«

»

Ապր 10 2012

Տպել Գրառում

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռիմա Խաչատրյան

Վախենում եմ…

Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես ապրել սովորիր, սա է կյանքը… Ես արդեն սկսել եմ…
Երբ երազներդ ձուլվում են նպատակներիդ ու անէանում ապագայի՝ արտասուքից ժանգոտած տանիքներին, որոնք էլ երբեք կարմիր չեն լինելու, որոնք էլ երբեք քոնը չեն լինելու, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես տանիքներ ներկել սովորիր… Ես արդեն սկսել եմ…
Երբ կտավդ չի ստացվել, իսկ քեզ միայն ցամաքած ներկապնակն է մնացել, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես սովորեցրու հոգուդ նկարել… Նրան դրա համար ներկապնակներ ու վրձիններ պետք չեն… Ես արդեն սկսել եմ…
Երբ ատելությունը քեզ խեղդում է սեփական տանդ մեջ, իսկ դու անգամ արտասվել չես կարող, քանի որ արդեն այնքան ես արտասվել, որ քեզ կարող են չհավատալ, դա այդքան էլ սարսափելի չէ…Պարզապես սովորիր դուռդ փակ պահել ատելության առաջ, թե կարող ես… Ինձ մոտ դա դեռ չի ստացվում…
Երբ թվում է, թե ուշացել ես դեպի խաղաղություն ուղևորվող գնացքից, երբ թվում է, թե կիսախելագար սիրտդ էլ երբեք հանգիստ չի գտնելու ու այդ ուշացման պատճառով պատժված՝ ամեն գիշեր երազումդ դեգերելու է քո գոյության սահմանագծին ու անքուն բու դարձած՝ ոչ ապրելու է, ոչ մեռնելու, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես համոզիր ինքդ քեզ, որ երազում բու տեսնելը լավ նշան է…Ես արդեն հավատում եմ դրան…
Երբ աչքիդ առաջ րոպեները, հատ առ հատ, դառնում են բթացած ծայրով նետեր ու մի քանի անգամ կրակված փամփուշտներ՝ սպասումներիդ գունավոր սավանը վերածելով խոշոր անցքերով ցանցի, որ կարկատել անհնար է, դա այնքան էլ սարսափելի չէ…Պարզապես սովորիր հույսիդ թիթեռնիկներին ունեցածդ ցանցով բռնել… Ես արդեն երկուսին բռնել եմ…
Երբ որոշում ես կրակով ներծծված չարության սպունգը մերկ ձեռքերով բռնել ու քամել, և հպման հաջորդ իսկ վայրկյանին հասկանում ես, որ ձեռքերդ փոշիանալու աստիճան այրվում են, բայց դու չես կարող ոչինչ անել, քանի որ դա է չարից ազատվելու միակ ուղին, իսկ ձեռքերդ թույլ են, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես կոփիր մաշկդ… թեկուզ կրակով, թեկուզ մոխիրների վերածվելով, թեկուզ մեռնելով, բայց կոփի՛ր… Կյանքը մեղմամաշկներին ատում է, հոգի՛ս… Ես արդեն այրել եմ մատներս….
Երբ գոռում ես, իսկ խուլ ու թափանցիկ արհամարհանքի պատերը ճզմում են ճիչերդ շուրթերիդ ճաքերում, երբ գոռոցիդ պատասխանը դատարկություն արտաշնչող հայացքն է միայն, դա այնքան էլ սարսափելի չէ… Պատերին շուրթերի շարժումները կարդալ սովորեցրու… Այսօր առաջին դասս է…
Սարսափելի չէ, երբ ընկնում ես, երբ դատարկվում ես, երբ ապագադ չի երևում ու չգիտես՝ գալու է, թե ոչ… Սարսափելի չէ, երբ մերժված ես, երբ տերը չես այն ամենի, ինչ կարծում էիր, թե միշտ էլ քոնն է եղել… Երբ քո փոխարեն անգամ մեռնելուդ օրն են որոշում նրանք, ովքեր երդվում էին, թե սիրում են քեզ… դա այնքան հեռու անցյալում էր… Այնքան հեռու…
Սարսափելին այն է, երբ հասկանում ես, որ ատելության գորշ մաղձը եռում է նրանց երակներում, ում այդքան սիրում էիր… դա այնքան հեռու անցյալում էր… Սարսփելին այն է, որ քո փոխարեն արդեն որոշել են, որ համր ես ու որ դա քեզ հայտնում են… կատակով… Սարսափելին այն է, որ վախենում ես ինքդ քեզնից… Այն մարդուց, ում նրանք են կերտել քո փոխարեն… Իսկ դու այդպիսին չէիր… Չէիր ուզում լինել… Չէիր լինելու…
Սարսափելի չէ երբ մահացու հոգնում ես ճանապարհիդ կեսին… Միշտ էլ կարող ես ճամփադ շարունակել մի փոքր դանդաղելով… Սարսափելին այն է, որ չգիտես ինչ է լինելու հաջորդ կեսով անցնելիս… Գուշակել չգիտես… Ես էլ չգիտեմ… Վախենում եմ…
Խոստովանություն հայելուս…
Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես…
Դու բողոքում ես դատարկությունից, բայց չէ՞ որ այդ նույն դատարկությունն է մի օր լցվում ու դառնում այլ մի բանի սկիզբը… (Դու դեռ վախենում ես, որ այդ «մի օր»-ը կարող է չափազանց ուշանալ…):
Դու բողոքում ես խավարից, բայց չէ՞ որ հենց դու ես թույլ տվել, որ լույսերը հանգցնեն…(Իսկ այժմ էլ չես թողնում, որ դրանք կրկին վառվեն, քանի որ վախենում ես կուրանալուց…):
Դու բողոքում ես կյանքիդ միօրինակությունից, որ անտրտունջ անիվի պես քեզ կուլ է տալիս իր պտույտներում, բայց չէ՞ որ այդ դու ես, որ հրաժարվում ես գեթ մեկ կիաակնթարթ կանգ առնել… (Դու կրկին վախենում ես ժամանակի այդ չնչին փշրանքում մի բան կորցնելուց…Իսկ գուցե հենց այդ անդուլությո՞ւնդ է գողանում կյանքդ քեզնից…):
Դու բողոքում ես անորոշությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մշուշով ծրարեցիր ապագադ ու որոշեցիր հանդգնորեն չհավատալ… ( Իսկ հիմա արդեն ուշ է մեռյալին հարություն տալու համար. դու աստված չես, չնայած շատ կուզեիր այդպիսին լինել…):
Դու բողոքում ես մենակությունից, բայց մի՞թե դրանում միայն մարդիկ են մեղավոր… Մի՞թե քո մեղքի մասնաբաժինը մենությանդ գրպանների ծակոտկենում թաքնված չէ…Մի՞թե ինքդ ժամանակին լքելիս չես արտասվել…(Դու դեռ վախենում ես սխալներդ նետել սեփական ճակատիդ հայելու մեջ նայելիս…):
Դու բողոքում ես… բողոքում ես, որ քեզ երբեք ու ոչ ոք չի հասկացել, իսկ դու երբևէ փաստարկներդ մարդկանց երեսին շարելիս մտածե՞լ ես, որ նաև լսել գիտես… (Դու այդ ժամանակ վախենում էիր, որ լսածդ կարող է քեզ համոզել, որ սխալվել ես…):
Դու բողոքում ես, որ ստում են, որ չեն տալիս քեզ այն, ինչին արժանի ես, բայց չէ՞ որ անգամ դու ես ինքդ քեզ ամեն րոպե խաբում… Չէ՞ որ դեռ ինքդ քեզ պետք է անկեղծություն շնչել սովորեցնես… (Դու հիմա էլ վախենում ես ինքդ քեզ հետ անկեղծանալիս մահացու խոցվել չիմացյալ մի ճշմարտությունից…):
Դու բողոքում ես, անվերջ բողոքում ես կյանքիդ կիսատությունից, բայց չէ՞ որ այդ դու էիր, հե՛նց դու էիր, որ կյանքդ կիսեցիր ու թողեցիր քո հիմար վրեժի ծոցագրպանում… (Սիրուց վրեժ լուծելիս մոռացար, որ այն դեռ քո ներսում էր…):
Դու բողոքում ես, որ ուժերդ սպառվում են, որ անգամ նրանք են քեզ լքում, որ քեզ կոտրված եղունգի պես մի կողմ նետելիս կյանքը դեռ բողոքում էր իրեն քո հասցրած ցավից ու հայհոյելով խոստանում քեզ էլ երբեք ետ չընդունել…բայց չէ՞ որ այդ դու էիր, որ մեջքով շրջվեցիր աշխարհին ու հեռացար, երբ նրանք քո կարիքն ունեին… (Ցավդ կիսողներին հայհոյելով՝ զուր ես նրանցից կարեցանք ակնկալում…):
Դու սխալական ես, դու մարդ ես, դու դու ես… Դու բողոքում ես մարդկանցից, քանի որ Աստծուն չհավատալով հանդերձ քեզ Աստված ես համարում…(Դու դեռ վախենում ես ճանաչել ինքդ քեզ…):
Ավարտ…
Այս ներկայացման թաղումից մինչև քառասունք մի ծափ է, դերասանը կամ ես եմ, կամ ինձ շատ նման մեկը, ծափ տվողը ժամանակը, իսկ քննադատը՝ այն բեմի ճաքը, որ սպառնում է էլ չխաղալ…նայի՛ր քեզ… ճաքի չափ էլ չկաս…անգամ ըմբոստության «տնազն» է քեզնից մի աստղաչափ հեռու ըմբոստություն խաղացող դերասանների փնտրում…նայի՛ր քեզ… ուզում ես նայիր հայելու մեջ, ուզում ես նայիր ապակուն (այսօր նա էլ է հայելի ձևանում), կամ ինձ նայիր… նույնն ենք մենք…
Աշունը ծերացել է… սկսել է բողոքել հոդացավերից, տերևները կնճռոտվել են, իսկ գարունը դարձել է գոյություն ունեցող ամենաազատ գերին ժամանակի զնդանում…
Իսկ դու դեռ մտածում ես, թե քո ներկայացման հոգեհանգստին քանի աշուն է գալու…
Այս ներկայացման թաղումից մինչև քառասունք մի ծափ է… Քեզ ու ինձ՝ միակ անտաղանդ դերասաններիս այս բեմի վրա, շատերը ծափ կտային…. շատերը ծափ կտային, եթե միայն… եթե գոնե լավ խաղայինք…
Այս ներկայացումը դեռ չսկսված ավարտվում է իմ հոգուց մինչև անվերջություն ձգվող ծիածանի թեզանիքներում…
Երբ ինձ կարկատում էին իբրև դերասան, սրտիս հատվածին հասնելուն պես, կարկատանները վերջացան, ու ես դարձա դերասան՝ բաց սրտով ու կարկատված էությամբ…
Բայց այս ներկայացումը ավարտվում է… Էլ պետք չի լինելու ժամանակին խաբել, երբ խաղալս չի գալիս…
Ներկայացումս ավարտվում է, իսկ խոնարհվելուց առաջ ուզում եմ խաբածս գարունները հաշվել… Նրանք ինձ այն ժամանակ հավատում էին… ժամանակ… Էլ ծափ չես տալիս… հոգնել ես… Ես էլ եմ հոգնել…Խոնարհվում եմ…Գլուխ եմ տալիս, բայց ոչ թե քեզ, ոչ թե խաբված գարունններին ու աշուններին, այլ այն ճաքին, որ ինձնից համարձակ դուրս եկավ… Խոնարհվում եմ նրա առաջ, որ նա, ի տարբերություն ինձ, կարողացավ թողնել ամեն ինչ ու հեռանալ մինչև ներկայացման ավարտը…

Share Button

2 կարծիք

  1. Արմինե Պետրոսյան

    Ռի’մս, ուրախ եմ, որ ստեծագործություններդ լավ գնահատականի են արժանանում ու ընթերցողների նոր խմբեր կծանոթանան քո գործերին:Ստեղծագործական վերելքներ եմ մաղթում:

  2. Ռիմա

    Շնորհակալ եմ շա՜տ Արմին ջա՜ն :))) :*

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>