***
Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի
բեկորների միջև- ծանր հևալով, բերանը բաց։-
Ուրացման պատանքները հերմետիկ ծածկում են
նստավայրերը հուշ ու ազատության։-
Եվ դու ննջել ես ուզում ամենաքնքուշ բառի ճոճքի մեջ,
բայց քաշվում ես ետ,
քանզի ամենուր ապակու կտորտանքներ են ու սաոդոստայն։
***
Գիշերվա կողից կառչած կույր լուսնոտիկ-
քո ցանկության փայլը
արթնացնում է քար ու երազ,
հանում չղջիկներին կախարդանքից,
դատավճիռները շրջում երեսնիվայր։-
Ահա գալիս է Նա՝ ունայնից անվերջ վերադարձողը-
քո անվան տաքուկ մոգության վրա,
իսկ դու ավելի խորն ես փակում աչքերդ,
Նրան կարգում մի հլու ժամապահ
լռվածների մութ ճամբարի շուրջ,
և առավել ես սիրում
կլլել գիշերը հատիկ առ հատիկ-
ցանկության կտավը նախապատրաստելով ինքնանկարի։
***
Մի ծածանվող արձան մշտապես կողքիդ է —
ուզում է երգել ու ապաշխարել,
ուզում է քեզ ձեռք մեկնել, խարազանել հետո,
գուրգուրանք է տենչում, զովք ու դատաստան,-
և այդ արձանը քիչ մը նման է քեզ
ու քո մեղանչմանը,-
անվտանգության դռնփակ խորհուրդների
վերակացու աչքն է
և բանագնացների բրոնզե հեգնանքը,
նավթի աշտարակ է՝ դժգույն փարոսով,-
բայց քանի որ աշխարհում լույսն ահռելի շատ է-
երևում են անգամ սրտի սև պուտերը,
փակում ես աչքերդ փափագ-երանությամբ-
և խավարի մեջ ճոճվող մի արձան ես այլևս…
***
Նա ուժգին է բացակայում ինքն իրենից,
ինչպես առևանգված խոստովանահայրը եկեղեցուց,-
և մութը իջնում է նրա ուսերին
սև թիկնոցի համր խշխշոցով.-
քաղիր դեմքդ շարժվող պատերից բեմահարթակների,
ուրկից լսվում է անունը քո
որպես փնտովող ինքնամերժի։
***
Կեսօրը դողում է քո սիրտն ի վար փռվող անարյուն ցրտից։
Այլևս ծամոն չէ ժամանակը
քո հար չամրացող ատամների տակ։-
Եվ կեսօրվա հախճապակուն գծվում է սիլուետդ
որպես հնադարյան որսի դրվագ։
***
Հեռացող արագիլների կրծքում տրոփող ձմեռը
քեզ նամակներ է հղում ճերմակ-ընթեռնելի ձեռագրով.
«Զարմանալի-սքանչելի են թռչուններն այս-
ինձ գուրգուրանքով կրում են իրենց ներսում
որպես երկնառաք մի մեղեդի,
որ տանում է նրանց հրճվանքի ծովերով։ —
Ես խայտում եմ ծածուկ և ձեր դարձ ու մաշկում,
ես ամենուր եմ՝ կյանքի կարմիր թելը
սահունորեն քաշող ասեղի պես,
և քանի դեռ օլիմպիական տոներով են սոսկ
շունչս ձոներգում, ես մոգոնում եմ բուք ու ձյունահյուս,
և ձեզ անծանոթ է դրախտի եղանակի անունը ստույգ»։
***
Դու չես լսում Երկրի ալեբախվող ջազում
մոխրացող-խաղաղ ծիրանագույնը,-
Նա թոնթորում է քո արքայության և քո անկումների մասին,
որ ամեն օր փռվում են տաժանքիդ դեմ
կոդավորված ուրուների թևաբախումներով.-
ով է ավետիս բերումև ով՝ բոթ ու հառաչ,
ով է ծով ընծայում և ով՝ ավազահողմ-
ապահովագրված են սադայել ու հրեշտակ,
հերոս ու ներքինի, ծակվողներ ու կույսեր,-
շրջու՜մ ես գլուխդ մատաղ մի շարժումով-
իբր՝ անկարելի ցանկության ծառը բռնադատել պետք չէ,
իբր դա միայն գործն է աստվածների,
իսկ զատիկը նորից քո բեկված սրտին
ուսանում է ժպտալ, խորհել կաթոգին։
***
Փոքր երկրի շունչը ծանրանում-մարում է
համաշխարհային վազվզուքի մեջ,
քաղաքակրթությունների ինքնահմայանքում,-
կծկվում-գունատվում է այն ճագարի պես,
որ ցանցկեն վանդակով անլուր պտտվում է իբրև թիրախ
ժամանցի ելած հրաձիգների դեմ։-
Նրանց աչքն ու ձեռքը անդող-անթարթ է,
հզոր ու սաստող են մուտանտ-տիտանների նմանությամբ,
Նրանց թանձրախորհուրդ ստվերների տակ
ժամանակը սեղմվում է հրահեղուկի,
որ պայթում է անգամ մի մեղկ դավադիրի փռշտոցից։-
Ախ տիտաններ հմուտ-չարաճճի-
դուք միմյանց վրա միշտ նշան եք բռնում
փոքր երկրների շնչառության միջով…
***
Աստծո աչքի մեջ աստղեր են խուժել
փոշեհատիկի դիպվածով անմեղ,
և արտասվում է Տերը հրաչյա
մեր մշուշ կյանքի շղարշների վրա-
կինոդիտումից զրկված ու սաստված մանչի նման։
***
Ոչ երկրաշարժ կույր, ոչ երաշտ մոլի,
թող միջուկային դիպուկ գրոհը-
գետինը ճաք է տալիս մոռացության թույնից,
որ շաղ են տալիս քնատ վերակացուները սիրտ ու եզերքների,-
Նրանց ծույլ ձեռքը հա՜ սպրդում է
պարարտ հունդերից՝ դաշինքի, ձոնի, ապավինության։-
Վերակացուներ, որ տոտալիտար սիրավեպ ունեն
մակակ-ռեզուսների,
խրախճանաց կայսեր,
ահաբեկության Ամոնի հետ։
***
Գարնան կրծքի վրա ժրացող մանուշակները
օրը ներծծում են դրախտի բույրով,
փակվում Արևմուտքի կոպերի տակ։-
Կասկածելի տաք է աջը Արևմուտքի-
ծանրորեն իշնում է սրսփուն մարմնի
և թևավորվող մտքի վրա —
նռնակներով լեցուն արկղի նման։-
Մինչդեռ հպումն է տերը թափանցիկ։-
Ձեռնափի անուրջ՝ գարնան կոնքի վրա։
Մատնածայրերի խորին ողջույն՝
անխոս երեկոներին ու գծերին բաժանարար։
Վերջին մեկնաբանություններ