Գարունիկ Հովհաննիսյան | ԱՅԳՈՒ ԷՍՔԻԶԸ

Գարունիկ Հովհաննիսյան

Գարունիկ Հովհաննիսյան

Տանը պնդում էին, որ Սաթենան իրասածի է ու հակառակվում է զուտ հակառակվելու համար:
-Ես ճշմարտությունն ասացի: Նա ուզում էր իմ հաշվին իրեն երևակայել…
Սաթենան ու տատը վիճելով տուն մտան:
-Միևնույն է, մեծի հետ այդպես չեն խոսում…
-Բայց նա´, նա ինչո՞ւ ստեց:
-Ամաչի´ր:
-Ճիշտ խոսելու համա՞ր:
Բարկացած տատը սկսեց նայել սենյակի պատերին, ապա հաղթական տեսքով ասաց.
-Եթե այդպես շարունակես ոչ ոք չի ուզենա քեզ հետ ամուսնանալ:
Սաթենան ծիծաղեց: Սովորաբար, երբ այդպիսի պահերին ծիծաղում էր, տատի բարկությունը կրկնապատկվում էր, բայց այդ անգամ նա ուղղակի արհամարեց այն:
Սենյակի պատերը մոտենալով սկսեցին ճզմել Սաթենային: Եվ նա ճչաց, ծիծաղի միջից, աննկատ: Այդ ճիչը բռնվեց անհասկանալի բառերով ու հաստատուն ձայնով իր ճշմարտությունը մրմնջացող օտարից:
Երբեմն Սաթենան իրեն պատառոտելու ցանկություն էր ունենում: Այդ ժամանակ նրան թվում էր, որ իր ներսում ապրում է ուրիշ մեկը, գարշելի մեկը, որպեսզի անընդհատ հակառակվի իրեն:
Սաթենան սիրում էր ֆիլմ դիտել: Մի անգամ մի քանի ժամ կլանված նայելուց հետո նվնվաց.
-Ցուրտ է, մրսում եմ:
-Շոգ էլ լինի, դարձյալ կբողոքես,- իսկույն հանդես եկավ ներքին հակառակվողը:
Սաթենան տնքաց ու մի բարձ վերցրեց, որ շպրտի, բայց հանգիստ շպրտեց գետնին, մի ծածկոց գցեց բազմոցի թևին, մի քանի ամսագիր անկանոն շարեց սեղանին ու ասաց.
-Տաքացավ մի քիչ:
Նրա արարքը իսկույն քննադատությունների արժանացավ:
-Կարծում էի գոնե կոկիկ ես,- սրտնեղեց մայրը:
Սաթենայի հեռախոսը զանգեց, ընկերուհին էր:
-Սպասի´ր, է՜, ես մարդկանց եմ հիասթափեցրել դու էլ թե՝ աշխարհը քանդվում է:
-Անտանելի, անտանելի բնավորություն ունես:
-Անտանելի ասելը քիչ է:
Սաթենան ժամից ավել շատախոսում էր ընկերուհու հետ, այնինչ նրան հանձնարարել էին արդուկ անել:
-Բարին դու ես,- որպես հակադարձող վիրավորանք ասաց Սաթենան ընկերուհուն, որից ներքին հակառակվողը վերջնականապես խեղճացավ:
-Եթե մայրդ գլուխը հինգշաբթի է քորել, անշնորհք չլինես, ուրբաթ չքորես,- ասաց Սաթենան, քանի որ մայրն էր անցնում հյուրասենյակով:
-Գիտես, իմ տատն այլևս չի կարող երջանիկ լինել, քանի որ նրա մայրը տառապում էր սակավարունությունից, իսկ ինքը ստամոքսի խոց ունի,- ասաց նա, քանի որ տատն էր անցնում հյուրասենյակով:
Կարելի էր կարծել աղջիկը զվարճանում է, բայց, ահա, ծանոթ հերոսը քայլում է գլխահակ, տխուր: Ո՞ր ֆիլմից է: Բայց չէ որ այդ հերոսը վերջիվերջո հաղթեց: Իսկ ինքը՝ Սաթենան, կհաղթի՞:Կամ ո՞րը կլինի նրա հաղթանակը:
Սաթենան ամուսնացավ տասնութ տարին լրանալուց երկու ամիս անց: Անհարկի, անդադար նկատողություններ անող ամուսին ունեցավ: Վեճերն անպակաս էին նրանց տնից:
-Բայցևայնպես, ինչպե՞ս է հնարավոր հաշտ ապրելը…,- զարմանում էր Սաթենան:
Մի գիշեր նա կիսարթուն էր: Երբ ամուսինը տուն մտավ, Սաթենան մտածում էր, որ շուտով նորից գնալու է: Այդպես էլ եղավ, և նա հանգիստ քնեց մինչև առավոտ: Ապա նրա զարմանքը ամուսնու վարմունքը գուշակելու վերաբերյալ, չէր թողնում, որ մտածի գիշերը փաստաթղթերի ետևից եկած ու իրենից հեռացած մարդու մասին:
Սաթենան լաց եղավ, որովհետև ձյունը հալչում էր և սևաներկը կեղտոտում էր շորերը:
Սաթենան չէր էլ կասկածում, որ տատը ոչ միայն մեղադրում, այլև խղճում է իրեն, այլապես չէր համաձայնի զբոսանքի դուրս գալ տատի հետ, ով նախաձեռնել էր այն, որպեսզի «խեղճ, լքված աղջիկը մի քիչ ուրախանա»:
-Կինը պետք է հայացքը խանարհած շրջի,- ասաց մոտակա նստարանին նստած ծերունին:
-Օ՜, պարո´ն, եթե իմանամ երեխա եք բռնաբարել, հայացքս չէ, գլուխս կխոնարհեմ,- ծաղրաբար ասաց նա, ով հպարտ քայլվածք ուներ:
Ծերունին լռեց, մանավանդ որ մի խումբ երիտասարդներ այդ լսելով բարձրաձայն քրքջացին. չէ որ Սաթենան գեղեցիկ էր:
-Իմ համարձակ գեղեցկուհի, երանի ամուսնանաս ինձ հետ,- մոտենալով ասաց մի երիտասարդ , ով դեռ մինչև Սաթենայի ամուսնանալը սիրահետում էր նրան:
-Տեսնո՞ւմ ես, տատի´կ ես նորից կարող եմ ամուսնանալ,- երբ հասել էին այգու մյուս ծայրը ասաց Սաթենան:
Տատից արձագանք չստանալով, Սաթենան նայեց նրան ու տեսավ, որ տատը վախեցած է: Ուզեց հարցնել՝ սատանա, թե թունավոր օձ ես տեսել, բայց կռահեց, որ նրան շփոթեցրել, և ինչու ոչ, վախեցրել է քիչ առաջվա պատահածը…
Սաթենան ծիծաղեց, խոսեց այլ բաներից, բայց տատի շփոթմունքը չէր անցնում:
-Ես անտանելի եմ, չէ՞, տատի´կ:
Տատը միայն բացեց բերանը և անօգնական հայացքով նայեց նրան: Սաթենան նորից ծիծաղեց: Խեղճ կին, լրիվ զինաթափ է եղել:
Սաթենային թվում էր, որ եթե մութ լիներ, կերևար ինչպես են փայլելով կայծկլտում իր աչքերը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.