Նաիրա Սիմոնյան | ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

 

NS11

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

Ընդդեմ մրրիկի հևքի սիբիրյան

Մեքենաներն են արագ սլանում,

Ձգվում է արդեն օրը տարաժամ —

Պահը հավերժի գրկում է հանգում:

Ոչ մի տիրական մռունչ չի փշրի

Սրտում խոյացող տաճարը անբան,

Ճակատագիրը եկավ պսակի,

Որ ամբողջանանք երգով միության:

Դրժված պատվիրանը հոգ չէ, սիրելի՜ս,

Հոգ չէ դժոխքի կրակն ահռելի,

Երբ քո տքնության այս վեհ վայրկյանը

Աստված հռչակեց ինձ քո թևերի:

 

***

Ինչ թախծալի է տայգան անրջում,

Ճահիճը արդեն պատրաստվեց քնի,

Մենավոր մի աստղ երկնքից կախվել

Ծակում է աչքս քորոցով թևի:

 

Խարույկն ոգեղեն տենդից է խոսում:

Թող ինձ խոհերիս ցնորքի վրա…

Երկու ուրվական տայգայի խորքում

Ճամփորդներ դարձան  հավերժագնա…

 

Մի փոքր էլ ահա՝ այգը կբացվի,

Ձներին մնաց երկու ոտնահետք,

Որոնք հասել են եզրը անդունդի՝

Ճերմակ ճախրանքով մտել այլ եզերք… 

 

Պատասխանի փոխարեն

Ջարդված իղձերից տողեր հորդեցին.

Սե՜րն էր կաղկանձում դեղնած հույսի տակ,

Հանուր երկնքում մի դալուկ լուսին՝

Արեգակից էր հայցում լույս-վտակ:

 

Եվ թախանձում էր արմատն ամրություն

Կենաց ու մահվան խորհրդին տեղյակ,

Եվ կինն այս շրջող՝ որպես թուլություն,

Մարտնչում էր իր բախտով անխաղաղ:

 

Եվ մեղեդի կար, արև՜ կար, և ցո՜լք,

Եվ գո՜ւյժ բառակերպ` մեկնությամբ խորին,

Մայր ուներ, սակայն, շրջում էր նա որբ՝

Դիպված էր գուցե կամ նշան վերին…

 

…Պատվանդանները քարերի ճիչ են՝

Գահ են բարձրացնում ցավը սաստկագին,

Վանականների սաղմոսներով են

Ճանապարհ դնում մարմնով մեռածին…

 

***

Զառամյալի հևքով հուշն է բոսորանում՝

Սրտաքեր արցունքով լճանում իմ աչքին,

Դու գնացիր, սակայն, ինձ ինչո՜ւ ես թողնում

Քեզնով բարբառող այս իրերի ճիչին:

Ես ի՜նչ անեմ հիմա նրանց վարքին հարմար-

Մուսայի հետ հույզահորդ քանի՜ քնար աղոթք,

Պոկի՛ր անգթորեն, այն էլ կտրիր ու տար՝

Որպես հույսն իմ ամուլ՝ անսատար ու որբ,

Որ երբ հասնեմ վերջին հանգրվանին կյանքիս՝

Ինձ խոշտանգող ցավից հնչյուն իսկ չտրտնջամ,

Որ երբ վերջին շնչով պոկեն ինձնից հոգիս՝

Դու  չլինես այնտեղ՝ դևին էլ աներկյուղ տամ…

 

***

Գինեթասերը փշրել եմ արդեն.

Արյունը դարձավ երակներում ջուր,

Ես քո արցունքը երեկ եմ լացել,

Մարել եմ կարոտ ու կրակներ բյուր:

Սիրտը մկան է,

Այրումներն անցան,

Կյանքն առևանգեց հմայքը մարմնի,

Սա սոսկումների վերջին արարն է,

Կուլիսը փակեմ՝

Դո՛ւ

Ծափահարիր…

 

***

Դու կգաս դարձյալ, առաջվա նման

Կրակներիս մեջ նորեն այրվելու,

Կլինեն սակայն շուրթերը անհամ,

Կիրքը կլինի անհորդ ու հլու:

 

Հողում սերմերը երկար չեն փակվում.

Սիտդ գարունքված կդողա էլի,

Հույզը չի դառանա վարար, լիահուն,

Շուրթիդ կրակը արդեն չի այրի:

 

Թերթերում տոկուն երգը կմնա՝

Տարիների հետ թունդն ամրացնելու,

Քո դարձը արդեն մեղք է ու մեղա —

Ոչ մի արցունքով չի լվացվելու…

 

***

Դափնին հողն էլ է պսակում, սակայն,

Վարքն անբարո է դեռևս փառքի,

Ծնունդը վերին խանդ է տիրական

Կավը հունցող ձեռքերով պահի:

 

Խորն են վիհերն, ու արձագանքն ահա

Քո շուրթերի հետ էլ չի բանակցում,

Քեզ ո՜վ էր ասել, այ խղճուկ վկա

Երազդ թողնես երկնի գիշերում,

 

Որ կորուստներիդ ժիր բանակներով

Բառերից հայցես գթության կապար

Եվ ժամանակի աղջամուղջերով

Անվերջ պտտվես՝ մերթ լույս ու մերթ տարր…

 

***

Ձա՛յն տուր, բարձրագույն Ոգի վերերկյա,

Տարերքի նման թափվիր հոգուս մեջ,

Աստղ ու հողերի շաղախն եմ ահա՝

Արնահեղ մարտեր ինձանում անվերջ:

 

Խառնիր տենչանքներ, աղերսներ պատիր,

Ձուլիր ծամծմված ուսմունքներ զառամ,

Տիեզերավայել ցավս ծածանիր,

Քո անչափելի խորքի համաձայն,

 

Որ հեռանալիս բա՛ռը հոգեկիթ

Թողնեմ աշխարհին՝ հանապազոր հաց,

Դարմանեմ վերին ցողերով վճիտ

Սաղմերի գալիք դողը անճանաչ:

 

Դարձրու մտքերիդ հյուլեն ինձ անտես՝

Արարումներիդ սերմը վեհագույն,

Չթողնես լինեմ կավի օրածես՝

Այս համատարած երկրային շիրմում…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.