«

»

Մայ 21 2015

Տպել Գրառում

Արմինե Պետրոսյան | ՓԱԽՉՈՂ ՔՈՒԼԱՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

-Էլի էդ անտերների ձենը… զզվեցրին,-ասում է Լիլյան ու գլուխը մտցնում բարձի տակ:

Ժամը վե՞ցն է, թե՞ յոթը: Չգիտեմ: Երբեք ժամացույցին չեմ նայում: Գիտեմ, որ արդեն լույս է: Որ նավերի ափից հեռանալու ժամն է: Որ շոգու ձայնը աշխարհ է պատել: Որ, չնայած մեր սենյակի լուսամուտների ու դռների ապակիները «եվրո» են (պարզվում է՝ արաբական աշխարհում էլ «եվրալուսամուտը» նույնքան հարգի է, ինչքան մեր հնավանդ երկրում), գիշեր-ցերեկ էլ այն խեղճ անդադարը՝ օդակարգավորիչը, ձայնը գլուխը գցած աշխատում է, միևնույն է, շոգենավի գվվոցը հաղթահարել է բոլոր խոչընդոտներն ու թափանցել է քիչ չէ՝ մեր սենյակ, նաև՝ մեր ականջներ:

Նավի աղմուկն ինձ չի խրտնեցնում: Չի նյարդայնացնում: Քնահարամ չի անում:

Կանչում է:

Խալաթը գցում եմ վրաս ու դանդաղ սահում դեպի պատշգամբ: Բացում եմ ապակե դուռը, թողնում բաց, ու, գլուխը քարը, թե գրված չէ՝ «Բաց չթողնել դուռը, խոնավությունը ներս կթափանցի» («Օրենքները խախտելու համար են»,-ասում էր եղբայրս:), ստվերի սահունությամբ սլանում դեպի բազրիքը ու կիպ հպվում երկաթե ձողերին: Զոմբիացածի պես նայում եմ ծովի ալիքներին ու հեռացող շոգենավերին: Արաբական այս երկրի օդը, որ առաջին օրերին խեղդում էր, շնչահեղձ անում, սովորական է դարձել, իսկ վաղ առավոտյան՝ անգամ հաճելի: Քիչ էր մնում՝ ասեի՝ թարմ, բայց ինչքան պիտի սովորես այդ օդին, որ, լեռնցի լինելով, ծովին հավասար ապրողների օդը, թեկուզ՝ առավոտ ծեգին, թարմ համարես:

Գվվոցի մեջ կորստախառն կարոտի զգացում կա: Ծովից ծով Հայաստանի ուրվականն է: Շոգենավի ընթացքի հետ   առաջ գնալու, սահմանները ձգելու ցանկությունն է:

Ծովի կարոտ ունենք: Սեր ունենք: Այդ կարոտից ու սիրուց մեր միակ լիճը ծով անվանելու հակում ունենք:

Լիլյան արդեն արթնացել ու միացրել է հեռուստացույցը: Բոլոր ալիքներով միայն արաբական հաղորդումներ են: Մուլտֆիլմ է նայում: Անապատում կռվում են հակառակորդ բանակները: (Լեռներ չկան: Ձորեր չկան: Զարմանալի է, չէ՞:) Փաթաթած գլուխներով, բեղավոր մարդիկ, Ալլահ կանչելով, հարձակվում են իրար վրա, հաղթում են բարի ժպիտովները (ոչ խաչ, ոչ եկեղեցի, ոչ բարոյական հաղթանակ): Ոնց որ, ինչպես բոլոր մուլտֆիլմերում, հաղթում է բարին: Բարին ու Ալլահ կանչողը մի տեսակ միասին չեն տեղավորվում իմ բարդույթավորված ուղեղում:

-Մարդ էլ առավոտը հոգնած զարթնի,-տրտնջում է Լիլյան:

Ես չեմ արձագանքում: Լիլյան ամեն բանից դժգոհ է: Ինքն ընտրեց հանգստանալու վայրը, հյուրանոցը, բայց, միևնույն է, հենց բարձրացանք սենյակ, սկսեց բողոքել, թե՝ բա սա հինգաստղանի ռիզո՞րթ է, Եվրոպայում սրան երեք աստղ էլ չէին տա:

Լիլյան Ռուսաստանի հայ է: Ռուսաստանցի հայերը երևի միակ հայերն են, որ թե Ռուսասատանում են հայ, թե Հայաստանում: Մնացած սփյուռքահայերը իրենց երկրներում հայ են, Հայաստանում՝ օտարերկրացի:

Ես կողմ էի Անթալիայում հանգստանալուն. ավելի էժան էր: Լիլյան սփյուռաքահայ հայրենասեր է: Նա չէր կարող մեզ թույլ տալ հանգստանալու մեր պապերին ու տատերին մորթած երկրում: Եղեռն կազմակերպած ու մինչ հիմա չճանաչած երկրում: Լիլյան լայն բացված աչքերով ինձ մատնանշեց Ֆեյսբուքում դրված մի նկար: Նկարը երկու մասից էր. մի կողմում ծովափին արյան հեղեղի մեջ ընկած մարդիկ էին, մյուսում՝ նույն ծովափին հանգստացողներ:

Ժպտացի: Տանել չեմ կարողանում նման պարզունակ հայրենասիրությունը: Բայց թող քո ասածով լինի, Լիլյա՛: Կգնանք Դուբայ: Կորչի՛ Անթալիան:

Եթե բնության մեջ կա արդարություն երևույթը, ապա անարդար է անմեղ մարդկանց, մի ամբողջ ազգի կոտորելը: Բայց նման բան եղել է ու լինում է:

SaveՔեսաբ ու SaveԵզդի շեյր անելու ու պրոֆայլի նկար դնելու փոխարեն ինձ հետաքրքրում են պատճառները:

«Այդ ամենը տեղի է ունեցել, որովհետև ճիշտ խոսքեր չեն եղել դա դադարեցնելու: Երբ մարդկությունն ասելիք չի ունենում, սկսվում է բռնությունը»,- ասում է Կլաուդիո Պոցցանին:

Հոգնել եմ թղթե շերեփով ողորմություն խնդրելուց: Պատերը ճանկռելով՝ “Don’t deny” գոռալուց: Անմոռուկների տոնական-բիզնեսային խրախճանքից:

Դպրոցում սովորեցնում են, որ մենք բարի ենք (դրա համար էլ այս վիճակում ենք), մեր հարևանները՝ չար (դրա համար էլ այդպես ծաղկում են. չէ՞, ոնց որ այդպես դուրս եկավ) : Միայն մեր հարևանները չէ: Բոլորը, ովքեր հարձակվել են մեզ վրա:

-Ընկե՛ր Վարդանյան, Ատրպատականի ժողովուրդն էլ մե՞զ էին չար համարում, երբ Տիգրան Մեծը գրավեց իրենց երկիրը:

-Նստի՛ր: Հիմար հարցեր ես տալիս: Տիգրան Մեծը Հայաստանի ամենահզոր թագավորն է եղել: Նրա օրոք երկիրը ծաղկում է ապրել ու դարձել Առաջավոր Ասիայի ամենամեծ տերությունը:

Ամեն մի ազգի համար իր նվաճողը հերոս է, իրեն նվաճողը՝ արյունարբու գազան:

«Հույները, ինչպես աղքատներն ու անտունները, (թուրքերի) «պատկառելի» քաղաքացիների դասին չէին կարգվում: Ես մտածում էի, այն պատճառով է, որ սուլթան Մեհմեդ Նվաճողը գրավել է նրանց Ստամբուլը: 1953 թ.-ին՝ իմ ծնվելուց մեկ տարի անց, նշվում էր Ստամբուլի գրավման՝ «մեծ հրաշք»-ի հինգհարյուրամյա տարելիցը»:
1

Էհ, Փամուկ, Փամուկ: Ում համար՝ հրաշք, ում համար՝ ցեղասպանություն:

Թուրքերին հասկանալու համար Փամուկ ու Շաֆաքի էի կարդում: Այդպես էլ բան չհասկացա: Երևի նրանից էր, որ դպրոցում գրականությունից ու պատմությունից միշտ հինգեր էի ստանում: Թուրքերն էլի աչքիս մնացին, չվախենաք, հիմա ածականների մի հսկա շարք եմ թվարկելու՝ ազգայնամոլ, հետամնաց, եվրոպացիներին նմանակել փորձող, բայց և շատ կոպիտ, կռվասեր, մոլագար, դաժան, ագրեսիվ մարդիկ:

Չգիտեմ՝ Եղեռնի ճանաչումը Թուրքիային ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ կբերի, բայց ինձ այդ փաստը դուր կգա: Օտարալեզու խմբերում ադրբեջանցիների ու նրանց համակիրների հետ վիճելիս երեսներին կշպրտեմ: Էլ չեն ասի՝ մեր թուրքերը Եղեռն չեն կազմակերպել, դուք եք մեր Խոջալուում մեզ ցեղասպանել: Չէ՛, վերջացավ, ձերոնք արդեն ընդունեցին: Էլ ժխտել չկա՜:

Ցավահամ ժպիտ է գծագրվում դեմքիս:

«Մենք շատ անձնակենտրոն ենք, լավ կլիներ ազգակենտրոն լինեինք»,-ասում է մայրս:

-Ո՞ւր ես խորացել: Я готова. Пошли. (–Պատրաստ եմ: Գնացինք:)

Լիլյան արդեն պատրաստ է: Մենք իջնում ենք ծովափ: Ափին բոլորից շատ ռուսներ կան: Դե, մենք ամենուր կանք, այդ հսկա ազգն էլ, պիտի որ զարմանալի չթվա, որ ուր գնում, հանդիպում ենք: Բայց ծիծաղս չեմ կարողանում զսպել, երբ ավազների վրա կարդում եմ՝ “Вперед Россия”(«Առա՛ջ, Ռուսաստա՛ն»). երևի դա ոգևորում է, ու հենց ափից ռուսները միանգամից ծովի մեջ “вперед” են անում: Կամ էլ արդեն պարզել են, որ հնում դա Ռուսիային է պատկանել ու որոշել են հետ տանել հողերը:

 

Ավազի խոնավ գորգը խուտուտ է տալիս ներբաններս: Քամու հոսանքի հետ դանդաղ առաջ եմ գնում ափի երկայնքով: Հենվել եմ արմավենուն: Աչքերս սառում են: Նայում են երկնքի խորությանը: Ոչինչ չեմ երազում: Երկու տարի առաջ էր: Գոշավանքի ճանապարհին հին, խարխուլ տներ կային: Երկար պատշգամբի նեղ սյուներից մեկին մի աղջիկ էր հենվել: Հայացքը պահ էր տվել հեռուներին: Դեպի ո՞ւր կամ ո՞ւմ էր ուղղված այդ հայացքը: Մտքովս անցավ, որ չտեսած հեռուների մասին է երազում. գուցե իմ ցանկությո՞ւնն էր: Հիմա, երբ շատ հեռուներ այլևս չտեսած չեն, կորել են նման երազները: Մոլորակը բավական միաբնույթ է: Համացանց տեսած մարդուն դժվար է զարմացնել: Ես երևի այլ մոլորակ գնալու տոմս փնտրեմ: Ցնցվելով զարմանալ եմ ուզում:

Իսկ այստե՞ղ…նայում ես աջ՝ երկնաքերեր: Ձախ՝ երկնաքերեր: Է՛հ, ո՞ւմ եք փորձում զարմացնել: Իմ երկրում աջ, ձախ, հետ, առաջ բնական երկնաքերեր են:

««Հայաստանն ուղղահայաց է», – ասում էր Տոնինո Գուերան: Նա նկատի ուներ լեռների բարձրությունն ու պատմության խորությունը»,-իր Ֆեյսբուքի էջում գրել է Դավիթ Մուրադյանը:

Հիմա հասավ պահը, որ կրկին հիշեմ շոգենավի աղմուկը, քուլաները, որպեսզի պատմությանս սկիզբն ու վերջը համահունչ լինեն, հետն էլ՝ վերնագրի հետ հաշտ ու խաղաղ մնանք, բայց ոնց որ չի ստացվում. ոչ մի բան մտքիս չի գալիս: Աչքերիս առաջ անմոռուկներով մեքենաներն են, պայուսակները, թաշկինակները, պրոֆայլները… ու “Don’t deny, baby”2

______________
1 Օրհան Փամուկ, «Ստամբուլ. Հիշողությունների քաղաք»
2 «Մի՛ ժխտիր, փոքրի՛կ». կապ ունի Եվրատեսիլին ներկայացրած Հայաստանի երգի մեսիջի հետ:

Վերատպված է Գրական թերթից

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>