Ռիմա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատուհանս

Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում…
Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան…
Մոռացումս պատժվեց ու նրա հետ նաև ես,
Տունս այրվեց մինչև վերջին լուսամուտը,
Իսկ բռնակն այն ինձնից պոկված զղջման պես՝
Տեղը մնաց՝ ողջունելու լուսնումութը…

Շտապող նամակ

ես շտապում եմ. իմ վազքից
շունչն է միայն քո պակաս,
իսկ դու՝ լուրթ, բյուրեղ երազ.
ոչ եղել ես, ոչ էլ կաս…
ես շտապում եմ. սլացքից
խռովում է իմ ճամփան.
իմ ծովերն ինձ չեն սիրում,
ու լռում է առափնյան…
ես շտապում եմ. գորշ անցքից
ինձ է ժպտում իմ անկումը,
բայց ես դառն այս սպասման շիշը
կըմպեմ մինչ վերջին կումը…
ես շտապում եմ. մի՛ ծաղրիր,
այլ ինձ շունչ տուր՝ կանգ չառնեմ,
որ խավարը ցածում խեղդած՝
աղավնու պես վեր հառնեմ…
ես շտապում եմ… թևեր տուր ինձ.
իմ սլացքից ուժ ստացած
մեկ էլ տեսար վերև թռա՝
վերջին անգամ նայելով ցած…
ես շտապում եմ դռներն թակել
գարնան թրջած ձեռքերով թաց
ես շտապում եմ ճախրով փակել
իմ հոգնատանջ նամակն այս բաց…

Տեսնես ու՞մ եմ պետք…

Ու՞մ է արդյոք պետք
Թախիծս հիմա,
Երբ դռներից ներս
Ինձ լսող չկա,
Իսկ դրանք դրսից
Լուռ փակողը ես եմ…
Ու՞մ է արդյոք պետք
Նախատինքն իմ զուր,
Երբ դռներից ներս
Բարեկամ չկա,
Ու երբ ինքս ինձ
Ապտակողը ես եմ…
Ու՞մ է արդյոք պետք
Անմարմին հոգիս,
Երբ դռներից ներս
Հոգետուն չկա,
Իսկ մահարձանս
Քանդակողը ես եմ…
Ու՞մ է արդյոք պետք
Համրաքայլ ճամփաս,
Երբ դռներից ներս
Ինձ փարոս չկա,
Իսկ նոր մոլորում
Վաստակողը ես եմ…
Ու՞մ է արդյոք պետք
Ճառս անօգուտ,
Երբ դռներից ներս
Համախոհ չկա,
Իսկ դրսում միակ
Հաստակողը ես եմ…
Ու՞մ է արդյոք պետք
Գոյությունս սուտ,
Երբ դռներից ներս
Էլ ապրող չկա,
Բայց դրսից դարձյալ
Դուռ թակողը ես եմ…

 

Ուզում եմ…

Ուզում եմ ապրել
Աշխարհից հեռու
Գույներով լցված
Ծաղիկ-տնակում…
Ճոճանակ կախել
Լուսնի այտերից
Ու ամբողջ գիշեր
Ճոճվել ու ճոճվել…
Ուզում եմ ապրել
Ամպերից պոկված,
Փետուրներ փչող
Քամու թևերին…
Այգս նվիրել
Գույներ-թելերին
Ու ծիածանին
Գույնի պես դաջվել…
Ուզում եմ շնչել
Օդի տեղ բարիք,
Լույսին բազմալիք
Ուզում եմ ննջել,
Ապրել եմ ուզում
Հույսի ամրոցում,
Որ հույսի լանջին
Արտի պես լանջվեմ…
Ուզում եմ ցնդել
Ցողերում այգի,
Նոր թարմությունով
Հին հոգիս լցնել,
Ուզում եմ մարդիկ
Ինձ էլ չհիշեն,
Որ նրանց կողմից
Ետ էլ չկանչվեմ…
Ուզում եմ թաղվել
Գույների ծոցում
Ու վերածնվել
Հավատի բոցում…
Եվ լուսնից կախված
Իմ ճոճանակով
Օրերից մի օր
Ճոճանակվելիս
Ուզում եմ գտնել
Ես մի սիրող սիրտ,
Որի նվիրած
Բոլոր օրերից
Եվ ոչ մի օրում
Այսպես չտանջվեմ…

Մանուկը, որ ես եմ

Այսօր չեմ վիճում, քեզ հետ համամիտ եմ,
Որ այս մեծ կյանքում տեղ չունեմ, ավա՜ղ,
Գուցե նրանից է, որ շատ միամիտ եմ,
Կամ որ այս ամենը ինձ թվում է խաղ…
Այսօր չեմ վիճի, ես այսօր անմիտ եմ,
Կարող ես այսօր ինձ կոչել մանուկ,
Բայց քո դեմ այսօր ես սիրազուրկ սիրտ եմ,
Իմ հպարտության հնազանդ մի ստրուկ…
Այսօր չեմ վիճի, չեմ ասի, որ ճիշտ եմ,
Թեկուզ շատ խոսքեր կան շպրտելու քեզ,
Բայց թե քեզ համար այս մանուկը վիշտ է,
Ազատ ես որոնել քեզ մի հասուն կես…

Թողնել պատասխան

Your email address will not be published.