Արմինե Պետրոսյան | ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ․ ՍԻՐՈ ՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈ՞ՒՆ

ArmP11

Եթե երիտասարդ ես ու սիրո կարոտ ունես, ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»։ Եթե արդեն ընտանիքի տեր հասուն մարդ ես, ապա «Ռոմեո և Ջուլիետը» կարող է թվալ պատանեկան արբունքի արկածախնդրություն։ Բայց․․․

Ինձ մոտ ամեն ինչ հակառակն ստացվեց։ Տասնինը տարեկանում, երբ իմ բոլոր ընկեր-ընկերուհիները սիրահարված էին կամ էլ սիրո սպասումով էին շնչում, հետն էլ՝ բանասիրականի ուսանողներով՝ ռոմեոներ ու ջուլիետներ դառնալու ճիգեր էին անում, ես իմ առջև նպատակ էի դրել բոլորին համոզելու, որ Ռոմեոյի և Ջուլիետի հարաբերությունները բոլորովին էլ ուժեղ ու ամենակուլ սիրո դրսևորումներ չէին։ Ու եթե սեր կոչվածը գոյություն էլ ուներ, ապա սիրո օրինակը բնավ էլ Ռոմեոն ու Ջուլիետը չէին։

Եվ այսպես, կուզեի այս ակնարկի շրջանակում անդրադառնալ հենց այդ տարիների իմ պատկերացումներին, քանի որ այժմյան վիճակում ոնց որ ավելի «շաբլոնների» մեջ եմ։ ))

Սկսենք Ռոմեոյից, ով դեռահաս է։ Նրա մոտ նոր-նոր են հասունանում կրքերը։ Առաջին սիրո ծարավ կա ու ահա առաջին պատահած հրապուրիչ աղջիկը՝ Ռոզալին Կապուլետին, գրավում է նրա սիրտը։ Մեր պատանին տառապում է սիրուց՝ մտածելով, թե աշխարհն սկսվում ու ավարտվում է Ռոզալինով․

«Ավա՜ղ այդպես է սիրո հանցանքը։

Ցավերս ամուր ճնշում են կուրծքս․․․»։

․․․Սերը մի ծուխ է, որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից,

Երբ նա անբիծ է, հուր է շողշողան սիրահարների աչքերի միջին։

Երբ սրտաբեկ է, մի ծով է լցված սիրահարների արտասուքներով։

Ուրիշ ի՞նչ բան է։ Մի խենթություն է ամենից խելոք,

Մի խեղդող լեղի և հավետ անմար մի անուշություն[1]»։

Դե, ընթերցող ջան, մի՞թե կարելի է ավելի ցավատանջ սիրո խոստովանություն լսել։ Ահա, թվում է, թե Ռոմեոն մինչև սրտի խորքը լցված է անմեռ սիրով, անգամ պատրաստ է իրեն մերժող գեղուհուն երջանկություն ցանկանալ, թեկուզ և՝ ոչ իր գրկում․

«․․․Դիանայի պես խորամանկ է նա,

Ողջախոհության վահանով ամուր սպառազինված։

Նա զերծ է մնում սիրո մանկական տկար աղեղից։

Ո՛չ թույլ է տալիս սիրո խոսքերին պաշարել իրեն,

Ո՛չ էլ ենթարկվում հարձակվող աչքի ընդհարումներին,

Ո՛չ ոսկու առաջ գոգ է բաց անում, որ սրբին անգամ մոլորեցնում  է։

Օ՜, նա հարուստ է իր գեղեցկությամբ, միայն մեկ բանով աղքատ է սակայն,

Երբ որ նա մեռնի, կմեռնի գանձը իր գեղեցկության։

․․․Խիստ սիրուն է նա, չափազանց խոհեմ, և խոհեմությամբ անչափ գեղեցիկ,

Որ ինձ մատնելով հուսահատության` նա արժանի է գերերջանկության։

Երդմնազանցով նա սեր խոստացավ և այդ երդման մեջ

Ես մեռած կապրեմ, որ այն պատմելով ես ապրած մնամ[2]»։

Բայց ահա Ռոմեոյի բարեկամ Բենվոլիոն, որ կյանք տեսած ու տարիների բովով անցած հասուն մարդ է, ասում է․

«Նա գեղեցիկ է երևացել քեզ, քանզի չես տեսել նրա մոտ ոչ ոք,

Նա կշռվել է միայն ինքն իր հետ՛ երկու աչքիդ մեջ։

Սակայն բյուրեղյա այն նժարներում դի՛ր սիրուհուդ մոտ մի այլ օրիորդի,

Որ ես ցույց կտամ ճառագայթելիս այդ խրախճանքում,

Եվ դու կտեսնես, որ Ռոզալինդ ստվեր է անգույն[3]»։

Բենվոլիոն որոշում է մեր ջահելին ապացուցել իր ասածի ճշմարտացիությունը՝ «կհամոզվես, որ քո կարապը ագռավ է եղել», ու նրան տանում է հենց թշնամի Կապուլետների տանը կայացող հանդիսությանը։  Ռոմեոն իր դիմակավորված ընկերների հետ թափանցում է սրահ, որտեղ էլ նրա՝ գեղեցկություն փնտրող աչքերը դեմ են առնում տասնչորսամյա նորաբողբոջ Ջուլիետին։ Եվ վերջ։ Այո՛։ Ռոմեոն հիմա արդեն առանց Ջուլիետի իր կյանքը չի պատկերացնում։ Այստեղ հաշվի առնենք մի հանգամանք ևս․ ինքնամփոփ պատանի Ռոմեոն ձգտում էր հենց արգելված պտուղներն համտեսելուն։ Նրան ավելի հատուկ են ինքնատանջումը, ինքնախարազանումը, անելանելի ելքերի առջև կագնելն ու հաղթահարել փորձելը ավելի շատ խոսքի, քան՝ գործի միջոցով, ինչը երևում է նաև հետագա գործողություններում։ Ու Ջուլիետով միանգամից տարվելը շատ կանխատեսելի կարող էր լինել։

«Օ՜, նա վառվում է ջահերից պայծառ,

Գիշերվա այտի վրա այսպես է շողում,

Ինչպես ճոխ գոհար՝ եթովպուհու ականջից կախված,

Սաստիկ շքեղ է տիրելու համար, խիստ չնաշխարհիկ աշխարհի համար:

Ինչպես ձյունաթույր աղավնին փայլի ագռավների մեջ,

Այդպես էլ նա է իր ընկերների համեմատությամբ։

Երբ պարն ավարտվի, ես նրա կանգնած տեղը կդիտեմ

Եվ իմ բիրտ ձեռքը կերջանկացնեմ հպելով նրան։

Արդյոք սիրե՞լ է սիրտս մինչ այժմ, երդվե՛ք, ի՛մ աչքեր,

Քանզի չեմ տեսել ստույգ գեղեցկություն մինչև այս գիշեր»։[4]

Եվ ի՞նչ․․․եթե Ջուլիետը պատրաստակամ չգտնվեր ու առաջին իսկ պատահական հանդիպմանը թույլ չտար, որ անծանոթ հրապուրողը իրեն համբուրի, այսինքն՝ տեղի չունենար ֆիզիկական շփում, ապա Ռոմեոն կգնար տուն, կսկվեր ինքնատանջման նոր փուլ, որը կավարտվեր մի այլ գեղեցկուհու ի հայտ գալով։

Իսկ ահա Ջուլիետը՝ այդ տասնչորս տարեկան աղջիկը, բոլորովին այլ բնույթ ունի։ Նա նոր-նոր է հասունացել, ամբողջապես սիրո կարոտով ու տենչով է լցված։ Նրան միանգամից գրավում է գեղեցիկ արտաքինով անծանոթը, որը փորձում է հրապուրել իրեն։ Ջուլիետը պրագմատիկ մարդ է։ Նա դես ու դեն չի ընկնում, ձևեր չի տալիս։ Եթե հավանել է, ապա ինչու թույլ չտա, որ համբուրեն իրեն։ Բայց համբույրից հետո զգում է, որ դա բոլորովին հերիք է տղային հասկացնելու համար իր համաձայնությունը, մնացածի համար կա այլ ժամանակ ու այլ տեղ։  Նա անգամ լավ կին կարող էր լինել Ռոմեոյի պես օդերում թափառող մարդու համար, եթե․․․

Ջուլիետը իր տարիքի համար բավական հասուն ու գործնական է երևում։ Երբ Ռոմեոն առաջին ժամադրության գիշերը խոսում է իր եթերային սիրուց, փորձում բառեր գտնել՝ համոզելու Ջուլիետին՝

 «Գիշերվա թիկնոցը պատսպարում է ինձ նրանց աչքից։

Սիրի՛ր ինձ, թող նրանք ինձ այստեղ գտնեն։

Գերադասում եմ մեռնել ես նրանց ատելությունից,

Քան թե հապաղել մահվան դողի մեջ` քո սիրուն կարոտ[5]»,

Աղջիկը, առանց ավելորդ ձևերի, խոստովանում է, որ ինքն էլ սիրահարված է Ռոմեոյին։ Բայց էլ ինչ Ջուլիետ, եթե իր արարքները տեղը տեղին չպարզաբաներ ու բարոյական հենք չգտներ․

«Գիշերվա դիմակը երեսիս վրա է, թե չէ կուսական շիկնածությունս այտերս կայրեր

Այս խոսքերի համար, որ դու այս գիշեր ինձնից լսեցիր։ Կարող էի կեղծել,

Կարող էի չասել, ինչ որ ասացի։ Բայց կորչեն ամեն փուչ ու կեղծ ձևեր։

Սիրո՞ւմ ես դու ինձ։ Գիտեմ՝ «այո» կասես, և ես քո խոսքին հավատ կընծայեմ։

Եթե սիրում ես, անկեղծ ասա ինձ, եթե կարծում ես, որ շուտ հաղթվեցի,

Ես կխոժոռեմ, կլինեմ անգութ և կմերժեմ քեզ, որ դարպասես ինձ։

Գուցե իմ վարքը թեթև համարես, բայց, հավատա ինձ, ես շատ ավելի հավատարիմ եմ,

Քան նրանք, որոնք զուսպ են երևում խորամանկությամբ»[6]։

Բնավորության նույն գիծը կարող ենք տեսնել այն դրվագում, երբ Ռոմեոն, ստացած խոստովանություններից արբած, սիրո խոսքերի հեղեղ է սկսում՝ «Ես սիրո թեթև թևերով ելա այս պարիսպները։ Քարե պատնեշը չի կարող պատվար լինել սիրո դեմ։ Ինչ որ կարող է սերը կատարել, նա միշտ պատրաստ է խիզախել առ այն[7]», Ջուլիետը նրան զգաստացնում է և հիշեցնում, որ սերը՝ սեր, սակայն իրենց հարաբերությունները առանց պաշտոնականացման չեն կարող շարունակվել։ Ինչքան որ իր խոսքերում է աղջիկը պրագմատիկ, նույնքան էլ պահանջում է Ռոմեոյից․ «Ժամանակը և տեղը մատնանշիր, և նույնիսկ վաղը մենք կամուսնանանք[8]»։

Այս ամենից հետո անգամ օդերում սավառնող Ռոմեոն հրաժեշտ տալիս մոռանում է հետագա պարտավորությունների մասին խոսելը, և այս անգամ ևս Ջուլիետն ինքն է հետ կանչում պատանուն, մանրամասն ճշտում հետագա անելիքների հերթականությունը։

Դե, հիմա ասեք, որ Ջուլիետի սերը մեծ էր ու անհուն․․․ Նորմալ է, որ այդ ժամանակների աղջիկը պատրաստ էր ամուսնանալ իրեն դուր եկած տղայի հետ, ում մեկ օր էր, ինչ ճանաչում էր, սակայն դա մի՞թե կարող էր սեր կոչվել՝ իր դասական մեկնաբանությամբ։ Ամենաշատը՝ սիրահարություն, պատանեկան կիրք, արկածախնդրություն, որն ամբողջովին վերահսկվում էր Ջուլիետի մյուս հատկանիշների շնորհիվ՝ նախաձեռնողականություն, կազմակերպչական շնորհ, վճռականություն ու գործնական վերաբերմունք։ Այո՛, այո՛, Ջուլիետն իր համար հաջող, իր սրտին ցանկալի ամուսնություն է փորձում կազմակերպել՝ մտածելով, որ եթե հոգևորականն իրեն օգնի, օրհնի ու ընդունված համարի իրենց սերը, ապա ծնողների ու հասարակության առաջ էլ ինքը անմեղ դուրս կգա։

Եթե Ռոմեոն այդքան թեթևամիտ չլիներ, ապա նրա մոտ ավելի շատ կարող էինք հանդիպել սիրո հեռավոր դրսևորումների, քան Ջուլիետի, որն իր առաջ նպատակ է դնում իրականացնելու ու ամբողջ ընթացքում հենց միայն դրանով էլ զբաղվում է։

Ջուլիետը նախ հակառակվում է հորը, փորձում հետաձգել նրա իսկ նախաձեռնությամբ կայանալիք հարսանիքի օրը (չմոռանանք, որ հայրը Ջուլիետին հասցրել էր նշանել ոմն Պարիսի հետ)։ Սակայն այստեղ տեսնում ենք, որ հայրն ավելի համառ է ու իր գծած ծրագրից մի քայլ անգամ այն կողմ անել չի փորձի։

«Հինգշաբթին մոտ է, ձեռքդ դի՛ր սրտիդ և լա՛վ մտածիր։

Թե իմ աղջիկն ես, ուրեմն, կտամ քեզ բարեկամիս,

Եթե ոչ, կորի՛ր, հա՛ց մուրա դրսում, մեռի՛ր փողոցում,

Էլ այսուհետև իմ աղջիկը չես։

Ոչ էլ կստանաս մի մազ իմ տանից։

Հաստա՛տ իմացիր, գլխիդ ճարը տես, ուխտս անխախտ է»։[9]

Բայդ, դե, պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Եթե ծանոթանալով ավագ Կապուլետին՝ հասկանում ենք Մոնտեգյու-Կապուլետի երկարատև թշնամության պատճառներից գլխավորը, ապա տեսնում ենք նաև Ջուլիետի բնավորության որոշ գծերի ժառանգական լինելը։ Աղջիկն էլ ունի իր ծրագիրը, ու ինչքան դրա իրականացման ճանապարհները նեղանում են, այնքան նա ավելի հնարամիտ ու նախաձեռնող է դառնում։ Անգամ իր ամենամտերիմ մարդուն՝ դայակին՝ որպես վստահելի օգնական կորցնելուց հետո, Ջուլիետը նոր ելք է գտնում։ Նա շտապում է հայր Լավրենտիոսի մոտ ու հենց նրանից օգնություն խնդրում։

Ոչ թե ամենակուլ սիրո, այլ հենց իր նպատակին հասնելու համար է Ջուլիետը  պատրաստ «շրջել գողերի ճանապարհներով, սողալ օձերի բնակավայրը, շղթայվել ահեղամռունչ արջերի որջում, գիշեր ժամանակ թաքնվել գերեզմանների մեջ՝ թեկուզ վրան դիզեն մահացածների կմախքներ[10]»։ Նա պատրաստ է անգամ մտնել նոր փորված գերեզմանի մեջ, «ծածկվել մեռյալի ահեղ պատյանով[11]», միայն թե չամուսնանա Պարիսի հետ ու մնա հավատարիմ իր խոսքին։ Այս բոլորից հետո զարմանալի չէ, որ Ջուլիետը խմում է հոգևորականի առաջարկած քնաբեր հեղուկը։ Կարելի է միայն զարմանալ անգամ այս քաոտիկ իրավիճակում Ջուլիետի դրսևորած պրագմատիզմից․ նա չի մոռանում իր հետ դաշույն վերցնել, քանի որ դամբարանում իր արթնանալուց հետո ինչեր ասես կարող էին պատահել։ Աղջիկը պետք է ամեն ինչին պատրաստ լիներ։

Նրա մահն անգամ վերջնական հուսահատության, և ոչ թե կորցրած սիրո վշտի դրսևորում է․ ինքը, չնայած Ռոմեոյի բոլոր անզգույշ, անմտածված քայլերին, գտել էր ելքը, արել անհնարինը, և հավատով, գրեթե վստահ սպասում էր  ակնկալելի արդյուքին, և ահա, կրկին Ռոմեոն ու իր իմպուլսիվ արարքը։

Իսկ Ռոմեո՞ն․ դե, նա ինչպես միշտ գործում է պահի թելադրանքով։ Պատանին այնքան տարբեր զգացումներով էր լցված, որ այդտեղ սերը ոչ միակը կարող էր լինել, ոչ էլ՝ առաջնայինը։ Ռոմեոն արդեն պակաս ծանր փորձությունների ժամանակ հանդես էր բերել իր թուլությունը։ Ինքնասպանությամբ դժվար կացությունից ելք փնտրելը նա առաջին անգամ չէ, որ փորձում էր։ Եթե առաջին դեպքում հայր Լավրենտիոսի  միջամտությունը փրկում է նրա կյանքը, ապա այս դեպքում նա միայնակ է լինում, իսկ իր համար անելանելի թվացող վիճակներում Ռոմեոն միանգամից դիմում է «հին ու բարի» միջոցին։

Մեռնում են պատանիները՝ զոհը դառնալով որոշ անիմաստ սկզբունքների ու պատահականությունների։

Ահա այսպիսին էին ուսանողական ժամանակներիս պատկերացումները, որ փորձում էի ներկայացնել յուրաքանչյուր ռոմեոջուլիետապաշտի։

Իսկ հիմա՞։ Հիմա, երբ գիտեմ՝ ինչ է սերը, գիտեմ նաև, որ չկան սիրո ո՛չ դասական, ո՛չ ավանդական, ո՛չ մոդեռն ձևեր։ Սերը կարող է դրսևորվել ամենաբազում ձևերով՝ կախված սիրողների տարիքից ու բնույթից։

Ռոմեոյի և Ջուլիետի զգացումն էլ սեր էր ու բավական հզոր, ամենակուլ ու շեքսպիրյան վարպետ գրչով՝ անմահացած։ 🙂

—————————

[1] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 20

[2][2] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 21

[3] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 27

[4] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 39

[5] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 51

[6] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 52

[7] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 52

[8] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 53

[9] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 116

[10] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 122

[11] Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», Ait Sistem, (http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7033#.VsIXmPIrLIU), էջ 123

Թողնել պատասխան

Your email address will not be published.