Ռուսերենից թարգմանեց Սամվել Մարտիրոսյանը
Գայլերի որսը
Պոկվում են, ճար չկա, ջլերս վազքի մեջ,
Գիշերվա պես՝ օրն էլ միշտ իմ դեմ է էլի,
Շուրջկալել են, վերջին իմ ուժերը քամել,
Բայց մահն ուրիշ է միշտ՝ քրքիջով լի:
Հաշված է ամեն ինչ,ահա երկփողանին,
Ուսին առավ, բռնեց ու կրակեց,
Չի փրկում այսօր մեզ ոչ ձյուն, ոչ եղևնի,
Ահա մեկն էլ մեզնից թավալվեց ու պառկեց:
Որսում են գայլերին, խփում վարից, վերից,
Ջնջում են, չեն նայում փոքր ու մեծ,
Որձկում են ու խեղդվում շներն իրենց հաչոցներից,
Եվ դրոշները արնագույն՝ արյունն առել են մեջ:
Բայց անարդար է, անվայել, այս խաղի մեջ մի բան,
Եվ մտածված է ամեն ինչ կարծես թե՝ ճիշտ,
Դրոշակներն են, որ փակում են մեր ճամփան,
Իսկ որսորդները թաքնված են ինչպես միշտ:
Վաղուցվանից գիտե՛ն մարդիկ մեր օրենքը,
Եվ ամեն ինչ, անշուշտ, հասկանում են նրանք,
Որ գայլերիս համար խաղալիք է զենքը,
Բայց չի գնա ոչ ոք դրոշների վրա:
Որսում են գայլերին, խփում վարից, վերից,
Ջնջում են, չեն նայում փոքր ու մեծ,
Որձկում են ու խեղդվում շներն իրենց հաչոցներից,
Եվ դրոշները արնագույն՝ արյունն առել են մեջ:
Ու հարցերն են սառչում աչքերի հետ գայլի,
Չէ՞ որ արագ էինք մենք, չէ՞ որ ուժեղ,
Ինչու՞ ենք խեղճանում դրոշների փայլից,
Որ մեզ գնդակների դեմ են քշել:
Ու պատասխան չկա, ու ելք չկա,
Իսկ նա, ում բաժինն եմ ես դառնալու,
Թփուտների միջից ժպտում է ինձ հանկարծ,
Եվ ես այդ ժպիտի պատասխանն եմ տալու:
Որսում են գայլերին, խփում վարից, վերից,
Ջնջում են, չեն նայում փոքր ու մեծ,
Որձկում են ու խեղդվում շներն իրենց հաչոցներից,
Եվ դրոշները արնագույն՝ արյունն առել են մեջ:
Բայց ես դուրս եմ ցատկում, ինձ չես պահի,
Թքած, թե՝ դրոշներն ընկել են ցած,
Եվ իմ ընտրությունը կյանքի, մահի,
Գոռոցներով է ավարտվում ձեր՝ զարմացած:
Պոկվում են, ճար չկա, ջլերս վազքի մեջ,
Բայց ուրիշ է օրն իմ, և գիշերն իմ՝ ուրիշ,
Եվ ոչ ոքի մենք սովոր չենք զիջել բաժինը մեր,
Խելագարված հարայ-հրոցներից:
Որսում են գայլերին, խփում վարից, վերից,
Ջնջում են, չեն նայում փոքր ու մեծ,
Որձկում են ու խեղդվում շներն իրենց հաչոցներից,
Եվ դրոշները արնագույն՝ արյունն առել են մեջ:
Ես չեմ սիրում
Ես չեմ սիրում, երբ մահը կա, ու ես՝ չկամ,
Կյանքի՞ց, երբե՛ք, ես չեմ հոգնի կյանքից,
Եվ ուզածդ տարվա եղանակին,
Ես չեմ սիրում, երբ չեմ երգում հանկարծ:
Ես չեմ սիրում, երբ սառն են, ինքնաբավ,
Երբ կատարյալ են՝ չեմ ուզում հավատալ,
Ու հետո, չեմ սիրում, երբ թիկունքիս կպած,
Իմ նամակներն են գողեգող փորձում կարդալ:
Կիսատ խոսքեր ես չեմ սիրում, հեռու՛,
Իսկ ընդհատված խոսքերն ատում եմ ես բնիվ,
Ատում եմ և նրան, ով կսպանի,
Ինձ՝ սիրելուս համար, կամ՝ ատելուս:
Բամբասանքները ձեր, և կասկածները ձեր,
Ինչպես եմ ես ատում, աստված իմ, ուժ տուր ինձ,
Որ կատաղած շան պես ոտքերդ չկրծեմ,
Հնազանդված՝ կարեկցանքի՛ն ծեծողներիս:
Ես չեմ սիրում, երբ կուշտ ու հաստավիզ,
Ու մի ոտքն էլ պահած արգելակին,
Ես ամաչում եմ միշտ, երբ խոսում են պատվից,
Թաքցնելով իրենց ողորմելի հոգին:
Ես վկա եմ եղել, երբ թևեր են կոտրում,
Երբ բռնանում են, երբ անպաշտպան են ու խեղճ,
Եվ իզուր չէ, որ խղճմտանքն այսօր իմ մեջ,
Ոչ իմ ատելությանն է պետք ու ոչ սիրուն:
Ես չեմ սիրում իմ վախը, չեմ հարգում,
Ատում եմ, երբ ինձ մոտ խփում են անմեղին,
Երբ իմ հոգին փորում ու փորփրում են անտեղի,
Կամ թե, աստված չանի՝ հոգուս մեջ են թքում:
Ես չեմ սիրում բեմից, և ամբոխի միջից,
Մանրել ու փաթաթել հազարների վզին,
Ու թե հաղթեն նրանք, ովքեր փոխում են ամեն ինչ,
Ես՝ միևնույն է, իմ թքածը չեմ լզի…
Ու թե հաղթեն նրանք, ովքեր փոխում են ամեն ինչ,
Ես՝ միևնույն է, իմ թքածը չեմ լզի:
Վերջին մեկնաբանություններ