Ելենա Շուվաևա-Պետրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանությունը` Խաչիկ Մանասելյանի
Հաշիվ տալու ժամը

Ահա վրա հասավ
Հաշիվ տալու ժամը…
Գրպանում` սոսկ մանր:
Ահերը մեր համր
Ձայն են տալիս, հառնում`
Դե, հոգիդ բեր շեմը…
Կանչ ենք հղում փրկչին,
Անիծում խառնակչին —
Մեզ դուրս ենք համարում
Մեղսոտների շարքից…

Բաժանում
…և ոռնացող քամին
ծվեններն ինձ բերեց
այլոց տառապանքի
և այլոց դառնության:
Մեզ նորից բաժանել են
կիլոմետրերը կույր.
քեզ` կես տարվա ճամփա
ինձ հասնելու համար,
իսկ ինձ` մի ողջ տարվա:
Մեկնում եմ թալկությամբ
ձեռքերս դեպի քեզ.
Փրկությունս մոտ է
և հեռո՜ւ է այնքան:
Ինձ կտեսնես, միայն
Շրջվի՛ր դեպ ինձ,
Քեզ տեսնելն ինձ համար
Դժվար է, սիրելիս:

Եվ պահն այն կգա
Եվ պահն այն կգա
Անսպասելի,
Անխուսափելի,
Երբ հանկարծ կզգամ,
Որ դարն իմ երկար
Մոտ է վախճանին…
Եվ կյանքն ինձ համար
Տենչալի կդառնա,
Կուզենամ մանկանալ
Ու գրկել մայրիկիս…
Ցող ըմպել վաղորդյան
Ու քայլել ձեռք-ձեռքի,
Ոչնչից ահ չզգալ…
Բայց տեսնում եմ ահա,
Փողփողում է Նրա
Ծիածանն իրիկվա.
Վերից ինձ է կանչում…
Ափսոս, չապրած
Մի հրաշք կմեռնի
Նորից իմ մեջ,
Որ հինգ ձիգ-երկար կյանք
Ճաշակել եմ տենչում…

Թողնել պատասխան

Your email address will not be published.