Սիրանույշ Օհանյան | ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ՆԵՐՔԵՎ

Գաճաճը հևիհև բարձրանում էր լեռն ի վեր։ Ետևում էր թողել ծաղկաբույր մարգագետիններն ու հասել էր հավերժական ձյուներով պատված տիրույթներին։ Մի քիչ էլ քրտինք թափի՝ ոտքը կդնի սրբազան գագաթին։ Սա իր գեղեցիկ մոլորակի պայծառ արեգակի սառը ճառագայթները վսեմությամբ անդրադարձնող բարձրագույն լեռնագագաթն էր։ Ցուրտ էր. քամին գրկում էր գաճաճի փխրուն մարմինն ու սառնությամբ փայփայում։ Գաճաճն ուշադրություն չէր դարձնում սակայն։ Լեռան գագաթից բացվող հոգեզմայլ տեսարանը քիչ հուզեց նրան. իրեն ուրիշ բան էր հարկավոր։

Մարդիկ  վեր են բարձրանում, որպեսզի թռիչքի բերկրանքն զգան, ապրեն թևեր ունենալու զարմանալի պատրանքը։ Գաճաճը վեր էր բարձրանում՝ իջնելու նպատակով։

Վաղուց էր իրեն հետապնդում տարօրինակ ու սևեռուն միտքը՝ բարձրությունը նաև խորություն է։ Հավատացած էր, որ ինչ-որ տեղ միանում-փակվում են բոլոր ոլորտները, և այն, ինչ վերև է կոչվում, վերածվում է ներքևի։ Հասնել անհասանելիին հնարավոր չէ, սակայն հնարավոր է շրջանցել անհասանելին։ Եթե ինձ ձգում է մեծն Տիեզերքի վերջին կետը, ես պետք է փնտրեմ առաջինը՝ այսպես որոշեց խաբուսիկ պայծառացման պահին։ Ուստի վճռեց փորել մոլորակի ընդերքը, ծակել-հասնել հակառակ կետին, որտեղ մարդիկ քայլում են գլխիվայր, որտեղից երկինքն ունի ճիշտ նույն խորությունը։ Ամենայն թռիչք այնտեղ կվերջանա, որտեղից հնարավոր է կրկին սկսել նորը։ Վճռեց և դիմեց առաջ։

Սխալ կլիներ փորել հենց ոտքերի տակից. այստեղ չկար բարձրություն. օվկիանոսի սառն ալիքներն էին ողողում ավազը։ Այստեղից հեռու էր երկինքը՝ նպատակակետը, ավելի հեռու, քան ամենաբարձր լեռան գագաթից։ Բարձրանալ, ապա իջնել՝ փորելով։

Եվ բարձրացավ։ Հեշտ չէր, իհարկե, առավել դժվար էր վերապրել հաղթահարված դժվարությունները։ Լավ թե վատ, վաղ թե ուշ՝ հասել էր, այժմ անհրաժեշտ էր սկսել բուն էջքը։

Գաճաճը խորը շունչ քաշեց, նայեց դեպի վերև՝ կանչող  երկնքին, ապա կռացավ և սկսեց փորել։ Փորում էր անշտապ, քթի տակ երգելով սիրված երգեր։ Կոշտ, երկար եղունգները՝ ասես ստեղծված այդ նպատակի համար, դանդաղորեն քերում էին հարյուրամյա ձյան մակերեսը։ Աշխատանք շատ կար։ Երբ քաղց զգաց, ճարպիկ մատներով որսաց ձյան մեջ վխտացող վախկոտ անձրևորդեր ու արագաշարժ միջատներ։ Կարող էր սնվել աշխատելիս։

Երեկոյան կողմ գաճաճը կանգ առավ։ Գրեթե իր հասակի չափ փորել էր. գոհ էր։ Այսպես որ ընթանա, շուտով կհասնի սառը հողին, կամ էլ, ո՞վ գիտի,  բութ ժայռերը կպարզեն իրենց կոպիտ երեսները։ Գաճաճի համար միևնույնն էր. երկար էր նախապատրաստվել հոգեպես և ֆիզիկապես. ոչինչ չէր վախեցնում նրան։ Ժամանակ շատ ուներ՝ մի ամբողջ կյանք, որի տնօրինությունն իր տրամադրության տակ էր։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ գաճաճները չափազանց երկար են ապրում, այնքան երկար, որ դժվարանում են նորանոր զբաղմունքներ գտնել իրենց համար։ Գաճաճը ժպտաց իր առավելության  գիտակցումից, նայեց մայր մտնող արեգակի փոքրիկ սկավառակին ու պառկեց իր փորած փոսում։ Կարող էր գիշերներն էլ աշխատել, սակայն ոչինչ չուներ շտապելու, և բացի այդ, սիրում էր երազներ տեսնել։ Դա հարստացնում էր իր ներաշխարհը։

Արևը դեռ չծագած՝ ոտքի վրա էր։ Եղունգներն անհամբերությունից քոր էին գալիս. գաճաճը վախեցավ քորել գլուխը. մեկ էլ տեսար՝ շփոթեց հողի հետ։ Կռացավ և վերսկսեց իր նվիրական երազանքի իրագործումը։

Ամենից դժվարը քանդած ձյունը փոսից դուրս շպրտելն էր. ձանձրալի էր,  հոգնեցուցիչ ու մեկ էլ տեսար՝ նորից գալիս-լցվում էր փոսի մեջ։ “Դրանով ինձ չես վախեցնի”,-  քմծիծաղեց գաճաճը։ Փորել, խոր փորել։

Օրերը սահում էին։ Փոսը գնալով խորանում էր, երկինքը՝ բարձրանում։ Գաճաճի տրամադրությունն էլ էր բարձրանում։ Հաճելի էր գիտակցել, որ մոտենում է իր գլխավերևում գտնվող, իրենից հեռացող երկնքին հակառակ կողմից։ “Ես ուժեղ եմ”,- հպարտությամբ մտածեց գաճաճը։

Գիշերները քնում էր խոնավ փոսում։ Գրեթե հասել էր լեռնահողին, որը, սպասվածին հակառակ,  փխրուն էր ու տաք։ Գաճաճը սակավապետ էր ու ցրտադիմացկուն, բայց սիրում էր ճոխությունն ու շոգը։ Հողը փորում էր գրեթե շոյելով, սակայն որքան դժվար էր այն դուրս շպրտելը. ստիպված էր անդադար կռանալ-վեր բարձրանալ։ Սկզբում հողը դուրս էր շպրտում պտղունց առ պտղունց, հետո սովորեց ափերի մեջ հավաքել ու առանց բարձրանալու վեր նետել։ Պատահում էր, որ անվարժությունից հողը թափում էր գլխին, սակայն շուտով այդ խոչընդոտն էլ հաղթահարեց։ Աշխատանքն արագացավ. գաճաճը երջանիկ էր։

Աստիճանաբար իրեն սկսեց թվալ, թե առաջ է ընթանում մութ թունելով։ Օրեր շարունակ չէր նայում գլխավերևը՝ երկնքին, իսկ գիշերները քնում էր բերանքսիվայր, տաքուկ հողը գրկած։ Այնպես որ՝ երբեմն մոռանում էր, որ կա վերև ու ներքև. սկսեց թվալ, թե կա մի ուղղություն՝ թունելի խորքը տանող, ու ինքը գնում է միակ ճիշտ ուղղությամբ։ Երկնքին դուր չեկավ դա։

Վերևից նայող արեգակի համար զարմանալի տեսարան էր բացվում. լեռան ձյունաճերմակ գագաթին մութ խոռոչ էր սևին տալիս։ Դրա ընդերքում շարունակ նշմարվում էր փոքրիկ, համառ արարածի թիկունքը, որը դանդաղորեն փոքրանում էր։ Արեգակին զարմացնում էր այդ հանգամանքը. ինքն ունակ էր թափանցել ամենախոր վիհերն ու զննել բոլոր  առարկաները մոտիկից, և գաճաճի չափերն իսկապես կրճատվում էին։ Գաճաճը չէր կարող դա գիտակցել. փորում էր, հա փորում, ճանապարհը գնալով երկարում էր ու նեղանում, ասես երկար ու խորունկ ձագար լիներ։ “Հետաքրքիր է, ի՞նչ տեսք կունենամ այնտեղից նայելիս”,- մտածեց արեգակը։ Անտարբեր գաճաճի ուշադրությունն իր վրա գրավելու համար փոխեց  սիրելի ճանապարհը. ցերեկները կանգնում էր ճիշտ թունելի վերևում ու սևեռուն ներքև նայում։ Գաճաճի համար գնալով ավելի անտանելի էր դառնում մշտապես թիկունքը ծակող ճառագայթների այրող ջերմությունը։ Դրանից խուսափելու համար սկսեց փորել ավելի ու ավելի հապճեպ, եռանդով, էլ ավելի բորբոքելով արեգակի հետաքրքրասիրությունը։ Այրող շողերը տանջում էին գաճաճին. երազեց հավիտենական գիշերների մասին, երբ շուրջը խավար է ու զով, իսկ տաքուկ հողը հուսալի անկողին է արդեն հոգնություն զգացող աշխատավորի համար։ Արեգակը շարունակում էր իր հետապնդումները։

Ժամանակն անշտապ ընթանում էր իր ուղիով։ Գաճաճը շտապում էր. նեղվում էր ամենատես արեգակի խորաթափանց ճառագայթներից։ Դժվարություններին ընտելացած միտքը փայլուն լուծում հղացավ. երբ սուրսայր շողերը կհատեն իրեն արեգակից բաժանող տարածությունն ու կփարվեն իր թիկունքին, ինքը կթաքնվի փափուկ հողակույտի մեջ ու շունչ կառնի։ Արեգակը չի կարող ողջ օրը կանգնած մնալ իր գլխավերևում. վերջիվերջո մայր կմտնի։ Այն ժամանակ կգա իր՝ գաճաճի պահը. աշխատանքի ու առաջընթացի պահը։

Հիմա արդեն արեգակն էլ հուսախաբ եղավ։ Չի կարելի կանգնեցնել ժամանակը հողի խորքում թաղված ինչ-որ մժեղի համար. նա արժանի չէ դրան։ Եվ վեհությամբ վերսկսեց նախկին երթուղին՝ արհամարհելով մշտապես հայացքը ներքև սևեռած փոքրիկ արարածին։ Գաճաճն անտարբեր մնաց. շատ, շատ էր խորացել իր ստեղծած ճանապարհը, շատ էին հեռացել երկինքն ու արեգակը։ Չգիտակցեց, որ ընդմիշտ է զրկվում լույսից։ Տարիներ շարունակ չէր նայել վերև՝ երկնքին ու արևին, հիշողության պահպանած իրականությունը խառնվել էր անիրական երազներին, և գաճաճին թվում էր, թե արևի ու երկնքի մասին լոկ առասպել է եղել։ Մի բան հաստատ գիտեր. հողի հաստ շերտից անդին տարածվում է անսահմանորեն հեռու կապույտ խորությունը, և ինքը պետք է փորելով հասնի դրան։ Մնացածն էական չէ։

Թունելը նեղանում էր, խորանում, գաճաճը՝ փոքրանում։ Հակառակ դրան՝ արագանում էր աշխատանքի ընթացքը. գաճաճը համոզվում էր, որ սկսել է ավելի ու ավելի արագ աշխատել։ Մտածեց, որ լեռը բարյացակամ է տրամադրված իր նկատմամբ. չգիտեր, որ վաղուց ծակել-անցել  է լեռը, մոտեցել մոլորակի ընդերքին։

Գաճաճը հանկարծ սարսռաց։ Սուր քաղց զգաց։ Փորձեց հիշել, թե վերջին անգամ   երբ է կերել։ Կարծես հազարամյակներ առաջ էր,  սակայն ժամանակի հաշիվն էլ էր մոռացել։ Երբ երիտասարդ էր, թվում էր, թե կարիք չկա մտապահել տարեթիվը կամ անցնող  օրը զանազանել գալիքից. ինչ տարբերություն։ Սովը ստիպեց հիշել ժամանակի անմեռ գոյության մասին, նաև այն մասին, որ ինքը հավերժ չի ապրելու։ Այդ հանկարծահայտ մտքից խուճապ զգաց, որը չխլացրեց քաղցը։ Հանկարծ ու կյանքի թելն ընդհատվեց կես ճամփին. ինչպե՞ս է հեռանալու ավարտը չտեսած։ Զարհուրանքով հասկացավ, որ եղել են մարդիկ, ովքեր ապրել են, մեռել, բայց չեն հասել նպատակին։  Խելագար սարսափը պատեց գաճաճին։ Ապրել. չմեռնել ու հասնել՝ միակ խնդրանքը, որով երբևէ դիմել էր երկնքին։ Բայց երկինքը վաղուց էր մոռացել գաճաճի գոյության մասին։  Գաճաճն ինքը այնքան էր փոքրացել, որ հազիվ հողի մի գուղձի չափ լիներ, սակայն մի՞թե կարող էր զգալ դա նեղլիկ ու խավար թունելում։ “Այնուամենայնիվ, մի բան կուտեի”,- հուսահատված մտածեց գաճաճը։ Երազի նման հիշեց անցյալ ժամանակները, երբ արհամարհանքով նայում էր եղունգների տակից խուճապահար փախչող անձրևորդերին։ Անձրևորդերը վաղուց էին վերացել։

Քաղցի զգացումն ավելի ուժգին թվաց այն մտքից, որ դատապարտված է սովամահության։ Շուրջը միայն հող էր, վերևում՝ անհայտ է, թե ինչ, ինչ-որ տեղ ոտքերի տակ տարածվում էր նույն հողը, որի խորքերում հավանաբար կային նույն անձրևորդերից, սակայն հեռու էր դրանց տանող ճանապարհը, այնքան հեռու, որքան անցել էր արդեն փորելով։

Եվ երկնքին հասնելու նպատակին ևս մի նպատակ ավելացավ՝ սնունդ հայթայթել։ Այժմ գաճաճը փորում էր հասնելու և ուտելու հույսով։ Հավատում էր, որ կգա օրը, սակայն գիտեր, որ դեռ երկար է մնալու քաղցած, հոգնած, հողաբույր մարմնով, խրված մութ միջանցքում, որտեղից դուրս գալու միայն մի ճանապարհ կար. այդ ճանապարհը որքան երկարում, այնքան ավելի էր հեռացնում գաճաճի երբեմնի ազատությունը՝ լեռան վերևում տարածվող երկնքի փոքրիկ հատվածը։ Վտանգավոր էր խաղը, վտանգավոր ու հրապուրիչ։ Գաճաճն իրեն սփոփում էր խաղի ու նպատակի մասին արված վսեմ դատողություններով։

Այսպես եկան նոր ժամանակները՝ հավերժական քաղցի ու չմեռնող հույսի ժամանակները։ Մի օր էլ գաճաճը նկատեց, որ եղունգները կարգին երկարել են, համարյա թևերի չափ. զարմանալի է, թե ոնց չէին կոտրվել, զարմանալի չէ, որ աշխատելն ավելի արագ էր դարձել, չնայած որքան խորանում էր թունելը, այնքան դժվարանում էր հողը դուրս շպրտելը։ Գեղեցիկ էին եղունգները՝ սուր, կապույտին տվող սառը փայլով, հուսալի գործիքի նման ամուր ու ճկուն։ Գաճաճը հիշեց, որ ներքևում իրեն սպասող երկինքն էլ պետք է իր եղունգների երանգն ունենա։ Երկինքը վաղուց էր մոռացել մոլորակի ընդերքի խավարում շարունակ փորփրող փոքրիկ արարածի մասին, որը գնալով փոքրանում էր ու փոքրանում, իսկ եղունգների երկարությունը նույնն էր մնում, մինչդեռ այդ արարածին թվում էր, թե եղունգները կարգին աճել են, չնայած վաղուց օրգանիզմը սնունդ չի ստացել։

 

Սովահար գաճաճն սկսեց հող ուտել։ Առաջին անգամ համտեսելիս զզվանք զգաց, քիչ մնաց փսխեր, բայց անհրաժեշտությունը ստիպեց հնազանդվել, և գաճաճն այսուհետ ապրում էր հողով։ Մարմինը, որը հողի գուղձի պես չորացել էր, կարծրացել ու խոնավ հողահոտ էր բուրում, հեշտ տարավ այդ փոփոխությունը։ Գաճաճն ափսոսաց, որ առաջներում գլխի չի ընկել այդ մասին և ստիպված է եղել տառապել սովամահ լինելու վախից։

 

Նկատեց, որ իսկապես շատ է փոքրացել, նիհարել. հավանաբար երկարատև քաղցն իր ազդեցությունը թողել էր, բայց անհունորեն զարմացավ, երբ համեմատեց եղունգների երկարությունը մարմնի հետ։ Ապշեց տրամաբանական եզրակացությունից. եղունգների նկատմամբ աննշան թվացող մարմնում այդ ինչ ուժ կա, որ կարողանում է գործի դնել իր աչքերից սարսափելիորեն հեռու եղունգները. այնքան հեռու, որ դրանց երկարությամբ ճանապարհ անցնելը իրենից բավական ժամանակ  կխլեր։ Ժամանակի մասին միտքը տարակուսանք հարուցեց. ինչպես էր որոշվում՝ ժամանակը շատ է, թե քիչ։ Գաճաճն ընդհատեց աշխատանքն ու սկսեց լարված մտածել։ Դժվարությամբ մտաբերեց, որ ինչ-որ բառեր գոյություն ունեն՝ ժամանակի իմաստն արտահայտող. այդ բառերը երկնքի հետ էին կապված ու երկնքում լողացող այրող ջերմության։ Գաճաճը գլխի ընկավ, որ մոռացել է անսահման կարևոր  մի բանի մասին, մոռացել է նվիրական ու թանկ մի բանի մասին։ Փորձեց շրջվել ու տեսնել, թե ինչ կա թիկունքում, չկարողացավ՝ եղունգները խանգարեցին։ Աղոտ հիշեց, որ մի ժամանակ ինքը խուսափում էր վերև նայելուց, խուսափում էր վերևից նայող ջերմությունից, անսովոր ու պայծառ լույսն էլ իր հերթին վնասում էր աչքերը։  Լույսի մտապատկերը խորթ ապրումներ առաջացրեց գաճաճի հոգում. լույսն այնտեղ էր, որտեղ չկար խավար, բայց ինչ է նշանակում՝ չկա խավար։ Աներևակայելի էր։ Գաճաճն զգաց, որ այսպես շարունակելը խանգարում է իրեն, խանգարում է իր առաջընթացին ու հոգեկան հավասարակշռությանը։ Խրոխտ թափահարեց եղունգներն ու խրեց մութ հողի մեջ։ Փորել, անդադար փորել։ Չնայած այլևս չգիտեր, թե ինչու է անհրաժեշտ  փորելը։

1 comment

    • Հրայր on 23 Մայիսի, 2009 at 6:37 ա.
    • Reply

    Ամեն մի գրությունդ ուշադրությամբ ընթերցելուց և խորհելուց հետո արդեն սպասում եմ հաջորդին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.