինչո՞ւ եք հարցնում:

-Դե… մտածեցի ամուսին ունեք, դրա համար հարցրեցի:

-Ունեցել եմ,-ասաց կինը:

-Վաղո՞ւց է մենակ եք:

-Մի քանի տարի կլինի, իսկ դա ձեզ շա՞տ է հետաքրքրում:

-Ուղղակի ուզում եմ ձեզ նորից տեսնել,- ասաց տղամարդը ազատ շունչ քաշելով ու անտեսելով կնոջ հարցը,-ի՞նչ կասեք, եթե հանդիպենք երեկոյան:

-Դեմ չեմ,- ասաց կինը մի քիչ մտածելուց հետո,- աշխատանքից հետո անելիք չունեմ:

-Կգա՞ք ինձ մոտ… իմ բնակարանը…,- ասաց տղամարդն ու շփոթվեց: «Լավ չեղավ էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Համեցեք իմ բնակարանը» կամ «Ձեզ համար հարմա՞ր է հանդիպել իմ բնակարանում», էստեղ հո Ամերիկա չի, ի՞նչ կմտածի»:

Կնոջ պատասխանը ուշանում էր:

-Գիտե՞ք, տանել չեմ կարողանում սրճարանների ժխորը, բարձր երաժշտությունը, կասկածելի մաքրությամբ սնունդը,- ասաց տղամարդը արդարանալու պես,- տանը կարող ենք հանգիստ զրուցել… Վերջերս սկսել եմ խուսափել սրճարաններում թրև գալուց:

«Հենց միայն ա՞յդ,-մտածեց կինը,- ուրիշ բան չկա՞ գլխումդ…»:

-Լավ, կգամ,-վերջապես ասաց նա և շփոթվեց: «Լավ չեղավ, էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Կարող ենք պարզապես զբոսնել, աշնանային հաճելի եղանակ է», կամ ասեի՝ «Գուցե թատրոն գնանք»: Ի՞նչ կմտածի իմ մասին…»:

-Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում սրճարանների մթնոլորտը,- ասաց կինը արդարանալու պես:

Տղամարդը ցնծում էր. տվեց իր բնակարանի հասցեն: Ժամադրվեցին:

Եկավ կես ժամ ուշացումով: Ավելի էր գեղեցկացել, փարիզյան թանկ օծանելիքի բույրը տարածվեց սենյակում: Մեկ ձեռքում երեկվա պայուսակն էր, մյուսում՝ մեկ շիշ հայկական գինի: Գուցե դա էր, որ բարևելիս ձեռքը չմեկնեց՝ տղամարդուն թողնելով սպասողական վիճակի մեջ:

-Ի՜նչ նեղություն,-ասաց տղամարդը վերցնելով գինին:

-Ոչ մի նեղություն,- ասաց կինը՝ հանելով սպիտակ ժակետն ու մնալով պարզ, ծնկից վեր երկնագույն շրջազգեստով,- հայկական ընտիր գինի է:

Տղամարդը շնորհակալություն հայտնեց, վերցրեց կնոջ ժակետն ու նրան առաջնորդեց հյուրասենեակ:

Բնակարանը նորակառույց էր, քաղաքի կենտրոնում, շքեղ կահավորված: Կինը աչքի անցկացրեց պատից կախված աբստրակտ ոճի, ճաշակով մեծադիր կտավները:

-Այստեղ ե՞ք գնել:

-Այո, հայ գրաֆիստի գործեր են, գնել ենք ցուցասրահից:

«Գնել ե՜նք… տեսնե՞ս ում հետ»,-մտածեց կինը, ու թեև տվյալ պահին տղամարդու ամուսանցած կամ չասմուսնացած լինելը խնդիր չէր, այնուամենայնիվ հարցրեց:

-Երեխաներ ունե՞ք:

-Մեկ տղա… ապրում է մոր հետ: Բաժանված ենք,-ստեց:

Երկուսն էլ հանգիստ էին ձևանում, բայց օդում լարվածություն կար:

Կինը նստեց բազմոցին, ոտքը գցեց ոտքին ու երկու ձեռքով փեշը ցած իջեցրեց:

Տղամարդը կոնյակ լցրեց ու շոկոլադ առաջարկեց: Կինը վերցրեց կոնյակի բաժակն ու մոտեցրեց շրթերին: Շրթներկի կարմիր հետքը մնաց բաժակի վրա:

-Գնամ սուրճ պատրաստեմ,- ասաց տղամարդը:

-Այստեղ կանայք են սուրճ պատրաստում,-ասաց կինը թովիչ ժպիտով ,- թույլ տվեք օգնեմ:

Երկուսով մտան փոքրիկ խոհանոցը:

Տղամարդը պահարանից հանեց սուրճի պարագաներն ու շարեց սեղանին:

-Դա՞ռն եք սիրում, թե՞ քաղցր:

-Դո՞ւք:

-Դառը:

-Ես էլ:

Տղամարդը մի պահ որսաց կնոջ հայացքը: Ժպտացին:

Սուրճը արագ եռաց. կինը վարժ շարժումով գազօջախից հեռացրեց սրճեփը, գավաթները լցրեց խնամքով ու դրեց սինիի մեջ:

Նրանք շատ մոտ էին կանգնած իրար, երկուսի ձեռքերը միաժամանակ մեկնվեցին դեպի սինին և դիպան իրար: Տղամարդը սարսուռ զգաց այդ հպումից և կնոջ մարմնի մոտիկությունից. հազիվ հաղթահարեց նրա ձեռքը բռնելու ու գրկելու անզուսպ ցանկությունը, որ սկսվել էր կնոջ ներս մտնելու պահից: Մի բան խլրտաց ընդերքում, կոկորդում չորություն զգաց ու թուքը կուլ տվեց…

«Գրկի՛ր, ինչի՞ ես սպասում,- ճչում էր մարմինը, բայց բանականությունը ավելի հզոր գտնվեց. «Չէ, ինչ կմտածի, կասի՝ խաբել եմ, բերել… համբերի՛ր, ժամանակին…»:

Կինը կանացի բնազդով ընկալեց տղամարդու հոգու կրքահույզ ալեկոծությունը. մի բան խլրտաց ընդերքում ու հազիվ զսպեց ձեռքերի դողը…

«Հիմա կմոտենա,- մտածեց,- չէ, թույլ չեմ տա, ի՞նչ կմտածի, կասի…»:

-Ես կբերեմ,-ասաց կինը վերցնելով սինին:

Նրանք վերադարձան հյուրասենյակ ու զբաղեցրին իրենց տեղերը:

Կինը իրոք հմայիչ էր իր  երկնագույն շրջազգեստի մեջ:

Խոսակցությունը սկզբում չէր ստացվում: Կոնյակի առաջին կումերից հետո տղամարդը բողոքեց ամերիկյան բարքերից, կանանց շնորհված ազատություններից: Նա աշխատում էր թեմային տալ սեռական ուղղություն ու թափանցել կնոջ հոգու խորքը: Խոսեց տեղական ավանդույթների ու ամոթ կոչվող հասկացության մասին: Նշեց, որ իր կարծիքով, գիտության պակասի պատճառով վաղ ժամանակներում մարդիկ կենակցությունը համարել են ամոթ, արգելքներ են մոգոնել, որպեսզի այդպիսով կասեցնեն մարդկային աճը, և այլն, և այլն:

Կինը հասկանում էր տղամարդուն ու չարանում: «Ի՞նչ ես սար ու ձոր ընկել, միանգամից սրտինդ ասա, էլի, մեկ է ինձանից բան չես հասկանա»: Նա մի պահ, նկատեց իր սրունքներին հառված տղամարդու կրքոտ հայացքն ու ակամա՞, թե՞ սովորության համաձայն կրկին երկու ձեռքով իջեցրեց փեշը:

«Հիմար եմ,- մտածեց,- թող նայի, էլի…, ձևը չգիտեմ…»:

«Չէ, ճիշտ են ասում, էստեղի կանանց հեշտությամբ չես տիրանա…,- մտածեց տղամարդը:

Րոպեներն անցնում էին դանդաղ. կինը հոգնել էր տղամարդու բարբաջանքներից. երեկ, սրճարանում, ո՞ւր էր մնացել այս բլբլան լեզուն. պարզվում է շատախոսի մեկն է… Ինչե՜ր ասես չէր պատկերացնում, երբ սեղմեց տղամարդու բնակարանի դռան զանգի կոճակը: Մենակ մնալու օրվանից  միշտ խուսափել էր տղամարդկանց սիրահետումներից. մտածում էր, որ սա եկվոր է, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, պատմություն չի սարքի… Ինքն իր ոտքով մտավ առյուծի վանդակը, իսկ ինչ դուրս եկավ… «Ի՜նչ առյուծ, աննորմալի մեկն է…»:

-Իմ գնալու ժամանակն է,- վերջապես ձանձրացած ոտքի կանգնելով՝ ասաց նա:

-Սպասե՛ք, միասին կընթրենք,- կնոջ անսպասելի վեր կենալուց շփոթված ասաց տղամարդը:

-Չէ՛, ընկերուհուս խոսք եմ տվել,-ստեց կինը,- պիտի գնամ:

Տղամարդը տեղի տվեց, չկար նախկին ուժեղ ցանկությունը: Քաղաքավարությամբ օգնեց նրան հագնել ժակետն ու ուղեկցեց մինչև դուռը:

-Շատ հաճելի էր,- ասաց նա:

Կինը խեթ նայեց նրան ու ասաց.

-Շնորհակալություն: Մնաք բարով:

«Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց կինը տաքսիում՝ տուն վերադառնալու ճանապարհին:

«Լավ առիթ էր, բաց թողեցի,-մտածեց տղամարդն աչքը հառած կոնյակի բաժակի վրա մնացած կարմիր շրթներկին:

 

Դեկտեմբեր 2014

 Թեհրան

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.