Ռազմիկ Գրիգորյան | ԵՐԲ ԱՅՐԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Թանկարժեք մեքենան դանդաղ բարձրացավ քարքարոտ նեղ ճանապարհով, կանգնեց գերեզմանոցի մոտ։ Բարձրահասակ տղամարդը իջավ մեքենայից, ուղղեց կոստյումը, փողկապը, նայեց շուրջը։ Վարորդը մեքենան կանգնեցրեց ետդարձի համար ավելի հարմար տեղում։ Գերեզմանի կիսով չափ քանդված պարիսպի դռնակով տղամարդը մտավ ներս։ Մոտեցավ գերեզմանին, կանգնեց, երկար նայեց։ Շիրմաքար չկար, շիրմաթուբը իջել՝ հավասարվել էր հողին։ Թմբին բուսած խոտը բարձրացել և հիշեցնում էր անմշակ հողակտոր, որին երկար ժամանակ մարդու ձեռք չի կպել։

Արշակ Արշակովիչ։ Հովիվ։ Հետո՝ Քաջ Նազարի բախտ։ Հիմա՝ հայտնի անուն բիզնեսում։ Տարօրինակ է։ Ոչ ոք չկա։ Ինքը մենակ է։ Չեն նայում թևի ոսկյա ժամացույցին, շքեղ մեքենային։ Շուրջը խմբված մարդիկ իրար ականջի չեն շշնջում, թե ի՞նչ հսկա կարողության տեր է Արշակը։ Օրը այլ է, նման չէ այն օրերին։
Մեքենայում սպասող վարորդ։ Գլխավերևում թափառող քամի։ Շուրջը՝ ննջեցյալներ։ Նրանք ապրել էին միմյանցից տարբեր, ուսուցիչ, քահանա, հովիվ, պաշտոնյա, պահակ, բոլորը այստեղ են սակայն։ Արշակը նայեց կողքին վեր խոյացող մարմարե հսկա գերեզմանաքարին։ Համբոյինն էր։ «Հե՜յ գիտի ժամանակներ, ի՞նչ փողեր ուներ»։ Մտածեց Արշակը։ Ժամանակին շրջապատում չկար մարդ, ով Համբոյին պարտք չլիներ։ Ահա և մարմարե Համբոն, լուռ, սառը, անկենդան։ Ծնկին դրած աջ ձեռքի մոտ կաչաղակը բույն է հյուսել։ Մարմարե կոստյումը պատված է ծերտով։ Իսկ նրա մոտ տանող դռնակը ժանգով է պատված։ «Ո՛չ, ո՛չ, ես այդպիսին չեմ, ինձ կհիշեն, կգան»։ Արշակը շրջեց գլուխը։ Չոքեց, խոտերի միջից վերցրեց ալյումինե թասը։ Պոկեց չոր խոտերը, դրեց թասի մեջ, վառեց։ Գրպանից խունկ հանեց, խնկարկեց։
Քսան տարի։ Գրեթե մեկ կյանք։ Սիրուհու հետ հեռացող ամուսին։ Երեխան գրկին, լքված, անարգված, արտասվող կին։ Պայքար՝ ընտանիքը չկործանելու համար, ավա՜ղ…
Արշակը ձեռքը դրեց շիրմաթմբին։ Իր մեկնելուց հետո բոլոր պարտքատերերը հարձակվել էին Գայանեի վրա։ Խլել հողերը, տան ունեցած-չունեցածը։ Ի՞նչ գործ ասես չեր արել խեղճ կինը, աղջկան պահելու համար։ Կթել էր սրա-նրա կովերին, աշխատել այգիներում, տներում, խնամել ուրիշի երեխաներին։ Երեք տարի առաջ աղջիկը պսակվել և մեկնել էր Միացյալ Նահանգներ։ Մենակությունից կինը ավելի էր հյուծվել, հիվանդությունը գլուխ էր բարձրացրել։ Աղջկա ուղարկած գումարը ուշացել էր, մայրը՝ մահացել հիվանդանոցում։
Արշակը վեր կացավ, չմաքրեց անգամ ծնկների փոշին։ Արձակեց կոճակները, քամին փողկապը այս ու այն կողմ էր տանում։ Մոտեցավ եկեղեցուն։ Գմբեթին բուսած խոտի վրա կանգնած էին աղավնիներ, այնտեղ թռչուններն են պատարագ մատուցում։ Համբուրեց դռան վրայի խաչը, ներս մտավ։ Երեք զույգ մոմ վառեց։ Փակեց աչքերը։
Ուսուցիչը դեռ քայլում էր Գողգոթայի ճանապարհով։ Գազազած ամբոխը հայոյում, հալածում, քարեր էր նետում նրա ուղղությամբ։ Քարը դիպավ նրա դեմքին։ Ուսուցիչը կանգ առավ, շրջվեց։ Նրա դեմքը կապտել էր։ Ոչինչ չասաց, շարունակեց քայլել։ Արշակը ցնցվեց։ Սարսափ զգաց։ Քար նետողների մեջ էր նաև ինքը։ Գլուխը պտտվեց, ձեռքը հենեց պատին, որպեսզի չընկնի։ «Ես աշխարհը տիրեցի սրով, իսկ դու սիրով, և հիմա չկա մեկը, ով պատրաստ լինի մեռնել ինձ համար, իսկ քեզ համար մեռնողների թիվը գնալով ավելանում է։ Դու հաղթեցիր ինձ ով Նազովրեցի»։ Եթե դա ասել է Նապալեոնը, ուրեմն…
Դուրս եկավ եկեղեցուց։ Վարորդը միացրեց մեքենայի շարժիչը։ Նա միշտ հպարտորեն էր նստում իր մեքենան, և կիսաբաց անում մուգ ապակին որ տեսնեին իրեն։ Այս անգամ չնստեց, չնայեց մեքենայի կողմը։ Թուլացրեց փողկապը։ Ծխախոտ վառեց։ Արշակը քայլում էր քարքարոտ ճանապարհով, իսկ զարմացած վարորդը նրա ետևից դանդաղ վարում էր մեքենան։ Ճանապարհին հանդիպող մարդկանց բարևին պատասխանում էր գլխի թեթև շարժումով, կամ անցնում անտարբեր, չնկատելով նրանց։ Քանդված պարիսպից բակ մտավ, նայեց շուրջը։ Ալյումինե լվացարանը չկար, հավանաբար այն երեխաները տարել էին։ Մտավ դարբնոց, չկային գործիքները, զնդանը որի վրա պապը երկաթ էր ծեծում։ Խոնավությունից մամռակալած պատին մնացել էին կախված երկու նալ միայն, ոչ ոքի պետք չլինելու պատճառով երևի։ Ինչ կասեր եթե կենդանի լիներ դարբին պապը։ Հին, ցածր, ճաքճաքված փայտե դռնով մտավ տուն։ Կտուրից թափված հողը պատի անկյունում թումբ էր դարձել։ Կատուն այնտեղ ձագ էր հանել. սարսափած նայում և չէր ուզում հեռանալ ձագերից։ Պատուհաններին դատարկ փեղքերն էին, ապակիները կամ չկային կամ կոտրված էին։ Ննջասենյակում կտուրից ընկած գերանը կոտրել էր փայտե մահճակալի ոտքը։ Ջարդված հայելու կտորտանքներում Արշակը նայեց իրեն, ապա ոտքով մի կողմ շպրտեց դրանք։ Հիշեց փայտե հատակի տակ պապի պատրաստած փոքրիկ թաքստոցի մասին։ Մոտեցավ, բացեց այն, հանեց փոքրիկ տուփը, սրբեց վրայի փոշին և բացեց։ Երկու սպիտակ ձեռնոց խնամքով դրված էին իրար վրա։ Իրենց պսակադրության ժամանակ հարսանյաց հագուստը վերցրել էին վարձով, իսկ ձեռնոցները գնել էր ինքը։ Վերցրեց ձեռնոցները, պսպղաց նրանց տակ դրված նշանի մատանին։ Արշակին թվաց, թե խեղդվում է, ազատություն տվեց արցունքներին։ Վազքով ներս մտավ վարորդը։ Ձեռքը դրեց նրա ուսին.
-Շեֆ ի՞նչ ա եղել, զանգե՞մ շտապօգնություն։
Արշակը ոչինչ չեր լսում, վարորդը արագ հավաքեց շտապօգնության համարը։

Թողնել պատասխան

Your email address will not be published.