Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՎԵՑ-ՄԵԿ-ՎԵՑ

kolia

Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր»… անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց: Բայց ավելի անտանելին՝ հագուստի բացվածքներին սևեռված տղամարդկանց պագշոտ հայացքներն ու ամեն առիթով իրեն հպվելու փորձերն էին, որոնք խմիչքի հետ դառնում էին ավելի համարձակ: Ամիսներ առաջ, եթե հայրն իմանար, թե ինչպիսի պայմաններում և հագնվածքով է ինքը սպասարկում ռեստորանում՝ կարգելեր աշխատել. ծնկից շատ վեր՝ կարճ, հետևի կտրվածքով, սև գույնի փեշ, առանց գուլպայի, կարճաթև, նեղ, սպիտակ, բաց օձիքով թափանցիկ բլուզ՝ անվան պիտակը քորոցով կցված շապիկի փոքրիկ գրպանին. ահա նրա ռեստորանային համազգեստը, որի մեջ պարզորեն ուրվագծվում էին մարմնի բոլոր բարեմասնությունները… Զուր չէր, որ Խորենը խանդի տեսարան սարքեց, վերջն էլ խռովեց ու թողեց, գնաց: Բայց ախր Մարիշն ի՞նչ աներ, շատ դեսուդեն ընկավ, բայց չհաջողեց իր թերի մնացած ուսմանը համապատասխան, կարգին աշխատանք գտնել: Իսկ հիմա ի՞նչ. հիմա երևի հայրը ստիպված կհանդուրժեր ամեն բան… Այս մտքից Մարիշը ցնցվեց ու հիշեց հյուր եկած կանանց խոսակցությունից մի պատառիկ.
-Ասոնք բոլորն ալ բարոյազուրկ ըլլալու են:
-Ի՞նծի կսես, ատանկ է, բոլորն ալ մեկ սանտրի կտավ են…
Միթե ինքն էլ այդ տպավորությո՞ւնն է թողնում: Գուցե Խորենն իրավացի էր… Ինչևէ, տանը միակ աշխատող ձեռքն էր, ուրիշ աշխատանք չկար, չաշխատեր` դրությունը անհուսալի կդառնար: Հեռուներից եկավ և դեռ տեղ չհասած՝ միանգամից իրենց տունն էլ ներխուժեց «էդ անտեր մնացած տնտեսական տագնապը»: Մայրն էր դա այդպես կոչել ամիսներ առաջ. Ինքն ու հայրը ծիծաղել էին: Բայց հիմա ոչ ոք ծիծաղելու հավես չուներ: Կենսախինդ բնավորությամբ հայրը գործազուրկ դառնալուց հետո լրիվ կերպարանափոխվել էր: Ամեն օր, նոր գործ գտնելու հույսով՝ այս ու այն կողմ թափառելուց հոգնած, երբ ձեռնունայն վերադառնում էր տուն, սմքած ու անտրամադիր նստում էր գորգապատ թախտին, ծխում և հայացքը հառելով մի կետի՝ խորասուզվում մտքերի մեջ:
-Մարի՛շ, վեր կա՛ց, ուշ է, — ասես երազի մեջ լսեց մոր ձայնը,- ես գնում եմ:
Հիշեց՝ օրը շաբաթ է, մայրը գնում է վերնիսաժ` տան վերջին արժեքավոր իրերը վաճառելու: Երանի հաջողեր: Իր վաստակածը չէր բավարարում. հազիվ կարողանում էին մուծել բնակարանի վարձը: Գոնե եղբայրը շուտ վերադառնար ծառայությունից, մի բան աներ: Իրենից մեծ , ամուսնացած քույրը նախընտրեց մնալ գյուղում: Մարիշը կարոտով հիշեց գյուղում անցկացրած իր անհոգ մանկությունն ու պատանեկությունը, քրոջը, և նրա անուշիկ բալիկներին… Որքա՜ն երջանիկ էր իր ընկերուհիների հետ: Բարի և ծիծաղկոտ բնավորություն ուներ. մի գյուղ էր, մի՝ Մարիշ, բոլորի սիրելին էր:
Շոգ էր, Մարիշը ճիգով նստեց անկողնու եզրին, ափերը դրեց ճմրթված սավանին ու ոտքերը կախեց վար: Այդպիսի հոգնածություն և մարմնացավ մեկ էլ զգացել էր գյուղում, ընկերուհիների հետ քարաժայռեր մագլցելիս: Բայց այնտեղ գոնե միտքը միշտ պայծառ էր, իսկ հիմա կարծես կշռաքարեր էին դրել գլխի մեջ: Լեռնային մաքուր օդն ո՜ւր, ռեստորանի՝ ծխախոտի ծխով հագեցած, գաղջ օդն ո՜ւր… Լոգարանում հանվելիս, իրեն տեսավ պատից կախված, խոնավությունից մգլապատ հայելու մեջ և առաջին անգամը լինելով գնահատողի աչքով նայեց իր մերկությանը. ճերմակ, անբիծ մաշկ, սլացիկ պարանոց, համաչափ, կլորավուն ուսեր, որոնց վրա թափված էին գանգուր, խարտյաշ մազերը, պիրկ կրծքեր, ձգված որովայն, բարեկազմ զիստեր ու սրունքներ… Կանացի նրբագեղ մարմին… նկատեց, որ այսպես մերկ ու բնական ինքն առավել գեղեցիկ է… Մարիշը գիտեր, որ կնոջը դյութիչ դարձնողը նրա հագուկապն է. իր ծաղկավոր լայն շորերով գյուղում ո՞վ էր իրեն նայողը… Իսկ ահավասիկ չի կարողանում մոռանալ երեկ երեկոյան իր կրծքի բացվածքից հայացքը չկտրող՝ միջահասակ, թեթև ալեխառն մազերով բարետես տղամարդուն: Եղավ մի պահ, երբ ինքը հանկարծ ետ շրջվեց ու տեսավ նրան իր ոտքերին և հետույքին նայելիս… Անշուշտ, դա առաջին դեպքը չէր, որ տնտղում էին իրեն, բայց այս անգամ սովորական դարձած բարկության ու զզվանքի հետ միախառնված ինչ-որ թաքուն հաճույք զգաց: Եվ չգիտես՝ արկածախնդրությունի՞ց, թե իր վիճակի անորոշությունից, որոշեց խաղալ տղամարդու ներվերի հետ. նրան մոտենալիս կռանում էր չափից ավելի, սեթևեթում էր, կամ նայելով նրա գինուց կարմրած աչքերի խորքը՝ խորհրդավոր ժպտում: Հարմար պահ գտնելով, վրդովված, այդ մասին պատմեց Լիզային::
-Շատ ապուշ ես,- ասաց Լիզան,- ես լինե՜ի քո տեղը և ունենայի քո սիրունությունը, կթքեի այս չարքաշ աշխատանքի վրա ու…
Մարիշը, ինչպես միշտ, չլսե՞ց, թե՞ չլսելու տվեց շարունակությունն ու հեռացավ, թեև զգաց, որ Լիզային խոսեցրեց՝ հենց այդ բազմիցս կրկնված խոսքերը կարծես կրկին լսելու համար… Իրոք, դա առաջին անգամը չէր, որ Լիզան բարբաջում էր , այդ մասին… Լիզան ատում էր մատուցողուհու աշխատանքը, «մի գրոշի համար առավոտից իրիկուն» ոտքի վրա անվերջ շարժվելը, հնազանդորեն սրա ու նրա հրամանները կատարելը, շինծու ժպտալը և որ գլխավորն է՝ շեֆի կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքն անխոս հանդուրժելը. «Եթե անգործ մնալու վախը չլիներ, էդ վիժվածքի բմբուլները քամուն կտայի», ասում էր նա զայրացած: Լիզայի խոսքերն ու «գլխին էկածները» ազդում էին Մարիշի վառ երևակայության վրա:
-Մեր արածը նույնպես բոզություն ա,- մի օր ասաց նա,- մի՞թե մեզ չեն ստիպում հագնվել մեր կամքին հակառակ, իրենց ուզածի պես՝ ամառ-ձմեռ կիսամերկ… Մի՞թե չեն ստիպում անդադար ժպտալ, երբ բարձրակրունկ կոշիկների մեջ ոտքի ցավից լացդ ա գալիս… Գոնե, էն «մյուսի» մեջ փող շատ կա, կայֆ կա, երբ հարուստ տղամարդը չոքում ա առջևդ ու շան պես լիզում…
Սառը ջրով լոգանքը քիչ մեղմեց մարմնի նվնվոցն ու թարմություն պարգևեց Մարիշի թմրած ուղեղին: «Տեսնես, Խորենն ինչ ա անում, կարո՞ղ ա գտել ա մեկին ու ինձ լրիվ մոռացել», մտածեց և մի պահ ուզեց հեռախոսել նրան: Երանի Խորենը գար, իրեն տաներ, ազատեր այս մղձավանջից: Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ հայրն էլ աշխատում էր, Խորենի վիճակը, վիճակ չէր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում… Ով գիտի՝ այժմ ի՞նչ օրի է: Որքա՜ն էր կարոտել Խորենին, իրենց համբույրներին ու թաքուն հանդիպումներին, բայց դրա հետ միասին զգում էր նաև խորը վիրավորանք. ինչո՞ւ նա չհասկացավ իրեն, մի՞թե չէր գիտակցում, որ ինքն աշխատում էր հորն օգնելու համար, բեռ չդառնալու համար, մի քիչ տնտեսելու և իր օժիտը պատրաստելու համար, իր և Խորենի ապագայի համար… Իսկ Խորե՞նը, նրա սե՞րը, սիրո խոստումները. իրեն քաջարելելու, իր անձնազոհությունը գնահատելու փոխարեն, կոպտեց, փնովեց, ձենը գլուխը գցեց: «Ուրիշ աշխատանք չկա, էս էլ զոռով եմ գտել», արդարացավ ինքը: «Չկա, վեր ընկի տանը, թե չէ՝ էդ վիճակով…»: Մի ՞թե իր արածն անձնազոհություն չէր, չէ՞ր զոհում իր անձը հանուն հարազատ մարդկա՞նց: Չէ՞ որ դա անում է սրտանց, առանց պարտադրանքի: Մի ՞թե իր անձնազոհության համար պիտի արդարանա, պատասխան տա սիրած մարդուն, ծնողներին… Ինչո՞ւ: Անձը զոհում է, հո չի վաճառում… թեպետ … հիմա ամեն-ամեն բան ենթակա է առք ու վաճառքի… Իսկ ի՞նչ անի, թողնի՞ ծնողներին, հեռանա՞… Ո՞վ է սահմանել այս «հարազատական» պարտավորություններն ու բարոյական չափանիշները՝ «էսպես հագնվի՛ր, էնպես մի հագնվի՛ր, էսպես արա՛, էնպես մի՛ արա», և դեռ փող էլ աշխատիր, հորդ, մորդ պահիր… Աշխատանքը կամ փող վաստակելն էլ մի այլ պարտադրանք է… Չէ՛, զզվել էր ամեն ինչից…
Լոգարանում Մարիշը լվացքի համար առանձրացրեց սպիտակեղենն ու շապիկը: Շապիկի վրայից հանեց պիտակը և ստուգեց գրպանը: Այնտեղ մի բացիկ կար: Հիշեց, հեռանալիս՝ միջահասակ տղամարդը ժպիտը դեմքին մոտեցավ իրեն ու «Ապրիս, աղջիկս» ասելով՝ կանաչ թղթադրամի հետ մի բան խոթեց ձեռքը: Մարիշն այնքան հոգնած էր, որ անմիջապես մոռացավ դրա գոյության մասին…Հիմա անհամբեր բացեց ծալված թուղթը և հազիվ կարողացավ կարդալ վատ ձեռագրով գրված տողերը. «Հոթելի լաբիին մեջ քեզի կսպասեմ երեկոյան կողմը, հինգէն-վեցի ատեն»: Իսկ ավելի ցած՝ նշված էր, միայն հյուրանոցի անունը և սենյակի համարը՝ 616… «Ինձ ի՞նչի տեղ ա դրել էդ… էդ…անպատկառը, ո՞նց ա հանդգնել»… Մարիշը շառագունեց զայրույթից. բացիկն, ասես, այրում էր ձեռքը… Մի պահ ուզեց պատռել ու դեն նետել, բայց անմիջապես հրաժարվեց այդ մտքից: «Կգնամ, էդ սրիկային տեղը կդնեմ», մտմտում էր նա ջղայնացած…
Հայրը տանն էր. դեռ չէր նախաճաշել և սպասողական նայեց աղջկան. մեկը միշտ պետք է մատակարարի հորը: «Ո՜ւհ, այս տղամարդի՜կ…». միջահասակ տղամարդու հանդեպ իր բարկությունը մտքում հոր վրա թափելուց հետո Մարիշը դուրս եկավ մատնաքաշ հաց և պանիր գնելու: Քայլելիս ոտնաթաթերը ցավում էին: Այս գիշեր ի՞նչպես էր աշխատելու: Ծանր օր էր սպասվում. քաղաքը լցվել էր արտասահմանից եկած քմահաճ տուրիստների խմբերով: Ինչ գնով էլ լինի` պետք է դիմանա ու աշխատի, աշխատի, աշխատի… Հայտնի չէ՝ ի՞ր, թե՞ գործատիրոջ համար: Փաստորեն իր հոգին բերանն է գալիս չնչին աշխարտավարձի դիմաց, իսկ գրասեղանի հետև առոք-փառոք բազմած գործատիրոջը հասնում է առյուծի բաժինը… մեկն էլ չկա, որ պաշտպանի իրենց շահերը, էն էլ էս դարում: Թարսի պես Լիզայի մեջքացավն է բռնել: Իսկ գո՞ւցե դա սկի էլ մեջքացավ չէ, այլ՝ «փորացավ»… Լիզան վատ կին չէ, շատ է օգնել իրեն. Մարիշը հասկանում էր, որ կյանքի դաժան պայմաններն էին նրան ստիպում երեմն ստել, երբեմն լինել երկերեսանի. դեմքով լավիկն է, բայց տարիքն անցել է, այնպիսին չէ, որ կարողանար շատերին ցանկալի լիներ… Մարիշը հանկարծ զգաց, որ իր բոլոր մտածումները գալիս ու հանգում են այդ կետին… «Երևի խելքս թռցնում եմ,- մտածեց նա,- կամ էլ Լիզայի ասելով՝ խելքի եմ գալիս…»: Այս մտքից ողնաշարում սարսուռ զգաց, ցնցվեց: Մի պահ իրեն պատկերացրեց միջահասակ տղամարդու հետ փակված հյուրանոցի 616 համարում… Ո՛չ, դա անկարելի էր: Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան մտածել: Ինչևէ, չի երկնչի, կգնա, նրան մի լավ տեղը կդնի ու այնտեղից հայդե՝ աշխատանքի…
Մայրը հոգնած ու անտրամադիր ներս մտավ այն պահին, երբ Մարիշը պատրաստվում էր տնից դուրս գալ: Նա հազիվ էր քարշ տալիս ձեռքի ծանր պայուսակը:
-Ոչ մի բան չծախվեց,- ասաց վհատ տեսքով,- մի երկու հոգի սակարկեցին, ցածր գնով ուզեցին չտվի:
-Է՛հ, դու էլ, տայիր, պրծնեիր,- ասաց հայրը դժգոհ:
-Կարող ես, ինքդ գնա վաճառիր,- ասաց մայրը չարացած:
-Հենց միայն էդ էր մնացել, որ գնայի էնտեղ, ժամերով ցցվեի ու ծաղրի առարկա դառնայի,- ասաց հայրը:
-Չոռ ու ցավ դառնայիր,- մայրը ձայնը բարձրացրեց բարկությունից դողալով, բայց հանկարծ նկատելով Մարիշին՝ փոխված ձայնով զարմացած հարցրեց.
-Էդ ը՞նչի ես էդպես զարդարվել, ո՞ւր ես գնում:
-Աշխատանքի,- սառը պատասխանեց Մարիշը: Վերջերս շատ էր նեղվում հոր և մոր միջև ծավալվող՝ ամենօրյա վեճերից:
-Էսքան շո՞ւտ, միթե քո հերթափոխը ժամը վեցի՞ց չի:
Մարիշը անխոս դուրս եկավ և դուռն անձայն ծածկեց իր հետևից: «Երևի չստեցի,- անցավ մտքով ու նորից ցնցվեց,- գնում եմ աշխատանքի, բա ո՞նց»… Մայրը դարձյալ դադարկաձեռն էր վերադարձել, հայրը չէր ցանկանում վար իջնել իր օդային ամրոցներից: Ի՞նչ էր լինելու այս բոլորի վերջը: Տխուր մտքերով տարված, Մարիշը չհասկացավ, թե ինչպես հասավ շքեղ հյուրանոցի նույնքան շքեղ ապակե դռանը: Զգաց, որ հետզհետե թուլանում է միջահասակ տղամարդուն իր տեղը դնելու վճռականությունը: Ի՞նչ գործ ուներ անծանոթ, օտար մարդու հետ: Իսկ գուցե նա պարզապես հավանել և ուզել է հանդիպել իրեն, ինչո՞ւ այդքան շուտ եզրակացրեց, որ նա իրեն դրել է… Մարիշը նորից բռնկվեց, բայց զգաց, որ կորցնում է քաջությունը: Ակամա նայեց շուրջը. այս որտե՞ղ էր գտնվում ինքը: Ներս մտնե՞ր, թե՞ հեռանար: Ենթագիտակցորեն զգում էր, որ իր հաջորդ քայլը լինելու է շրջադարձային: Ինքն այդպիսի զգացում ունեցել էր տարիներ առաջ, երբ մի անգամ քարափներում ստիպված պիտի ցատկեին մի լայն ճեղքի վրայից. ընկերուհիները վախեցան, ընկրկեցին ու որոշեցին շրջանցել ճեղքը: Բայց ինքը հավաքելով շրջազգեստի փեշերն ետ-ետ գնաց ու ցատկեց… Օ՜, որքան շատ էր իր հրճվանքն ու ուրախությունը, երբ ապահով կանգնած Ճեղքի մյուս կողմում՝ սկսեց տնազ անել ընկերուհիներին… Հիմա նրա մեջ խոսում էր արկածախնդրության նույն մղումը: Գիտեր, որ այդ պահին, ոչ մի ուժ չէր կարող իրեն հետ պահել կայացած մտադրությունից:
Դռան էլէկտրոնային աչքը որսաց գեղեցկուհի աղջկան. ապակե փեղկերը թափով հեռացան իրարից, ու Մարիշը ներս մտավ համարձակ քայլերով…
* * *
-Եկուր հոս, աղջիկ ջան, — ետևից լսեց տղամարդու ձայնը և կտրուկ շրջվեց:
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից,- հրացայտ աչքերով տղամարդուն նայելով և ձեռքում պահած երկտողը նրան պարզելով՝ ասաց Մարիշը,- ինչո՞ւ եք սա տվել հենց ինձ:
-Հանդարտվե, հանդարտվե, աղջիկ ջան, բարևդ ո՞ւր է. բան մը չէ ուզածս,- տղամարդը բազմանշանակ ժպտաց,- ըսի ծանոթանանք, եկուր,եկուր հոս նստինք:
Տղամարդու վերաբերմունքը բարեկամական էր, սակայն վստահություն չէր ներշնչում: Մարիշը նորից տատանվեց, բայց չընդդիմացավ: Նրանք նստեցին երկու ազատ դեղնագույն կաշվե բազկաթոռներին: Շուրջը հյուրանոցային եռուզեռ էր: Մարիշը նախանձով էր նայում համակարգչի առջև կանգնած, մուգ կապույտ կոստյումներ հագած՝ սպասարկող աղջիկներին, որոնք վարժ խոսում էին օտարերկրացի տուրիստների հետ: Ինչո՞ւ ինքը օտար լեզու չսովորեց. այ, սա կարգին աշխատանք է, լսել էր, որ լավ էլ վճարում են: Նրանց մոտեցավ մատուցողը:
-Ի՞նչ կփափագի խմել օրիորդը,- հարցրեց տղամարդը:
-Ջին, տոնիկ ջրով ու կիտրոնով:- Մարիշը ռեստորանից գիտեր զանազան խմիչքների տեսակները և այստեղ դա պետք եկավ. ի՞նչ կարևոր էր, որ ինքը երբեք ջին չէր խմել, այլ միայն մատուցել էր…
Տղամարդն իր համար սոդայով վիսկի պատվիրեց, ընդ որում հայացքը չէր կտրում Մարիշի բարեձև ծնկներից: Եվ՝ ոչ միայն նա. մոտիկից անցնող համարյա բոլոր տղամարդիկ խեթում էին գրավիչ արտաքինով, ոտքը ոտքին անկաշկանդ գցած աղջկան: Այդ երևույթը թե՛ վանում և թե՛ շոյում էր Մարիշի ինքնասիրությունը: Նրա մտքովն անգամ չէր անցնում կարճ փեշը հնարավորին չափ հավաքել ազդրերի շուրջ: «Նայում են, թող նայեն, էնքան նայեն, որ կշտանան», մտքում չարախնդում էր նա ու զարմանում. այդ երբվանի՞ց էր իրեն այդքան ազատ զգացել… Տղամարդը հպարտությունից փքվել էր: Նա անդադար խոսում ու պատմում էր իրենց շրջագայությունների մասին: Հարուստ գործարար մըն է, հոս եկեր է թե՛ պտույտի և թե՛ բիզնեսի համար… Մարիշը ընկել էր երանության մեջ, նայում էր դիմացը նստած տղամարդու անդադար շարժվող ձկանման, նուրբ շրթունքներին և համարյա ոչինչ չէր հասկանում նրա պատմածներից: Լաբիի յուրահատուկ մթնոլորտը, մեղմ երաժշտությունը, ամեն ազգության ու տարազների տեր մարկանց չընդհատվող շարժումն ու բլբլոցը, փափուկ ու հանգստավետ բազկաթոռը և խմիչքի ազդեցությունը նրան հեռացրել էին իրականությունից: Իր ողջ էությամբ զգում էր երանավետ հանգստություն ու թմբիր: Տղամարդու մուգ սրճագույն, գծավոր փողկապը ծռվել էր մի կողմ և քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին: Նա նորից խմիչք պատվիրեց և հաշիվը պահանջելով՝ ստորագրեց ստացականն ու նշեց սենյակի համարը՝ 616: Մարիշը լրիվ մոռացել էր՝ նրան «տեղը դնելու» իր որոշման մասին: Համակվել էր մի տարօրինակ զգացումով. Իրեն թվում էր, թե այդ բոլորը խաբուսիկ երազ է, թե այդ տղամարդը մաս չի կազմում շրջապատող իրականությանը… Չգիտեր նրա ով և ինչ մասնագիտության տեր լինելը, չգիտեր ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, նույնիսկ անունը չգիտեր ու չէր ցանկանում իմանալ: Ռեստորանի բոլոր հյուրերի պես նա էլ վաղը ընդմիշտ կանհետանար իր կյանքից: Նա՝ սենյակ համար 616-ն էր, ինչպես ռեստորանում՝ համար այսինչ կամ այնինչ սեղանը… Այնուամենայնիվ, Մարիշը խայթվածի պես վեր թռավ տեղից, երբ տղամարդը բռնելով նրա ձեռքը և բերանը մոտեցնելով ականջին՝ շշնջաց.
-Հարյուր հիսուն դոլարեն ավել չեմ կրնար տալ:
-Ես, ես…
-Կհասկնամ կոր, պիտի ըսես, որ քեզի ավելին կու տան: Շատ աղվոր ես, շատ գեղեցիկ, չես նմանիր…
Մարիշը ցանկանում էր վերկենալ ու փախչել: Բայց ասես մեխվել էր բազկաթոռին ու զարմացած նայում էր առջևը նստած ու սպասողական իրեն նայող տղամարդուն:
— Դուք, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք խոսում… Ես, ես… ձեր իմացածներից չեմ…
— Հասկցանք, հասկցանք, երկու հարյուր դոլար, և վերջ,- ասաց տղամարդը և մի անգամ ևս թղթի կտորի վրա սենյակի համարը գրելով՝ դրեց շշմած Մարիշի ափի մեջ:
— Նայինք, շատ չուշանաս, աղջիկ ջան, վերը կսպասեմ քեզի… Լաւ չըլլար մեր միասին վեր ելլելը:
Մարիշը լուռ նայում էր նրան անփոփոխ, շշմած հայացքով:
— Մի երկմտի՛ր, աղջի՛կ ջան,- փաղաշուք ձայնով ասաց տղամարդը,- դրամը սկիզբեն կանխիկ կու տամ քեզի…
Մարիշը սթափ հայացքով նայեց դատարկ բազկաթոռին, ուր քիչ առաջ նստած էր տղամարդը: Նրան թվաց, թե քիչ առաջ ոչ ոք նստած չէր այդ բազկաթոռին, որ ոչ ոք չի սպասում իրեն, հիմա վեր կկենա ու կգնա այնպես, ինչպես եկել էր… «Ի՞նչի համար էի եկել, ի՞նչ դուրս եկավ», ակամա խորհեց, և մի կես ժպիտ ծածամածռվեց դեմքին: Սենյակի համարը վաղուց էր սեպվել ուղեղում, բայց ասես վստահանալու համար բացեց ու նայեց սևով սպիտակի վրա գրված համարին. Վեց-մեկ-վեց: Դա նրան վերադարձրեց իրականությանը. ո՛չ, այստեղ այլևս անելիք չուներ: Ալարկոտ բարձրացավ տեղից ու դանդաղ քայլեց դեպի հյուրանոցի դուռը: Ինչքա՜ն արագ ավարտվեց վայելքի պահը: Ջինի ազդեցությունը դեռ չէր անցել, սակայն Մարիշի ուղեղը աշխատում էր սառն ու բնականոն: Նայեց ժամացույցին. քիչ էր մնացել հերթափոխին, բայց փույթ չէ՝ կհասներ ժամանակին: Հանկարծ, չգիտես որտեղից, հակասական մտքերն ու պատկերները միանգամից սկսեցին խուժել ու հաջորդաբար հայտնվել նրա գիտակցության պաստառի վրա: Ահա ռեստորանի խոհանոցը անլվա ամանների կույտերով ու այրված ճարպի տհաճ հոտով, ահա ինքը՝ հյուրերի պատվերները կեղծ ժպիտով նշելիս, խորովածով բեռնված ծանր սկուտեղը կրելիս և իրեն հառված տղամարդկանց լկտի հայացքները հանդուրժելիս, ահա Լիզան՝ իրեն «ապուշ» անվանելիս, Խորենը՝ վրան գոռգոռալիս, ահա իրենց փոքրիկ վարձու բնակարանը և այնտեղ տիրող լարված մթնոլորտն ու հոր, մոր անվերջանալի վեճերն ու անորոշ ապագայի մռայլ հեռանկարները… Եվ… երկու հարյուր դոլարը, որին տիրանալու բուռն ցանկությունը ոչ մի կերպ չի կարողանում վանել իրենից, թեև նունիսկ չգիտեր՝ դա քի՞չ, թե՞ շատ էր… Միայն Լիզայից լսել էր, որ դրսից եկածները կծծի են… Առաջին անգամն էր, չստուգի՞ Լիզայի հետ… այդ մտքից ծիծաղը եկավ: Տատամսոտ կանգ առավ լաբիի կենտրոնում: Իրենից դեպի ձախ հյուրանոցի դուռն էր, դեպի աջ՝ վերելակը… Երկուսն էլ նրան տանում էին անձնազոհության ու տառապանքի ուղիով… Թերևս միայն այն տարբերությամբ, որ դեպի ձախ՝ զուր տեղը պիտի վատնվեին իր կյանքի լավագույն օրերը, երիտասարդական ավյունն ու թարմությունը, իսկ դեպի աջ՝ պիտի վաճառեր իր… մարմինն ու այդ բարոյականություն կոչվածը… Սրանցից ո՞րն էր ավելի ծանր կշռում… Տվյալ պահին ինքը հոգնած էր, թքած ուներ գորշ ու մռայլ աշխարհի վրա, դեռ ցավում էր բարեկազմ, շքեղ մարմինը, իր միակ ու անկրկնելի կապիտալը, որի հետևից վազում էին բազմաթիվ տղամարդիկ…
Պայուսակից հանեց բջջայինը և ուզեց զանգել Լիզային, բայց անմիջապես հրաժարվեց. երկար-բարակ խոսելու և բացատրություններ տալու տրամադրություն չուներ: Բավականացավ կարճ հաղորդագրությամբ.
-Լիզա ջան, չսպասեք, էլ չեմ գալու:
Մարիշը անվարան, կտրուկ թեքվեց աջ ու մոտենալով վերելակին՝ սեղմեց կոճակը: Նա համոզված էր, որ վեց-մեկ-վեց համարը դեռ երկար կմնա իր հիշողության մեջ…

Մարտ 2009 թ.

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի