Քաղաքն առերևույթ հենց այդպիսին էլ թվում էր։ Սակայն կային քչերը, որոնք համոզված էին, որ դա քաղաք չէ, այլ՝ անվերջորեն ձգվող շախմատի տախտակ։ Նրանք երբևէ բարձրաձայն չէին մտածում։ Այդ պատճառով էլ միայն իրենք գիտեին, որ քաղաքի բնակիչներն այն չեն, ինչ կարծում են իրենց։
Քաղաքում և քաղաքից դուրս ապրում է մի անընդգրկելի երևույթ, որին քաղաքի բնակիչները կյանք են անվանում։ Նրանք կարծում են, որ այդ կյանքը պայմանավորված է իրենցից յուրաքանչյուրի գոյությամբ։ Ոչ ոք չի էլ կասկածում այն մասին, որ կյանքն անկախ է իրենցից և կապրի նույնիսկ այն ժամանակ, երբ չի լինի քաղաքը և չեն լինի մարդիկ։
Հսկայական շախմատի տախտակի վրայով վազվզում է սևուկ շունը։ Նրա վզկապը կապույտ է, նա նաև մետաղե թիթեղից պատրաստված ոսկոր է կրում՝ սև օրվա համար։ Շունը չի տեսնում շախմատի տախտակի գույները։ Շան համար երկու գույն գոյություն ունի՝ քաղցի և կիսակուշտի, անտերության և տիրոջ կերպարանքներն արտացոլող գույները։ Անսկիզբ և անվերջ, տիեզերքի բոլոր գույներով ներկված շախմատի տախտակի անորսալի վանդակներում մոլորվել է սևն ու սպիտակը տարբերող շունը։ Նրա վզից կախված ոսկորին փորագրված են շանն անհայտ նշաններ։
Քաղաքի բնակիչներն ապրում են։ Ուտում են, խմում, մեքենա են վարում, խաչբառ լուծում, ֆիլմեր դիտում։ Մասնակցում են հասարակական կյանքին։ Արդյունքում քաղաքի բնակիչներն անշեղորեն բազմանում են, որքան էլ շատ լինեն քաղաքը լքողները։
Բնակիչներն ունեն իսկական համոզմունքներ։ Նրանց մեծ մասն իրենց վզին են կրում մետաղից պատրաստված… ո՛չ, ո՛չ։ Նրանց մեծ մասը խաչեր են կրում։ Գուցե կան նաև այնպիսինները, որ գերադասում են խաչի փոխարեն այլ նշաններ կրել, օրինակ՝ ոսկոր։ Սակայն նրանք քիչ են, շատ քիչ։
Քաղաքի կենտրոնում քարե մեծ սեղան է դրված. սեղանին խոնարհվել է քաղաքի քարե ճարտարապետը։ Առհասարակ, քաղաքի համար որևէ կարևորություն ներկայացնող գրեթե բոլոր անձիք քարից են։ Նրանցից ոմանք ապրում և ուտում են այնպես, ինչպես բնակիչները։ Այստեղ որևէ հակասություն չկա։
Քարե ճարտարապետի ոտքերի մոտ երբեմն նստում են բնակիչները։ Հիմնականում ամռանը, իհարկե, երբ քարը տաք-տաք է, մարդու մարմնից էլ տաք։ Քարի վրա գրված է, թե ինչ է տեսել քարե ճարտարապետը, և նույն տեսիլքը երևի ունենում են քարին նստողները։ Սակայն ոչ ոք չի տեսնում շախմատի անթիվ վանդակներից գեթ մեկը։
Իսկ շունը վազվզում է բազմագույն վանդակներում։ Նա փնտրում է, անվհատ փնտրում ինչ-որ մեկին։ Մենք չգիտենք, թե շունն ինչ կարծիքի է քաղաքի մասին՝ քաղա՞ք է, թե՞ հսկայական շնաբուն, որտեղ կողք-կողքի ապրում են մարդիկ և շները։ Մարդիկ գրեթե միշտ չեն նկատում շներին, իսկ շները գրեթե միշտ նկատում են մարդկանց։ Կան մարդիկ, որոնց վզից ինչ-որ բան է կախված, կան նաև շներ, որոնց վզից ինչ-որ բան է կախված։ Որպես կանոն՝ պարանոցին ոչինչ չկրող շներն իրենց մարմնի տարբեր մասերում մակաբույծներ են կրում։
Սևուկ շունը, որի պարանոցին մեղմ զնգում է արևից տաքացած ոսկորը, դեռ փնտրտուքների մեջ է։ Այս ամբողջ ժամանակ նա թափառում է հասցե չունեցող վանդակներում։ Որոնումները նրան տանում են քարե ճարտարապետի վանդակը։ Ճարտարապետի ոտքերի մոտ երկու բնակիչ են նստած, որոնք իրենք էլ չեն կասկածում շախմատի տախտակի գոյության մասին։ Նրանց այստեղ բերեցին ո՛չ որոնումները։ Նրանք նկատում են շանը։ Սևուկը սկզբում ձևացնում է, թե չի նկատել նրանց։ Նա ցատկում է և նստում ճարտարապետի ոտքերի տակ, ապա վարժ շարժումներով քորում իրեն։ Այն երկուսը ժպտալով կանչում են շանը, և մարդկային ուշադրության կարոտից տառապող սևուկն արագորեն մոտենում է նրանց։ Երկուսն էլ գրեթե միաժամանակ նկատում են շան կապույտ վզկապն ու զնգուն ոսկորը։ Իսկ շունն, ասես, զգում է բարյացակամության ու ջերմության մարդածին ալիքները։ Նա ոգևորվածությամբ համբուրում է սկզբում մեկին, ապա մյուսին, և ճարտարապետի վանդակով անցուդարձ անող բնակիչները զարմանքով տեսնում են, թե ինչպես երկու աղջիկներ թույլ են տալիս, որ անտեր մի շուն լպստի իրենց անշպար երեսները։
Աղջիկները զննում են շանը պատկանող մետաղե ոսկորը։ Գրված են հեռախոսահամարներ, ինչպես նաև՝ պետության անվանումը, որտեղ գտնվում է քաղաքը։ Նրանք զարմանում են, թե ուր է շան տերը։ Անշուշտ, տերն է շան վզին փաթաթել իր նշանները՝ կորչելու դեպքում հեշտությամբ գտնելու համար։ Տերը չի երևում, և ոչ ոք չի կարող ասել՝ շունը կորուսյալ է, թե՞ ոչ։ Շունն իր ողջ էությամբ որոնում է արտահայտում, և աղջիկներից մեկը, նայելով նրա աչքերի մեջ, փորձում է վերհիշել ինչ-որ կարևոր ու հարազատ հայացք։ Ձանձրացած շունը հեռանում է, ընկնում պատահական անցորդների հետևից՝ հոտոտելով և փնտրելով տիրոջը։ Աղջիկները նույնպես հեռանում են ճարտարապետից, բայց սևուկը չի ցանկանում իր տեսադաշտից կորցնել նրանց։ Աղջիկներն առանց կասկածելու քայլում են անտեսանելի վանդակների վրայով, իսկ շունը հետևում է նրանց։
Աղջիկները բաժանվում են, իսկ սևուկ շունն իր սեփական ընտրությամբ հետևում է նրանցից մեկին։ Հավանաբար, նրանում տեսավ բարի և ամենակարող տիրոջը։
Եթե երբևէ ձեզ հանդիպի ուշադրության ու ջերմության կարոտից թախծող շուն, մի՛ ցուցադրեք ձեր համակրանքը։ Հատկապես եթե շունն անտեր է, կամ կորցրել է տիրոջը, կամ տերը վատն է։ Ձեզ պատկերացրեք շան կաշվում և կհասկանաք, թե ինչ է նշանակում գտնելն ու կորցնելը, ինչ են նշանակում հավերժական որոնումներն ու շարունակական հիասթափությունները։
Աղջիկներից մեկը քայլում էր և քայլում, նրան համառորեն տանջում էր շան վզից կախված ոսկորի պատկերը։ Չէր կարողանում ուղեղի, թե՞ հոգու մութ խորքերից հանել փշի պես խրված այն ապրումը կամ միտքը, որ շան վզից կախված ոսկորը մարդկային ու հարազատ ինչ-որ խորհուրդ է կրում։
Նա գնաց տուն, միացրեց հեռուստացույցը, և մուլտֆիլմում տեսած տաճարի շախմատաձև հատակի պատկերի տեսիլը ցնցեց նրան։ Աղջիկը հասկացավ նաև, որ շունը միակ արարածն է շախմատի տախտակի վանդակների վրա տարածված հսկայական քաղաքում, որը փնտրում է Տիրոջը, չնայած այդ Տիրոջ խորհրդանիշն ամենևին էլ ոսկորը չէ։ Իսկ երբ նայեց հայելուն, ավելի ուժեղ ցնցվեց։ Հայելուց իրեն էր նայում սևուկ շունը։
2 մեկնաբանություն
Abris, Siranoush. Kroutiounnert mishd lav en. Ays megu’ aveli.
ՈՒ նորից սպասում եմ քո հաջորդ ստեղծագործության հրատարակմանը: