«

»

Սեպ 18 2012

Տպել Գրառում

Ֆեռեյրա Գուլլար | ԴՈՆ ՌԱՄԻՐՈՆ ԳՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ

Պորտուգալերենից թարգ.` Անի Վարդազարյանը

Այդ երեկո, Էզեիզա օդանավակայանում գտնվող հարյուրավոր մարդկանցից ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է քաշել՝ բանալիով կողպած ճամպրուկները, անձնագիրն ու տոմսը ձեռքին՝ դեպի հեռու ու առասպելական Եվրոպա թռչող ինքնաթիռը նստելու հրամանին սպասող՝ պարոն Ռամիրո Գոնսալեսը, մինչև այդտեղ հասնելը: Բայց կարևորն այն է, որ ամեն ինչ իր հունով էր ընթանում, նախատեսվածի համաձայն:
Ամեն բան սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ Ռամիրոն զիջեց՝ աղջկա ու կնոջ ճնշման ներքո: «Պետք է Եվրոպան տեսնես, պապ: Հերիք է աշխատես, աշխատես: Արդեն հիսուն տարեկան ես, իսկ կյանքն անցնում է»: Այս վերջին բառերը ցնցեցին Ռամիրոյի` իրեն միշտ հարմարավետ զգացող հոգին: Կյանքն անցնում է: Հաջորդ օրը գրասենյակում`երկու հաճախորդների արանքում, անընդհատ վանկարկում էր՝ «անցնում է… անցնում է…» բառերը: Տուն վերադառնալով` թերթը բացեց ու չկարողացավ ուշադրությամբ կարդալ լուրերը. Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Բեռլին, Միլան… Հայտնի քաղաքների այդ անունները հոգին լցնում էին երազանքների ու ցանկությունների հորձանքով: Նաև՝ սարսափով: Համեմատում էր իր խաղաղ փողոցը, իր տան հյուրասենյակը, ամենը՝ ծանոթ ու ապահով. ո՞ր փողոցներով ու պողոտաներով, հյուրանոցների ո՞ր համարների ու ռեստորանների մեջ պիտի թափառեր: Ի՞նչ կարող էր պատահել իր ու իր խեղճ կնոջ հետ մի անծանոթ աշխարհում: Բայց, միևնույն ժամանակ, հիշում էր, որ կյանքն անցնում է:
Մի գեղեցիկ օր վճռական տեսքով մտավ տուն: Կնոջը կանչեց ու հայտնեց՝ նրա հետ Եվրոպա գնալու իր որոշման մասին:
– Բայց ո՞ւր, Փարի՞զ, Լոնդո՞ն:
– Դեռ չգիտեմ: Համբերությամբ պիտի ուսումնասիրենք ամեն ինչ:
Բայց հենց որոշումը կայացրեց, ամեն ինչ արագացավ: Հաջորդ օրը տուն եկավ` բեռնված տուրիստական բուկլետներով, ճամփորդական ուղեցույցներով, քաղաքների քարտեզներով: Ընթրիքից հետո ինքը, կինն ու աղջիկը սկսեցին ուսումնասիրել հնարավոր երթուղիները: Ողջ գիշերը դրա վրա ծախսեցին ու անտրամադիր գնացին քնելու: Հաջորդ օրը` մինչև նախաճաշելը, նա արդեն զննում էր քարտեզներն ու օդային ուղիները: Գնաց, Եվրոպայի մեծ քարտեզը գնեց: Մի քանի օր անց քարտեզի վրա գծում էր երթուղին և, կարելի է ասել, «ճանապարհորդության» մի նոր փուլ սկսվեց:
Հիմա, յուրաքանչյուր քաղաքում պիտի հյուրանոց ընտրեին:
– Արի, դա այնտեղ տեղում ընտրենք, – անհամբեր առաջարկեց կինը:
– Տեղո՞ւմ: Ես այստեղից շարժվելու եմ ամեն բան որոշելուց հետո, կամ էլ ոչ մի տեղ չեմ գնա:
Այցելեց տուրիստական գործակալություններ, դեսպանատներ, գները գրի առավ, հաշվեց տարադրամի տարբերությունը և մի շաբաթում ընտրեց այն հյուրանոցները, որտեղ պիտի ապրեին: «Հոյակապ է, բայց ի՞նչ ենք անելու այդ քաղաքներում: Ի՞նչ տեսարժան վայրեր ենք այցելելու»: Կինը ձանձրացած մարդու տեսք ընդունեց: Ինքը սկսեց որոնել յուրաքանչյուր քաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերը` թանգարաններ, եկեղեցիներ…
-Ես թանգարաններ չեմ սիրում,- հայտարարեց կինը,- ես այդքան երկար ճամփորդության չեմ գնում` հին նկարնելով լցված մի տան մեջ հայտնվելու համար:
– Հին նկարնե՞ր, ա՛յ անկիրթ, հռչակավոր գործե՜ր:
– Ես ուզում եմ զբոսնել, խանութներ, փողոցներ, սիրուն տեղեր տեսնել:
– Դա նույնպես,- ավելացրեց ամուսինը:
Ու գրիչով Փարիզի քարտեզի վրա նշում էր այն հյուրանոցի փողոցը, որտեղ պիտի ապրեին ու տարբեր կետեր, ուր պիտի այցելեին:
– Առաջին առավոտը,- ասաց նա,- դուրս կգանք հյուրանոցից ու կքայլենք այս փողոցով, այստեղով, տեսնում ե՞ս:
– Ի՞նչ փողոց, սա դժոխային լաբիրինթոս է:
– Ըհը: Դե, մենք կքայլենք մինչև այս փողոցի անկյունը, կթեքվենք դեպի աջ, Լուվրը այդտեղից մի քանի քայլի վրա է…
– Եթե այդպես է, էլ ճամփորդելու կարիք չկա: Արդեն Փարիզում ես` փողոցներով շրջելիս… էլ ի՞նչ գրավչություն կա դրա մեջ:
– Չէ մի, գրավչությունը այսպիսի մի քաղաքում կորելո՜ւ մեջ է, երբ հազիվ մի քանի բառ ֆրանսերեն գիտենք:
– Միայն դո՛ւ, որովհետև ես ազատ խոսում եմ ֆրանսերեն:
– Գիտե՛մ…
Վեճեր եղան՝ տրամադրության անկում, բանը նրան հասավ, որ մոտ էր հետաձգեին ճամփորդությունը: Բայց ամուսնու համար դա անհնարին էր, որովհետև մինչև կոկորդը խրվել էր դրա մեջ: Ու այդպիսով, սաստիկ բաբախող սրտով` Ռամիրոն ու իր կինը հիմա այնտեղ էին` արգենտինյան ավիաուղիների սպասարկման ելքի դիմաց` պատրաստ թռչելու:
Ու թռան: Հաջողություն մաղթեցին աղջկան ու ծնողներին, և, փոշմանածի ու վախեցածի միջև ինչ-որ զգացողությամբ՝ նստեցին ինքնաթիռ, որը նրանց տանում էր Մադրիդ, ուր պիտի այն փոխեին`դեպի Աթենք թռչող ինքնաթիռով:
Պարզ երկնքով երեկո էր. նրանք ժպիտը դեմքին հատեցին Ատլանտյան օվկիանոսը: Երբ շատ ժամեր անց հասան Մադրիդ, Աթենք թռչող ինքնաթիռն առևանգել էին: Օդանավակայանում խառնաշփոթ էր տիրում, որի ընթացքում ճամպրուկներն անհետացան: Նրանց տարան մի հյուրանոց, որն իրենց ընտրածը չէր, և մի քաղաքում, որն իրենց գծած երթուղու մասը չէր կազմում, ու գիշերն անցկացրին վերնաշապիկ, վարտիք ու գուլպա լվանալով, որպեսզի հաջորդ օրը հագնելու բան ունենային…
Կինը քթի տակ երգում էր ու թարս-թարս նրան նայում:
– Քո պլաններն են, հ՞ը, Ռամիրո:
Նա իրեն չլսելու տվեց:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>