Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Մարսից առաջին անգամ եկած դիվանագետին ներկայացնում էի մեր սովորույթները․
Կարելի է կարծել, թե մեր ողջ աշխարհը լոկ մեկ նպատակի համար է ստեղծված․որ հավիտենապես այնտեղ ներկա լինի մեկնելու պատրաստ մի կայազոր։
Ուստի մարդիկ վերարտադրվում են, կենդանիները և բույսերը ևս վերարտադրվում են, ու դրան նպաստում է այն հանգամանքը, որ բեղմնավորման իրողությունը ընդհանրապես համարվում է որպես չափազանց մեծ բավականություն պատճառող մի բան։
Ու այնքան քաղցր է սիրով զբաղվելը տղամարդու և կնոջ համար, որ բացարձակապես բացակայում է վտանգը, թե մարդը երբևէ կդադարի բեղնավորել և ապահովել կայազորի համալրումը։
Ավելին, նա տրվում է մարմնական զուգավորման հաճույքին հիմար անփութությամբ՝ լույս աշխարհ բերելով շատ ավելի զավակների, քան ինքը կարող է կերակրել, ուստի և հաճախ տառապում է թշվառությունից, քաղցից, նվաստացումներից, ու այնքան տխմար է, որ չի նկատում, որ այդ զրկանքները ինքն է իրեն պատճառում, բայց մեղքը բարդում է մերձավորի վրա, ով մի քիչ ավելի խելք ունենալով իր գլխում՝ նրանից ավելի բարվոք վիճակում է։
«Սակայն, բացատրի՛ր ինձ», ասում է օտարականը, ով եկել է մեկ այլ, ավելի բանական աշխարհից ու չի կարողանում հասկանալ, «բացի բեղմնավորման ակտից, ի՞նչ բավականություն ես ստանում զավակներ աշխարհ բերելով»։
«Կեցցե՛ս, կյանքը սրբազան բան է, ու դրա ջահը ապագային փոխանցելը մեր ամենաազնվաբարո առաքելությունն է։ Բացի դա, քանի որ ծնվում են մեզանից ու գրթե միշտ մեզ են նմանվում, մենք նրանց սիրում ենք աշխարհում ամեն բանից ավելի, ու նաև, մանուկները սիրունատես են, անուշիկ, սիրո զգացում են արթնացնում»։
«Բայց ձեզ հաշիվ տալի՞ս եք, որ նրանց աշխարհ եք բերում մեն-մի նպատակով, որ նրանք ևս մեկնեն»։
«Իհարկե, գիտենք դա, բայց նրանք մեկնում են մեզանից շատ ավելի հետո։ Այդպիսին է կանոնը։ Ճշմարիտ է նաև, որ երբ զավակներից մեկը, դժբախտաբար, մեկնում է երիտասարդ հասակում, ծնողների համար դա ամենամեծ ողբերգությունն է «Դե, թեև ես դեռևս շատ կարճ ժամանակ է, ինչ այստեղ եմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ ձեր զավակները որոշ տարիքի հասնելով՝ ձեր սիրուն պատասխանում են արհամարհանքով ու ատելությամբ, ու բնավ էլ նրանց պետքը չէ, թե դուք՝ տարեցներդ, երբ կմեկնեք, եթե միայն դա չբերի փողի ու հարմարություննե րի կորստի։
-Մի ժամանակ այդպես չէր։
-Հիմա այդպես է, ըստ իս։
-Այդուհանդերձ, մարդու առաքելությունը կյանքը շարունակելն է, մնացյալ ամեն ինչը երկրորդական նշանակություն ունի։
-Շարունակել կյանքը, բայց նաև՝մահը, ավելի շուտ՝ մահը, քան կյանքը, քանզի կյանքի վերջնանպատակը մահն է։ Ու սերնդե-սերունդ այդ շարունակականությունը՝ մեռնելու իրական նպատակով, ինձ թվում է ամենանհեթեթ բանը։
-Շատ անհեթեթ է արտաքնապես, բայց ակնհայտորեն այնպես չէ, ինչես դու ես ասում։ Կարծում եմ, կյանքն ինքնին, այսինքն՝ մեկնումի սպասումը, կարևորագույն ու գեղեցկագույն բանն է, եթե ճիշտ է օգտագործվում։ Բոլորն, ի դեպ, թվում է, վերին աստիճանի գնահատում են այն։ Եվ դրանից հեռանալը ամենամեծ ցավն է, որ կա։
Եվ սակայն, ի՞նչ կարող ենք անել։
-Շատ հասարակ բան․այլևս չբեղմնավորել, չթողնել, որ վերստեղծվի այդքան թշվառ մի ճակատագիր։ -Դե լա՜վ, ո՞վ է ասել, որ մեկնումից հետո ամեն ինչ վերջանում է։ Այստեղ խոսքը ամենամեծ խնդրի մասին է, մի բանի մասին, որը բոլորից ամենակարևորն է ու սոսկալին։ Ո՞րն է մեկնող զորախմբերի նպատակակետը։ Ու՞ր են գնում մեկնող նավերը։Դեպի ի՞նչ ճակատամարտեր, ծովեր, ճակատագրեր։ Ինչ մարդը գոյություն ունի, բոլորը այդ հանելուկները ծառանում են նրա առաջ։ Թշնամական բանա՞կ կա պարտության մատնելու։ Անծանոթ երկի՞ր կա նվաճելու։ Ո՞ւր են գնում։ Ի՞նչ մտադրություններով։ Եվ կամ, գնում են կուրորե՞ն։ Իսկ նավերը ո՞րտեղ են կառանում։ Սա մեծագույն խնդիր է։ -Որը ոչ ոքի չի հաջողվել լուծել։ -Ճիշտ չէ։ Շատերը համոզված են, որ Երկրի վրա կյանքի նպատակը հենց երկրորդ կյանքն է՝մի ուրիշ տեղ, որը պիտի տևի հավերժորեն։ Տեսնու՞մ ես, այս կերպ ամեն ինչ բացատրվում է։ -Իսկ դու՝ ինքդ, հավատու՞մ ես դրան։
-Դե, անկեղծորեն ասած՝ոչ։ Ծնողներս հավատում էին։ Ես դրան այլևս չեմ հավատում կամ գոնե խիստ կասկածում եմ։ Զավակներս դրան էլ ավելի քիչ են հավատում․․․Բայցևայնպես, նաև զավակներս են կյանքին անեվրապահորեն կապված։
-Դե իհարկե։ Ի վերջո, դա միակ բանն է, որ նրանց մնում է։
-Տեսնո՞ւմ ես, մարդը մեծ, առեղծվածային պաշարներ ունի․․․։
-Ուզում ես ասել, նա ապրում է, ասես չպիտի՞ մեկնի մի օր։ Ասես իր կյանքը հավերժ պիտի տևի։
-Որոշակի իմաստով՝այո։
-Պիտի քեզ խոսովանեմ, որ դա այն է, որն ինձ ամենաշատն է ապշեցրել, ինչ գտնվում եմ ձեր միջև։ Բոլորը այնպես են վարվում, կարծես երբևէ չեն մեկնելու, ու երբ գալիս է մեկնելու պահը, զարմանում են, բողոքում, ողբերգություն են սարքում։
-Տրամաբանական է։ Կյանքը շատ գեղեցիկ բան է, աշխարհը կախարդիչ վայր է․ ամենուր մարգագետիններ են, անտառներ, ծաղիկներ։ Երկինք, արև, ամպեր։ Աստղեր, լուսին։ Իսկ ծովը տեսա՞ր, իսկ լեռնե՞րը։ Թանգարաններում եղա՞ր։ Փորձե՞լ ես կարդալ մեր գրական գլուխգործոցներից մեկը։
-Դե՜հ, քիչ ժամանակ է, ինչ այստեղ եմ։ Ձեր լեզուն լավ չգիտեմ։
-Ուրեմն դեռևս չես տեսել ամենաչքնաղ քաղաքները, հուշարձանները, երկնաքերերը, կամուրջները, որ մարդու հպարտությունն են։ Իսկ երիտասարդ ու գեղեցիկ կանայք դեռ չե՞ն գրավել քեզ։ Փորձե՞լ ես դիպչել նրանց։ Դու էլ սեռական համակարգ ունես, չէ՞։ Փորձ՞լ ես սիրով զբաղվել։ Գայթակղվե՞լ ես մեր աշխարհի արատներով։ Արդյոք գիտե՞ս, որ ես Աստծո արարած եմ։
-Լսում եմ քեզ մի քիչ տարակուսած։
-Իսկ երաժշտությու՞նը, երգե՞րը․․․իսկ համեղ ուտելիքներն ու խմիչքնե՞րը․․․գիտ՞ես արդյոք, որ ոմանք առատ սեղանը նախընտրում են մարմնական ցանկությունից․․․ Իսկ թատերական ու սպորտային ներկայացումնե՞րը։ Իսկ սպորտի պատճառած խանդավառությո՞ւնը։Դուք ևս՞ դահուկ եք քշում այնտեղ։
-Պիտի ընդունեմ, որ դու բավականին պերճախոս ես։ Քիչ է մնում համոզվեմ։
Մի խոսքով, ի հեճուկս ամեն ինչի, ձեզ մոտ ուղղակի դրախտ է։ Չնայած ժամկետի լրանալուն, որ ձեզ սպասում է, դուք երջանիկ էակներ եք թվում։
-Կարող ես այդպես ասել։ Երկիր մոլորակը դրախտավայր է՝ հավիտենական գարնան մեջ, և արդեն այն իրողությունը, որ մենք ապրում ենք, չենք կարող այլ բան ցանկանալ, և ինչպես դու ես ասում, մենք ուղղակի երջանիկ էակներ ենք։
-Ուրեմն, ես սխալվել էի։
-Անշո՜ւշտ։ Հակառակ այն բանի, ինչ դու ենթադրում էիր, կրկնում եմ, մենք երջանիկ ենք։ Երջանի՜՜կ, երջանի՜՜կ։ Լողում ենք երանության օվկիանոսո՜ւմ։
Հայ-հո՜՜ւյ, բախտավեր մեր գլուխ․․․
Չարչարվել, իսկ վերջում մշտապես մնալ ձեռնունայն։ Խենթանալ ինչ-որ կնոջ համար, ու երբ արդեն տիրացել ես նրան, զգալ քեզ դառնորեն խաբված։ Կռիվ տալ փառքի, փողի համար, այն դևի, որը քեզ ուղղորդում է, ու երբ թվում է, թե ինչ-որ բանի ես հասել, ահա սև ստվերն է քեզ սպասում, ու այս ամենը՝ միջից ճղվելուցդ հետո, ու նաև հիասքանչ արատները, նաև պոեզիան, նաև երաժշտությունն են դառնում նեխվածություն ու թույն․ ու դեռ քեզ հետ խոսում է մի մարդ, ում բախտը բերել է, քանզի մյուսները դատապարտված են նաև հիվանդությունների, թշվառության, մարմնական ախտերի, գարշահոտությունների, տգեղության, գռեհկության, ու նաև նրանք պիտի մեկնեն, անգամ եթե մոռանում են այդ մասին, նաև նրանց է ստվերը սպասում մի անկյունում, դռան ետևում, զգեստապահարանի մեջ, գիշերվա անձկությունը, և առավոտվա անձկությունը ևս, որն ավելի վատ է․․․
Միակ փախուստը այն հիմարությունն է, որով քաղաքական մարդը մտահոգվում է գալիք դարերի ու մարդկության ճակատագրերի մասին, փաստաբանը, բժիշկը, բանկիրը, ջուլհակը, վաճառականը համոզված են, որ իրենց աշխատանքը կամ գործը կամ դավը աշխարհի ամենակարևոր բաներն են, ու տևելու են հավետ, և ամեն մեկը սիրում է իրեն և պաշտում իրեն պատկանող բաները, իր սեփական տունը, իր երեխաներին ու լրիվ մոռանում է վերջնական նպատակը, որի մասին միտքը մինչդեռ, պիտի զբաղեցներ նրան իր բոլոր օրերին, իսկ հետո, երբ գալիս են նրան կանչելու, սկսում է ճղճղալ մորթվող խոզի նման։
Վենետիկ, 3 սեպտեմբերի 1970 թ․
Զորագունդը մեկնում է արևածագին (ժողովածու)
Վերջին մեկնաբանություններ