Մարիո Բենեդետտի | ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ

Mario Benedetti, 1920-2009

Իսպաներենից թարգմանեց` Անի Վարդազարյանը

Ինչպես ամեն ուրբաթ, դպրոցի դռան մոտ սպասեց հորը: Ամուսնալուծությունից հետո Ֆեռնանդոն ապրում էր մոր հետ, բայց հանգստյան օրերը հորն էին պատկանում: Հարկադրված` բոլոր խոսք ու զրույցներից առաջ նրանք այդ որոշմանն էին հանգել բարեմտորեն, հատկապես որդուն անիմաստ տարաձայնություններից հեռու պահելու նպատակով:
Հայրը երբեք ժամանակին չէր գալիս, բայց այս անգամ սովորականից ավելի ուշացավ: Ընկերների հետ հորը սպասելու ընթացքում Ֆեռնանդոն չանհանգստացավ, սակայն ընկերներին մեկ առ մեկ տարան և վերջում մնացին ինքն ու դպրոցականներին ատող պահակը:
Վերջապես Մարսելոն հայտնվեց` համարյա վազելով: Ֆեռնանդոն խուսափեց հոր քրտնած այտը պաչել: Նա այդ չէր սիրում, որովհետև պաչելիս՝ շրթունքները թացանում էին, իսկ նրան սովորեցրել էին, որ բերանը ձեռքով մաքրելը գեղեցիկ բան չէ:
— Բարկացա՞ծ ես:
— Չէ:
— Խնդրում եմ, մորդ չպատմես, որ ուշացել եմ: Սա ասում եմ, որ նա չանհանգստանա: Բանն այն է, որ չէի կարողանում ազատվել մի կպչուն հաճախորդից:
Մորդ չպատմե՜ս: Ֆեռնանդոն չէր հասկանում, թե ինչու հայրը չի ասում՝ «Լուիզային չասես»:
Տաքսիով գնացին ամեն ուրբաթ օրվա ռեստորանը: Ֆեռնանդոն ճաշացուցակը կարդալու կարիք չուներ: Նա միշտ հավատարիմ էր աղցանով չուռասկոյին*:
— Չե՞ս ուզում ուրիշ բան պատվիրել:
— Չէ:
— Ես կհոգնեի ամեն անգամ նույն բանը պատվիրելուց:
— Իսկ ես սիրում եմ: Դրա համար էլ չեմ հոգնում:
Մարսելոն իր հայրական պարտքը կատարեց` հարցնելով որդու դասերի, ընկերների, ուսուցիչների մասին: Քանի որ միշտ նույն հարցերն էին, Ֆեռնանդոն նույն պատասխանները տվեց:
— Իսկ բոլոր առարկաներից, որոնք սովորում ես, ո՞րն ես ամենաշատը սիրում:
— Գումարում-հանումը:
Ֆեռնանդոյի դեմքին խաղաց այս ուրբաթի առաջին ժպիտը, հայրն էլ ժպտաց:
Աղանդեր պատվիրելիս էլ՝ նորություն չուզեց. վանիլային պաղպաղակ:
— Իսկ մայրդ ինչպե՞ս է:
— Մենակ: Մենակ է:
— Դե լավ, այդքան էլ մենակ չէ: Քեզ հետ է, չէ՞:
— Հա, իհարկե:
Եկան Ռամբլայի վրա գտնվող գեղեցիկ բնակարանը, և Ֆեռնանդոն գնաց իր սենյակը: Մարսելոն նրան էր տրամադրել բնակարանի այդ հատվածը, ուր բացի մահճակալից ու կահույքից` միայնակ մարդու համար զվարճության ու գործնական խաղալիքներ (մի կոնստրուկտոր, մի էլեկտրական գնացք) կային և մի փոքրիկ հեռուստացույց: Մոր տանն էլ ուներ իր միջավայրը, իհարկե, ուրիշ խաղալիքներով: Ֆեռնանդոն սիրում էր այս երկու զոնաների զբաղմունքները: Կարծես թռչում էր մի շրջանից մյուսը և՝ ընդհակառակը:
Մի քիչ կոնստրուկտորով խաղաց (մի բան կառուցեց, որը, ուշադիր նայելու դեպքում, ջրաղաց էր հիշեցնում), հեռուստացույցով սկյուռիկների մասին մի հաղորդում դիտեց, մի քիչ քնեց` մինչև Մարսելոն նրան տեռասից կանչեց:
Այնտեղ նրան նորություն էր սպասում՝ բարձրահասակ, շիկահեր, բաց թողնված մազերով, ջինսով մի աղջիկ, որը Ֆեռնանդոյին սիրուն ու հաճելի թվաց:
-Ֆեռնանդո,- ասաց հայրը, — սա Ինեսն է, իմ լավ ընկերուհին, որը նաև քո լավ ընկերուհին կդառնա:
Լավ ընկերուհին միայն ասաց «Ողջույն», բայց նրա ձեռքից բռնեց ու մոտեցրեց իր ճոճաթոռին: Ֆեռնանդոն հպանցիկ համբուրեց նրան և հոգու թեթևությամբ նկատեց, որ նրա այտը քրտնած չէ… Նրան դուր եկավ, որ Ինեսը դպրոցի, դասերի, ուսուցիչների ու մյուս աշակերտների մասին հարցեր չտվեց: Ընդհակառակը, նրա հետ խոսեց ֆիլմերից ու ֆուտբոլից: Նրան անհավանական թվաց, որ կինը կարող է այդքան բան իմանալ ֆուտբոլի մասին: Բացի այդ, ասաց, որ Nacional (Նացիոնալ)-ի բուռն երկրբագուն է: Ինքն էլ էր նրանց սիրում: Լավ սկիզբ էր: Մարսելոն, ընդհակառակը, Peñarol (Փենարոլ)-ի կողմնակիցն էր, բայց լավ գրքույկի մի հեղինակի նման գոհ էր Ինեսի այդ առաջին նախաձեռնությունից:
Ինեսն ուտելիքով լի ինչ-որ փաթեթներ էր բերել. այնպես որ տանը ճաշեցին: Հետո մի քիչ հեռուստացույց դիտեցին (սովի, ջրհեղեղների ու ոտնձգությունների մասին լուրեր), բայց քանի որ Ֆեռնանդոյի աչքերը փակվում էին, հայրը նրան ուղարկեց քնելու` կարգադրելով նախապես ատամները լվանալ:
Կեսգիշերին, նրան արթնացրեց լոգարանից լսվող աղմուկը: Ինչ-որ մեկը ջուրը բաց թողեց: Դուռը բաց լինելով՝ Ֆեռնանդոն կարողացավ թաքուն նայել իր սենյակից. Ինեսը վերնաշապիկով դուրս եկավ լոգարանից ու մտավ Մարսելոյի ննջարանը:
Ֆեռնանդոն վերադարձավ իր անկողինն ու որոշ ժամանակ քունը չէր տանում: Ինեսը գեղեցիկ էր ու հաճելի, բացի այդ՝ Nacional-ի բուռն երկրբագու: Բայց, քնելուց առաջ, Ֆեռնանդոն որոշեց վերահաստատել իր հավատարմությունը՝ Լուիզայի նկատմամբ: Մորը ֆուտբոլը չէր հետաքրքրում, բայց այդուհանդերձ նա Ֆեռնանդոյին գեղեցիկ ու հաճելի էր թվում:
Շաբաթ և կիրակի օրերին, Ֆեռնանդոն մռութը կախ վայելեց հոր և այդ կնոջ ընկերակցությունը: Իրավիճակը բնականոն դարձնելու պահը չէր. Ինեսն այլևս ֆուտբոլից չխոսեց, կարծես ինչ-որ մի ֆիլմի սցենարը ավարտված լիներ. այնքան լուռ էր, որ կիրակի օրը`երեկոյան, Մարսելոն մոտեցավ նրան, շոյեց գեղեցիկ մազերն ու հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է:
-Կարևոր չէ,- ասաց նա,- ուղղակի պետք է հարմարվեմ:
Դա ասաց շշուկով, որպեսզի միայն Մարսելոն լսի, բայց Ֆեռնանդոն լսեց (տատիկը միշտ ասում էր. «այս տղան նապաստակի լսողություն ունի») ու եկավ այն եզրակացության, որ ինքն էլ պետք է հարմարվի: Իսկ կհարմարվի՞, արդյոք:
Կիրակի օրը` գիշերը, Մարսելոն որդուն վերադարձրեց մոր մոտ: Ներքևից զանգեց, ու, երբ նախկին կնոջ ձայնին նմանող մի ձայն լսեց, ասաց. «Լուիզա, Ֆեռնանդոյին այստեղ եմ թողնում: Առայժմ»: «Շնորհակալություն: Առայժմ», ասաց զանգի հեռախոսով պատասխանող կինը՝ սովորականից ավելի վատ լսվող ձայնով:
Ֆեռնանդոն վերելակով բարձրացավ յոթերորդ հարկ: Այնտեղ նրան էր սպասում Լուիզան: Համբուրեց մորը, դեմքին հացի փշուր կար, բայց իր համար դա միաևնույնն էր:
Քիչ անց մայրը նրա համար նարնջի հյութ պատրաստեց: Եվ հանկարծ հետաքրքրասիրությամբ նայելով Ֆեռնանդոյին՝ հիացավ. անհեթեթություն էր թերևս, բայց նրան թվաց, թե ընդամենը 48 ժամվա ընթացքում իր որդին մեծացել է:
Ուղղակի, մի բան ասելու համար, Լուիզան հարցրեց.
-Իսկ հայրդ ինչպե՞ս է:
Ֆեռնանդոն մտածեց. «Նա էլ «Մարսելո»-ի փոխարեն ասում է «հայրդ»»: Պատասխան տալուց առաջ նա թուքը կուլ տվեց.
-Մենակ: Մենակ է:

* Ածխի վրա խորոված միս (Ծ.Թ.)

Թողնել պատասխան

Your email address will not be published.