Ձյան հալոցքի հետ փայլեցին առվակները։ Լեռների լանջերին ծաղկած ձնծաղիկները առաջինը ողջունեցին գարնան տաք արևին։ Գարունը դանդաղ իջնում էր գյուղ։ Ինձ միշտ թվացել է, որ գարունը սկսվում է գյուղից, քանզի այգիները առաջինը ծաղկում են գյուղում, գութանը ակոսում է հողը, կանաչ են հագնում լեռները։ Պատուհանիս դիմաց ժպտում է ծաղկած ծիրանենին։ Հայրս դուրս է հանել մեղուների փեթակները, ամբողջ օրը այգում լսվում է մեղուների բզզոցը։
Եղբայրս տուն եկավ ինքնաթիռի տոմսը ձեռքին։ Նա որոշել էր գնալ խոպան։ Պատերազմ չէ, բայց որքան գարունը մտնում է իր տարերքի մեջ, գյուղն այնքան ավելի է դատարկվում։ Երևույթը երբեմն պատերազմի պես ահավոր է դառնում։ Մեր գյուղերից շատերը սովորել են ապրել կանանց, ծերերի և երեխաների հետ։ Երեխաները մեծանում են կարոտով հայրերի, կանայք՝ ծերանում սպասելով։ Գյուղն երբեք այդքան խեղճացած չէր եղել։ Ծաղիկները ձեռքիս քայլում եմ թաղման թափորի առջևից, նայում եմ դագաղը իրենց ուսերին տանող կանանց ու փորձում գտնել այն գյուղը, որը կար և իր երիտասարդներով հզոր էր մի ժամանակ։
Մնաս բարով ենք լինում եղբորս հետ։ Հայրս ուզում է հետը գնալ մինչև օդանավակայան, եղբայրս չի թողնում։ Մեքենայի մեջ տեղ չկա, մեկնում են ընկերներով։ Բոլորն ուրախ են «երազանքի երկիր»-ը սպասում է իրենց։ Եղբայրս որոշել է անգամ թե վերադառնալուց հետո ի՞նչ մեքենա է գնելու։ Մայրս չի կարողանում զսպել արցունքները։ Եղբայրս նստում է մեքենան։ Դույլով ջուր եմ շփում նրանց ետևից։ Վարորդը պատասխանում է ձայնային ազդանշանով։ Պապը նստում է ծառի տակ դրված տափակ քարին և սկսում նորոգել բահի կոտրված պոչը, հայրս դաշտ է գնում։ Վերցնում եմ պայուսակս և շտապում դպրոց։
Ցածր կտուրների վրայով գլորվելով, և քարուքանդ նեղ ճանապարհներով գյուղով անցնում է գարունը։ Գնում է ի՞նչ-որ տեղ հանդիպելու և սեղմելու ամառվա ձեռքը։
Օրերը ավելի շոգ են դառնում։ Սեղանները զարդարում են դեղձը, ձմերուկը։ Օջախների մոտ երևում են ձմռան համար պահածո փակող կանայք։ Հայրս քաշում է մեղրը։ Մայրս եղբորս բաժին է վերցնում և պահում առանձին։ Ցորենը քաղում ենք ու տանում ջաղաց։ Պարկերով այլուրը բերում ու դարսում ենք պահեստում։ «Փառք Աստծո, ձմռան հացը եղավ, կարևորը դա էր»։ Պապը ուրախանում է։ Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ տեսնում եմ դաշտից սալոմը տուն բերող կամ նախիրը դաշտ տանող կանանց։ Ժամանակները փոխվում են, կամ փոխվել են գուցե։ Պատմության դասագրքերում կարդում եմ թագավորների մասին ու զարմանում։ Նրանք ժպտալ գիտեն ամենինչից հետո, լինի պատերազմ, չստացված բանակցություն, սեփական երկրի աղքատություն… Ինչո՞ւ են նրանք այդքան տարբեր մեզանից։ Ավելի փոքր տարիքում ես կարծում էի որ թագավորները մեզ նման չեն, նրանք ուրիշ մարդիկ են, և ծնվում են մարդկության դեմ պատերազմելու համար։ Հիմա համոզված եմ՝ նրանք էլ մեզ պես մարդ են, բայց թագավոր դառնալուց առաջ միշտ նրանց մեջ մեռնում է ինչ-որ մարդկային բան, որպեսզի կարողանան ծառայել իրենց ստեղծողին։ Ժամանակն ի զորու չեղավ փոխելու այդ կանոնները միայն։
Ծառերը դողում են։ Դրսում թափառում է սառը քամին։ Օրերը մռայլ են, մութ։ Գրեթե ամեն օր անձրևում է։ Պապի քաշած գինին պատրաստ է։ Պապը գինի խմելու է կանչում գյուղի կենտրոնում հավաքված ծերունիներին։ Ամեն տարի նա գինի խմելու էր կանչում մեր գյուղի քահանային էլ, այս տարի սակայն չկանչեց նրան։ Այն օրը, երբ մեր քահանան հեգնեց այլ կրոններին և նրանց առաջնորդներին, կորցրեց իր դեմքը։ Նա զրկվեց ինքն իրենից, իսկ մենք՝ նրա հանդեպ ունեցած հարգանքից։ Մեր քահանան էլ է ուզում սիրել, ապրել բոլորի նման, բայց վախենում է։ Կողքի գյուղում նա սիրուհի ունի, նրան հանդիպում է գիշերով, թաքուն, վախը սրտում՝ որ ինչ-որ մեկը կտեսնի ու վերջ… Դրանից է գուցե, որ նա սկսել է ատել մարդկանց։ Դարձել է ջղագրգիռ, լռակյաց։ Նրան թվում է գյուղացիներն են խանգարում իրեն։
Մայրս գինուց նույնպես վերցնում է եղբորս բաժինը։ Արդեն սպասում ենք նրան։ Աշնան ամիսները կարելի է սպասման ամիսներ անվանել։ Խաբված չլինելու հույսը սրտներում բոլորը սպասում են։ Խաբված կանայք անգամ երրորդ աշունն են դիմավորում հավատով՝ որ այս նոր տարին կդիմավորեն ամուսինների հետ միասին։ Ցրտահար աշնան վերջին օրերի հետ մի քանիսը վերադառնում են։ Բոլորս շտապում ենք նրանց տներում աչքալուսանքի։
Առավոտյան բացում եմ դուռը։ Ամենինչ սպիտակ է։ Սարերի լանջերին տեղ-տեղ երևում են միայն սև մեծ քարերը, որոնք ձյունը չի կարողացել ծածկել։ Հագնում եմ սապոգներս, դնում գլխարկս։ Վերցնում եմ ձյան բահը և մաքրում Չալոյի մոտ տանող ճանապարհը։ Չալոն դուրս է գալիս բնից, նրա բերանից գոլորշի է դուրս գալիս։ Շոյում եմ շանս գլուխը և շտապում դպրոց։
Դանդաղ սահում են անցնող տարվա վերջին ժամերը։ Ամանորի սեղանը կիսով չափ պատրաստ է արդեն։ Պապը սեղանին է դնում իր քաշած օղին։ Նա այլ օղի խմում է այն ժամանակ միայն, երբ վերջանում է իր քաշածը։ Մայրս ուղարկում է ինձ մառանից միրգ բերելու։ Այնտեղ՝ եղբորս համար առանձին դրված պապի քաշած օղու և մեղրի կողքին նկատում եմ նաև ծիրանի և դեղձի չիր։ Երբ ժամացույցի սլաքները ազդարարում են նոր տարվա գալիքը, մենք բաժակ ենք բարձրացնում, շնորհավորում ենք միմյանց և խմում։ Երկրորդ բաժակը պապը բարձրացնում է եղբորս համար.
-Թոռս գա՜, կարոտել եմ, պսակվի էդ օրը տեսնեմ ու մեռնեմ, էլ բան չեմ ուզում։
Խմում ենք։ Բոլորը համոզված են, որ եղբայրս շուտով գալու է։ Ես էլ եմ այդպես ցույց տալիս։ Մտովի սակայն չեմ համաձայնում պապի հետ։ Երկու անգամ բոլորից գաղտնի ցորեն եմ վաճառել և փող ուղարկել նրան։ Ես գիտեմ այն, ինչ նրանք չգիտեն։ Ես չեմ սպասում եղբորս։ Գիտեմ, որ թմրամոլները շուտ և ինքնուրույն չեն վերադառնում…
Նյմ 10 2012
Վերջին մեկնաբանություններ