«

»

Ապր 16 2016

Տպել Գրառում

Դինո Բուցատի | ՈՒՏԻՃԸ

Դինո Բուցատի

Դինո Բուցատի

Lo Scarafaggio

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ուշ վերադառնալով տուն` ճզմեցի մի ուտիճի, որը  միջանցքում փորձում էր ճողոպրել ոտքերիս տակից (մնաց այդտեղ, սալիկի վրա), հետո մտա սենյակ: Մարիան քնած էր: Պառկեցի նրա կողքին, հանգցրի լույսը, բացված լուսամուտից տեսնում էի պատի ու երկնքի  մի  հատված: Շոգ էր, քնել չէի կարողանում, վաղուցվա  պատմությունները վերածնվում  էին  իմ մեջ, նաև` կասկածներ, որ անվստահություն են սերմանում վաղվա հանդեպ: Մարիան մի փոքրիկ տնքոց արձակեց.« Ի՞նչ է պատահել», հարցրեցի:  Նա բացեց մի աչքը`լայն,  որպեսզի տեսներ ինձ, շշնջաց.«Վախենում եմ»: «Վախենում ես ինչի՞ց», հարցրեցի: «Վախենում եմ մեռնելուց»: «Մեռնելո՞ւց: Ինչո՞ւ»:

Ասաց. «Երազումս տեսա…»:  Գրեթե հպվեց ինձ :  «Եվ  ի՞նչ տեսար երազումդ »: «Տեսա,  թե իբր գյուղում էի, նստած էի մի գետի եզերքին ու լսեցի գոչյուններ հեռվում…ու ես պիտի մեռնեի»: «Գետի եզերքի՞ն»: «Հա, լսում էի գորտերի կռկռոց…»: «Իսկ ժամը քանի՞սն էր»: «Իրիկուն էր, ու լսեցի, թե ինչպես են գոռում»: «Դե լավ, քնի՛ր, արդեն համարյա ժամը երկուսն է»: «Երկո՞ւսը», հարցրեց`  չհասկանալով,   արդեն նորից քնով էր անցել:

Լույսը մարեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը շարժվում է բակում: Հետո` շան ոռնոց , սուր ու երկարատև, ասես` մղկտար: Ոռնոցը ելավ վեր` անցնելով լուսամուտի առջևով, անհետացավ տաք գիշերվա մեջ: Հետո բացվեց մի շերտավարագույր(թե՞ փակվեց): Հեոու-հեռվում, սխալվում էի գուցե, մի երեխա սկսեց լաց լինել: Հետո նորից՝ շան ոռնոցը, առաջին անգամվանից ավելի երկարատև:  Քնել չէի կարողանում:

Տղամարդու ձայներ լսվեցին մեկ  այլ լուսամուտից:

Խուլ ձայներ, ասես ինչ-որ մեկը մրթմրթար  կիսաքուն վիաճում :  «Ճի՛վ, ճի՛վ… ճիո՜ւ, ճիո՜ւ», -լսեցի ներքևի բաց պատշգամբից, ու թևերի մի քանի թափահարում: «Ֆլորի՜ո», հանկարծ կանչեց մեկը. պիտի որ երկու-երեք շենք այն կողմ լիներ: «Ֆլոր րի՜ո»…  դա կնոջ ձայն էր, տագնապած կնոջ, ով  կորցրել  էր  իր որդուն:

Բայց ինչո ՞ւ էր արթնացել ներքևի կեռնեխը: Ի ՞ նչ էր եղել: Աղիողորմ ճռռոցով, կամացուկ,   ասես չուզենային, որ լսվեր, մի դուռ բացվեց  շենքի ինչ-որ մասում: Քանի ՞ մարդ է արթնանում այս ժամին, մտածեցի ես: Տարօրինակ է, այս ժամին:

«Վախենում եմ, վախենում եմ», տրտնջաց Մարիան`մի ձեռքով ինձ փնտրելով: «Ո ՜հ, Մարի՛ա», ասացի, « ի՞ նչ է քեզ պատահել»: Պատասխանեց նվաղած ձայնով .«Վախենում եմ մեռնեմ»: «Նորից երա ՞զ  տեսար»: «Այո»  պատասխանեց  գլխի հազիվ նկատելի  շարժումով: «Ու նորից այդ գոչյուննե՞րը»: «Այո», գլխով արեց նա: «Ու պիտի մեռնեի՞ր»: «Այո, այո», ասաց` որոնելով հայացքս` քնից կոպերն իրար կպած աչքերով:

Այստեղ մի բան կա, մտածեցի : Նա երազ է տեսնում, շունը ոռնում է, կեռնեխն արթնացել է, մարդիկ զարթնել են ու խոսում են, նա մահ է տեսնում երազում, ասես` բոլորը  զգացել են ինչ-որ բան, ինչ-որ ներկայություն:  Ա՜հ, քունս, որ այդես էլ չէր գալիս,  և անցնում էին աստղերը: Պարզորոշ  լսեցի, որ  բակում  ինչ-որ մեկը լուցկի վառեց: Ինչո՞ւ է այդ մարդը պատրաստվում ծխել գիշերվա ժամը երեքին: Այդ պահին  ծարավ զգացի, վեր կացա ու դուրս եկա սենյակից, գնացի ջուր խմելու: Վառելով միջանցքի խավար լույսը` նկատեցի սև բիծը սալիկի վրա, ու կանգ առա՝ սոսկանքով: Նայեցի՝ սև բիծը շարժվում էր: Ավելի շուտ, շարժվում էր դրա մի հատվածը (Մարիան երազում  տեսնում է, որ մահը մոտ  է, ոռնում է շունը, կեռնեխն արթնանում է, մարդիկ վեր են կացել, մայրը կանչում է իր որդուն, դռները ճռռում են, ինչ-որ մեկն սկսում է ծխել, և գուցե` մանչուկի լաց):

Հատակին տեսա սև ճզմված  միջատը , որը շարժում էր  մի ոտքը: Աջ կողմի  միջին  ոտքերից  մեկն էր: Մնացյալ զանգվածն անշարժ էր, թանաքի բիծ, որ թողել էր մահը: Բայց  միջատի ոտքը թույլ էր կծկվում, ասես բարձրանար  վեր  ինչ-որ տեղանքով,  գուցե` խավարի գետով: Դեռևս հո՞ւյս էր  տածում:

Գիշերը, երկու ժամ ու կես սարսռացի այդ մտքից-զզվելի միջատը, որ կպել-մնացել էր  հատակի սալիկին`իր փորոտիքի լորձերով, երկու ժամ ու կես  շարունակում էր մեռնել`վերջին  ոտքի միջոցով մի ուղերձ հաղորդելով : Բայց ու ՞մ ցավն էր կտրել, որ գիշերվա երեքին հեռացներ դա  հատակից` անծանոթ պանսիոնի միջանցքի մթության մեջ: Երկու ժամ ու կես, մտածեցի, անընդհատ վեր ու վար, կյանքի վերջին կայծը, որ տրոփում է   դեռ չմեռած  ոտքի ներսում` արդարություն աղերսելով: Ինչ-որ տեղ կարդացել էի, որ մանչուկի  լացը  բավական է`թունավորելու համար  աշխարհը: Իր սրտում` ամենակարող Աստված կուզենար, որ որոշ բաներ տեղի չունենային, բայց կանխել դա չի կարող, քանզի  Իր կողմից է որոշվել: Սակայն, մի ստվեր է իջնում  մեզ վրա: Հողաթափով ճզմեցի միջատին ու տրորեցի այնպես, որ այն վերածվեց մոխրագույն երկար շերտի:

Այդժամ, վերջապես շունը  դադարեց ոռնալ, Մարիան հանգիստ քնեց,  ու թվում էր, ժպտում էր  քնի մեջ, ձայները կտրվեցին, մայրը լռեց, կեռնեխի անհանգստության այլևս ոչ մի ախտանշան, գիշերը վերստին անցնում էր հոգնած  շենքի վրայով, մահը տեղափոխվել էր աշխարհի այլ կետեր` տարածելու իր  անձկությունը:

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>