Շաքե Ամիրյան-Պետրոսյան | ՀԱՅՐԻԿՍ

Հայրիկս մեր տան ու տոհմի Աստւածն էր։ Իսկ ինքը՝ Հայրիկս, երկու Աստւած ունէր հայ գրականութիւնը եւ Դաշնակցութիւնը։

Կանայք նրա հրեշտակներն էին, եթէ ենթարկւում էին ու չէին փնթփնթում։ Մայրս բամբակ էր, հայրս զանգակ։ Ու ողջ գաղթօջախում զիլ զրնգում էր նրա իշխանական անունն ու ազգանունը։
Նրա կայսրութիւնը ձգւում էր արեւելքից-արեւմուտք ու հիւսիսից հարաւ։ Յաւերժական ճամբորդ էր, ու տարին երկու- երեք անգամ յայտնւում էր Աստծու պէս, ու անյայտանում քաջքերի պէս, յղիացնում մօրս, տունն ու տեղը թողնելով նրան ու մեծ եղբօրը, որը մեզ համար հայր էր ու հօրեղբայր, սիրելի ու անզուգական, երեխաների պաշտամունքի առարկան ու չարաճճի խաղընկերը։
Ասում են թէ ամէն անգամ երբ մայրս աղջիկ է ծնել, հայրիկս ամիսներով խռովել ու տուն չի եկել։ Կատակ չի՝ ութ աղջիկ ու ընդամէնը երկու տղայ։ Երբ տղաները իր պատկերացրած իշխանիկները չդարձան կատակով ասում էր. — «Երանի սրանք էլ աղջիկ լինէին»։
Այդպէս էր հայրիկս, կատակասէր ու բարի, բայց Աստւած հեռու տանէր նրա բարկութիւնից, աչքերը կոլորէր ու բեղի տակից կշպրտէր իր մի հատիկ ու միակ հայհոյանքը ՈՂՈՐՄԵ՜ԼԻ։ Ու այդ ողորմելին պիտի չքանար նրա աչքից, ամօթանքն ու ստորացումը մի առ ժամանակ մարսելով, եւ ապա աղաչական ու զղջումով նրա ոտքը գար թողութիւն հայցելու։
Հայրիկս երկու կապոյտ ու պայծառ աչքից բացի, տասնեակ աչքեր ունէր ողջ գաւառում ու դրա սահմաններից դուրս։ Իսկ երրորդ աչքը սրտից բացի, գլխի ետեւում էր. ու նա ամէն ինչ տեսնում ու գիտէր ամէնի մասին։ Քոյրս, հօրս թագուհի՝ Աաթենիկը, լրջօրէն հաւատում էր հայրիկիս երրորդ աչքի գոյութեանը։ Ու այդ անտեսանելի աչքը մեր բոլորի՝ ութ քոյրերիս խղճի ու պատւի ու տոհմական արժանապատւութեան պահապանն էր ու գրաւականը։ Այդ աչքը մեր կողմից որեւէ շեղում չպիտի տեսնէր ու չտեսաւ։ Հայրս հպարտ էր մեզնով, բայց սովորութիւն չունէր մեզ գովելու կամ խրախուսելու։ Դէհ, իր աղջիկը հէնց այդպէս էլ պիտի լինի գերազանցիկ, կարող, եփող-թփող-աւլող, երգող, արտասանող, բայց անպայման հայ գրականութեան գիժ ընթերցող։ Հայերէն չընթերցողները ողորմելիների շարքում էին, ինչպէս մեծ եղբայրս էր, որը մեծ տարիքում մոլի ընթերցող դարձաւ։
Հայրիկս Նոր տարուն ու Զատկին վերադառնալով ճամբորդութիւնից՝ հասնում էր վերջին պահին ու երեք անգամ թակում մեր տան դարպասի առիւծաթաթ թակիչը, թակ, թակ, թակ: Ամբողջ տնեցիներով վազում էինք դէպի դարպասը, «հայրիկն եկաւ, հայրիկն եկաւ» ճչալով։ Հայրիկս գալիս էր՝ տանը տօն էր, ու տօնից յետոյ հայրիկս դարձեալ գնում էր ճամբորդութեան։
Մայրս աչք չէր բացում, յղիութիւնից՝ յղիութիւն, երկունքից՝ երկունք։ Սակայն անհաւատալի հմտութեամբ թագաւորում էր մեր հսկայ տանը։ Երեխաներին դպրոց ու դասի, բայց յատկապէս բժշկի տանելու արանքներում եփելու, կարելու, հիւրեր ընդունելու, գիւղի ու մայրաքաղաքի ու կուսակցական ու ազգային հիւրերին ու հարազատներին լեղակով լւացւած ու հարդուկած սաւաններով ու անկողիներով ապահովելու, ծառաներին ու աղախիններին կարգադրութիւններ անելու, տեգորկնոջ հետ վիճելու ժամանակ էլ էր գտնում։ Մայրս Աստւածամօր աչքերով ու Աստւածամօր համբերութեամբ, ինձ ամենից յաճախ էր շալակն առած վազեցնում բժիշկ Նիսանեանի մօտ։ Ու ամէն անգամ երբ հիւանդանում էի ասում էր. -«Դու ինձ Յիսուսի չարչարնքներն ես տալիս, էթաս, որ քու նմանին դուչար ըլնես»։ Ծիծաղում էի, բայց իմաստը չէի հասկանում։ Պիտի մայր լինել շատ բաներ հասկանալու համար։
Բոլորին հարեհաս Հայրիկս մէկի դային էր, միւսի ամուն, քաւորը, կամ պարզապէս պարոն Ամիրեանը։ Մէկի համար բարեխօսողը, միւսին երաշխաւորողը, մէկելին բանտից հանողը կամ աշխատանքի ընդունողը։ Անտեսանելի ու աներեւոյթ պահապան հրեշտակ էր մեր գիւղի ու քաղաքի խեղճերի ու աղքատների համար։ Նրանք ամէն Նոր Տարի ու Զատիկ տօնական սեղանի ուտելիք ու մի քանի ամսւայ պաշար էին ստանում, առանց իմանալու թէ ո՞վ է իրենց յիշել։ Մենք էլ չգիտէինք։ Չգիտէինք, որ Հայրիկս հարուստ է։ Ասում էին ու մենք տարակուսած իրար էինք նայում։ Ի՞նչ հարստութիւն։ Մեր հարստութիւնը մեր գրադարանն էր ու մէկ էլ մեր հսկայ բակն ու տունը։ Մնացած ամէն ինչ սովորականից էլ սովորական էր։ Իսկ առասպելը շրջում էր ու ամեն պտոյտին նոր երանգներով նոր պատումներ էր հիւսւում մեր գաւառի անանուն պատմիչների բերանով։ Իբր թէ մենք ոսկէ սկուտեղներով էինք փլաւ ուտում ու փլաւի հատիկները ոսկուց են։ Ոսկին ի՜նչ։ Մայրիկիս ամուսնութեան օղն այնքան բարակ էր, որ մի օր էլ մաշւեց ու կտրւեց։ Քոյրս նոյն ոսկուց նորից օղ պատւիրեց։ Իսկ մեր իշխանական տոհմի մականունը «խոտակերներ» էր։ Ամեն տեսակ բանջարի ու լեռնային խոտերի սիրահարներին այդպէս էին կնքել համագիւղացիները։ Սուլթան հօրեղբայրս աղցաններն ուտելիս պահ՜, պահ՜ էր անում ու աւելացնում. -«Մեռո՜ն ա, մեռո՜ն, կերէք, թագաւորի սեղանին էլ սրանից չկայ»։ Եւ իսկապէս չկար. Առւի կարոսը, նւիկը, սինձն ու սիբեխը, բոնսորն ու թթւաշը ի՞նչ պիտի անէին թագաւորի սեղանին։
Հայրիկս բանիմաց ու բազմազբաղ մարդ էր։ Գիւղի դպրոցն աւարտել, իրենից աւելի նշանաւոր հօր Քեադխուդա Եփրեմի ցանկութեամբ գեղանի ու նազելի Նազիկի հետ ամուսնացել, քաղաք էր եկել, աւարտել էր տեղի եօթնամեայ դպրոցը։ Աշխատանքի էր անցել ամերիկացիների մօտ պատերազմից առաջ ու պատերազմից յետոյ էլ սկսել էր կապալառութեամբ վաստակել։ Մեր գաւառի ու այլ նահանգներում զինւորանոցներ էր կառուցում։ Գարաժ ունէր ու մի քանի ապրանքատար մեքենաներ, հիմնականում հայ վարորդներով, նաեւ գորգի առեւտուր էր անում։ Աշխատասէր էր. առաւօտ ծէգին էր արթնանում ու քնում էր ուշ, մի քանի էջ կամ գլուխ հերթական հայերէն գրքից ընթերցելով կամ մեզ ընթերցել տալուց յետոյ։ Հիւրասէր էր: Երբ քաղաքում էր, իր սեղանին անպայման հիւրեր պիտի լինէին. չէր սիրում մենակ ճաշել, եթէ իհարկէ, կնոջ ու տաս երեխաներին ու եղբօրն ու եղբօր կնոջն ու գիւղից եկած հարազատներին չհաշւենք։ Ուտում էր դանդաղ ու հաճոյքով, գինին ջրով բացում էր ու մի բաժակից աւելի չէր խմում։Նրան հարբած չեմ տեսել, թէպետ գիւղի ու քաղաքի լաւագոյն գինիներից էր մեր գինին, որը հօրեղբայրս իր ձեռքով էր պատրաստում գինու մառանում եւ մեր աղջիկների, պարտականութիւնն էր հսկայական խեցէ տաշտակների մէջ խաղող կոխրճելը։
Հայրիկս պարապ նստել չէր կարող, իսկ եթէ գործ չունէր քարտ ու նարդի էր խաղում հիւրերից մէկի հետ, եթէ ոչ մեզ հետ։ Անբաժան սիգարետը մատների արանքում ժամերով կարող էր կարդալ ու կարդալ։ Մեզ համար տիկնիկ ու խաղալիք քիչ էր բերում, այլ որպէս կանոն միանման տետրեր ու մատիտներ մեր ու բակի բոլոր երեխաների համար: Մայրաքաղաքից վերադառնալիս չամադանը լեցուն էր գրքերով, Հայաստանում ու Բէյրութում կամ Բոստոնում տպագրւած գրքերով։ Գրքեր, որոնք դարձան մեր կեանքի ուղեկիցներն ու անդաւաճան ընկերները, ի վերջոյ դարձան հայրիկիս յիշեցնող ամենանւիրական մասունքները։
Հայրիկիս ութ աղջիկները, որպէս կանոն ու չգրւած օրէնք, պիտի նախեւառաջ դպրոցում հայերէն դասաւանդէին։ Ի զուր էր քոյրերիցս՝ Սոնիայի աղաչանքները նկարչութեան ուսումնարան գնալու։Այնքան մանկապարտեզում երեխաների հետ երգեց ու խաղաց, մինչեւ հանդիպեց իր սիրածին ու նրա հետ արտասահման մեկնեց, ուր որ գեղանկարչութիւն սովորեց ու նկարչուհի դարձաւ։Մեծքոյրս կոնսերւատորիայում ձայն էր մշակում ու ջութակի դասեր առնում։Հայրիկս ձեռքը բռնեց ու տարաւ հայոց դպրոց ասելով.-«Ես սազանդար աղջիկ չեմ ուզում»։ Այդ սազանդար աղջիկ չուզող Հայրիկս, ամեն ինչում նորարար, բայց նահապետական բարքերով Հայրիկս, հպարտութիւնից կուրծքը ուռչում էր, երբ տօնական օրերին դպրոցում կամ ընտանեկան խնջոյքներին աղջիկները երգում ու արտասանում էին, ի հարկէ, հայկական երգ ու հայերէն բանաստեղծութիւն։
Հայրիկս, մեր տան սիւնն էր ու տանիքը, դուռն ու դարպասը. կանաչ ու փայտեայ հսկայական դարպասը մեր տան, որը միշտ բաց էր բոլորի առջեւ ու այդ դարպասի պէս էլ բաց էր Հայրիկիս սիրտը բոլորի համար, բոլորի համար տեղ կար իր մեծ սրտում։ Հայրիկս մեր տան հիմնաքարն էր ու …
Ամէն ինչ էր հայրիկս, բայց առանց մօրս նա ի՞նչ կը լինէր, առանց մօրս նա ընդամէնը մի յաջողակ գործարար կը լինէր։ Առանց մօրս մենք չէինք լինի, որ իմաստ էինք տալիս հայրիկիս կեանքին, աշխատանքին ու վաստակին։ Առանց մօ՞րս… Ի՞նչ Հայրիկ։
Զարմանահրաշ աշխարհ էր Հայրիկս։ Ամէն ինչ էր Հայրիկս։ Մարդ էր Հայրիկս… մեր տան Աստւածն էր Հայրիկս։
Նոյեմբեր. 23. 2008
Թեհրան

2 comments

    • Armine on 25 Նոյեմբերի, 2008 at 1:47 ա.
    • Reply

    I love it. You are so exact in describing him. I missed him so much.

    • Edna on 28 Հունվարի, 2009 at 3:55 ե.
    • Reply

    Bravo…..
    Be sure, he is always proud of you.
    Edna

Թողնել պատասխան

Your email address will not be published.