«

»

Հուլ 05 2009

Տպել Գրառում

Գնել Խաչատրյան | ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

– Գնացինք ֆուտբոլ խաղալու,- բացելով դուռը ժպտաց Ու-ն:

Հրճվանքով դուրս ցատկեցի: Ֆուտբոլ չեմ խաղում, սակայն սիրում եմ զբոսնել ֆուտբոլի անհրապույր դաշտը եզերող մարգագետիներում, և հետևել Ու-ի ինքնամոռաց խաղին: Ու-ի ներկայություն, նրանից սփռվող խաղի հրճվանքը, ջինջ երեկոյան երկինքն ու սարերից փչող հովը թռթիռով են լցնում սիրտս:
Թեկուզև ողջ խաղի ընթացքում Ու-ն մոռանում է գոյությանս մասին, այդ փաստը երջանկությունս խաթարել չի կարող: Մենք զրուցում ենք դաշտ գալուս կամ վերադառնալուս: Ճանապարհը կարճ չէ, և բացի այդ դիտմամբ դանդաղում եմ կամ առիթներ փնտրում ինչ որ պահ կանգ առնելու: Նա երբեմն դժգոհում է իմ դանդաղկոտությունից, սակայն երբեք չի զայրանում, առավել ես լքում ինձ:
Ու-ն սիրում է պատմել ապագա ծրագրերի, նոր կարդացած գրքերի, առանձնահատուկ գեղեցկությամբ օժտված աղջիկների նկատմամբ տածած հիացմունքի մասին: Նա խիստ զգացմունքային է, ինքնավստահ աշխարհը փոխելու իր կարողության մեջ: Ամեն անգամ, իմ անհամաձայն հայացքը զգալով, պատասխանում է, որ այս անգամ արդյունքը այլ կլինի, և որ ես ոչինչ չեմ հասկանում:
Տեսնես Ու-ն գիտի թե ինչ անհամբերությամբ եմ սպասում ֆուտբոլին: Յուրաքյանչուր րոպեն ժամեր է տևում, մարմինս փշաքաղվում է դրսում լսվող ամեն մի ձայնից: Հատկապես տանջալի է, երբ ուշանում է կամ ընդհանրապես մոռանում այցելել: Սակայն բավարար է տեսնեմ նրան, և մոռանում եմ կրածս բոլոր սպասումները ու տանջանքները:
Ուրիշներն էլ են երբեմն այցելում, սակայն Ու-ն առանձնահատուկ է. միայն նրա հետ եմ գնում զբոսանքի: Վաղ մանկությունից հիշում եմ Ու-ի սիրով լի բարի հայացքը: Հաճախ այցելում էր, գրկում և շոյում: Չեր մոռանում, հյուրասիրել կերակուրներով: Նույնիսկ, հագեցած ժամանակ ցույց էի տալիս, որ նրա բերած կերակուրները խիստ ախորժելի են: Ու-ն դրանից խիստ գոհ էր մնում, և հեռանալուս լայն ժպտում:
Դեռ քնած էի, երբ բացեցին դուռը: Դեռևս վաղ էր ֆուտբոլային զբոսանքի համար: Չէի հասցրել կողմնորոշվել, երբ անտարբեր հայացքով մի տղա հանկարծակի գրկեց ինձ և տարավ դուրս: Մայրս չհասցրեց ոչինչ անել. մինչ նա անակնալից ուշքի գալով վազեց դեպի դուռը, այն փակվեց նրա դեմքին: Մորս ողբը շարունակվում էր զրնգալ ականջներիս մեջ, երբ տղան պինդ բռնելով մարմինս պառկեցրեց կանաչ խոտի վրա և ձայնեց ինչ որ մեկին:
Ի ուրախություն ինձ հայտնվեց Ու-ն: Այժմ նա կփրկի ինձ այս կոպիտ տղայի մկանուտ ձեռքերից, որոնցից ազատվել ինձ ոչ մի կերպ չի հաջողվում: Ու-ն դանդաղ էր մոտենում. մի թե չի տեսնում իմ տառապանքները, չի լսում մորս ողբը: Եթե սա կատակ է, ապա խիստ անհաջող:
Վերջապես, Ու-ն հասավ մեզ և նայեց լացակումած հուսահատ աչքերիս: Առաջին անգամ նրա հայացքում կրակ ու ժպիտ չտեսա: Նա արագ փախցրեց հայացքը, ոչինչ չասաց, տղային մեկնեց դանակը, և չոքելով իմ վրա, ամուր բռնեց ոտքերս:
Ու-ի ձեռքերը որքան էլ, որ ցանկալի լինեին, այժմ միայն ցավ էին պատճառում: Նրա հայացքը ուղղված էր կապույտ երկնքին: Նա այլևս այն Ու-ն չէր, որը ամեն երեկո այցելում էր, հոգում իմ մասին, շոյում իր տաք ու բարի ձեռքերով, և պատմում իր երազների մասին:
Կոկորդս մխրճվող ցավից մտքերս խառնվեցին, և մարմինս ջղաձգվեց: Նրանց ամուր ձեռքերը շարունակում էին աքցանել ողջ շարժումներս: Անտանելի ցավը որևէ տեղ հեռանալ չէր ցանկանում: Աչքերս անշարժացան երկնքի ինչ որ պատառիկում, որին հավանաբար այժմ նայում էին Ու-ի օտարացած աչքերը նույնպես: Մորս լացը այլևս չէր լսվում. ոչինչ չէր լսվում: Ինչ որ աներևույթ զգացում լքում էր ինձ, իր հետ տանելով կոկորդս խեղդող ցավը և հիասթափությունը:
Մնաց միայն երկնքի անշարժացած պատառիկը, և ինչ որ հեռավոր զգացում, կարծես Ու-ի ձեռքերը շոյում էին ինձնից անջատված մարմինս, որը փշրվում էր նրա ատամների արանքում, գլորվում տաք ու խավար խողովակներով, տարալուծվելով Ու-ի մարմնի մեջ:
Ու-ն կարողացավ փոխել իմ աշխարհը: Այժմ այն երկնքի անշարժացած պատառիկն է, և Ու-ի մարմնի հազիվ նշմարվող զգացողություն:
25.05.2009


Gnel313(2).jpg

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>