երգը չլսած՝ նորից եմ միացնում,
ու նորից,
ու նորից,
ու նորից…
զգույշ՝ սովորական չդառնա։
Փտր 07 2019
Հնվ 14 2016
Երբ ես մեռա, մարդիկ եկան ասելու, որ ինձ շատ են սիրել ու ափսոսում են վաղաժամ մահվանս համար: Պարզվեց, որ կարգին տիպ եմ եղել կենդանությանս օրոք, բայց դա ինձնից գաղտնի էին պահում: Իմ մասին նոր բաներ իմացա. օրինակ, մեկը, ում ոչ մի կերպ չմտաբերեցի, վստահ էր, որ ես շատ ավանդապահ ու պարկեշտ մեկն եմ եղել, մյուսն ազատամտությունս էր գովում, մեկն ասում էր համարձակ էի, մյուսը, թե՝ համեստ էր: Մի պահ խճճվեցի: Մեռած էի, բայց հուզիչ էր, երբեք ինձ այսքան կարևոր չէի զգացել: Մտածեցի. «Մարդ վերցնի, նորից ծնվի»:
Մեր մեջ ասած՝ ճոխ թաղումներն ու հարսանիքները երբեք էլ սրտովս չեն եղել:
Դկտ 11 2015
Անսեռ, երկաթյա միատոն ձայնը թեթև խշշոցի ուղեկցությամբ հաղորդեց.
-Ազատության կայարան:
Մի խումբ մարդիկ իրար անցան, սկսեցին միմյանց հրմշտել. ուզում էին վայրկյան առաջ լքել վագոններն ու հայտնվել Ազատության կայարանում: Սա ընդամենը մի քանի վայրկյան տևեց, հաջորդեց գնացքի ազդանշանը, որը խուճապն ավելի սրեց, այնուհետև բոլոր վագոնների ժանգոտված ու ծուռումուռ դռները միաժամանակ ճռռոցով փակվեցին՝ դռներից դուրս թողնելով ազատներին: Նրանց դեմքին շփոթմունք ու գոհունակություն էր դրոշմված: Ազատության կայարանի անմարդ ու անծայր սրահն ասում էր, որ սահմաններ չճանաչող աշխարհն առանց մարդկանց ավելի սիրուն կլիներ…
Ապր 13 2015
Մեռնելուց հետո
Դա նրա վերջին առավոտն էր բանտում:
Ամեն օրվա պես նայեց շրջանակից դուրս՝ նույն տներն են, ծառերը, բլուրները, ոչ մի տեղաշարժ, ոչ մի փոփոխություն: Ոչ ոք չի բարձրանում բլրի գագաթը՝ այնտեղից ձեռքով անելու համար, ոչ ոք չգիտի, որ նա կա դարպասներից այն կողմ եղած պատերի ու ճաղերի մեջ, ոչ ոք շրջանակից երևացող ծառից տերև ու պտուղ չի պոկում, ու նրան այնպես է թվում, թե իր ունեցած շրջանակից դուրս այլևս չկան մարդիկ, տներ ու աշխարհներ, չկան ոչինչ ու ոչ ոք: Գուցե ծա՞ռն է անպտուղ, դրա համար էլ շուրջը դատարկ է, թե՞ անպտուղ ծառն ինքն է, ում շուրջն ամայի է: Նրան այնպես է թվում, թե ինքն այլևս չկա, գոյություն չունի, որ շրջապատող նյութական աշխարհը խաբկանք է, ինքը մի փոշեհատիկ է այդ աշխարհում՝ աննկատ, անէ:
Մրտ 03 2015
Ծխախոտի հաջորդ գլանակը նորից քեզ կհիշեցնի, սուրճի բաժակը՝ մեզ՝ դեմ դիմաց նստած, լուռ ու անհանգիստ. դու ինձ ես սպասում, ես քեզ… Բառերը վերջացան, բառերը միշտ վերջանում են, երբ ասելիք կա: Միշտ կարելի է խոսել ու չասել, բայց բառերը միշտ անհարմար պահին վերջանում են, երբ լռությունը ծանրանում է շուրթերիդ, ստիպում խոսես: Լռությունը ծանրանում է ականջներիդ, ստիպում, որ նա խոսի: Բայց բառերը վերջացել են…
Սպտ 15 2014
Այսօր, օրվա այս ժամին ամառ է՝ աշխարհի ամենասիրուն լուսաբացով. այդ օրն ուրիշ արև էր ծագել, վերջին արևը: Խելառ արագությամբ հեծանիվ քշելը լավ է, երբ էլ կորցնելու բան չունես, բացի վերջին օրիցդ: Շունս շնչակտուր վազում էր ետևիցս ու ես հասկացա, որ ինձ կարոտելու է: Ես արդեն կարոտել էի նրան…
Հնվ 25 2014
Ամեն օր ես կտրում-անցնում եմ շատ կիլոմետրեր. ճանապարհը լավն է, մտածել է սովորեցնում: Ես սիրում եմ ճանապարհներին մտքիս եկած ամեն հիմարություն գրառել՝ չվախենալով կողքիս նստածի հայացքից, նրանից, ով կկարդա մտքերս, որոնք գրվում են ճանապարհին՝ ծուռումուռ ձեռագրով. Ճանապարհը լավն է, չվախենալ է սովորեցնում:
Նյմ 01 2013
«Մի կտոր շաքար… Վատ չէ, թեյն անհամ չի լինի, երկու կտորը ճոխություն է, այս ամիս նման դեպք մի անգամ եղել է, հերիք է, էլ չսպասեմ»,- մտածում էի` թեյի գդալը բաժակի պատերին շրխկացնելով: Հետո տատս ասաց, որ քաղաքակիրթ մարդիկ անձայն են շաքարը լուծում ջրում: Ես սկսեցի տանջվել. «էդ ինչպե՞ս»: Մտքովս չանցավ, որ նրանց շաքարը մի կտոր չի, որի ամեն հատիկից փորձում են քաղցրություն ստանալ, որ դառը ջուր չխմեն: Տատիս ասելուց հետո մի լավ ջանք թափեցի, մինչև անձայն շաքարի կոշտ հատիկը լուծեցի ջրում, պարզվեց թեյս սառել է: Սառը թեյից սառը բան չկա: «Էլ չեմ ուզում»:
Մրտ 23 2013
… Դու դարձյալ չեկար արցունքներս սրբելու: Այսօր նորից գլուխս դրեցի բարձին և արցունքներս աչքերիցս գլորվեցին: Ես միայն քնելիս եմ լալիս քեզ համար, որովհետև այսպես ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ ես այնքան եմ ուզում, որ դու գաս ու սրբես արցունքներս, այդ միայն դու կարող ես, բայց դու չես գալիս:
Դկտ 04 2012
Ես իմ մասին Սիրում եմ կյանքը: Կյանքից հետո, սիրում եմ մարդկանց: Մարդկանցից հետո ես ինձ եմ սիրում: Ու բոլորովին պարտադիր չէ, որ մարդիկ էլ ինձ սիրեն: Այնուամենայնիվ, նրանք էլ են սիրում ինձ, բայց իմ սիրով, իմ սերն է շրջադարձ կատարում ու ինձ հասնում: Ահա թե ինչքան շատ սերեր ունեմ այս կյանքում, բայց մեկ է ատելության …
Վերջին մեկնաբանություններ