«

»

Մար 30 2009

Տպել Գրառում

Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ

* * *

Նոր ժանրերն ու դրանց տարատեսակները ծնվում և ստեղծվում
են տվյալ ժամանակի ինտելեկտուալ ու գաղափարական մթնոլորտի անմիջական ազդեցությամբ։ Գեղարվեստական յուրաքանչյուր կանոնիկ երևույթ դարաշրջանի հոգեմտավոր նախասիրություն լինելուց զատ՝ նրա ամբողջական դիմանկարի տիպական որևէ գծի արտահայտիչն է։ Թվում է՝ բանաստեղծությունը գեղարվեստական ձևերի մեջ շատ ավելի պահպանողական է իր տեսականիով և այդ շարքի համալրումը բացառիկ իրադարձություն է : Ազգային քիչ գրականություններ կարող են պարծենալ, որ ծնունդ են տվել գրական ինքնուրույն, մասնավորապես բանաստեղծական նոր տեսակների։ Ճշմարիտ է, որ ամեն մի թարմ ձև արդեն խորացող գեղարվեստական միտումների խտացումն ու միջանկյալ ամփոփումն է։ Բայց ինքնաբերաբար ոչինչ ի մի չի բերվում, միշտ հայտնվում են առանձին նախանձախնդիր հեղինակներ, որ հանրագումարում և որոշակիացնում են առկա մտայնությունները, հստակ ու կայուն տեսք տալով խմորացած ձևերին…
Բանաստեղծությունների աստիճանաբար հրամցվող շարքը այս կայքի «Պոեզիա»-ի բաժնում ես անվանել եմ բանկոլներ, դիտելով դրանցից յուրաքանչյուրն իբրև պոետական միևնույն կարգատիպին ենթակա առանձին ստեղծագործություն։
«Բանկոլ» (Poetry collage)՝ նշանակում է բանաստեղծական կոլլաժ, հապավում է ընդգծված բառակապակցությունից ՝ այլևս ինքնուրույն եզր լինելու հավակնությամբ։ Բանկոլը առանձին պատկերի և միավորների համակցություն է, հակված չէ ծավալման, ձգտում է ամփոփվել խոսքի սեղմ տարածքում։ Բանկոլի պատկեր-մանրանկարները, ինչպես կերպարվեստային կոլլաժի նյութեր, համատեղվում են որպես անձնական և ներկա ժամանակի առավել սուր իրադարձությունների ու տագնապների մասին մտավոր ու գեղարվեստորեն հագեցած տողեր՝ իրական փաստերի, հոգևոր-մշակութային ու քաղաքական ելևեջումների անմիջական ու խորհրդանշական անդրադարձներով։ Բանկոլը փիլիսոփայական ու արձանագրային դիպաշարի միտված «տեսարանային» բանաստեղծություն է, գեղանկարչական- կինոնկարային է իր ձևույթով։ Այն մեր ժամանակի՝ բարձր ինտելեկտի ու տեղեկատվությանը հետամուտ տիպական մարդու բանաստեղծությունն է։ Բանկոլը 21-րդ դարի անհատի բանաստեղծական նկարագիրն է։ նրա ակունքներն են՝ մեր ժամանակի ոգին, համաշխարհային արդի պոեզիայի ինտելեկտուալ ալիքը, հայկական հայրենների և ճապոնական թանկաների հեռահար հուշումները, փարաջանովյան արվեստը…
Համարձակվում եմ ասել, որ բանկոլը բանաստեղծության նոր տեսակ է՝ դրա համար անհրաժեշտ որակներով, թեպետ տեսակն այդ վերջնական կարգաբերման կարիք ունի։ Բայց այս համառոտ տեսության և մատուցվող բանաստեղծությունների ինքնօրինակության գնահատականը թողնենք իրավ գրադատներին ու ընթերցողներին:

***

Տաք կանչերի պարը սառցի վրա։-
Դարձիր անպայման թևերով ու խղճով։-
Ծերուկ բարությունը գայթում է փողոցում՝
սլացող մեքենաների առաջ։
Աստղի մենությունն է կաթում քաղաքի տանիքներին։
Հսկա զինյալը դոփում է Արևելքում,
և նավթափոշին ծածկում է անդորրի պարտեզները։ –
Ծղրիդի լռությամբ պսակվող գիշեր։
Իմ գրկի մեջ արտասվող փերի առավոտը…

***

Քամու կարոտի մեջ է
քաղաքների չլսված երջանկությունը։
Անձրևի խանդի տակ ծպտված է
անարատությունը գալիքի։
Խոտերը տանում են մեռյալների ու
անապատների ցավն անպատում։
Աշխարհը մարդու մեշ թաղել է երաժշտությունն իր
և աչքը հառել տիեզերքին։-
Նույն կյանքը – պատերազմում թողած կյանքից հետո –
սառնաշաքարի պես՝ մոխրամանի մեջ ու
վագրի երախում։

***

Տեղանք – լեռ ու բլրի «Բերդ» պարի մեջ ներսույզ.-
նրա անունը՝ կանաչ շերտերով թաշկինակի հուզմամբ
ծածանվում է քնկոտ հաշտարարների ու
կարմրած աչքերով դիպուկահարների դիմաց։
Պատմությունն այստեղ մերսում է վառված մարմինն իր
«Տոկուն» ընկերության նորագույն հեղուկներով։ –
Վերևում ժխտման ուրուրներն են մասնատում երկինքը
անտեսանելի ռմբակոծիչների չվագծով։-
Սերն ու ատելությունն ամեն օր իշնում են Արցախի կրծքին
Աստվածամոր համբույրի անմեղությամբ։-
Տեղանք – խճանկարված սուրբ մեռյալների հոգիներով։

***

Կակաչի նրբին թերթերը սեղմում – հալեցնում են
ժամանակի հսկա սառցաբեկորները –
իրենց անհուսության ու հիացքի մեջ։
Սիզախոտերը տարածում են հայրենի սևահողի
բերրիության տենչը մոտ ու հեռավոր շուկա – տարածքներում-
գովազդային արշավի անգիր օրէնքներով։ –
Իրար լեզու են խածնում քամին ու Քաոսի սիրուհին։ –
ճանաչիր սերդ ազնվական և խրատ՝ վերհիշիր ժամը թռիչքի . –
իսկ քամին արմատներն իր գտավ սիզախոտերի ու կակաչի մեջ :
Քաոսի սիրուհին խանդից զավթել է
կենտրոնակայաններն ու զորահրապարակները ալյանսների…

***

1915-ի ծանրամած ստվերը անմռունչ խլում է
Հայք բարձրավանդակի լույսն ու ջերմությունը –
պատմական կողոպտչի հաշվեհարդարով։-
Թուրքի ուրվանկարը շարունակ կարմիր է
ժամանակի խճողված ցուցապաստառին։-
«Սպանդ» բառը հարություն է առնում հին ու նորելուկ իմպերիաների
դրոշներին ու գաղտնի զեկույցներում։-
Եվ խցանված է լսողությունդ աղաղակների տաք արճիճով,
երբ խորալները սիրո ու բարու –
հին եղանակով գրված «սիդիներ» –
ներփակ ընկած են Աստծո մոռացված ձայնադարանում։

***

Օրվա լեզուն՝ ինչպես աբստրակտ մանրանկար,
որ ինձ վերծանում են մի փոքրիկ աղջիկ և շողը մայրամուտի։
Ես խոսում եմ ժամանակի առիթմիկ սրտի անդունդներից՝
վկայի ու հոր իմացությամբ։-
Ամեն պատկեր չէ, որ արտացոլվում է հիշողության ու լիալուսնի մեջ։
Պիկ ժամ է՝ վստահության թափթփված ոստաններում։-
Տիեզերքն ուռչում է «քոնդոլիզա ոայ-ս» տիպի դիմանկարներից
թափվող բառերի գոլորշիներով։

***

Արևելքի պարտեզներում փունջ-փունջ պայթում են
դեմոկրատիայի ոգեշունչ արկերը-
ազատագարների նշանառությամբ։-
Յուրաքանչյուր բլից – արշավանքից հետո ԱՄՆ ռեմբոները
ծալապատիկ նստում են մոխիրների վրա՝
բուշիզմի շիճուկից շշմած ու մռայլ-գերազանցելով
հին կայսերական ընտանքիների պատվախնդրությունը սին։-
Իմ տունը Արևելքի բիբլիական բարձրավանդակում է –
աղետի ուրուն է թևաբախում հարազատ երկնքում,-
միշտ վրիպում են նշանառուները կայսեր հայացքի տակ.-
ես պարզ լսում եմ երկար մի հոգոց –
այստեղ թնդացող մոլորյալ արկերին ի պատասխան…

***

Կիրակի։ Թիթեռ։ Զրահաբաճկոն։
Ջազ ու միստերիա։ Ձողիկներ։ Ձմերուկ։
Նանեի դիցական բառերը՝ գարունով երիզված։
Անցագիր՝ դրախտի փքուն իմպերիա։
Վետո ու ՄԱԿ։ Թուրքի դեմոկրատիա։ Գլոբուս անգծագիր։
Հրաժարականների խորհրդավոր շքերթ։
Հոգու լուսապատճեն : Հանճարի ծիծաղ։
Չարենցի հազարանոց։ Ջերմուկ ու բջջային։
Արցախի անսահման քարտեզը։ Աստղախաչ։
Աղբանոց նետված անարատ զեներ։

***

Մայիսը ընտրում է բացսիրտ անձրևներին ու
քրքումներին՝ սփռում տաղտուկի ստվարաթղթի վրա.-
մի հիշիր մահվան եղանակները,-
վատ երազները, մեկ է, կատարվում են վերին ճշգրտությամբ,-
մի հիշիր անլեզու կոկորդիլոսներին
և գալիքի կավահողում ճամփորդող կմախքդ մոռացիր։-
Երկիրը ճգնում է դուրս գալ իր գիպսե մանրակերտից
և աշխարհի հարափոխ պայմանաբառերը հիշել։-
Մի նայիր ատելության տակ ճզմվող օսմանին,
մի զույգ թևերը բավ են՝ հազար զույգ անդունդ վերացնելու
Սիրո կուռքերի բացակայությունը
նշագրում են նաև կապիկները գաճաճ։-
ժամանակն է, որ մի լիալուսին նվիրես
մշուշված Նաիրիին և նրան բարի վերադարձ մաղթես։

***

Շրջված են հայելիներդ :-
Դու թրևում ես քո պատճենահանված նմուշօրինակով՝
ինչ-որ կագեբեական հանձնակատար ինչպես։-
Բնատիպդ փակված է Անհուշ ամրոցում,
որի տեղավայրը փոխվում է ամեն օր։-
Երևանում կորած երազներդ գալիս բոլորվում են
Ամարասում պահմտած մանկությանդ շուրջ։-
Երկար կպահպանես (գաղտագողի, դողով)
անցյալից թռցրած անբիծ հայացքդ…
Կապիտոլիումևերից իջնում են հապճեպ
համաշխարհայնացման նախահայրերն ու քարտուղարները՝
հանուրի անձնագրերը տնտղելով։-
Դու դեռ պատկանում ես քո հոգուն,
բայց ինչպես փակցված ազդագիրը՝ պատին։

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>