Ֆրանս. Թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գազաններն ընկնում էին երկնքից`մեկ առ մեկ, առանց իրար ցավ պատճառելու: Նրանց մեծը մասը վերջնամշակված էր: Ոմանք մի քիչ էլ պիտի սպասեին մինչև վերջնական տեսք ստանալը:
-Երևում է, կնճիթ պիտի ունենամ, -ասաց փիղը, որը հենց նոր էր հայտնվել: -Դա կսկսվի ճակատիցս ու գրեթե կկպնի գետնին:
-Քթի համար շատ չեղա՞վ, -ասաց աղվեսը:
-Ինձ հենց այդպիսին է հարկավոր, -վրա բերեց փիղը:
Հազիվ էր ավարտել իր խոսքը, երբ կնճիթը երկնքի մեջտեղից եկավ ու զբաղեցրեց այն տեղը, որ պիտի լիներ այսուհետև բոլոր փղերի մոտ:
-Հաչե՞մ, թե չհաչեմ ,-ասաց շունը, որն օժտվել էր իրեն հատուկ ձայնով: -Չէ, կլռեմ,այդպես ընդունված է:
Ձիուն պակասում էին միայն ականջները, բայց այդ մասին նա ոչինչ չգիտեր, քանզի շատ էր տարված`վարգելու պահին ինքն իր ստվերից ազատվելու մտահոգությամբ: Նրա ականջները բուսնեցին գլխի վրա հենց վազքի պահին, ու մինչև հիմա ուշքի չեն եկել զարմանքից ու չեն դադարում անընդհատ աջ ու ձախ պտտվելուց:
-Ասում են, -ասաց ձին, -թե ոչ ոք ինձ չի հասնի վազքի մեջ. դեռ լավ չեմ հասկանում ինչ է դա նշանակում, բայց կռահում եմ, որ շատ հպարտ պիտի լինեմ դրանով:
Հանկարծ, բոլորն իրենց վատ զգացին….Էշը սկսել էր զռալ…Իր զռոցը նա դրել էր բոլորի առաջ ու շատ գոհ էր թվում իր արածից:
Արարիչն անցնում էր մի գազանից մյուսը, ավելացնելով այս, շտկելով այն: Վագերաձիուն նա զոլերով նախշել էր, ու վերջինս, հիացած, դա ցույց էր տալիս բոլորին:
-Գոռոզանալու ի՞նչ կա, չեմ հասկանում -ասաց էշը: -Քո բոլոր այդ գծերը ստից բան են:
-Հնարավոր է, բայց ես հո ստիպված չեմ լինում զռալ, որպեսզի ինձ չմոռանան:
Գետաձին , ռնգեղջյուրը, ուղտն ու դրոմադերը ապրում էին խմբերով: Դոդոշը, բուն ու մարաբուն ամենուրեք նրանց էին հետևում համակրանքով, չգիտես ինչու:
Հասկացան միայն ավելի ուշ, որ դրա պատճառը գեղագիտական իրողություններն էին, ու դա ասացին նրանց. նրանք պատասխանեցին, թե իրենք դեռևս սևագիր վիճակում են, և թե հետո կտեսնեն, երբ Արարիչը վերստին անդրադառնա իրենց դեպքին:
Արջը չգիտեր` իր տեսքն ավարտված էր, թե ոչ, բայց այդ մասին ոչ ոքի բան չէր ասում: Այս ու այնտեղ նա վայրի մուրաբայի պես մի բան էր փնտրում: Ի վերջո գտավ այն ու անվանեց մեղր:
Օձն ասաց, որ իր թաթերը ուր որ է աճելու են, որ ինքը սպասում է դրանց րոպե առ րոպե:
-Ես դեռ ցույց կտամ ձեզ, թե ինչպես եմ թույնս ցայտեցնելու երկրի մի ծայրից մյուսը:
-Հապա լռեցե°ք ,-ասաց մի բամբ ձայն ամպերի ետևից: -Նախ, ո՞վ ձեզ ասաց, թե թաթեր եք ունենալու:
-Տրամաբանությունը, -հանդգնորեն պատասխանեց օձերից մեկը:
-Դե լավ,դուք կզրկվեք թույնից ու ձեզ կանվանեն լորտու: Դա ձեր պատիժը կլինի:
Մինչև հիմա էլ նրանք կրում են այդ պատիժը:
Մեկ այլ տեսակի օձ, որը չէր արտահայտվել, պահպանեց իր թույնը:
Լորտուն դիմեց աստվածային վճռին`պնդելով, որ եթե ինքը գանգատվել էր, ապա այն պատճառով, որ դեռևս լավ չգիտեր օգտվել այն մտքերից , որոնք ծագում էին իր գլխում:
-Տարատատա°, -գոհացավ ասել ձայնը`ամպերի ետևից:
Օ՜, ձանձրանալու ժամանակ չկար: Ամեն պահ ինչ-որ մի անսպասելի բան էր տեղի ունենում;
-Հլա մի սրան նայե°ք, -ասաց թռչունը,- այն ավելի բարձր է, քան փիղը, ու հենց որ քամին փչում է, շարժում է այդ փոքրիկ բաները, որ թեթևակիորեն կպած են իր ճյուղերին:
-Ես դա անվանում եմ ծառ, -ասաց ձայնը ամպերի ետևից, -կարող եք օգտվել դրանից:
-Ինչպե՞ս օգտվենք,-հարցրեց կապիկը:
Ձայնը չպատասխանեց, բայց մի անտեսանելի ու ձիգ ցուցամատ կովին հրեց մինչև ծառի ստվերը, ուր նա պառկեց: Ու անմիջապես, մյուս գազաններն էլ նմանակեցին նրան: Քանի որ այդ օրը շատ շոգ էր, բոլորն էլ հասկացան:
Նաև ծաղիկներ կային այս ու այնտեղ: Կենդանիները դրանց նայում էին կասկածանքով: Նրանք չէին հասկանում դրանց գործածության նպատակը:
-Դրանք ոչ մի բան պետք չեն, բայց գեղեցիկ են, -ասաց ձայնը ամպերի ետևից:
Գեղեցի՞կ: Չէին հասկանում, թե դա ինչ կարող էր նշանակել:
Հանկարծ նրանց դեմ հայտնվեց մի գազան, ով նման էր ձեզ շփոթելու աստիճան. քանի որ բոլորն էլ իրենց եզակի էին համարում իրենց տեսակի մեջ, սկսեցին բարկանալ նրա վրա: Չէին վստահում, խուսափում էին նրանից, բայց հեռվից ուշադիր զննում էին:
-Մոտեցե՛ք մեկդ մյուսին,-ասաց ձայնը ամպերիր ետևից: Աճեցե՛ք ու բազմացե՛ք:
-Կապ չեմ տեսնում, -ասաց ինչ-որ մեկը, ով իրեն շատ խելացի էր կարծում:
-Պտտվե՛ք մեկդ մյուսի շուրջը` մինչև կհասկանաք:
Կայծակի արագությամբ լ ուր տարածվեց , թե արուներ ու էգեր կան, և թե տարբեր սեռի գազանները հաճույք են ստանում իրարից:
Սկսեցին ձագեր ունենալ: Էգերին դա շատ էր դուր գալիս, արուները այնքան էլ չէին հասկանում, թե ինչ մտածել այդ պստլիկ արարածների մասին, որոնց անհրաժեշտությունն այդքան ակնհայտ չէր:
-Ճի՞շտ է, որ ասում են, թե իրար պիտի ուտենք:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչպես վարվեմ,- ասաց գայլը գառնուկին մի ձայնով, որը կեղծ համեստության արդյունք էր. նա գառնուկին այնպիսի հափշտակությամբ էր նայում, որն, ավելի շուտ, նման էր ստամոքսի, քան թե սրտի զեղման:
-Տեսնենք, թե այս ամենից ինչ է դուրս գալու: Բայց չշտապենք եզրակացություն անել:
Մի գեղեցիկ օր էլ, գազանները շրջապատեցին իրենցից մեկին…դա մի շուն էր, որը սատկել էր նախորդ օրը:Որքան էլ դիպան նրան, կծոտեցին, չշարժվեց: Էգ շունն ասաց.
-Հանգի՜ստ թողեք նրան: Դուք լավ գիտեք, որ նա երբեք չի սիրել շուտ վեր կենալ:
Հաջորդ օրը, շունը, հերիք չէ, որ չէր շարժվում, սկսեց գարշահոտել, ինչը, ճիշտ է, նույնպես շարժման մի ձև է, գոնե հոտի առումով:
Էգ շունն ասաց, որ ուրիշներն էլ կան, ինչպես առյուծն օրինակ, որի վրայից ավելի վատ հոտ է գալիս, բայց ոչ ոքի մտքով չի անցնում դա ասել նրան: Բայց ամպերի ետևի ձայնը (նրան այդպես էին անվանում անգամ արևոտ եղանակին) բացականչեց.<<Մոռացե°ք այդ շանը: Նա այլևս բանի պետք չէ: Ես դա անվանում եմ լեշ>>:
-Ուրեմն էդպես են, հա՞, ձերբազատվում մարդկանցից, որոնց էլ առիթ չկա հանդիմանելու,-տնքաց էգ շունը: Ինչպե՜ս: Այդ կենդանին, որ հազիվ երկու օր առաջ վայելում էր բոլորի հարգանքը, հիմա կազմալուծվում է գարշահոտության մեջ, և որպես մխիթարանք մեզ ասում են , որ մոռանա՞նք նրան:
-Աճեցե՛ք ու բազմացե՛ք,-պատասխանեց ձայնը ամպերի ետևից:
-Չե՜ նք ուզում, -միաբերան ասացին գազանները:
-Կուզենա՛ք, կուզենա՛ք, -ասաց ձայնը ամպերի ետևից:
Ու նորից սկսեցին բազմանալ, բայց արդեն ոչ առանց տխրության:
Արդեն որոշ ժամանակ է, ինչ խոսում էին մի գազանի մասին , որն ասում էին, օժտված էր շատ ճարպիկ առջևի թաթերով, և որի գլուխը լիքն էր հնարամիտ բաներով:
Մարդը դրվեց գազանների մեջ իր ծաղկուն հասակում, ու անմիջապես սկսեց նայել իր շուրջը, ասես միշտ աչքեր էր ունեցել:
Իրեն նեղություն էլ չտալով բարևել ներկաներին, նա իր բազուկներով ու ձեռքերով սկսեց շարժումներ անել; Ցատկեց երկու ոտքերը միացրած, վազեց, ետ եկավ, պառկեց, ծնկի իջավ, ցատկեց մի ոտքով, կանգնեց չորեքթաթ, մի ոստյունով ուղղվեց, ծառս եղավ ըմբիշի նման, սուլեց, թքեց իր ձեռքերի մեջ:
-Ես ուտում եմ` չլինելով քաղցած,- ասաց նա, -խմում եմ` չլինելով ծարավ, լաց եմ լինում առանց դառնության ու քնում առանց ցանկության:
Եվ, գոհ ինքն իրենից` քահ քահ ծիծաղեց ու պտտվեց իր կրուկների վրա:
Առյուծն առաջինը ուշքի եկավ.
-Թշվա՜ռ կենդանի,-ասաց , -նա խորամանկ է ու ճարպիկ, բայց նրա օրերը հաշված են: Ու ձմռան սառնամանիքն իր նետերն անարգել կմխրճի նրա անպաշտպան մորթու մեջ:
Զարմացան, որ Արարիչը, ով, ընդհանուր առմամբ, խելոք բաներ էր անում, իրեն նեղություն էր տվել ստեղծելու այդքան տկար մի էակի ու այդքան քիչ մորթածածկ: Զավեշտի համար օրանգուտանը իրենից մի բուռ մազ պոկեց ու տվեց մարդուն:
Վերջինս վերցրեց այն, փչեց դրա վրա ու նորից հռհռաց: Նա քարեր հավաքեց ու շպրտեց հեռու՝ ոչ մեկին չվիրավորելով, բայց այն բոլորին կպավ, հետո , հաջորդաբար ու շատ հաջող, նմանակեց կատվի, ան, ձիու, վագրի, առյուծի, փղի, և ի վերջո, օրանգուտանի շարժումներն ու ձայները:
Հետո սուլեց իր էգին, որը մանր քայլերով մոտ վազեց. շոյեց նրան, համբուրեց ու պառկեց նրա հետ: Որից հետո երկուսն էլ քնեցին ու սկսեցին խռմփացնել`բոլոր գազաններին ի տես:
Հաջորդ օրը, նա հանպատրաստից գյուղական փոքրիկ մի արհեստանոց սարքեց ու մի կայծքարից` կացին ու դանակ, իրեն ու կնոջը պատեց մորթիներով: Փայտ ժողովեց, հետո քարերն իրար քսելով` մի մեծ կրակ սարքեց ու մուխը կապեց: Բացահայտ ինքնագոհությամբ հրճվեց իր արածից, հայհոյեց ու բարձրաձայն երգեց;
Դա առաջին տենորն էր, առաջին կրակ վառողը, առաջին ճոնը, առաջին աճպարարը, առաջին քարտաշը, առաջին անպատկառը, առաջին սրբապիղծը:
Նա սպանեց մի իժի այն պատրվալով, թե այն թունավոր էր, հետո մի լորտուի, քանի որ այն թունավոր չէր: Նա ձեռնածում էր մահվան ու տրամաբանության հետ, ինչպես նաև սենտիմենտալ երգի: Այնքան ճարպկորեն էր ձեռնածում, որ գազանները, ապշահար` կորցերեցին խոսելու իրենց ընդունակությունը… բայց դա լիակատար խոսելազրկություն չեղավ: Ինչպես հայտնի է, նրանք պահպանել են մռնչալու, հաչելու, բառաչելու, խրխնջալու ու զռալու իրավունքը, որը չեն կորցրել մինչև այսօր:
Վերջին մեկնաբանություններ