Կոլյա Տեր-Հովհաննիսյան | Օլեգ

Կոլյա Տեր Հովհաննիսյան
Կոլյա Տեր Հովհաննիսյան

Մայրս առհասարակ արգելում է ինձ գնալ Օլեգենց տուն և ամեն անգամ մի պատճառ է հորինում:

Օլեգի հետ ընկերացել էի երկրորդ դասարանում։ Երրորդ դասարանից բաժանվեցինք։ Նա գնաց մասնավոր դպրոց, ես մնացի պետականում, բայց մեր ընկերությունը շարունակվեց:

Ես և Օլեգը ծնվել ենք տարբեր երկրներում, նույն թվականին, նույն ամսին, մի քանի օր տարբերությամբ, Երկրորդ աշխարհամարտի ավարտից շատ չանցած:

Ես շատ եմ սիրում Օլեգենց տունը, մանավանդ նրանց հայելիով լվացարանը՝ սպիտակ, մարմարե գուռով: Մերը պատին ամրացրած ցինկե լվացարան է, որի մեջ հայրս ամեն օր առավոտյան ջուր է լցնում դույլով. ծորակը պիտի ձեռքով բարձրացնենք, որ ջուր գա:

Մի անգամ ես ու Օլեգը բացել էինք իրենց լվացարանի փայլուն ծորակն ու խաղում էինք ջրով: Հայրը տեսավ, շատ բարկացավ, բղավեց օտար լեզվով. բան չհասկացա… Չեմ սիրում Օլեգի հորը, մի քիչ էլ վախենում եմ: Բելոռուս մայրը երբեք չի միջամտում, կարծում եմ՝ նա էլ է վախենում:

Մի անգամ էլ բարձրացրել էինք պատեֆոնի ձայնն ու նվագի ռիթմով թռվռում էինք հյուրասենյակում. շատ հաճելի էր: Պատեֆոն շատ եմ սիրում, որովհետև մենք չունենք: Հայրը հանկարծ ներս մտավ ու բղավելով շշպռեց Օլեգին. ասես ես գոյություն չունեի, անգամ չէր նայում իմ կողմը, իսկ մայրը, կանգնած հյուրասենյակի բաց դռան մոտ, լուռ նայում էր ինձ ու ժպտում։ Շատ վատ զգացի, ի՞նչ վատ բան էինք անում որ…

Հիմնականում Օլեգն է գալիս մեր տուն. բակում խաղում ենք մեր թաղի երեխաների հետ, կավով աղյուս ենք պատրաստում հորս սարքած փայտե, փոքրիկ կաղապարով ու շարում արևի տակ։ Հետո չորացած, երբեմն ճաքճքած աղյուսներով ջրաղաց կամ տնակ ենք կառուցում: Ամեն մեկս փայտե ավտոմեքենա ունենք, իմ ավտոն բեռնատար է, հայրս է սարքել, Օլեգինը գնել են խաղալիքի խանութից, կարգին մեքենա է. թել ենք կապում ու «քշում» բակում՝ շարժելով ավտո չունեցող ընկերներիս նախանձը:

Հազվադեպ է պատահում՝ տանը միասին զբաղվենք դասերով: Նա թույլ է թվաբանությունից։ Մայրը խնդրել է, որ օգնեմ: Շատ դժվար է Օլեգին մի բան հասկացնելը, որովհետև միշտ ցրված է։ Երբեմն էլ ուշիմ է, մեկ էլ տեսար՝ մի դժվար խնդիր անմիջապես լուծեց: Հակառակ իմ մորը՝ Օլեգի մայրը շատ է ուզում, որ ես գնամ իրենց տուն:

Օլեգը միշտ տխուր ու քչախոս է, գրեթե չի ծիծաղում կամ քիչ է ծիծաղում, հենց այնպես, ասես ծիծաղած լինելու համար։ Քրոջս ու ինձ հետ չի երգում: Մի օր շատ ստիպեցինք, երգեց ռուսերեն զինվորական քայլերգի պես մի բան, բոլորը ծիծաղեցին, տնազն արեցին: Այդ օրվանից միշտ լուռ հետևողի դերում է և հաճախ չարություն է անում։ Մի օր, օրինակ, ոտքով դիպավ (թե՞ ոտքը դիպցրեց) նոր շինած տնակին ու կիսով չափ քանդեց։ Խանգարում էր մեր երգը՝ քաշելով քրոջս մազերը, արտառոց ձայներ էր հանում: Պատահել է, որ իր չարությունները շարժել են մյուս ընկերներիս զայրույթը, ուզել են նույնիսկ ծեծել, ես պաշտպանել եմ՝ ասելով, որ դիտմամբ չի անում կամ կատակում է:

Տուն գնալիս ձեռքս գցում եմ ուսին ու մի որոշ տարածություն քայլում հետը: Մայրս ասում է՝ ի՞նչ կարիք կա ընկերակցելու, մի՞թե մենակ չի կարող տուն գնալ, դրա փոխարեն լավ է՝ վեր ընկնեմ տանն ու դասերս սովորեմ:

Մի օր հանդիպեցի Օլեգին հենց իրենց տան մոտ: Թվաց, թե նոր է դուրս եկել տնից: Չպատասխանեց բարևիս. գունատ էր, աջ այտը՝ կարմրած:

– Ի՞նչ է պատահել,– հարցրի,– ո՞ւր ես գնում:

Չպատասխանեց, ձեռքը թափ տվեց, ու աչքերը լցվեցին:

– Ռա՛դ եղիր,– քիչ հետո ասաց ջղային:

Անկեղծ ասած, նեղվեցի։ Եթե ինձ, որ իր ամենամոտ ընկերն եմ, բան չի ասում, էլ ում պիտի ասի: Նորից հարցրի, լռեց ու քայլեց հակառակ ուղղությամբ: Ճարահատյալ շարունակեցի իմ ճամփան, բայց անհանգիստ էի, մտքիցս դուրս չէին գալիս նրա գունատ դեմքը, կարմիր այտը և լցված աչքերը:

Չդիմացա, երեկոյան տանը մորս պատմեցի:

– Օլե՜գ, Օլե՜գ, Օլե՜գ,– բարկացավ մայրս,– զահլա տարար Օլեգով, ուրիշ բան ու գործ չունե՞ս…

– Մա՜մ…

– Ոչ մի մամ, ձե՛ռք քաշիր էդ լակոտից, հարուստ ընտանիքի երես առածի մեկն ա, քո թայը չի:

– Հետո ի՞նչ,– բա մեղք չի՞…

– Հետո էն, որ քեզ էլ կփչացնի, ո՛չ կարգին դաս ա սովորում, ո՛չ կարգին խաղում ա, ո՛չ կարգին… կո՞ւյր ես, չե՞ս տեսնում…

Գիշերը քունս չէր տանում, մտածում էի մորս ասածների մասին ու համոզվում, որ իրավացի է: Մեր ննջարանի կից սենյակում ծնողներս ցածրաձայն խոսում էին. լարվեցի, երբ լսեցի Օլեգի անունը:

– …խղճում եմ էդ տղային,– ասում էր մայրս,– գունատ ա եղել, այտը՝ կարմիր:

Զարմացա։ Թվում էր, թե մայրս չի սիրում Օլեգին, ու եթե չի սիրում, ինչո՞ւ է խղճում:

– Հերը լավ չի վարվում, կոպիտ ա,– ավելացրեց հայրս,- դե, ռուսահայ սպա ա եղել, մասնակցել ա պատերազմին: Երևի ապտակել ա… կարգ ու կանոն սիրող մարդ ա:

– Հա՛, գիտեմ,– ասաց մայրս,– Լենան պատմել ա, գոհ չի, որ եկել են էս երկիր, էս քաղաք, լավ ա՝ հայերեն հասկանում ա ու պատասխանում ա մի կերպ:

– Ոչ ոք չգիտի, թե ինչի են եկել,– ասաց հայրս,– ասեկոսեները շատ են, ասում են՝ հարստացել ա բանակի հաշվին, հետքը կորցնելու համար հաստատվել ա էստեղ, շատ փող ունի… Մեզ ի՞նչ․․․ Ուշ է, ա՛յ կնիկ, քնենք:

– Չեմ ուզում, որ մեր լակոտն ընկերություն անի էդ տղայի հետ,– ասաց մայրս, նույն դպրոցը չեն գնում, բայց կապը կա:

– Մի՛ մտահոգվիր, էդ էլ երկար չի տևի…

…Այս միջադեպից չէր անցել մի քանի օր, երբ մի հանգստյան օր Օլեգը հայտնվեց մեր բակում: Իր հետ բերել էր մի նոր, կարմիր խաղալիք մեքենա՝ լույսերով, բացվող դռներով ու վարորդով:

– Խռովե՞լ ես ինձնից,- հարցրեց ցույց տալով մեքենան,– հերս ա գնել, ուզում ես՝ վերցրու քեզ, ես շատ ունեմ:

Տատանվեցի, ծնողներիս խոսակցությունը ստվերում էր նախկին համակրանքս նրա հանդեպ, մի բան կոտրվել էր մեջս, բայց աչքս չէի կարողանում կտրել մեքենայից: «Եթե վերցնեմ, ի՞նչ ասեմ մորս, վստահ եմ՝ կբարկանա»,– անցավ մտքովս:

– Պահիր քեզ, չեմ ուզում:

– Չե՞ս ուզում:

– Չէ:

– Չե՞ս ուզում… քեզ համար եմ բերել:

– Ասացի՝ չէ:

– Խնդրում եմ, վերցրու:

– Չէ՛:

Նա թախանձագին նայեց աչքերիս խորքը. հանկարծ փոխվեց դեմքի արտահայտությունը, կարմրեց, գունատվեց և, երկու ձեռքով բարձրացնելով մեքենան գլխից վեր, ամբողջ ուժով հարվածեց սալահատակին: Կտոր-կտոր եղավ, վարորդը թռավ մի կողմ, անիվներից մեկը՝ մի կողմ, դռներից երկուսը՝ մի այլ կողմ։ Վերևի մասն էլ ջարդվեց:

Նա դողում էր, աչքերը թրջվեցին։ Մի անգամ էլ հանդիմանական նայեց ինձ ու, արցունքները բռունցքով մաքրելով, թողեց-հեռացավ։ Մինչև այդ հարևան երեխաները մեքենայի ջարդվելու ձայնից մոտեցել էին մեզ․․․

Կռացա ու վերցրի նստած դիրքով վարորդին…

Այդ օրվանից էլ չտեսա Օլեգին: Մայրս ասաց, որ տեղափոխվել են մայրաքաղաք, ու վերջապես ինքը հանգիստ շունչ կքաշի, որ ազատվել եմ էդ շառից:

Ուրեմն նա վերջին անգամ էր եկել ինձ տեսնելու և ավտոն բերել էր որպես հիշատակ: Զղջում էի, որ մերժել եմ…

…Պատուհանի գոգին դրել եմ նստած դիրքով վարորդին։ Ամեն անգամ նայելիս՝ Օլեգի հանդիմանական, բայց սիրով լցված, արցունքակալած աչքերն ու հայացքն են հառնում…

Նոյեմբեր, 2023

Գլենդել

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի