Սիրանույշ Օհանյան | ԳՈՒՅՆԵՐ

Սիրանույշ Օհանյան

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի

|
Նախ տերևները
դժվար թափվեցին ճյուղերից հետո
կեղևը պոկվեց
ապա ճիլոպը մաշկահան եղավ
մերկ էր ու ծաղկած
իսկ մեղուները չնկատեցին
դե ծաղիկները առաջվանն էին

||
Վարդը բացվում էր շերտերի միջով
վարդը թողնում էր ծալքերը հերթով
վարսանդն ազատ էր
միայնակ ու մերկ
վարդը ինքն իրեն նոր էր ճանաչում
իսկ փշերն էլի նույն տեղում էին

|||
Ամպերը իջան
քսվեցին քնած ջրերի դեմքին
լուսինը ծաղկեց արևի լույսով
բոլորակ դաշտում
կապույտ երկնքի
գագաթներ կային
գագաթներ կային ջրերի խորքում

||||
Երկինքը հանեց կապույտը
անձայն
ծիլերը թողին կանաչն արտաքին
մրգերը հաստատ արձակում էին հագի գույները
ջրերը արդեն թափանցիկ էին
թափանցիկ էին
ամենքը ինչպես
լույսը արևի

|||||
Իսկ հորիզոնը հաստատ էր էլի
ամպերը խախուտ
քամին անկայուն
թևերիս էլի փետուրներ չկան
աչքերս էլի ներքև են նայում
լեռան գագաթից
միայն լեռներն են բարձր երևում
միայն գագաթն է հաստատուն թվում
բայց հորիզոնը հաստատ էր էլի

||||||
Դրսում ու ներսում գույները նույնն են
դրսի ու ներսի սահմանը նույնն է
անցա սահմանը դրսի ու ներսի
անցա սահմանը իմ ու քո միջև
գույները նույնն են

|||||||
Սպիտակ էր հողը
սպիտակ էր դաշտը
սպիտակ էր սարը
սպիտակ էր ձյունը
սպիտակ էիր դու
բայց ես գիտեի տարբերությունը
ես սիրում էի տարբերությունը
սպիտակների

||||||||
Ես գիտեմ մի օր ձայնս կհասնի
կապույտ երկնքին
ես գիտեմ մի օր նա կերևա ինձ
մանուշակագույն
ես գիտեմ մի օր
երկնքում բացված ծովը կծփա
կանաչ արևի լազուր շողերով
կարմիր բույսերը
կհանեն աշնան փիրուզ հագուստը
կքնեն դեղին ձյուների գրկում

|||||||||
Բոլոր գույներում ընդունակ էի ճանաչել ես քեզ
բոլոր գույները ընդունակ էին հիշեցնել ինձ քեզ
ես սպասում էի
իսկ կուրությունը այդպես էլ չեկավ
մոռացում չկար

||||||||||
Կորած բառերը էլ չեմ որոնում բառերով
մեկ է
քեզ չեմ համոզի
որ քո գույները ու իմ գույները նույն սահմանն ունեն
ներսի ու դրսի

|||||||||||
Ծառը կապույտ էր
սերմը կապույտ էր
խոտը կապույտ էր
հողը կապույտ էր
օդը կապույտ էր
երգը կապույտ էր արձակ երկնքում
նայում էի քեզ
կապույտով ծածկված
վիշտդ դելֆինի ժպիտ էր ասես

||||||||||||
Սպիտակությունը ծածկվում է տառերի տակ
գույները ծածկվում են բառերի տակ
վերադարձդ մնում է մեկնումի տակ
բաժանումը ծավալվում է հանդիպման վրա
ինչպես երկինքը՝ Տիեզերքի

|||||||||||||
Աչքերը բաց են
ստվերներ չկան
ջրերը խոր են
ստվերներ չկան
թռիչքը բարձր է
ստվերներ չկան
արևն անսպառ է
ստվերներ չկան։

 

||||||||||||||
Երաժշտությունը՝ Փինք Ֆլոյդի
Նվիրվում է ապրիլի 4-ին ծնվածներին ու վերածնվածներին ։)

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.