«

»

Օգս 25 2008

Տպել Գրառում

Վարդգես Օվյան | ԶԻՆՎՈՐԸ

Աշնան արևը սկսեց կամաց-կամաց խոնարհվել դեպի արևմուտք: Զինվորը, հանգցնելով ծխախոտը, գետնից վերցրեց հին ուսապարկն ու շարունակեց ճանապարհը ամայի դաշտով: Արդեն երկու ժամ քայլում է ամռան արևից այրված ճանապարհով: Նորից սկսեց վերհիշել հայրենի գյուղը, իրենց տունը՝ գյուղի ծայրին: Վերհիշեց կնոջ կլոր, գեղեցիկ դեմքն ու ժպիտը, որից այտերին զույգ փոսիկներ էին գոյանում, մազերը՝ շագանակագույն, երկա՜ր…

Տղան արդեն ութ տարեկան է: Իսկ աղջնակին քիչ մնաց մոռանար: Ցանկացավ վերհիշել փոքրիկի դեմքը, բայց չկարողացավ: Նա ընդամենը երեք ամսական էր, մեծ տիկնիկի չափ, իսկ աչքերը կապույտ էին: Կապո՞ւյտ , թե՞ կանաչ… Նա այդպես էլ չկարողացավ վերհիշել աղջկա դեմքն ու աչքերի գույնը և դրանից տխրեց. լավ չէ, որ հարազատ աղջկա աչքերի գույնը չի հիշում…
Արևը հավասարվում էր երկնքի և երկրի սահմանագծին, ու զինվորն ավելի արագացրեց քայլերը: Ավերված գյուղի մոտով անցնելիս, հանդիպեց մի ծերունու: Բարևեց, իսկ ծերունին գլուխն անորոշ տմբտմբացրեց: Երբ մի քանի քայլ էր արել, լսեց նրա ձայնը.
– Զգույշ, դաշտը ականապատված է… Նրանք ամեն տեղ ականապատել են… Իսկ մերոնք ուշացան, ամեն ինչ վերջացած էր…
Զինվորն անվստահ ետ նայեց, ուզում էր ինչ-որ բան հարցնել: Ծերունին արդեն մոռացած իր զրուցակցին, փայտի ծայրով գետինն էր փորփրում ու քթի տակ երգ դնդնում: Զինվորը թափ տվեց ձեռքն ու շարունակեց ճանապարհը: Պետք է շտապել, մթնում է: Օդը սկսեց կամաց-կամաց սառչել: Ինչ-որ տեղ երեխայի ձայն լսեց, ապա ամեն ինչ լռեց: Հեռվում երևաց դաշտը: Նա ետ նայեց. ծերունին այլևս չէր երևում: Իջավ զառիվայրով, ու նրա առաջ կարծես անվերջ տարածված էր դաշտը: Նա մի քանի քայլ արեց, անվստահորեն այս ու այն կողմ նայեց ու քիչ էլ առաջ շարժվեց: Թվաց հեռվից ինչ-որ ձայն լսվեց: Ետ նայեց, ոչ ոք չկար: Սկսում եմ հիմարանալ, մտածեց զինվորը: Իհարկե, ոչ մի ական էլ չկա: Ծերունին հավանաբար խենթ է: Նա նորից առաջ շարժվեց ու հանկարծ անշարժացավ: Թվաց, թե իրենից կես քայլ առաջ հողը չափազանց փափուկ է, ու զգուշությամբ տեղ որոնեց ոտք դնելու համար: Ո՛չ, ծերունին ճիշտ էր ասում, ինչո՞ւ պիտի ստեր: Պետք է զգույշ լինել: Կարծես մերոնց մասին էլ բան ասաց: Ի՞նչ ասաց: Նա չկարողացավ հիշել ու սկսեց տեղ որոնել հաջորդ քայլի համար: Ձախ ոտքը կամաց իջեցրեց գետնին, մարմնի ծանրությունը տեղափոխեց ձախ ոտքին ու աջ ոտքով սկսեց շոշափել մոտակա թուփը: Ոնց-որ անվնաս է, այո, հուսալի է այստեղ: Մի երկու քայլ էլ առաջ շարժվեց ու հանկարծ խայթվածի պես ոտքը ետ քաշեց: Թփի տակ ինչ որ բան էր սևին տալիս, և նա կամաց-կամաց շրջանցեց վտանգավոր թուփը:
Արևն արդեն հավասարվել էր հորիզոնի գծին, և սառը քամի էր փչում: Զինվորը մտածեց, որ լավ կլինի ետ դառնա ու սարսափով նկատեց, որ մեն-մենակ գտնվում է դաշտի կենտրոնում: Ետ դառնալը նույնպես վտանգավոր է, որքան առաջ շարժվելը: Նա չէր կարող հիշել անցած ճանապարհը, ամեն մի թուփ: Ետ նայեց, նույնիսկ մոռացել է, թե որտեղ է դրել իր վերջին քայլը: Զինվորը կռացավ ու սկսեց ձեռքով զգուշորեն շոշափել գետինը: Մի փոքր էլ առաջ շարժվեց: Թփերն հազիվ էին ուրվագծվում: Արևի սկավառակն արդեն թաքնվել էր հորիզոնից ներքև ինչ-որ տեղ: Նա սկսեց մատներով զգուշորեն շոշափել թփերը, գետինը: Մի վերջին հույսով ետ նայեց. ոչ մի կենդանի շունչ, ոչ մի ձայն: Սատանան տանի, սա ի՞նչ գերեզմանային լռություն է: Մի՞թե ամեն ինչ չի վերջացել:
Մատների տակ հողը չափից դուրս փափուկ էր: Նա զգուշությամբ ետ քաշվեց ու սկսեց հսկա դաշտի մեջ հուսալի տեղ որոնել ոտքը դնելու համար: Լրիվ մութ էր, և յուրաքանչյուր թուփ այժմ ավելի չարագուշակ տեսք ուներ: Իսկ գուցե պառկած փորձի, այդպես, փորսուղ տալով ավելի պակաս վտանգավոր կլինի, ինքն ավելի թեթև կլինի: Զգուշությամբ նստեց գետնին ու դանդաղորեն պառկեց փորի վրա: Ձեռքով շոշափում էր թփերն ու հողը և դանդաղ առաջ սողում: Մի քիչ էլ առաջ շարժվեց ու նրան թվաց, թե ոտքը ինչ-որ մետաղյա կարծրության է դեմ առել: Մարմնով սառը դող անցավ: Իսկ եթե ոտքը ականի վրա է՞… Ատամները պինդ սեղմեց, ոտքը դանդաղ վեր բարձրացրեց ու զգուշությամբ ետ քաշեց: Ոչ, այսպես ավելի վտանգավոր է: Այսպես իր հենման մակերեսն ավելի մեծ է, և ինքը չի կարող ամբողջ հողակտորը ստուգել: Իսկ եթե ականը դրված լինի ուղիղ դեմքի տա՞կ… Զինվորը սարսափեց այդ մտքից: Անցնել բազմաթիվ կրակների միջով, արհամարհելով վտանգն ու մահը, պատերազմի դաշտում հաղթել Չարին, և երբ, թվում է, ամեն ինչ վերջացած է, զոհվել հայրենի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ամայի մի դաշտո՞ւմ,- նա զգուշորեն, կամաց բարձրացրեց ձեռքն ու թևքով սրբեց ճակատի քրտինքը,- գրողը տանի, մեկ անգամ չէ, որ մահն անցել է իմ կողքով, բայց սարսափելիորեն անհեթեթ է, նվաստացուցիչ է, մեռնել այսպես, անիմաստ ու դաժան՝ դավադիր ինչ-որ մի բուռ անշունչ երկաթակտորից…
Պետք է զգուշությամբ ոտքի կանգնել: Նա կամաց-կամաց կծկվեց, կողքին մոտ շոշափեց հողը: Կարծես պինդ է, կարելի է հենվել: Աջ ոտքը կամաց ուղղեց ու դանդաղ վեր բարձրացավ: Արևի վերջին շողերն էլ վաղուց չքացել էին հորիզոնից: Օդն սառն էր ու այդ սառնության մեջ չարագուշակ բան կար կարծես: Զինվորը կանգնել, մտածում էր: Հանկարծ ինչ-որ բան հիշեց. ձեռքը կամաց-կամաց մտցրեց գրպանն ու հանեց լուցկու տուփը: Լուցկուց աննշան լուսավորված թփերն ավելի վտանգավոր թվացին, իսկ հեռվում մութն ավելի խտացավ: Նորից սկսեց խորհել: Պետք է մի ելք գտնել:
* * *
Արևելքում գիշերվա կապույտը սկսեց կամաց-կամաց լուսավորվել: Մի երկու ժամ հետո կապույտը վերածվեց բաց երկնագույնի, այնուհետև նարնջագույնի և շուտով հորիզոնի վրա սկսեց բարձրանալ արևի գունդը: Օդը սառն ու մաքուր էր, և դաշտում չորացող խոտի հաճելի բույր կար:
Զինվորը բացեց աչքերն ու նայեց արևի վեր բարձրացող գնդին, որից ջերմություն ու հարազատություն էր բուրում: Նա տրորեց աչքերն ու զարմացած շուրջը նայեց: Որտե՞ղ է գտնվում: Քնել է ամայի դաշտո՞ւմ: Դժվարությամբ ոտքի կանգնեց: Մարմնի մեջ աշնան սառնություն զգաց: Հիշեց. դաշտը ականապատված է: Իսկ գուցե այդ ամենը տեսել է երազո՞ւմ: Զինվորը վերջնականապես իրեն հավաքեց ու սառնասրտորեն առաջ շարժվեց: Մնաց 15-20 մետր: Ատամները պինդ սեղմեց ու մի քանի քայլ էլ կատարեց: Չպետք է շտապել: Մի քանի քայլ էլ, և ամեն ինչ կմնա ետևում:
Զինվորը ոտքը բարձրացրեց առաջ շարժվելու համար ու անշարժացավ տեղում. մեկ-երկու քայլ առաջ մետաղափայլ երևաց: Սարսռաց: Նա զգուշությամբ սկսեց հարմար ու վստահելի տեղ որոնել հաջորդ քայլի համար: Մնաց մի քանի մետր: Դիմացը փոքրիկ ձորակն է ու վերևում՝ լեռնանցքը: Զինվորը մտածեց, որ ավելի լավ կլինի մի ուժեղ ցատկով կտրի անցնի այդ անիծյալ երկու-երեք մետրը: Ոտքերը ծնկամասում ծալեց և պատրաստվեց ցատկի: Իսկ եթե ցատկի ուղիղ սատանայի վրա՞: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձորակը ևս ականապատված չէ: Ո՛չ, չպետք է սխալվել: Այնտեղ, դեպի ձախ կարծես ավելի հուսալի է: Ու նա դանդաղ, շատ դանդաղ առաջ շարժվեց:
* * *
Արևն սկսեց ավելի ուժեղ տաքացնել: Ձորակից քիչ վերև, լեռնանցքի ցանցառ թփերի մեջ, թիկունքով դեպի անցած ճանապարհը նստած, զինվորը ծխում էր՝ տարվելով ծանոթ պատկերներով: Երբեմն մտածում էր, որ քիչ էր մնում կորչեր կես ճանապարհին, հարազատ գյուղի մոտ, երբ մի ժամ հետո պիտի տեսնի սիրելիներին: Նա կրնկի տակ հանգցրեց ծխախոտը, ուսապարկը հարմար տեղավորեց մեջքին, շրջվեց՝ մի վերջին անգամ անցած ճանապարհին նայելու համար ու, ասես, քարացավ:
Ականապատված դաշտում վստահ քայլերով առաջ էր շարժվում մի տղամարդ: Զինվորը բերանը բացեց, որ ճչա, զգուշացնի անծանոթին, սակայն այն, ինչ դուրս եկավ նրա բերանից, չէր կարելի ձայն անվանել… Իսկ ինչո՞ւ վախեցնել անծանոթին, մտածեց զինվորը: Առանց պատահարի վստահորեն անցել է ճանապարհի կեսից ավելին: Գուցե այդպես ավելի լավ է. հանգիստ ու ինքնավստահ անցնել մահվան միջով, չիմանալով նրա գոյության մասին:
Անծանոթն ավելի ու ավելի էր մոտենում: Նա շունչը պահած սպասում էր: Մինչև ձորակը մնացել է մի քանի քայլ: Իսկ եթե մոտերքում հանկարծ պայթի՞… Զինվորը ձգվեց գետնի վրա ու ձեռքերով պինդ ծածկեց գլուխը: Ժամանակը կարծես քարացել էր: Վայրկյանը թվաց մի ամբողջ հավիտենություն: Նա դանդաղորեն բարձրացրեց գլուխը. տղամարդը անցել ձորակը, վեր էր բարձրանում: Զինվորը թևքով սրբեց դեմքի սառը քրտինքն ու կամաց ոտքի կանգնեց: Տղամարդը տեղում անշարժացավ: Նրա առաջ կանգնած էր հողագույն դեմքով, չռված աչքերով մի զինվոր…
* * *
Արևմուտքում ամպի քրքրված ծվեններ երևացին, և թույլ քամին դրանք քշում էր դեպի հյուսիս-արևելք:
– Դու անցել ես ականապատված դաշտով…
– Ի՞նչ դաշտ,- զարմացավ տղամարդը:
– Դաշտը ականապատված է… Այնտեղ մի ծերունի ասաց, որ ականապատել են դաշտը…
– Ահա թե ինչ: Դաշտում ոչ մի ական էլ չկա, ես միշտ այստեղով եմ անցնում: Ծերունին… Նա մի քիչ… Նրա բոլոր հարազատներին…
– Դաշտում ական չկա՞,- կմկմաց զինվորը:
– Նրա հարազատներին այրել են: Բոլորին լցրել են ակումբի շենք և հրդեհել… Պետք է շտապել, ուր որ է անձրև կգա:
Թեթև քամի բարձրացավ: Խանձված խոտի հոտ էր տարածվել: Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում: Զինվորը անորոշ նայում էր դիմացը՝ չորանալ սկսող խոտերին: Լռությունը երբեմն խախտում էր նրա գոտուց կախված դատարկ տափաշիշը, որ դիպչելով զինվորական բաճկոնի կոճակին, թույլ ծլնգոց էր արձակում:
Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում: Նա, որ զինվորի հագուստով է, երբեմն հանկարծակի անշարժանում էր, գունատվում ու, ընկերոջ թևը բռնելով, շշնջում. «Նայիր թփերի մեջ, այնտեղ ական կա»…
Հեռվում երևաց գյուղը: Զինվորը շատ երկար նայեց: Նա բերանում այրված հացի համ զգաց, և կոկորդում ծանր շարժվեց ադամախնձորը…

Share Button

1 կարծիք

  1. Anonymous

    Մինչեւ վերջ ընթերցեցի մեծ հետաքրքրությամբ: Հիանալի պատմվածք է: Շնորհակալություն եւ հեղինակին, եւ Գրական կամուրջին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>