Իսպաներենից թարգ. Ֆրունզիկ Կիրակոսյան
Քաղվածք ԵՐԳԵՐԻ ԳԻՐՔ-ից
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ
Այսօր զգում եմ իմ հոգում
համր սարսուռը աստղերի,
բայց կորչում է արահետս
հեռու հոգում մշուշների։
Լույսը փշրում է թևերս,
ու խուլ ցավը տառապանքի
գնում է,որ հուշն իր պահի
աղբյուրներում ներշնչանքի։
Ախ, ճերմակ են վարդերն ամեն,
ճերմակ՝ նման իմ վշտերին,
սակայն ճերմակ վարդեր չեն այդ,
ճերմակ ձյունն է ալ թերթերին։
Մինչ ունեին ծիածաններ։
Այդպես ձյունն է նստում հոգուն.
և հոգու այդ ձյունը ունի
մանվածք վեճի, համբույրների,
որ սուզվում են մշուշի մեջ
կամ լույսի մեջ մեր խոհերի:
Ձյունը իջնում է վարդերից,
բայց մնում է հոգու վրա,
ու թաթերը տարիների
պատանքում են մեկտեղ նրանց։
Կհալվի՞ այդ ձյունը այնժամ,
երբ մահը մեզ անդորր բերի,
կամ կլինե՞ն հետո այլ ձյուն
ու այլ վարդեր՝ ալ ավելի :
Եվ կգտնե՞նք հանգիստ, ինչպես
Քրիստոսն է հավատացնում,
թե՞անհնար է էլ երբեք
լուծում գտնել նման հարցում։
Ու թե սերը խաբում է մեզ,
էլ ո՞վ կյանքին մեր շունչ կտա,
երբ մթնշաղը մեզ ծածկի
ճշմարտության մեջ գիտության,
որ չարը միշտ մեր կողքին է,
իսկ բարություն, գուցե, չկա։
Ու թե մարող հույսը հանկարծ
նոր Բաբելոն մի արարի,
այս աշխարհի ճամփաները
ի՞նչ ջահ պիտի լուսավորի։
Թե կապույտը երազ է լոկ,
անմեղությանն ի՞նչ կմնա,
ի՞նչ կլինի սրտերի հետ,
սերը նետեր թե չունենա։
Ու թե մահը մահ է իրոք,
ի՞նչ կմնա պոետներից
ու իրերից, որոնք չկան,
քանզի ջնջվել են հուշերից։
0, հույսերի արև անշեջ,
մաքուր սրտեր մանուկների,
թափանցիկ ջուր, նորալուսին,
համր ոգի անբառ քարի…
Այսօր զգում եմ իմ հոգում
համր սարսուռը աստղերի,
ու ճերմակ են վարդերն ամեն,
ճերմակ՝ նման իմ վշտերին։
ԵՐԵԿՈ
Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մեջ
դեռ անձրևում է երկար։
Ու ծառերն են մերկացած։
Ու սենյակս՝ միայնակ
Ու նկարներ հնաբույր,
ու այս գիրքը չբացված։
Ու տխրությունն է հոսում իրերի միջով,
ու լցվում է հոգուս մեջ։ Ախ, նա կուզենար,
որ բնությունը երբեք, երբեք ինձ սնող
բյուրեղյա կուրծք չունենար։’
Եվ ցավում է իմ սիրտը,
և ցավում է իմ հոգին, ու թե կանչեմ ես նրան,
բառերն օդում կկախվեն, կմնան օդում,
ինչպես խցանն է մնում ջրերի վրա։
Քո աչքերով եմ հիմա
տանում ես ցավն իմ տկար,
թախիծները իմ անցած,
և նրանք,որ դեռ կգան։
Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մէջ
Դեռ անձրևում է երկար:
ԽԱՉՈՒՂԻ
0, ինչ ցավ է, որ չեմ գտնում
երգն իմ անհայտ հեռվում կրքի,
իսկ ուղեղս ամբողջովին
թանաքով է ծծված կրկին։
0, ինչ ցավ է, որ ես չունեմ
վերնաշապիկ բախտավորի,
որ դաբաղած կաշուց է և՝
զրահի պես արևով լի։
(Աչքերիս դեմ ահա, էլի
պարսն է վխտում բյուր տառերի)։
0, ինչ ցավ է հնութ ցավը
քնարական այս երգերի,
կպչուն այս ցավը հարատև,
որ կարոտ է մաքուր ջրի։
0, այս ցավը հեծեծացող,
որ երակն է լցվում երգի,
ցավն է դա կույր աղբյուրների
ու անաղուն ջրաղացի։
Օ, ինչ ցավ է՝ ցավ չունենալ
և անցկացնել կյանքդ թերի՝
տրորելով խոտերն անգույն
կասկածելի կածանների։
0, իսկ ցավով ամենախոր
երջանկության ցավն է լալիս,
դա խոփ է՝ մեզ ակոս բացող,
Ուր կորուստն է պտուղ տալիս։
(Ահա ելավ լուսինը պաղ
մշուշի մեջ թղթե սարի)։
0, հավերժ ցավ ճշմարտության,
0, հավերժ ցավ խաբկանքների։
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ
Մեռած տերևներն
ինձ ահ են բերում,
ահը դաշտերի
ցողերով լցված։
Կքնեմ հիմա,
ու թե չարթնացնես,
սիրտս քո կողքին
կգտնես սառած։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։
Մանյակները քո
հյուսել եմ լույսից ,
ինձ ու՞ր ես լքում
այս ճամփից առաջ.
թե գնաս, պիտի
թռչնակն իմ լացի,
գինի չդառնա
խաղողս կանաչ։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։
Դու չես իմանա,
ձյունե իմ թիթեռ,
քեզ է երազվում
լուսայգն իմ արթուն,
երբ անձրևն այսպես
թափվում է անվերջ,
և չոր ճյուղերից
բներն են կաթում։
Այն ո՞վ է, սե՞րն է
իր հեռվից կանչում,
սեր իմ, քամին է
դուրսը հառաչում։
2 մեկնաբանություն
I LOVE YOUR SIT AND I PRESHIATED FOR EVERY THINGH
YOU ARE DOING.
THANK YOU SO MUCH.
Հոյակապ ի