Կոլյա Տեր-Հովհաննիսյան | Ես, տատիս արհեստանոցը, Ստալինը

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ստալինի մահվան մասին տեղեկացա տատիս կարուձևի արհեստանոցում: Դպրոցում և մեր տանը խոսք չէր եղել դրա մասին: Հետո իմացա, որ լուրն առաջին անգամ սփռվել էր տատիս արհեստանոցում առավոտից իրիկուն միացված ռադիոյի տեղական լուրերից, իմ մտնելուց րոպեներ առաջ:
Շատ եմ սիրում տատիս արհեստանոցը և զարմանում եմ, թե ինչու մայրս ինձ թույլ չի տալիս դպրոցից տուն գալուց ու դասերս սովորելուց հետո այցելել այնտեղ: Սիրում եմ արհեստանոցի՝ իրար վրա դարսված երփներանգ կտորների կույտերը, տատիս մոտ աշխատող ու սովորող աղջիկներին, պատից կախված կիսատ կամ պատրաստի հագուստները, նույնիսկ տհաճ հոտով, տափակ օճառը, հաճախորդների ելումուտը, «պռոպի» սենյակը, հայելին. մի խոսքով, ամեն բան:
Ամեն անգամ զանազան պատրվակներով՝ ծլկում եմ տնից, վախվխելով բացում արհեստանոցի կիսաբաց դուռն ու ներս խցկվում: Տատս և կանայք միշտ էլ սիրով են ողջունում իմ գալուստը, փաղաքշում են, հարցեր տալիս դպրոցի, դասերիս, ընկերներիս, Նուշիկի մասին, ծիծաղում՝ լսելով իմ պատասխանները, հյուրասիրում, հաճախորդների համար արհեստանոցում միշտ եղած կոնֆետներով ու խմորեղենով: Մի խոսքով, շատ երջանիկ ու բավարարված եմ զգում տատիս արհեստանոցում:
Բայց այս անգամ ոչ ոք չնկատեց ինձ, անսովոր էր նաև տիրող աղմկալի բլբլոցը. գրեթե բոլորը խոսում էին միաժամանակ, տաքացած. ոչ ոք չէր աշխատում: Տատս ևս: Անդադար հնչում էին ինձ ծանոթ, երբեմն անհասկանալի բառեր՝ «Սովետական Միություն», «Սիբիր» «տեռոր», «Ստալինի մահից հետո», «երկաթե վարագույր» և այլն, ընդ որում, անընդհատ լսում էի «ասում են» արտահայտությունը: Չգիտեի, որ արհեստանոցի կանայք այդքան լավատեղյակ են Ստալինի մասին:
Տեսա՝ ինձ նայող չկա, ասես սկի չնկատեցին էլ իմ գալը, ուստի լուռումունջ հեռացա մռութս կախ ու գնացի դեպի տուն:
Ուրեմն Ստալինը մեռել էր: Դա հասկացել էի, բայց թե ինչի համար էր այդ իրարանցումը, չէի հասկանում: Չէ՜, երևում է՝ Ստալինը մեծ մարդ է եղել, ավելի, քան ընկերոջս՝ Վաչեի հայրը՝ պարոն Եգանը, որ մահացել էր որսի գնալիս, մեքենայի արկածի հետևանքով՝ ցնցելով թաղի բնակչությանը, սակայն այսպիսի աղմուկի ու վերաբերմունքի առիթ չէր տվել: Պարոն Եգանի մահն առաջինն էր իմ կյանքում, ու մինչ դա մահվան մասին պատկերացում անգամ չունեի:
Ընդհանրապես, մեր տանը շատ էին հոլովվում Լենին և Ստալին անունները: Մորս հարազատները Երևան ներգաղթել են 1946-ին, իմ ծնվելուց մեկ տարի անց, ուստի մայրս շատ զգայուն է Հայաստանից ստացվող լուրերի և ամեն ինչի նկատմամբ: Երեկոյան ժամը 7:30-ին բաց չի թողնում Հայաստանի ռադիոյի՝ արտասահմանի հայության համար սփռվող ոչ մի հաղորդում: Քույրս և ես, անհամբեր սպասելով պատվերով համերգին, երբեք չենք հետաքրքրվում լուրերի բաժնով, որովհետև բացի ռադիոյից տանը չունենք ուրիշ միջոց մեր սիրած երգերն ունկնդրելու համար:
Տեսնես մերոնք գիտե՞ն…
Հայրս դեռ չէր վերադարձել աշխատանքից, քույրս տանը չէր: Մայրս խոհանոցում զբաղված էր ընթրիքի պատրաստությամբ: Ուրախացա, որ ես պիտի առաջինը նրան հայտնեմ արհեստանոցի նորմալ մթնոլորտը խախտած այդ լուրը:
Վազելով խոհանոց բղավեցի.
– Մամա՛, մամա՛, Ստալինը մեռավ:
– Ինչե՞ր ես դուրս տալիս,– ասաց մայրս,– անմիջապես շրջվելով իմ կողմը,– ո՞վ ասաց:
Մայրս այլայլվեց այդ լուրից: Չէի սպասում. զղջացի անհանգստացնելու համար: Թվաց՝ գունատվեց, ձեռքերը թեթև դողացին:
– Հենց նոր… նոր լսեցի,– ասացի կարկամած:
– Ումի՞ց:
Չգիտեի ինչ ասել: Տնից դուրս գալիս ասել էի, որ գնում եմ բակ՝ հանդիպելու ընկերոջս:
– Արհեստանոցի աղջիկներից լսեցի…,– շշնջացի ու զգացի, որ կարմրում եմ:
Ուրիշ անգամ լիներ՝ մայրս կբարկանար ու կնախատեր տատիս արհեստանոց գնալու և ստելու համար: Բայց այս անգամ, երկու ձեռքով ամուր բռնելով ուսերս, ինձ թափ տվեց ու հարցրեց.
– Ճի՞շտ ես լսել, հո չե՞ս խաբում…
– Չէ՛, Ստալինը հաստատ մեռավ:
Նա արագ հանեց գոգնոցը, նետեց մի կողմ ու շտապեց հարևանի տուն: «Լավ պրծա»,– մտածեցի ու շնորհակալ եղա Ստալինից…
Հայրս տուն եկավ հոգնած, տխուր, գլուխը կախ:
– Լուրը լսեցի՞ր,– հարցրեց մայրս՝ առանց մի վայրկյան անգամ կորցնելու:
– Հա:
– Բա ի՞նչ կլինի:
– Ինչ իմանամ, ա՛յ կնիկ, մեկին կընտրեն, էլի:
– Ախր Ստալինի նման ո՞վ կա որ, կքանդվի Սովետական Միությունը:
– Լավ կլինի, մի՛ մտահոգվիր, գուցե դռները բացվեն,– ասաց միշտ լավատես հայրս:
– Հա՜, չէ մի… էդ էր պակաս… երանի չէ՞ր…
Երեկոյան մեզ մոտ եկան հորեղբայրս իր կնոջ հետ, դիմացի հարևանը, տատս, հորս մտերիմ ընկերներից մեկը: Ստալինի մահն ի մի էր բերել բոլորին:
Մեր տանը ևս աշխույժ խոսակցություն սկսվեց՝ երբեմն բարձրաձայն, երբեմն շշուկով ու խորհրդավոր: Հնչեցին նոր անուններ, որոնք երբեք չէի լսել՝ Բերիա, Մալենկով, Վորոշիլով, Միկոյան և ուրիշներ՝ «ով» վերջավորությամբ:
– Մալենկովը երիտասարդ է, կկարողանա՞ կառավարել էս մեծ երկիրը,– ասաց մայրս,– մերոնց մի բան չպատահի:
– Ի՞նչ պիտի պատահի,– ասաց տատս,– ի՞նչ ես դատարկ- դատարկ դուրս տալիս:
Սպասում էի, որ մայրս, ինչպես միշտ, կպատասխանի ու կսկսվի մորս ու տատիս սովորական դարձած, անվերջանալի վեճը, բայց մայրս այս անգամ լռեց ու միայն ձեռքը թափ տվեց:
Հորեղբայրս մտահոգ էր. այսուայնկողմ նայելով հազիվ լսելի ձայնով ասաց.
– Եթե Սովետական Միությունը փլուզվի, մեզ համար լավ չի լինի, մեզ էստեղ պահողը ռուսներն են, թուրքերը մեզ հանգիստ չեն տա, գլուխներս կուտեն:
– Հենց ռուսներն են մեր տունը քանդողը,– ասաց հորս ընկերը, որ լուռ էր մինչև այդ:
– Ոչինչ էլ չի լինի,– ասաց տատս,– էսքան թուրք հաճախորդներ ունեմ, միշտ բարյացակամ են եղել մեր հանդեպ: Հո մեր էստեղ լինելը նորություն չի: Նախքան կարմիր հեղափոխությունը մենք դարեր ապրել ենք էս քաղաքում:
Մեր վերևի հարկի հարևանը, որ առիթ էր ունեցել մի անգամ Երևան այցելելու, ասաց.
– Լավ եղավ, շանսատակ եղավ էդ դահիճը… քանի-քանիսի՜ն ուղարկեց Սիբիր ու մահվան գիրկը… մեր լավ արվեստագետներին, գրողներին, անմեղ մարդկանց. նա թվարկեց մի շարք անուններ:
– Լավ էլի,– ասաց հայրս,– էն չես ասում, որ Ստալինը հաղթեց ֆաշիստներին… ու կռվից հետո շենացրեց Խորհրդային Միությունը:
Երևանի հաղորդումների ժամն էր, դժվարությամբ միացրին ռադիոալիքն ու լուռ լսեցին նորությունները, որոնք բոլորն էլ Ստալինի մահվանն էին վերաբերում: Ամբողջ երկրում սուգ էր հայտարարված. պատվերով համերգ չկար: Սփռվում էր ինչ-որ երաժշտություն: Ես և քույրս ճարահատված գնացինք ննջարան՝ զրուցելու և քնելու:
– Վերջը չիմացա՝ ով ա էդ Ստալին կոչվածը, լա՞վ մարդ ա, թե՞ վատ,– հարցրի,– մի՞թե էդքան կարևոր մեկն ա, որ մեռած Ստալինի պատճառով տատի արհեստանոցում ինձ աչքաթող արեցին…
– Դե, մեծ երկրի առաջնորդ ա, կատակ բան չի:
– Հետո՞, էստեղի առաջնորդը հո չի, մեր Շահի՞ց էլ մեծ ա:
– Մեր հայրենիքն էլ էդ երկրի մեջ ա:
– Հա՞, Հայաստանի մե՞ծն էլ ա: Բա… Հայաստանն ինքը մեծ չունի՞:
Քույրս ծիծաղեց ու ասաց.
– Հա՛մ հա, հա՛մ չէ, հիմա գլուխդ դիր, քնիր, կմեծանաս, կիմանաս:
Շատ տխրեցի, անչափ տխրեցի, ասես ներսումս մի բան փուլ եկավ. միշտ կարծել եմ, թե մեր հայրենիք Հայաստանն էլ Շահի նման թագավոր ունի…

Փետրվար, 2024
Գլենդել, ԱՄՆ

2 comments

    • Արմեն on 24 Փետրվարի, 2024 at 12:21 ա.
    • Reply

    Շատ լավ է ստացվել սիրելի Կոլյա: Այդ օրերի դրությունը լիովին զգալի է ձեր մանկական անմեղ դիտանկյունից:Վարծկդ կատար: Ի դեպ խուրհուրդ կտամ եթե չեք տեսել, դիտել The Death of Stalin կինոն: Մի քիչ տափակ, բայց բավական զվարճալի պահերով լինո է:

    • Kolia on 26 Փետրվարի, 2024 at 9:35 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ, կաշխատեմ դիտել կինոն: Ինչևէ, պատմվածքը կարելի է վավերագրական համարել, որովհետև ես ղնվել եմ 1945-թվին, Ստալինը վախճանվել է 1953-ին, ընդ որում՝ իմ մտապատկերոwմ շատ ուժեղ է տպավորվել այդ օրվա անցուդարձը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.