«

»

Հուլ 30 2019

Տպել Գրառում

Զեմֆիրա Սարգսյան |ԿԱՐՄԻՐ  ԳԻՆՈՒ  ԲՈՒՅՐԸ

21741801_1995372987401668_224888597_n

Զեմֆիրա Սարգսյան

Բեռնատարը կանգ առավ գյուղի շուկայում: Վարորդը իջավ, օգնեց կողքին նստած կնոջը՝ Սիրանին, նույնպես իջնել: Հետո գործի գիտակ մարդու վստահ շարժումով բացեց թափքի կողը, երկու հարթ տախտակներով թեքահարթակ ստեղծեց ու նայելով շուրջը՝ օգնության խնդրանքով դիմեց քիչ հեռու կանգնած տղամարդկանց: Վերջիններս մոտեցան և սկսվեց թափքից գինու հսկա փայտե տակառի իջեցումը: Ինչ-որ պահի ինչ-որ բան ճիշտ չարվեց  ու տակառը՝ պոկվելով  կաշկանդող ձեռքերից՝ գլորվեց ու ցիրուցան եղավ գետնի վրա: Մուգ, սևին տվող կարմիր գինին, աջ ու ձախ ցայտելով, տարածվեց բեռնատարի շուրջը, լցվեց ճամփեզրի առուն և հոսեց դեպի գյուղամեջ:

-Ամա՜ն, տունս քանդվե՜ց…,- ճչաց մինչ այդ տղամարդկանց շուրջը անհանգիստ պտտվող Սիրանը: Նա չոքեց ու գլխին, ծնկներին տալով՝ սկսեց ողբալ:

Անակնկալից բոլորը շփոթված էին, հետո մոտեցան Սիրանին ու համոզելով նրան բարձրացրին գետնից, օգնեցին, որ նստի այդ պահին մոտ բերված աթոռին: Քիչ անց մայրս եկավ ու նրան մեր տուն տարավ (մեր տունը  գտնվում էր շուկային մոտ): Վարորդը գլխիկոր կանգնած ծխում էր: Հետո բարձրացավ ղեկին ու գործի դրեց շարժիչը: Նա պետք է գնար Գորիսի կողմերը,  վերադառնար հաջորդ օրը և իր հետ տաներ Սիրանին:

-Ախպեր ջան, ոչինչ, ինչ եղավ՝ եղավ… Ուշադիր գնա,- նրան մոտենալով  սփոփիչ խոսքեր էին ասում ձախողակ տղամարդիկ:

Սիրանը մեր հին ծանոթն էր Մալիշկա գյուղից: Ամեն տարի այսօրերին իր այգու սև խաղողից պատրաստած գինին բերում էր մեր՝ բարձր լեռնային գյուղ և մեկ օրվա ընթացքում իրացնում այն: Նրա ընտիր ու անարատ գինուն սպասում էին շատերը. ոմանք  այն պահում էին սառը նկուղներում նոր տարվա սեղանի, ոմանք՝ սպասվող հարսանիքներիհամար կամ այլ նպատակներով: Ոմանք վճարում էին կանխիկ, ոմանք՝ ապառիկ, ոմանք փոխանակում էին կարտոֆիլի, ցորենի, մեղրի, պանրի կամ կովի հալածյուղի հետ: Տակառը, որ ցիր ու ցան եղավ, ինձ՝ տասնամյա աղջնակիս համար սարի չափ մեծ էր թվում, իսկ իրականում կլիներ երևի երկու հարյուր լիտր տարողությամբ: Այն, որպես տարա, նույնպես թանկ էր ու կարևոր: Եվ հիմա, այդ հրաշալի գինուց ու տակառից մնաց միայն գինու բույրը, որ տարածվել էր շուկայի տարածքով մեկ և զգացվում էր անգամ մոտակա տներում: Հետո, հավանաբար քամու օգնությամբ, այդ բույրը  տարածվել էր ողջ գյուղի վրա:

Տանը Սիրանը հրաժարվեց ճաշից, միայն տեղի տալով մայրիկիս հորդորներին՝ մեկ բաժակ թեյ խմեց՝ թեյի հետ կուլ տալով նաև չդադարող արցունքները:

Կատարված կորստի ցնցումը չէր մեղմանում, մռմռալով կիսաձայն լաց էր լինում, մերթընդմերթ ձեռքերով բռնում գլուխը, խփում՝ ծնկներին: «Իշթա՞ր կլի մեր հալը…», մրմնջում էր կրկին ու կրկին: Մայրիկիս սփոփիչ ու սրտապնդիչ խոսքերը. «աստված կհասնի ու կօգնի, որովհետև աստված մեկ դուռ փակելու դեպքում անպայման մեկ այլ դուռ է բացում»՝ կարճատև ազդեցություն էին ունենում: Սիրանը կարծես թե չէր հավատում կամ՝ թերահավատությամբ էր ընկալում.

-Հուրի՞ է՜…, աստված, ընչի՞ իմ եթիմների խացը կռավ,- հակադարձում էր ու սևեռուն սպասում պատասխանի…

Սիրանը երեսունյոթ տարեկան էր, ուներ միջինից քիչ բարձր հասակ: Դեմքը արևախանձ էր, աչքերը՝ կապույտ, աչքերի պոչերից ձգվում էին մի քանի կարճ գծեր՝ ճառագայթների նման: Որքան էլ լուրջ լիներ՝ թվում էր, թե ժպտում է: Ալիքաձև սև մազերը, որոնց մեջ արդեն սպիտակն էր խառնվում, կոկիկ  հյուսքով հավաքած ու ամրացված էր ծոծրակին: Նրա պայծառ դեմքի հակապատկերն էին ձեռքերը. դրանք սևացած ու ճաքճկած էին: «Պոպոք եմ կլպե, դարեն ի սևցած»,- նկատելով իմ սևեռուն հայացքը՝ փորձեց ժպտալ: Նախորդ այցերից ես արդեն գիտեի. ամուսնացած չէր, որովհետև մինչև ամուսնության տարիքին հասնելը տարբեր պատճառներով զրկվել էր ծնողներից: Նրա խնամքին էին մնացել իրենից փոքր երկու եղբայրները: Նրանց համար ինքը և՛ հայր էր, և՛ մայր, և՛ քույր: Մեծացել էին ու արդեն նրա՛նց ամուսացնելու ժամանակն էր: Եղբայրների երջանկության մեջ էր տեսնում իր երջանկությունը: Պայծառ ու հպարտ կեցվածքով հայտնում էր. «Աշխատող են, տնական, խելոք, լսող, չեն խմել, չեն ծխել, սաղին խասնես են, օգնես են՝ մեր խոր պես»:

Բակում շունը սկսեց հաչել: Մայրիկս դուրս գնաց ու ներս եկավ դերձակ Գուրգենի կնոջ հետ: Վերջինս մեկ դույլ ցորեն ու մեկ դույլ կարտոֆիլ էր բերել:

-Աշ, չե՞ս նալ՝ կինիս հմեն թափավ, դո՞ր իս պերե ցորեն, կառտոլ,- նորից հեծկլտաց Սիրանը: (Աղջի, չգիտե՞ս՝ գինիս լրիվ թափվեց, ինչու՞ ես ցորեն, կարտոֆիլ բերել):

-Գինու հետ փոխելու համար չեմ բերել, հենց էնպես՝ մտքովս անցավ՝ բերեցի: Աստված մեզ տվել է՝ մենք էլ քեզ ենք բաժին հանում: Մեծ բան չի, այ Սիրան, մի նեղվի,- ամենայն անկեղծությամբ ասաց դերձակի կինը, արագ դատարկեց դույլերի պարունակությունն ու շտապ դուրս գնաց՝ իբր գործեր ունի (ուրիշ դեպքերում ոտքը կախ կգցեր, գյուղում պտտվող վերջին լուրերի քննարկում կծավալեր):

Սիրանը այս անսպասելի այցից կարկամել էր, դեռ փորձում էր հասկանալ ու ընկալել լսածը, երբ ներս եկավ պանրագործ Երեմի կինը՝ Մարուսը: Նա բերել էր երկու գլուխ պանիր (մեկ գլուխը՝ 5 կգ): Հետո եկավ մեղվապահ Ոսկանի մեծ աղջիկը՝ նա մեղր ու դարձյալ մեկ դույլ ցորեն էր բերել: Հետո մինչև ուշ երեկո էլի եկան ու էլի բերեցին: Բերեցին նույնիսկ չորացրած ավելուկի կապեր, ղավուրմա, կովի յուղ, լավաշ: Մթերքի հետ ոմանք որոշակի գումար էլ էին բերում, որ աշխատում էին առանց ցուցադրումների, գրեթէ գաղտնաբար, խցկել Սիրանի ժակետի գրպանը: Միայնակ ապրող Սանդուխտ տատը ուղարկել էր  իր ձեռքով գործած երկու զույգ բրդե գուլպա: Գուլպաների պահով Սիրանը նորից հեծկլտաց.

-Բոլի, այ ժողովուրթ, բոլի, աստված ծեր մեկ խազար անի: Ես իշթա՞ր կիտի ծեր ջուղաբ տամ: (Բավական է, այ ժողովուրդ, բավական է, աստված ձեր մեկը հազար անի: Ես ինչպե՞ս պետք է ձեզ փոխհատուցեմ):

Բոլոր եկողները, պատճառաբանելով ինչ-ինչ գործեր ու հոգսեր ունենալը, արագ հեռանում էին Սիրանի շփոթահար ու հուզառատ օրհնանքների ներքո:

Հաջորդ օրը լուսադեմին մեր տուն եկավ հարևան մալական տատիկը թոռնիկի հետ: Նա բերել էր իրենց սեփական արտադրատեսակները՝ փռի մեջ թխված երկու թարմ կալաչ հացեր (յուրաքանչյուրը մեկ գկ-ի չափ)  և տաս մետր կտոր: Կտորը նրանք գործում էին տանը հարմարեցված դազգահների վրա: Այն հիմնականում լինում էր բամբակյա թելից ու զոլերով կամ վանդակավոր: Այդքան կտորը բավարար կլիներ երկու վերմակ պատրաստելու համար:

-Բոլի, այ ժողովուրթ, բոլի, աստված ծեր մեկ խազար անի: Ես իշթա՞ր կիտի ծեր ջուղաբ տամ,- նորից շշնջաց Սիրանը: Նրա բերած պարկերը բերնե-բերան լցվեցին ցորենով, կարտոֆիլով, մյուս մթերքները դարձան բազմաթիվ կապոցներ:

Արդեն կեսօր էր, որ երեկվա ծանոթ բեռնատարը կանգնեց մեր բակում՝ Սիրանին տանելու համար: Վարորդը անակնկալի եկավ՝ տեսնելով լի պարկերն ու կապոցները, իսկ մենք անակնկալի եկանք՝ բեռնատարի թափքին տեսնելով գինու նույն տակառը… Ուրեմն տղամարդիկ հավաքել էին տակառի ցիր ու ցան եղած տախտակներն ու մետաղական օղերը, տարել արհեստանոց, հավաքել, վերանորոգել, վերականգնել ու բեռնատարին սպասել:

Շատ տարիներ են անցել: Այս պատմվածքի մարդիկ, հավանաբար, այլևս երկնքում են, չկա նաև գյուղը. այն հավերժորեն ննջում է հիդրոհամակարգի ջրամբարի հատակին: Հեռուստացույցով ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են բարեգործական մարաթոններ, շոուներ, խրախուսում են. «գրե՛ք sms-ներ, գրե՛ք, հենց հիմա գրե՛ք»: Իսկ ես հիշում եմ գյուղի վրա տարածված կարմիր գինու բույրը…

07.11.2015 թ.

 

Share Button

1 կարծիք

  1. Գառնիկ Սահակյան

    Շնորհակալություն, հարգելի Զեմֆիրա հրաշալի պատմվածքի համար: Այդ «բույրը» պահպանելն արվեստի առաքելություններից գլխավորն է, որն այնքան պակասում է մեր օրերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>