…դուք հիշում եք պատմության պահպանած անցյալի բեկորները։ Միլիոնավոր կյանքեր առաջ օվկիանոսի աղի խորքերում թափանցիկ արարածներ գոյացան։ Առասպել է պահպանվել նրանց իր ձևը շնորհած ջրային Աստծու մասին, սակայն ես չեմ ցանկանում դրանց կրկնությունը պարտադրել ձեզ։ Առասպելներն անհատների համար են, և ով հավատում է, նա հայտնաբերում է, իսկ ով չի ցանկանում տեսնել անտեսանելին, նա տեսնում է երևութականը։
Այդ արարածները զարգացան աստիճանաբար, դաժան և գրավիչ ժամանակների գրկում ձեռք բերեցին առանձնահատկություններ և բնավորություններ։ Նրանք համախմբվեցին ցամաքում՝ ավելի ու ավելի հեռանալով ջրային ակունքներից։ Նրանք փխրուն էին, լպրծուն, հաճախ մեռնում էին արևի տակ անզգուշաբար երկար մնալուց, հաճախ լուծվում էին ջրում՝ կորցրած գոյատևելու նախկին հնարավորությունները և դեռ չամրապնդած նորերը։ Մենք նրանց նախնիներ ենք անվանում։
Ապա աստիճանական զարգացումներն ընթացան այլ ուղիներով։ Հազարամյակներ առաջ նկատվեց, որ նախնիներից որոշները՝ առավել խելացիներն ու ճարպիկները, կարողանում են ավելի ու ավելի երկար դիմանալ արևի ու ջրի, օդի և քամու, կրակի և սառնության քայքայիչ ազդեցություններին։ Սկզբում դա համարվեց առանձնահատուկ շնորհ, և եղան այնպիսինները, ովքեր հայտարարեցին, որ խխունջների ջրային Աստվածն իր ողորմածությունն է շնորհել ընտրյալներին։ Արդեն ասացի, որ ես լոկ ներկայացնում եմ պատմությունը՝ խուսափելով անդրադառնալ տարածված առասպելներին։ Ուստի հիշեցնեմ, որ նրանք ընդամենը ականատեսն ու մասնակիցն էին դառնում խխունջների բաղկացուցիչ մասի՝ պատյանի ծնունդին և ձևավորմանը։ Եղան նրանց մեջ այնպիսինները, որոնք կործանվեցին սեփական, նոր-նոր ծնվող պատյանի ծանրությունից, եղան և այնպիսինները, որոնք կործանվեցին ծանրության բացակայությունից։ Առաջացան պատյանավոր խխունջները, և եղավ այն, ինչ պետք է լիներ՝ ապագան եկավ ներկա։
Առաջին արյունահեղ երկպառակության հիմքերը այդ օրերին փորվեցին։ Համայնքներով ապրող և միևնույն տերևի ստվերի տակ պատսպարվող մեր հեռավոր պապերը, հավանաբար, ապախխունջային և սարսափելի ծանր պահեր են ապրել։ Ինչե՜ր կտայի այդ օրերի ականատեսը դառնալու համար։ Ես տեսնում եմ ինձ լպրծուն ու անօգ, թշվառ ու անուժ մի արարածի մաշկում (ասենք, այն ժամանակ նույնիսկ մաշկ հասկացությունը չկար)։ Ես տեսնում եմ, թե ինչպես օրերի, տարիների ընթացքում աստիճանաբար կարծրանում է իմ արտաքին թաղանթն ու փքվում, տեսնում եմ, թե ինչպես եմ ես ինքս տեղավորվում իմ մեջ։ Դա անխուսափելի և անկանխատեսելի ապրումների հրաբուխ պետք է վառեր մեր նախնիների փխրուն մարմիններում։ Գիշերներ ու ցերեկներ անընդմեջ կրել աճող և ձևավորվող պատյանի խորթության զգացողությունը, մերժում և հալածանք, վախ և չգիտակցված ատելություն զգալ համայնքի անտեղյակ անդամների կողմից, որոնց դեռ չէր շնորհվել պատյանի ձևավորման բերկրալից, տառապագին գիտակցությունը։ Հեղափոխության և նոր հույսերի ծնման այդ ժամանակներում վերստին խխունջների կյանքի մեջ մտավ հոգի բառը։
Մենք չենք կարող ասել, թե ով առաջին անգամ արտաբերեց այդ հանճարեղ ու սարսափելի հնչյունախումբը։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյո՞ք դա նույն առաքյալն է եղել, ով կենդանության ընթացքում տեսել է իր պատյանի ձևավորումը՝ լինելով առաջինը իր տեսակի մեջ։ Այո՛, դա տեսակի ծնունդ էր նաև, քանզի մինչ այդ պահը խխունջները միայն մարմին ունեին, իսկ պատյան ունենալով՝ ձեռք բերեցին նաև հոգի։
Վիճելի հարց է, իհարկե, և ես չեմ պատրաստվում պնդել իմ տեսակետը որպես ավարտուն գաղափարախոսություն։ Սակայն հավատացնում եմ ձեզ, եղբայրներ, որ սկզբնապես, օվկիանոսի մութ խորքերում, խխունջները լոկ հոգի են ունեցել։ Գուցե նաև գիտակցություն են ունեցել՝ հավաքական և բոլորի մեջ լուծված մի ընդհանուր կամքով առաջնորդվող՝ մենք դա չգիտենք։ Ցամաքային կյանքին հարմարվելուն զուգընթաց, կորցնելով ծովի պարգևած շնորհներն ու ընդունելով նոր տիրակալի հովանավորությունը (հիշեցնում եմ առասպելը ծովային ու ցամաքային աստվածների՝ իշխանության համար մղվող պայքարի մասին), խխունջները կորցրեցին այն, ինչ ունեին՝ իրենց հոգին։ Սակայն իրենք չկորչեցին՝ ձեռք բերելով մարմին և փոխելով կենցաղը, ինչը մեզ հնարավորություն է տալիս հաստատել, որ հոգին առաջնային չէր, կամ էլ, բացի հոգուց, կար նաև մի ուրիշ, անտեսանելի հատկություն, որը վերածվեց մարմնի (առասպելի համաձայն, ծովային աստվածը մերժեց բոլոր նրանց, ովքեր հրաժարվեցին հոգուց հանուն մարմնի)։ Պետք է խոստովանել, որ անհասկանալի ու խրթին առասպելներում որոշակիորեն մատնանշվում է հակասությունը՝ միայն հոգի ունեցող խխունջները ձևափոխվեցին միայն մարմին ունեցողների՝ կորցնելով հոգին, իսկ դա նշանակում է, որ կա՛մ հոգին դարձավ մարմին, կա՛մ վաղնջական ժամանակներում ապրողներն ունեին մի այլ, թաքուն հատկանիշ, ինչպես ասացի։ Եթե չեք առարկում, այդ թաքնված հատկանիշն անվանենք Վ։
Կրկնում եմ, անձամբ ինձ հետաքրքրում են միայն մի խխունջի ապրումները՝ այն խխունջի, որն իր շարունակվող կյանքի ընթացքում ծովային կենցաղից անցավ ցամաքայինի, կամ այն խխունջի, ով իր շարունակական, չխզվող կյանքի ընթացքում տեսավ սեփական պատյանի ծնունդն ու ձևավորումը։ Թող ինձ ներեն իմ հարգարժան գործընկերները, եթե ես իմ զրույցն ամբողջապես նվիրեմ դրան։ Ես կարծում եմ, որ պակաս կարևոր չէ մի խխունջի կյանքը համայնքի կյանքից։ Առավել ևս, որ փոփոխությունները, ինչպիսին էլ որ եղել են դրանք, սկզբում ձևավորվել են անհատների մոտ, որոնց աստիճանաբար աճող թվաքանակն էլ հետագայում դարձել է նոր համայնքի կորիզը։
Այսպիսով, զարգացման շղթայի օղակները հակիրճ կարելի է թվարկել՝ թափանցիկ, հոգի ունեցող Վ-խխունջ, թափանցիկությունը մարմնով փոխարինած Վ-խխունջ, մարմին ունեցող և պատյան ձեռք բերած Վ-խխունջ։ Առայժմ կանգ առնեմ այստեղ։ Անխուսափելի հարցերին վաղօրոք պատասխանած լինելու համար կրկնեմ, որ Վ-ն մեզ անհայտ մի հատկություն է, որը, հնարավոր է, օժտված է խխունջի արտաքինը ձևափոխելու զորությամբ։ Ես հակված եմ կարծելու, որ իրականում մենք՝ բոլոր խխունջներս, ավելին չենք մեր Վ-ից և մեր մեջ հավերժորեն կենսունակ է միայն Վ-ն։ Լռություն, խնդրում եմ։ Ես ցանկանում եմ շարադրել իմ զեկույցի բուն գաղափարը։ Թե ինչ կորոշի ավագների խորհուրդը այն լսելուց հետո՝ կազմել հետագա հետազոտությունների նախագիծ, թե՞ մերժել իմ մտքերն ու զրկել ինձ իմաստունի կոչումից, կարևոր չէ ինձ համար։ Իմ միակ ցանկությունը համոզվելն է, որ ինձանից բացի մեկ ուրիշն էլ կմտածի ինձ պես։
Շարադրում եմ ավարտը։ Ես ասացի, որ շատ բան կտայի իմ հեռավոր նախնիների ապրումներն ունենալու համար, սակայն ես ևս ունեցել եմ նման ապրումներ։ Ոչ, թյուրիմացություն չկա։ Ձեզանից ամենաավագները, հավանաբար, կհիշեն այն ժամանակները, երբ խխունջների կյանքում սկսվեց անխուսափելի զարգացման նոր փուլը։ Ես դեռ մանուկ էի, և իմ կյանքի ամենամեծ ու ամենացնցող հիշողությունը այդ օրերին ունեցա։ Ես տեսել եմ առաջին անգամ իր պատյանից զատվող խխունջին։ Քչերն ինձ կհասկանան, որովհետև ձեր մեծամասնությունը աշխարհ է եկել արդեն օժտված այդ հատկությամբ՝ դուք հիմա կարող եք ազատորեն լքել ձեր պատյանները, երբ կամենաք, կարող եք նույնիսկ որոշ ժամանակ ապրել առանց պատյանի։ Դա պատյանի նման բնական ու հասկանալի է թվում ձեզ։ Մինչդեռ առաջին խխունջները, որոնց պատյաններում ծնվեց պատյանը լքելու հետաքրքրությունը, դաժան պատիժներ կրեցին։ Քչերիս է սա հայտնի, որովհետև պատմությունը գրել են մեր պապերը, սրբագրել՝ հայրերը, և որդիներն ամաչեցին թոռներին պատմել պապերի վայրագությունները։ Այս պատճառով միայն երկար կյանք ապրած խխունջները գիտեն, որ իրականում առաջին հետազոտողները զոհվեցին իրենց համարձակ փորձերի պատճառով։ Ձեզանից շատերը լսել են, թե ինչպես իր պապին կամ պապի հորը տարել է անցյալ դարի սկզբում մոլեգնած հրեշավոր հիվանդությունը, սակայն ոչ ոք հավանաբար չի իմացել, որ այդ հիվանդության անունը ճանաչողության տենչ է։
Ես հասկանում եմ ձեր հուզմունքն ու կասկածամտությունը։ Ինձ նայեք։ Ես մեկն եմ առաջիններից, ով սովորեց դուրս գալ իր պատյանից։ Ես չեմ կարող ձեզ փոխանցել իմ զգացողությունը. դուք ծնվել եք այդ շնորհքով օժտված։ Մինչդեռ իմ պապի փխրուն մարմինը ծվեն-ծվեն արեցին, երբ նա հանդգնեց պատյանից դուրս գալ համայնքի ներկայությամբ։ Ես չեմ մեղադրում և չեմ դատապարտում. իմ խնդիրը դա չէ։ Ես խոստացել էի որոշ պարզաբանումներ տալ պատմությունից հայտնի այն փաստի վերաբերյալ, որ խխունջները երբեմն-երբեմն սպանել են միմյանց։ Խաղաղասիրությամբ և բարձր առաքինությամբ հայտնի մեր ցեղի գիշատիչ դրսևորումները հանելուկ են եղել շատերի համար։ Հիշելով իմ մանկությունն ու համադրելով այն անցյալ ժամանակների նկարագրության հետ՝ ես եկա այն եզրակացության, որ պարբերական, սակայն կարճատև արյունահեղությունների ծագման շրջանները համընկել են խխունջների զարգացման հեղաշրջումների բեկումնային ժամանակներին։ Դա լոկ վկայում է այն մասին, որ ամենայն նորություն ու առաջխաղացում սկզբում ծնում է անվստահություն և վախ։ Երբ հոգին մարմին դարձավ և վերացավ, մոռացվեց։ Անցան հազարամյակներ, մարմինը ձեռք բերեց պատյան և անհրաժեշտություն առաջացավ վերանվանել երևույթները։ Կարծիք հաստատվեց, որ պատյանը հոգին է. այս որոշման հիմքերը թաղված են հեռավոր անցյալի խորքում, և դժվար է հասկանալ այն ժամանակների տրամաբանությունը։ Եթե հավատանք առասպելին, ծովի և ցամաքի աստվածները հաշտվեցին, և ծովի մոռացված աստվածը խխունջներին շնորհեց այն, ինչից հրաժարվել էին։ Համարվեց, որ հոգին վերադարձավ պատյանի տեսքով։ Ես հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Վ-ի գոյությունը իր հերթական հաստատումն է գտնում հիմա, մեր ժամանակներում ձևավորված նոր հատկության շնորհիվ։ Եթե ընդունենք, որ հենց Վ-ն է, որ թափանցիկ խխունջին վերածեց մարմին ունեցողի, մարմին ունեցողին տվեց պատյան, իսկ պատյան ունեցողին սովորեցրեց ապրել առանց պատյանի, ապա հասկանալի կդառնա խխունջային էության հավերժության զգացումը, որ ունենք բոլորս։ Այլապես ստիպված ենք ընդունել, որ, կարողանալով ապրել առանց իր պատյանի, խխունջը կարող է ապրել առանց հոգու, իսկ դա նշանակում է, որ…
Հատված արձանագրությունից.
“Խխունջների զարգացման հետազոտությունների տեսաբանական գիտաժողվի”՝ անհայտ պատճառներով խափանված եթերը վերահեռարձակվելուց հետո հայտարարվեց, որ զեկուցող գիտնականն անակնկալ կերպով մահացել է սեփական պատյանում՝ չավարտելով խոսքը։ Կատարվում է հետաքննություն։
Վերջին մեկնաբանություններ