«

»

Դեկ 01 2011

Տպել Գրառում

Արմենուհի Սիսյան | ՃԱՇԸ

-Դեռ ժամանակ ունեմ, մինչև նրա գալը կհասցնեմ,- մտածեց կինն ու նստեց կտրատելու լվացած բանջարեղենը: Նա իսկապես հուզվում էր. առաջին անգամ պետք է ճաշ պատրաստեր: Կհաջողվե՞ր արդյոք: Գուցե ավելի շատ հուզվում էր այն պատճառով, որ առաջին ճաշը պատրաստելու էր իր սիրած մարդու համար… Արդյոք նրան դուր կգա՞ր իր պատրաստածը: Կրկին ձեռքն առավ թուղթը, ուր մանրամասն գրի էր առել հերթականությունը, թե որ մթերքը որից հետո պետք է դներ կաթսայի մեջ ու ինչպես եփեր: Նորից կարդաց արդեն անգիր արած բաղադրատոմսը, հետո վերցրեց մի սոխ` կտրատելու: Բայց թղթի վրա, երևի, ինչ-որ բան պարզ չէր, ու զանգահարեց մորը.
-Մա՛մ, չէի գրել՝ քանի սոխ կտրատեմ:
-2-ը բավական է:
-Մեջտեղից կիսեմ՝ հետո՞:
-Հա՛, որպեսզի մանր ստացվի:
-Իսկ եթե մանր չստացվի՞:
-Կստացվի: Նախ, երկարությամբ շերտեր արա, հետո, ուղղահայաց հատելով, կտրատի՛ր մանր-մանր:
-Մա՛մ, բա որ չլինի՞:
-Լսի՛ր, աշխարհի վերջը չէ, առաջին անգամ է, ոչինչ:
-Ախր նա չի սիրում, որ ճաշի մեջ սոխը մեծ-մեծ է լինում: Լավ, կփորձեմ:
Կինը ցած դրեց խոսափողը, խոր հոգոց հանեց, ասես աշխարհի հոգսն իրեն էին տվել, ապա ձեռքն առավ սուր դանակն ու սոխը: Նա կտրատում էր դանդաղ՝ ջանալով գեղեցիկ կտրատել, երբ հանկարծ ճչաց ցավից: Դանակի շեղբը խորությամբ կտրել էր ցուցամատը, արյուն էր գալիս: Արագ վիրակապեց մատն ու շարունակեց իր գործը: Սոխն, ըստ երևույթին, բավականին կծու էր, որովհետև մրմռացնում էր աչքերն ու արցունքով լցնում: Չէր հասցնում թևքով սրբել արցունքները, շարունակ կկոցում էր աչքերը, որովհետև արցունքներն անընդմեջ հոսում էին՝ ցավեցնելով աչքերն ու թույլ չտալով տեսնել կտրատածը:
“Իսկ եթե նրան դուր չգա՞”,- անհանգստանում էր կինը: Բայց երբ զննեց իր կատարած աշխատանքը, լցվեց հպարտությամբ, որովհետև կտրատածը ստացվել էր մանրիկ ու համաչափ: Հետո ամենայն հոգածությամբ սկսեց կտրատել մյուս պարագաները: Թեև նոր կտրած մատը սաստիկ ցավում էր, բայց դա կարևոր չէր, որովհետև նա ցանկանում էր համեղ ճաշ պատրաստել իր սիրելիի համար…
Կտրատած պարագաների մի մասը լցրեց կաթսայի մեջ, սկսեց մարմանդ կրակի վրա գդալով խառնել: Քիչ առաջվա անհանգստությունը վերածվել էր քնքշանքի. նա խառնում էր ճաշին իր քնքշանքն ու սերը: Մերթընդմերթ ժպտում էր ինքն իրեն` պատկերացնելով այն բավականությունը, որ պետք է պատճառեր ամուսնուն իր պատրաստած ճաշը:
Ճաշի հետ կապված բոլոր գործողություններն արդեն ավարտել էր, բայց շարունակում էր մնալ խոհանոցում՝ աչքը չկտրելով կաթսայից, ուր ներդրել էր իր ողջ սերը: Գորովանքով հաճախակի բացում էր կափարիչն ու, համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նորից փակում էր: Այդ ընթացքում դարձյալ խոսեց մոր հետ՝ ձգտելով յուրացնել խոհանոցային գաղտնիքների նրբությունները: Օ՜, դեռ ինչե՜ր կարող էր պատրաստել ու հաճելի պահեր պարգևել իր ամուսնուն: Կինն արդեն որոշում էր, թե ինչ հետաքրքիր բան էր պատրաստելու ամուսնու համար հաջորդ օրը, ու երանությունից սիրտը սկսում էր արագ-արագ խփել: Ի՜նչ հմտություններ ասես, որ չի ծնի կնոջ մեջ սիրած մարդու հանդեպ ունեցած սերը…
Լսվեց դռան զանգը: Ճաշի ախորժելի բույրը տարածվել էր տնով մեկ:
-Սոված եմ,- ասաց ամուսինն ու նետվեց լվացվելու: Երիտասարդ կնոջ սիրտը տրոփեց հուզմունքից: Նա շտապեց խոհանոց, նախօրոք նախապատրաստած սեղանին միայն ավելացրեց իր ձևավորած անձեռոցիկն ու ափսեի մեջ լցրեց իր փայփայած ճաշը: Գդալի ծայրով թեթևակի փորձեց՝ վերջնականապես ստուգելու համար իր ստեղծագործության արդյունքը: Իսկապես, որ համեղ էր: Ճիշտ է ասված՝ երբ ճաշը սիրով ես պատրաստում, համեղ է լինում:
Կինը դրեց ափսեն սեղանին ու հանդիսավորությամբ տեղավորվեց աթոռին՝ ամուսնու դիմաց: Տղամարդը դեպի իրեն քաշեց ափսեն ու անցավ գործի: Նա ամբողջ մարմնով կռացել էր ափսեի վրա ու արագ-արագ բերանն էր լցնում գդալի պարունակությունը: Կինը, ժպիտը երեսին, խանդաղատանքով նայում էր ամուսնուն: Իսկ նա, առանց գլուխը բարձրացնելու, ճակատամարտի էր բռնվել ափսեի պարունակության հետ: Այնպես արագ էր կլանում ուտելիքը, որ չէր էլ ծամում, այլ միայն կուլ էր տալիս և ժամանակ չուներ արանքում բերանը բացելու՝ այլ բանի համար: Հետո, վերջացնելով, խորը հոգոց հանեց, ասես ծանր գործ էր կատարել: Ապա հրեց ափսեն իրենից հեռու ու ձեռքը տարավ դեպի ծխախոտի տուփը: Կինը, դեռ սպասելով ինչ-որ բանի, շարունակում էր նայել ամուսնուն: Վերջինս, նկատելով կնոջ հայացքը, հազիվ լսելի արտաբերեց՝ հոգնած եմ ու տեղափոխվեց հյուրասենյակ, ուր, ընկղմվելով բազկաթոռի մեջ, միացրեց հեռուստացույցը:
-Դու ինձ ոչինչ չե՞ս ուզում ասել,- թրթռաց կնոջ ձայնը:
-Բան պիտի՞ ասեի,- փորձեց մտաբերել ամուսինը:
Կինն արդեն ննջարանում էր: Ինչ-որ բան ցավագին փլվեց նրա մեջ: Կնոջ աչքերից արցունքներ էին հոսում, թեև կծու սոխն այլևս չէր մրմռացնում նրա աչքերը…

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>