Զեմֆիրա Սարգսյան | ԵՐԿՈՒ ԿԻՆ ԵՒ ԿԱՐՈՏ

— Սա գործազուրկների գրասենյակն ա՞,- դռան մոտից կասկածանքով հարցրեց Սեդան:

— Ոչ թե՝ գործազուրկների գրասենյակ, մայրիկ ջան, այլ՝ զբաղվածության կենտրոն: Դուք աշխատանք եք փնտրու՞մ, ուրեմն ճիշտ եք եկել,- քարտուղարուհին սիրալիր էր և աթոռ առաջարկեց,- նստե՛ք այստեղ, պետք է մի քիչ սպասեք:

Նստեց քարտուղարուհու առաջարկած աթոռին և սկսեց դիտել շուրջը: Դիմացի դռան վրա ոսկեգույն շերտիկի վրա սև գույնի գեղեցիկ տառերով գրված էր «ՏՆՕՐԵՆ», իսկ աջակողմյան պատի դռան վրա, համեմատաբար փոքր տառերով՝ «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ»: «Հետաքրքիր ա. ինչի՞ մասնագետներ են այնտեղ»,- ինքն իրեն մտովի հարցրեց ու պատասխան չունենալով՝ սկսեց ուսումնասիրել սպասողներին: Տղամարդիկ էին: Մեկն անդադար ձեռքի մատներով տկտկացնում էր ծնկների վրա դրված թղթապանակի վրա, մյուսը որոշակի ընդհատումներով ծնկներն էր ցնցում, նրա կողքինը հանգիստ նստած էր, բայց հանկարծ կռացավ, անդրավարտիքի փողքերը հերթով մի ձեռաչափ բարձրացրեց, գուլպաները ձգեց վեր, հետո փողքերը իջեցրեց, երկու ձեռքերով դրանց վրա աջ ու ձախ թփթփացրեց, փոշեզրկեց, ընդունեց նախկին դիրքը: Բայց Սեդայի մեջ ինչ-որ բան էր թրթռում, նոր, շփոթեցնող ու անծանոթ, քիչ առաջ ի հայտ եկած… Ի՞նչ…: Հա՜, «Մայրիկ ջան»-ը՜…: Առաջին անգամ էին իրեն այդպես դիմում: Ուրեմն ինքն արդեն այդ տարիքի՞ն է հասել: Ակնդետ նայեց քարտուղարուհուն, գտավ, որ նա կլինի քսան-քսաներկու տարեկան, իսկ ինքն էլ արդեն քառասունհինգ է. ի՞նչ կա որ… Իր առաջնեկն էլ է այս աղջկա տարիքին:

— Նախկինում աշխատանքի տեղավորման հարցով մասնագետներն էին ընդունում, իսկ հիմա տնօրենի մոտ պետք է մտնե՞նք,- սրտնեղեց ծնկները ցնցող տղամարդը:

— Այո, տնօրենը ավելի արագ կարող է ձեզ օգնել, քանի որ նրա կապերը շատ են, գործատուների մեծ մասը նրա ընկերներն են,- սկսեց բացատրել քարտուղարուհին,- նա կարող է …

— Ճի՞շտ է, որ նա պետք է իր թեկնածությունը դնի համայնքի ղեկավարի ընտությունում,- նրան ընդհատեց ու, թաքնված հեգնանքով հայտարարելու պես, հարցրեց թղթապանակովը:

— Այո, բոլորը դա են ուզում. թե՛ համայնքի բնակիչները, թե՛ վերադասը,- զվարթացավ քարտուղարուհին:

Ի վերջո Սեդային հրավիրեցին տնօրենի մոտ: Վերջինս տեղից բարձրացավ, մի քանի քայլ ընդառաջ գալով սիրալիր ընդունեց բարևը և.

— Նստե՛ք, մայրիկ ջան, պատմե՛ք, թե մինչև օրս որտե՞ղ եք աշխատել, ի՞նչ մասնագիտություն ունեք, ի՞նչ աշխատանք կարող եք անել:

Սեդան ակնհայտորեն շփոթվեց ու կարկամեց «մայրիկ ջան»-ը լսելու պահից: Հասցրեց նկատել տնօրենի քունքերի հազիվ նկատելի հատուկենտ ճերմակ մազերը, սակայն տեսքը թարմ էր ու պայծառ, ամենայն դեպս՝ ինքը նրա համար մայրիկ համարվել չէր կարող: Ծաղրու՞մ է…: Ո՛չ, ոչ մի նման բան չի զգացվում: Պետք է հարցերին պատասխանել: Նա մի կերպ կենտրոնացավ ու պատմեց, որ ունի դերձակի մասնագիտություն, զբաղվել է տնայնագործությամբ: Վերջին քսան տարիներին շինարարական տրեստի պատվերով բանվորական ձեռնոցներ է կարել ու վարձատրվել: Դա կայուն ու հարմար աշխատանք էր տանից: Հիմա այդ տրեստը լուծարվել է ու ինքը մնացել է անգործ: Երեխաները մեծ են. արդեն կարող է տանից դուրս էլ աշխատանք կատարել:

— Խնդիր չկա,- ասաց տնօրենը և սեղմեց աջ կողմում դրված սարքի կոճակը,- Արամյան, հիմա քեզ մոտ կգա տիկին Սեդան: Նա շատ բարեխիղճ ու պարտաճանաչ կին է, կար ու ձևի լավ մասնագետ: Նրան գրանցի՛ր որպես աշխատանք փնտող՝ առաջնահերթի ցուցակում, անմիջապես գտի՛ր հարմար աշխատանք: Երկու շաբաթ քեզ ժամանակ: Կատարի՛ր ու ինձ զեկուցի՛ր:

Հետո տնօրենը մեկ անգամ էլ սիրալիր ժպտաց, ոտքի կանգնեց .

— Շնորհակալ եմ, որ դիմեցիք մեզ, ես անչափ լավ եմ զգում, որ կարողանում եմ մարդկանց օգնել, օգտակար լինել: Ծանր, շատ ծանր ժամանակներ են՝ գործարանները կանգնել են, հոսանքը՝ հովհարային է, ժամերով, հացը՝ կտրոնով: Գործազուրկների թիվն այնքան շատացավ, որ պետությունը այսպիսի գրասենյակներ բացեց: Հուսանք, որ այս ամենը երկար չի տևի: Հիմա գնացեք մասնագետների սենյակ, թողեք ձեր հեռախոսահամարը և հույսով տուն գնացեք, մայրիկ ջան, ձեզ կկանչեն: Իսկ մինչև աշխատանքում տեղավորվելը ձեզ նպաստ կնշանակեն:

Սեդան այս երկրորդ «մայրիկ ջան»-ից հետո կրկին շփոթվեց, զգաց, որ դեմքը սկսում է տաքանալ: Ոտքի կանգնեց ու չնկատելով հրաժեշտի համար տնօրենի՝ իրեն պարզած ձեռքը, արագ դուրս եկավ: Արդեն միջանցքում էր, որ քարտուղարուհին նրան ետ բերեց և ուղեկցեց Արամյանի մոտ: Այստեղ մտնելուց առաջ մի պահ կանգ առավ և ուղիղ նայելով քարտուղարուհու աչքերին՝ հարցրեց.

— Ձեր տնօրենը քանի՞ տարեկան ա:

— Մեկ ամիս տասնչորս օր հետո՝ երեսունութ:

***

Բնակարանի միջանցքի աջ պատի վրա ամրացված մեծ հայելին կարծես թևից բռնեց. մի՛ անցիր, կանգ առ, նայիր ինձ ու քեզ տես… Մի պահ կանգ առավ, տատանվում էր. երկու ժամ առաջ տանից դուրս գալիս է նայել: Տեսնելու ի՞նչ կա: Հոգնած է, սիրտ չկա, հավես չկա… Դրանք մնացին գրծազուրկների գրասենյակում: Քարտուղարուհին ասաց. «Ոչ թե՝ գործազուրկների գրասենյակ, մայրիկ ջան, այլ՝ …»: Սեդան փորձեց հիշել նրա ասած անվանումը, բայց միայն «մայրիկ ջան»-ը թրթռաց ու մարեց: Երբ արդեն նստել էր ճաշասենյակի բազմոցին՝ հոգնած, անսիրտ ու անտրամադիր, ինքն իրեն խղճաց. էս տանը մեկն էլ չկա՝ մի բաժակ կոֆե դնի դեմս: Հայկն ու Սմբոն բանակում են, Արտոն՝ դպրոցում: Ամուսինը ե՞րբ է այս ժամերին տանը լինում, որ…: «Նստե՛ք, մայրիկ ջան, պատմե՛ք…, հույսով տուն գնացեք, մայրիկ ջան, ձեզ կկանչեն…»,- սենյակի լռության մեջ կարծես զնգաց իրենից ընդամենը յոթ տարով փոքր տնօրենի հոգատար ձայնը: Բայց նաև դռան զանգը ծլվլաց: «Երևի Լիզան ա, եկել ա իմանա իմ գոծի մասին»,- մտածեց ու բացեց դուռը: Դիմացի հարևան Լիզան էր, ինչպես միշտ՝ հարդարված ու գեղեցիկ, կրակոտ աչքերով, օծանելիքի ծանոթ բույրով: Վերջերս են մտերմացել:

— Պատուհանից տեսա՝ գալիս ես. սուրճը դրեցի: Արի՛ ինձ մոտ՝ համ սուրճ խմենք, համ էլ պատմիր՝ տեսնեմ՝ ի՞նչ ասացին:

Արդեն Լիզայի խոհանոցում Սեդան պատմեց՝ հատուկ ընդգծելով, թե որքան ուշադիր ու հոգատար են վերաբերվել իրեն և հուսալի խոստումով ճանապարհել:

— Հա, գիտես չէ՞, որ Ալիկն էլ ա թեկնածությունը դրել՝ քաղաքապետ ընտրվի: Թագավոր տղայա, բա ո՜նց…

— Ալիկն ո՞վ ա,- հարցրեց Սեդան:

— Վա՜յ, բա երեկ չասացի՞, որ էդ գործազուրկների գրասենյակի տնօրենը եղբորս ընկերն ա, բա դու իրա կաբինետի դռանը չկարդացի՞ր. Ալեքսանդր Սարոյան: Բայց մի տեսակ ես, ի՞նչ կա, Հայկը, Սմբոն զանգե՞լ են, ամեն ինչ լավ ա՞:

— Հա, երեկ իրիկվան կողմ Հայկը զանգեց, մի ժամ հետո էլ՝ Սմբոն: Երկուսն էլ ասում են՝ ամեն ինչ լավ ա, մամ ջան, հեչ մի մտածեք:

— Բա դե՝ էլ ինչո՞ւ ես անտրամադիր:

Սեդան լռում էր՝ անորոշ հայացքը պատուհանից դուրս: Հետո հայացքը պոկեց պատուհանից ու սևեռուն նայելով Լիզայի աչքերին՝ հարցրեց.

— Ըստ քեզ՝ ես քանի՞ տարեկան եմ:

— Դա ի՞նչ հարց ա, ինչու՞ ես հարցնում,- շփոթվեց Լիզան:

— Պետք ա, ասա՛ այն, ինչ մտածում ես. չկեղծես՝ չեմ նեղանա:

Լիզան մտովի փորձում էր գուշակել Սեդայի հարցի դրդապատճառը, որ ըստ այդմ պատասխաներ, մի պահ նույնիսկ որոշեց ձգձգել.

— Դե, հավանաբար, հիսուն–հիսունհինգ,- իսկ մտքում ասաց՝ վաթսունից անց:

— Ա…՜, դե դրա համար էլ քո այդ Ալեքսանդր Սարոյանն ինձ ասաց. «Նստե՛ք, մայրիկ ջան, պատմե՛ք…, հույսով տուն գնացեք, մայրիկ ջան, ձեզ կկանչեն…»: Լիզա, նա երեսունութ տարեկան է, իսկ ես՝ քառասունհինգ:

Լիզան մի պահ լռեց, ուշադիր նայեց Սեդային ու անսպասելի սկսեց ծիծաղել.

— Վա՜յ, Սեդա, ի՞նչ ես ասո՜ւմ… Ուրեմն Ալիկը քեզ ասել ա «Մայրիկ ջա՜ն…»: — Հետո սպառելով ծիծաղի պոռթկումը՝ լրջացավ,- ես էլ քո տեղը լինեի՝ կնեղվեի: Բայց, ասեմ, Սեդա ջան, չնեղանաս. դու ես մեղավոր՝ բարեկազմ ու գեղեցիկ կին ես, սակայն բոլորովին քեզանով չես զբաղվում, քեզ չես նայում: Երկու տարվա հարևանդ եմ՝ մի օր չտեսա, որ վարսավիրանոց գնաս, մազերդ ներկես, հոնքերդ ու եղունգներդ հարդարես, նույնիսկ շրթներկ չես օգտագործում, հնաոճ շորեր ես հագնում:

— Ախր ու՞ր եմ գնում, որ…,- շփոթվեց Սեդան:

— Ես էլ տեղ չունեմ գնալու, բայց տեսնում ես, չէ՞, ոնց եմ ինձ նայում: Կարո՞ղ ես ասել. ե՛ս քանի՞ տարեկան եմ:

Սեդան տատանվում էր ու ի վերջո ասաց.

— Երևի երեսուն…

— Ա՜, երեսու՜ն…,- ինքնագոհ խնդմնդաց Լիզան, — դա, սիրելիս, տաս տարի առաջ էր: Ես ու դու համարյա հասակակիցներ ենք: Հիմա, եթե ես գնամ գործ ուզեմ, ինձ չեն ասի. «հույսով տուն գնացեք, մայրիկ ջան, ձեզ կկանչեն»: Սաքոս չի թողնում աշխատեմ, ասում ա. քանի ես կամ քո կյանքում՝ դու չպիտի աշխատես, քեզ թագուհու պես եմ պահելու: Հա, իր խոսքի տերն ա, դժգոհ չեմ: Իմ նախկին տան տեղը կինն իմացել էր, հետևում էր: Սաքոս էս տունը գտավ ու ինքն ինձ տեղափոխեց էստեղ: Մտածում եմ. գիտությունն էնքան զարգանա, որ հնարավոր լինի տեղ գնալուց հեռախոսը հետդ վերցնես: Ախր էսպես ամբողջ օրերով տանն եմ մնում՝ ականջս հեռախոսի զանգին, թե ե՞րբ Սաքոն կզանգի ու կասի. գալիս եմ… Սաքոյի համար էլ ա

զանգելը դժվար. օրերով ճանապարհներին ա՝ Ռուսաստանի էս քաղաքը, էն քաղաքը խմիչք ա տանում, էդ տեղերից շաքարավազ ա բերում: Գնալու հաջորդ օրից սկսում եմ կարոտել, օրը տարի ա դառնում: Երբ շատ ա ուշանում՝ կասկածներն սկսում են հոգիս կրծել: Մեկ մտածում եմ. հանկարծ վատ բան պատահած չլինի՞… Մեկ էլ մտածում եմ. վերջ, հիասթափվել ա ինձանից ու էլ չի գա… Լքված լինելու տառապանքին չեմ դիմանա: Արդեն տաս տարուց ավելի ես այս կերպ եմ ապրում. կարոտի, տառապանքի ու երջանկության ճոճանակի վրա: Ամեն աստծու օր ինձ հետ են իմ սպասումները, կասկածները, կարոտը…: Հետո այն, որ կարծես ուրիշի երջանկությունն եմ գողացել: Սկզբում չգիտեի, որ Սաքոն կին ու երեխաներ ունի, հետո, երբ մի օր ասաց՝ արդեն ուշ էր. ես հոգով-սրտով կապվել էի նրան… Դու չգիտես, թե ինչ ա սիրած տղամարդուն կարոտելը. քո Պարգևը առավոտյան գնում՝ երեկոյան վերադառնում ա: Ինչու՞ պետք ա կարոտես: Դա նունն ա, որ երեկոյան կարոտես արևին՝ հաստատ իմանալով, որ լուսաբացի հետ, անկախ ամեն ինչից, այն կայցելի քեզ: Օ՜, Սեդա, դու այդ ամենը չես կարող հասկանալ, պատկերացնել՝ դու ուրիշ կյանքով ես ապրում:

Լիզան սկսեց սուրճի բաժակի միջի պատկերները տնտղել:

— Ինչու՞ չեք ամուսնանում, Լիզա, երեխաներ կունենաք, կմեծացնեք: Այդպես թաքուն, գողունի, կասկածներով, տանջող կարոտով ու սպասումներով ապրելու իմաստը ո՞րն ա,- ցածրաձայն հարցրեց Սեդան:

— Սաքոն երկու երեխաներ ունի: Նրա համար աստված մի կողմ, իր երեխաները՝ մի կողմ: Պաշտում ա նրանց: Ասում ա, որ եթե քեզ հետ ամուսնանամ՝ նրանց աչքերին ո՞նց նայեմ: Մեծն արդեն ուսանող ա, փոքրը՝ ութերորդ դասարանում: Ասում ա. «Լիզա, որ բեռս հեռավոր տեղեր եմ տանում և վերադարձս ձգձգվում ա՝ երեխեքի կարոտից խենթանում եմ, քեզ էլ եմ կարոտում, բայց երեխեքի կարոտը սիրտ մաշող ա…»: Սաքոն ուրիշ մարդ ա, ուրիշ…: Հետո էլ՝ ես երեխա չեմ կարող ունենալ, ամուսինս հենց այդ պատճառով ա թողել ինձ: Եթե կարողանայի՝ Սաքոյից երեխա կունենայի:

Հեռախոսի զիլ զնգոցը ընդհատեց Լիզային:

— Սաքոս ա՜…,- ճչաց ու նետվեց դեպի հեռախոսը,- Սաքո՞, Սաքո ջան, որտե՞ղ ես…

Սեդան կտրուկ ոտքի կանգնեց. գնամ, թող ազատ խոսի:

***

Իր տան միջանցքի հայելու մոտով արագ անցավ. կարծես հայելին էլ կհաստատեր Լիզայի կողմից իրեն տրված տարիքը: Ինքն ուզում է մենակ մնալ. կնստի բազմոցին, կհավաքի ցաք ու ցրիվ մտքերը: Հայելի՜ն… Հիշեց մանկատան

միջանցքի բորբոսի մեջ կորած, ծեփը տեղ-տեղ թափված պատին ամրացված հայելին՝ ճաքերով, լաքաներով, խամրած: Աղջիկներով սանրվում ու հագ ու կապն էին դզմզում այդ հայելու դիմաց: Գեղեցիկ լինելու ձգտում իր մեջ չկար, դա որբերի համար չէ. ուղղակի պետք էր կոկիկ լինել: Այդպես էլ մանկատնային կոկիկությամբ իրենց ուղարկեցին մի քանի շենք այն կողմում գտնվող արհեստագործական ուսումնարան՝ արհեստներ սովորելու: Այստեղ արդեն ազատ աշխարհի աղջիկները դասի էին գալիս պճնված, հարդարված, օծանելիքի բույրով, ուրախ ու անհոգ: Ինքը նրանց դիտում էր հետաքրքրությամբ, հաճույքով: Չէր նախանձում, ընդունում էր, որ այդպես էլ պետք է լինի. մանկատան աղջիկն ու՜ր, ծնողներ, սեփական տուն ու տեղ ունեցող աղջիկն՝ ու՜ր…: Ու մի օր ծնողներ, տուն ու տեղ ունեցող Պարգևը, որ խոհարարների կուրսից էր, սկսեց ուսումարանից իրեն մանկատուն ուղեկցել, ընկերացան, կապվեցին իրար և ամուսնացան: Հենց առաջին օրվանից Պարգևի ծնողների մեջ տեսավ հարազատ ու սիրելի մարդկանց՝ կարծես գտել էր սեփական ծնողներին: Յոթ տարի ուշացավ առաջին զավակի ծնունդը, սակայն թե Պարգևը, թե նրա ծնողները իր դեմ չլարվեցին, ինչպես լինում է շատ ընտանիքներում: Ավելին, իրեն հուսադրում էին՝ քողարկելով սեփական անհանգստությունները: Եվ ինչ լավ էր. նրանք կային և ամեն ինչ անում էին, որ ընտանիքը լինի ապահով ու խաղաղ: Սեդան սովոր չէր և չէր կարող որևէ որոշում ընդունել, չէր կարող կողմնորոշվել ընտանեկան հոգսերի ու խնդիրների մեջ: Որոշում էին նրանք, հանձնարարում էին ու ինքը պատրաստակամ ու հաճույքով անում էր այն ամենը, ինչը կարող էր և պետք էր անել, նաև օգնում ու սովորեցնում էին: Օրվա առևտուրը սկեսրայրի գործն էր, հետագայում՝ թոռներին մանկապարտեզ տանել-բերելը, իսկ ավելի ուշ՝ նաև դպրոցի ծնողական ժողովներին ներկա լինելը: Պարգևը ուսումնարանից հետո տեղավորվեց ռեստորանում որպես խոհարարի օգնական, ամեն աստծո օր առավոտից մինչ ուշ գիշեր այնտեղ է: Իսկ իր համար տանը աշխատելու գործ ստացվեց. բանվորական ձեռնոցներ էր կարում մինչև վերջերս: Այդպես էլ Սեդան գրեթե չշփվեց դրսի աշխարհի հետ: Հագ ու կապին, նորաձևությանը հետևելը, հատուկ հարդարվելը իր համար ավելորդություն էր: Նա մնաց իր հարազատ ոճի՝ մանկատնային պարզ ու անպաճույճ կոկիկության մեջ: Բայց չգիտես ինչու՝ մազերի մեջ ժամանակից շուտ ճերմակը սկսեց օր օրի նկատելի դառնալ: Գուցե սկեսրայրի, նրանից մեկ տարի անց էլ՝ սկեսուրի կյանքից անժամանակ հեռանալու պատճառով, գուցե՝ ժառանգաբար… Նրանցից յուրաքանչյուրի մահը իրեն խորապես ցնցեց ու երկար ժամանակ անհուսության մատնեց, կարծես նոր որբացավ: Վաղ տարիքից մինչև ամուսնությունը հոգին կրծում էր սեփական ծնողներին փնտրել-գտնելու-ճանաչելու տենչը: Ամեն օր, ամեն ժամ հրաշքի էր սպասում, որն այդպես էլ չկատարվեց… Ամուսնության առիթվ ինքն ու Պարգևը որոշեցին հանդիպել արդեն թոշակի անցած ընկեր Մարիամին՝ մանկատան նախկին տնօրենին: Հենց այդ օրը, տեղի տալով Սեդայի համառ թախանձանքներին՝ նա պատմեց նրա՝ մանկատանը հայտնվելու հանգամանքները. «Հրուշակեղենի գործարանի գիշերային հերթափոխից տուն գնացող կանայք դարբասից դուրս գալիս մոտիկից երեխայի լացի ձայն են լսել ու հենց դիմացի ծառի տակ գտել են նորածին

երեխայի: Համոզված լինելով, որ երեխային այդտեղ դնողը հատուկ է հերթափոխի ժամն ընտրել ու հիմա մոտակայքում որևէ խավար անկյունից հետևում է՝ որոշում են չփնտրել նրան: Կանանցից մեկը, որ երեխաներ չուներ ու միայնակ էր ապրում, վերցնում է բարուրը և ասում, որ ինքը կտանի տուն, կորդեգրի ու կպահի: Սակայն մի քանի ամիս անց պարզվում է, որ այդ կինը տառապում է անբուժելի հիվանդությամբ ու նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել: Նա երեխային բերում, հանձնում է մանկատան խնամքին ու հեռանում»:

Այդ բացահայտումը Սեդայի համար այնքան էլ անակնկալ չէր: Իր ներքին փնտրտուքների մեջ նման երնթադրություններ ունեցել էր: Բայց ահա, առաջին զավակի ծննդյան օրը, երբ անօգնական փոքրիկը բուժքրոջ օգնությամբ սովորում էր մոր կրծքից սնվելը՝ Սեդայի անսահման երջանկության մեջ սողոսկեց այն հեռավոր մութ գիշերվա կեսին ծառի տակ թողնված սովից լացող երեխայի տեսիլքը: Երեխան ինքն է…: Այդ գիշեր լուսինը լուսավորե՞լ է, թե լուսատու դեմքը զայրացած շրջել է՝ գործարանի բակն ու շրջակայքը թաղելով խավարի մեջ… Ի՜նչը կարող է իրեն ստիպել նման կերպ վարվել այս հրեշտակի հետ, որ հիմա իր էությունն է, իր կյանքի իմաստը, իր արևը… Ապրու՞մ է մայրը, ո՞վ է նա. գուցե եկեղեցու բակի այն մուրացկան կինը՞…, կանգառի նստարանի մոտ արևածաղիկ վաճառողը՞…, տրամվայի տոմսավաճառը՞…, լույսը դեռ չբացված փողոցներն ավլողը՞…: Հիշու՞մ է իրեն, տանջվու՞մ է, զղջացե՞լ է… Ինքը հորը չի փնտրել: Մորը փնտրել է, փնտրել է մի կերպ ապրող բոլոր կանանց մեջ, հոգու խորքում փորձել է հասկանալ նրա անապահով վիճակը, փորձել է ներել, նույնիսկ՝ արդարացնել: Բայց հիմա ինքն է մայր և ոչ մի կարիք, ոչ մի սով ու զրկանք չեն կարող իրեն ստիպել գնալու նման քայլի… Այս մղձավանջային տեսիլքը, դառնահամ, տանջող ու կպչուն հարցերը կրկին ու կրկին թարմացել են հաջորդ զավակների լույս աշխարհ գալով: Իսկ Լիզան ասում է. « բոլորովին քեզանով չես զբաղվում, քեզ չես նայում»: Լիզան հպարտանում է իր ծնողներով, նրանք գյուղում են ապրում, միշտ պատմում է նրանց մասին, ժամանակ առ ժամանակ այցելում է նրանց: Բայց Լիզայի տառապանքն էլ ուրիշ է՝ վախենում է Սաքոյին կորցնելուց, տանջվում է կասկածներից: Իսկ իր մտքով երբեք չի անցել, որ Պարգևը մի օր տուն չի գա: Լիզան օրերով սպասում ու կարոտում է, իսկ ինքը, մինչև տղաների բանակ մեկնելը չի իմացել, թե իրական մարդուն կարոտելն ինչ է. ու՞մ կարոտեր: Աներևույթ ու անհայտ ծնողների պատրանքը կրել է իր մեջ, նույնիսկ կարոտել, բայց դա գուցե կարոտ էլ չէր, երազանք էր, հորինվածք էր, մեկ ծիածան էր, մեկ՝ մշուշ ու մառախուղ… Հիմա կարոտում է Հայկին ու Սմբոյին: Իր այս կարոտն ուրիշ է, Լիզայինը՝ ուրիշ: Ինքը մի տեսակ հպարտ կարոտ ունի, գլուխը բարձր կարոտ ունի. տղաները սահման են պահում: Լիզայի կարոտը թաքուն կարոտ է, կասկածներով կարոտ է: Հա, Լիզան ճիշտ է նկատել. իրենք տարբեր կյանքով են ապրում, ուրիշ կարոտներ ունեն: Է, հետո ի՞նչ… Դա՞ է պատճառը, որ գրեթե հասակակիցներ լինելով՝ մեծ ու փոքր տարիքի մեջ են երևում, համարյա՝ մայր ու աղջիկ:

— Սեդա, Սաքոս գաիս ա՜, վաղը երեկոյան ինձ մոտ կլինի,- ուրախությունից շառագունած Լիզան ներս վազեց՝ երեխայի նման հրճվանքից խելահեղ,- ա՜խ, աստված ջան, շատ էի անհանգիստ, լուրերով ասում էին, որ ճանապարհների վիճակը լավ չի, էս քանի օրը եղանակները վատ են: Վե՛րջ, արդեն վաղը երեկոյան այստեղ կլինի: Վաղն առավոտյան գնալու եմ գեղեցկության սրահ, սիրունանամ, բա ո՜նց… Լսիր, Սեդա, արի քեզ էլ հետս տանեմ: Էնպես սիրունացնեն, էնպես ջահելացնեն, որ էլ ոչ ոք քեզ չասի. «մայրիկ ջան»: Չհրաժարվես, մեկ ա՝ զոռով տանելու եմ:

Լիզան տարերքի մեջ էր, շատախոսում էր, բացատրում ու հիմնավորում, որ կինը, անկախ տարիքից, կարոտներից, հոգսերից ու խնդիրներից, չպետք է դադարի գեղեցիկ լինել, որ գեղեցիկ կինը միշտ էլ ընդունելի ու ցանկալի է ամենուր՝ ընտանիքում լինի, թե՝ աշխատավայրում, որ… որ…

21.03.2018

Թողնել պատասխան

Your email address will not be published.