Խանում Ավանյան | ԹԱՆԿԱՆԵՐ

TA24

Երբ բաց էի թողնում թռչուններին,

դու եկար,

վերջին թռչունի ոտքից թել կապեցիր,

նրա փոխարեն դու թռար․․․

 

Մտքերով մնալու տեղ

չունեմ․

թռչուն-

ընկերուհիս վաղո՜ւց  թռել էր տաք երկիր։

 

Քո հեռանալուց հետո կորցրեցի հայրենիքս`

թշնամու երազներում։

 

Մեր հանդիպման օրը

Ես կանաչ զգեստ կհագնեմ,

Ծառերի հետ չշփոթե՛ս:

Քո համար եմ ծաղկելու…

 

Երկու օր է ուզում է

մի լավ անձրև տեղա աչքերիցս,

Բայց անտեղի է հոսելու,

Ծառերը վաղուց են ծաղկել։

 

Հանդիպման վայրում

մանուկները խաղում են էլի,

մենք էլ հանդիպեցինք,

սեր խաղացինք, խոսեցինք,

ցրվեցինք դու ձեր տուն, ես մեր տուն:

 

Առավոտը սկսեցի

մի բաժակ Բոբ Մառլիով ,

Նրա   մարիխուանոտ  բառերը

քչփորում են ուղեղս։

 

Ծխախոտս՝ ֆեյսբուքն է․

Անիմաստ թոքերս չեմ վառում ,

Սրա, նրա պատերից կախվելով

հայացքս վառում է

նրանց ներաշխարհը,

ֆեյսբուքում այսօրվանից գարուն է։

 

Մի քանի տարի էր ընկերոջս չէի տեսել ։

Ձեռքերս պարզեցի դեպի վեր,

գրկախնվեցինք՝ ես ու ինքը։

 

Հիշում ես ՝ ծիծաղում էինք,

երբ անձրևը սիրահարվեց,

ծնվեց ծիածանը ,

Հիմա  նա՛ է մեզ վրա բերանը բացել…

 

Բնության խոսք

Ինձ  զարթնեցրեց հողի անուշ  բույրը,
զարթնեցրեց առավոտը….
կյանքիս արձագանքը լսելով՝
սկսեցի փորել հողը․
չգտա հուշերս։
Ընկուզենին հասակ էր առել ,
հասցրել հուշերս երկնքի պորտը։
Ծաղիկներ եմ փռել այգու սրտում,
իսկ արևածաղիկները  փոքրիկ  արևներ են…

Սովորիր ինձ պես
թռչել երազներում,
քամու ալիքներում,
բայց․․․
չվերադառնաս այդ ալիքներով.
երազներս
երկնքից  ցած կընկնեն։

 

Մանկություն

Փոքրիկ փողոցը ինձ հետ մեծացել է ,
գարնան կյանքից մի կտոր եմ բերել
հիշողության  պատկերներիս…
դու իմ աշնան մեջ ես ,
քնած մանկություն
զարթնիր փողոցների հետ…
իսկ ու՞ր է այն տաք առավոտը ,
երբ մանկան ճիչերով փողոցներն էին եռում…

Ճանապարհին  աստղ էր ընկած,վերցրեցի, վազեցի տուն ,
դռները փակեցի, երեք երազանք մտապահեցի…

Հետո ծոցիցս աստղը  հանեցի․

Այն թղթից էր…
Երկի՛նք  ինչո՞ւ խաբեցիր

 

Արևային տանիքը 

Լսել  էի  այդ  մարդկանց  մասին․ նրանց  գոյությունը  աղքատության խորհրդանիշն էր:  Աստիճանները   դեպի   վերև  էին  տանում,  կյանքիս ամենադժվար   աստիճաններն   ասես   դժոխք  էին  տանում։ Այդպիսի հանրակացարանում  մարդկանց  կյանքը  կանգ էր առել, լճացել, մարդիկ հեռացել էին բուն կյանքից։ Նրանց համար հարբած մարդու  երգն  ու  պարը անվճար բեմականացում  էր հիշեցնում։  Հարբածը իր ձայնը գցել էր․

— Ես արևային տանիքում եմ ապրում, թողե՛ք ինձ:

— Այ մարդ,  բարձրացի4ր,  հերիք է։

Նրան տարան դեպի տանիք՝  իր արևային բնակավայրը։

Երկուսով նստում էինք  խարխուլ  հանրակացարանի  բակում ` Սոխին տեսնելու։ Սոխը ՝ փոքրիկ  աղջիկ  էր, կլոր աչքերով ու մի պոչ ուներ սոխանման։ Մենք չէինք զրուցում նրա հետ,  մեր հայացքների   հանդիպումը   շշուկների  առիթ  էր տալիս,  դժգոհ խոսակցություններ էինք լսում,  թե՝ ուր են եկել, համր երեխուց  ինչ են ուզում։ Քիչ  հեռվում    նստարանին  երկու  տղամարդ զրուցում էին՝ տուն կին տանելու,  նրա փարթամ  կրծքերի  մասին։  Մեր ծիծաղից նրանք շրջվեցին․

-Անդաստիարակնե՛ր, դուք կրծքեր չունե՞ք:

Ամոթախառը հեռացանք այդտեղից. հանրակացարանի նույնանման կյանքը շարունակվում էր։ Գիշեր էր արդեն, մեզ տունը կանչում էր…

Թողնել պատասխան

Your email address will not be published.