Նորվան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«»«»«»

Քո հանցանքն էր,
եթե մի քիչ շուտ ձեռքդ ինձ հասներ՝
կհաղթեիր…
Հիմա էդպես ծուռ մի նայիր՝
ես երբևէ ոստիկանի գլխարկ
չեմ ունեցել գլխիս,
ու չեմ խոսել պատի ետևում արածող
էշերի հետ իմ կապից,
եզից ավելի եզ էլ չեմ,
որ երկրագունդը պոզերիս վրա պահեմ,
Հունաստանի շարունակությունն էլ չեմ,
մոլորակը ճաքում է երկրորդական սոկրատեսներով,
վերադարձիր,
և իմ առանցքում դարձյալ պտտիր,
ու թե այս անգամ գլխապտույտ զգացիր,
իմ հանցանքով է հաստատ:

«»«»«»

Քեզ էլ մտքիցս պիտի հանեմ,
քեզ, որ ստերիս չես հավատում
և իմ գույնզգույն փուչիկներից
ու անակնկալ հարցումներից
չես ըմբռնում մանուկ լինելս,
կոշիկների թացությունից
գլխի չես ընկնում,
թե քանի օր եմ ծովի վրայով քայլել,
ու չես խորհում
այն փակ ճամպրուկի մասին,
որ ինձ փախցնելու է…

«»«»«»

Հայացքդ մի թաքցրու,
այս մահճակալը
քեզ համար էլ բավականին տեղ ունի,
ամբողջ աշխարհը
մի օր այս մահճակալին…
գնացել են,
ալկոհոլի հոտը թողել ինձ,
որ մի քանի կաթիլ հետո…
Ափսոս էի,
Հիշեմ`
մեռնելուս պատճառը բժշկից իմանալ:
«»«»«»
Մորս պապը՝ Գող Միրզան
ձին ծախեց,
հրացանը ծախեց,
խանի գլխարկում միզեց
ու գնաց մեռնելու…
Ձին չեմ տեսել,
հրացանը նույնպես,
պապիս տեսա,
որ դագաղի միջից
ինձ աչքով էր անում…
Ալմաստ տատիս մի աչքը չեմ տեսել,
բայց սնդուկում պահված
ցարական թղթադրամը տեսել եմ,
նա իրենից մի հատիկ ասեղ թողեց,
մի կծիկ թել, մի փոքրիկ մկրատ
ու մեռած ծնված զավակների դեմքեր…

«»«»«»

Կուզեմ հազար լուսնային տարի էլ չգաս…
Այդ ձագարաձև ծաղրական գլխարկով ու
երկար ցախավելով՝
հնացել ես, հեքիաթ ես դարձել,
և անգամ պատուհանի տակ կանգնելդ ու
անիծված ջութակի տզզոցն հանելը
դարձյալ անօգուտ է:
Այսօր, եթե նույնիսկ մոդայիկ գլխարկ դնես,
փոշեծծիչ հեծնես,
կամ գիթառ նվագես,
ինչ խոսք, հնացել ես,
բրածո դարձել:
Ամեն օր ջրում եմ
սենյակիս արհեստական ծաղիկները,
անիծյալները չեն աճում:
…Սիրո բաժակը կիսատ թողեցիր…
այսօր եթե ասուպ դառնաս
ու հանկարծ իմ պատուհանին իջնես,
այլևս նոր պայման չեմ դնի,
գոնե գայիր ու կիսատ թողած բաժակը…

1 comment

    • Շաքէ on 12 Հունիսի, 2013 at 1:51 ե.
    • Reply

    Նորիկ ջան, չեմ կարդում նորից, կարդում եմ կրկին, ու կրկին հիանում, կծու հեգնանքդ ծակում է.
    տխուր բանաստեղծի պատմուճանը հանիր ու …

Թողնել պատասխան

Your email address will not be published.