Եվ հիմա, ահա, կանգնած եմ այստեղ, այս… Սակայն չշտապենք, քանի որ իրադարձությունը, կարծում եմ, արժանի է` որպեսզի պատմեմ սկզբից ու հանգամանորեն, որքան էլ անհամբեր լինեմ։
Առավոտյան իմ զուգարանը լքված տան մեծ սենյակն է. մի անգամ պատահաբար հայտնաբերեցի բետոնե սալերով ցանկապատված այդ կիսավեր տունը, հավանեցի եւ այնուհետ սկսեցի ամեն օր հաճախել։
Առհասարակ, շուտ վարժվող ու սովորություններիս գերին դարձող խառնվածք ունեմ։ Եթե, ասենք, երկու օր, վրա-վրա, նույն սրճարանում խմեմ առավոտվա գինիս, երրորդ օրը ոտքերս իրենք իրենց ինձ քարշ կտան այնտեղ։
Օրինակը թեեւ բնորոշ, սակայն անշուշտ հնացած է. վաղուց արդեն սրճարաններում չեմ խմում, սրճարանային հավելավճարը, ինքներդ եք հասկանում… Սակայն չշեղվեմ, այլապես… Միտքս շատ է անզուսպ ու կամայական, եթե ազատ թողնեմ` կարճ ժամանակում այնպիսի հեռուներ կտանի, որ շուտ վերադառնալ չեմ կարողանա։
Եվ հետո, ցավեցնող են այդ հեռուները, այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես միտքս ինձ մերկամարմին` փշերի վրայով է քարշ տալիս։ Սակայն դարձյալ շեղվում եմ, չի կարելի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասին խոսելիս` շոշափել նաեւ ամբողջը։ Ուստի դառնամ վերջին դեպքերին, որոնք ինձ համար, կարելի է ասել, շրջադարձային եղան, որովհետեւ այժմ, ահա, կանգնած եմ այստեղ, այս… Դարձյալ առաջ ընկա… Եղբա՛յր, մի՞թե չես կարող զսպել քեզ, սա ի՞նչ կամազրկություն է։
Օրեր առաջ էր, ուրեմն, եթե ստույգ` չորս օր առաջ, առավոտյան վաղ արթնացա, փորս ցավում էր, ուռել ու ցավում էր. ատամների սակավությունը սովորաբար առատ գազագոյացման պատճառ է դառնում, եթե, իհարկե, ինչ-որ բան ուտում ես։
Արթնացա եւ դուրս սողոսկեցի թփերի միջից` ստիպված հրելով ընկերներիս մարմինները, այո, մարմինները, որովհետեւ, երբ գիշերային գինարբուքից հետո այսպես իրար գլխի թափված-քնած են` մարմին են, ուրիշ ոչինչ, կուզես հայհոյիր, կուզես գրպանները դատարկիր, ոչ կլսեն, ոչ կզգան։
Լավ ասացի` գրպանները դատարկիր. ախր նրանց գրպանները, եզակի բացառությամբ, միշտ դատարկ են, հատկապես առավոտյան, եթե առհասարակ գրպան մնացել է այդ քրքրված հագուստների վրա։
Օրինակ, ինձ համար օգտագործելի էր բաճկոնիս միայն մեկ գրպանը` ներքին ձախը, ինչը հուշում է, որ բաճկոնի նախկին տերը ձախլիկ է եղել։ Ի դեպ, հետաքրքիր է, ո՞նց է հիմա այն բարի մարդը, ի՞նչ է անում, կա՞, չկա՞…
Ցավալի է, սակայն բաճկոնները մեծամասամբ իրենց տերերից երկար են ապրում։ Ինչեւէ։ Դուրս սողոսկեցի, ուրեմն, ստուգեցի շուրջը թափված շշերը, որոնք, ավաղ, դատարկ էին, խոտերի մեջ սիգարետի մի կարգին մնացուկ գտա, մտցրի բերանս ու ելա փողոց։
Մնացուկը կարող էի շուտ վառել, բայց ես սիրում եմ սենյակում պպզած ծխել, պրոցեսին համընթաց` այսպես ասած։ Վերջապես հասա ցանկապատին եւ նոր միայն անցնող մեկից կրակ խնդրեցի։ Նա նայեց ճմրթված մնացուկիս, գրպանից հանեց տուփը, բայց չմեկնեց ինձ, ինքը միջից սիգարետ հանեց ու տվեց, ինքն էլ չրթացրեց հրահանը։ Հասկանում եմ, ձեռքերս կեղտոտ էին, բայց մարդիկ սովորաբար զուգարանից հետո են լվացվում, այնպես չէ՞։
Պպզել էի կոնքի վրա, ծխում էի։ Փորկապ էի, կարմիր գինուց միշտ փորկապ եմ ունենում։ Չեմ սիրում կարմիր գինի, բայց միշտ չէ, որ սիրած խմիչքն է ընկնում ձեռդ, մեծամասամբ` հենց հակառակն է լինում։ Ես, օրինակ, ծիրանի օղի եմ սիրում, բայց դա ուրիշ պատմություն է։
Այդպես պպզած ծխում էի ու մտածում կյանքի, մարդկության, աշխարհ մասին։ Մտածում էի, թե որքան աննկատ է մարդ սկսում գլորվել, հերիք է թեկուզ մի պստիկ բան զիջես, մի թեթեւ սայթաքես` անկումդ սկսված է, արտաքնապես գուցե դեռ նկատելի չէ, բայց ձնագունդն արդեն գլորվում է։
Դե իսկ եթե գլորվեցիր` նորից կանգնելը շատ դժվար է։ Այդպես մտածում էի,- առհասարակ սիրում եմ մտածել, երեւի իմ ամենասիրած զբաղմունքն է։
Երբեմն, երբ մի քիչ փող է ընկնում ձեռս, խմիչք եմ վերցնում, ծխելիք եւ իջնում ձորը, մենակ նստում եմ ծառի տակ, կամաց-կամաց խմում, ծխում ու մտածում։
Իսկ երբ վերադառնում եմ մերոնց մոտ, նրանք այնպիսի կասկածանքով են նայում, կարծես անձնական կյանքի իրավունքից զրկված եմ։ Վրդովեցուցիչ է։
Սակայն դառնանք այն օրվա դեպքերին։ Գործս ավարտել եւ արդեն պատրաստվում էի վեր քաշել շալվարս, երբ հանկարծ հայտնվեց նա։ Ուղղեց համազգեստը, ձեռքն առավ գոտուց կախ ռետինե մահակը եւ խրոխտ կանգնեց դռների մեջ։
Իմ կողմը չէր նայում, ասես չէր նկատում։ Որոշ ժամանակ մնացի այդպես կիսանստած-կիսականգնած, հետո վերջապես սթափվեցի ու քաշեցի շալվարս։ Դուրըս չեկավ, մտածեցի` սրա հետ գլուխ դնել չարժի, սուսուփուս մոտեցա դռանը, որ դուրս գամ։
Իսկ նա մահակը սպառնալի պտտեց ու հրամայեց` «Ետ դա՛րձ։ Ետ գնա, քեզ եմ ասում, է՛յ»։ Համենայնդեպս ընկրկեցի ու հարցրի. «Բայց ինչու՞»։ «Որովհետեւ սա պահակակետ է, եւ ես այստեղ պահակ եմ կարգված»,- հպարտ պատասխանեց նա։
«Հավանաբար շփոթել եք,- ասացի,- սա արդեն վաղուց լքված, կիսավեր տուն է, ի՞նչ պահակակետ»։ «Բացատրություններ տալու լիազորված չեմ,- կտրեց նա,- ասացի պահակակետ է եւ վերջ, ավել-պակաս չխոսես»։
«Համաձայն եմ,- զիջեցի ես,- պահակակետ է, ուստի թույլ տվեք լքել ձեզ վստահված տարածքը»։ «Ոչ մի դեպքում։ Հրամայված է` ոչ ոքի չթողնել»։ «Ներս չթողնել` դա հասկանալի է, բայց դուրս…»,- համառեցի ես։
Սակայն նա անհողդողդ էր. «Չեն ճշտել, ուրեմն` ո՛չ ներս, ո՛չ դուրս։ Ես անում եմ այն, ինչ հրամայված է, պա՞րզ է»։
«Պարզ է,- ասացի` զգալով, որ համառելն անիմաստ է։- Եվ որքա՞ն պետք է մնամ այստեղ»։ «Մինչեւ պահակության ավարտը»,- չոր պատասխանեց նա։ «Իսկ դա, ներեցեք, որքա՞ն է, եթե գաղտնիք չէ»։
«Որքան սահմանված է։ Եվ չփորձես ինձ համոզել կամ կաշառել, կպատժեմ, ձայնդ կտրած նստիր»։
Այ քեզ փորձանք` մտածեցի, աստված գիտի որքան` ծարավ նստել այս խելագարի կողքին… Իսկ ընկերներս երեւի արդեն արթնացել, դուրս են եկել գործի, «սանրում են» մոտակա փողոցները, իսկ այն երկուսը, որ դժվարանում են քայլել,- մեկը սաստիկ հոդացավ ունի, մյուսը արնածոր հեմորոյ,- զբաղեցրել են իրենց անփոփոխ տեղերը` զբոսայգուն հարող մայթի երկու ծայրերում, ցանկապատի տակ, ճմռթված գլխարկներն առջեւները դրած։
Ես սովորաբար խաչմերուկներում եմ աշխատում. ընտրում եմ լուսացույցի տակ կանգնած մեքենաներից առավել հավատ ներշնչողը, մոտենում եւ նայելով «զոհիս» ուղիղ աչքերին` ասում, չեմ խնդրում, չէ, պարզապես ասում եմ. «Կներեք, այնպես ստացվեց, որ այսօր փողի խիստ կարիք ունեմ, օգնեք, եթե ի վիճակի եք»։
Հաշվել եմ` երեք-չորս մոտեցումներից մեկն արդյունավետ է լինում։ Հետո կանանց կուղարկեն գինու` մտածեցի, իսկ ես այստեղ կալանված եմ մի ինչ-որ ապուշի կողմից։ Պատմեմ` չեն հավատա։
Ճար չկար, լուռ նստեցի քարին։ Աչքի պոչով նայում էի նրան։ Վրդովմունքս անսահման էր։ Սակայն ստիպված էի խոստովանել, որ համազգեստը սազում է այդ խենթին։
Բոլորովին նոր համազգեստ էր` ճռճռան սապոգներ, շողշողացող ճարմանդներ, կոճակներ… Տեսնես որտեղից է ձեռ գցել։ «Ի՞նչ ես էդպես նայում»,- հարցրեց նա` որսալով հայացքս։ «Երեւի նոր եք մտել ծառայության, այո՞»,- ասացի։ «Քեզ ի՞նչ,- կտրուկ բորբոքվեց նա։
— Վե՛ր կաց, վե՛ր կաց ասում եմ։ Նստել է էստեղ ու ավել-պակաս դուս է տալիս։ Վե՛ր։ Իսկ հիմա` վազքով մա՛րշ։ Դե՞…»։ «Աստծու սիրուն,- ասացի,- ես հիվանդ սիրտ ունեմ, վազելն ինձ հակացուցված է»։ «Ձայնդ կտրի՛ր։
Հրամայված է` վազքո՛վ, ուրեմն կատարիր»,- գոռաց գիժն ու մահակով հարվածեց մեջքիս։ Ճարահատյալ վազեցի։ «Շրջանը լայնացրու։ Այդպես։ Ավելի արագ, արա՛գ»,- հրամայում էր նա ու ժամանակ առ ժամանակ խփում ուսերիս, մեջքիս։
Սկսեցի շնչակտուր լինել, հազալ, փռշտալ։ «Լավ,- ասաց,- հիմա քայլիր, ձեռքերդ դիր մեջքիդ ու քայլիր»։ Քայլեցի։ Վազելուց հետո քայլելը նույնիսկ հաճելի էր։ Բայց քիչ անց նորից վազքի հրաման հնչեց։ Այդպես, մերթ քայլում էի, մերթ վազում։
Կեսօրին հոգեառս մի մեծ քար բերեց դռան մոտ, թաշկինակը փռեց ու նստեց։ «Ճաշի ժամն է»,- ասաց եւ կանաչ քաթանե պայուսակից, ուր նաեւ հակագազն էր, մի մեծ բուտերբրոդ հանեց։ «Կարո՞ղ եմ նստել»,- հարցրի, որովհետեւ շարունակում էի վազել։ «Ոնց կուզես,- ասաց,- կամքը քոնն է»։ Նստեցի շրջանակից զուրկ պատուհանի գոգին։
Սարսափելի հոգնել էի։ Չէի կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ էի այդքան վազել, հավանորեն` երբեք։ «Հանկարծ չփորձես փախչել,- պատուհանն ակնարկելով զգուշացրեց նա,- մեկ է` կբռնեմ»։ «Իսկի մտքովս չի էլ անցնում,- ասացի. իսկապես չէր անցնում։ Նա ախորժակով չփչփացնում էր։ Իսկ ես շրջվել ու դուրս էի նայում։
«Է՛յ, բռնի՛»,- կանչեց ու նետեց հացի կտորը. երեւի կշտացել էր։ Ես մինչեւ գոնե մի բաժակ չխմեմ` ուտել չեմ կարող, բերանս թուք չի գոյացնում, բայց կերա, որպեսզի չբարկացնեմ նրան։ Հացից երշիկի հոտ էր գալիս։ Ինքը, պատին հենված, ծխում էր։
«Սիգարետ չե՞ք հյուրասիրի»,- խնդրեցի։ «Անմիջապես երեւում է, որ պրոֆեսիոնալ մուրացկան ես,- ասաց։ Քիչ հետո գցեց ծխացող մնացուկը.- Ա՛ռ, ծխի՛ր, քանի բարի եմ»։ Տանել չեմ կարողանում, երբ այդպես թքոտում են սիգարետի պոչը, անձամբ ես, օրինակ, բացարձակապես չոր եմ ծխում։ Ծխում էի ու մեկ-մեկ նայում նրա համազգեստին։
«Ի՞նչ է, դուրդ գալի՞ս է»,- հարցրեց։ «Այո, հրաշալի համազգեստ է»,- խոստովանեցի ես։ Ինքնագոհ ժպտաց, ապա նայեց սապոգներին։ «Սապոգներս փոշոտվեցին քո պատճառով,- ասաց,- Փալաս-փուլուս չկա՞ էդտեղ»։
Բետոնի կտորտանքի տակից մի ճղրտած թաշկինակ գտա ու տվի նրան։ Չվերցրեց. «Ինչու՞ ես տալիս, մաքրիր, դուրդ գալիս են սապոգներս, չէ՞»։ Ենթարկվեցի, ի՞նչ կարող էի անել, կատարյալ գժի հետ գործ ունեի։ Մաքրում էի սապոգները, քիթս ակամայից որսում էր թարմ կաշվի հոտը։
Պատանեկությանս երազանքը հանկարծ հստակորեն պատկերվեց մտապատկերիս մեջ` ես գեներալ եմ, չէ, մարշալ եմ, կանգնած եմ բարձր հարթակին, ցածում` բազմահազարանոց բանակն է` ձիգ շարքերով, անշարժ, անծպուտ, սպասում է հրամանիս, կուզեմ` աջ կուղարկեմ, կուզեմ` ձախ, կուզեմ` թշնամու դեմ, կուզեմ` երկու մասի կբաժանեմ ու իրար դեմ կհանեմ, ինչ ուզեմ` կանեն, ամեն բան միայն ինձնից է կախված, իմ հրամանից։
Մտքերով տարված` չէի նկատել, որ շոյում եմ նրա շողշողուն ճարմանդը, կոճակները։ Նա հանկարծ կոպտորեն հրեց, ասելով` «Է՜, է՜, ուշքի արի, ես այդպիսի բաներ չեմ սիրում»։ Անմիջապես կռահեցի, թե ինչ անցավ խելառի մտքով, ուզում էի բացատրել, բայց չթողեց ձայն հանեմ, «Ընդմիջումն ավարտվեց, ոտքի՛, վազքով մա՛րշ»,- գոռաց։
Վազեցի արդեն սովոր շրջանով, ի՞նչ անեի, անասունի հետ հո գլուխ չէի՞ դնելու։ Երրորդ, թե չորրորդ շրջանն էի վազում` հանկարծ զգացի, թե ինչպես է գոյանում իմ մեջ այդ արտառոց զգացողությունը։ Առաջ անցնելով ասեմ…
Բայց ոչ, չարժե առաջ անցնել։ Ուրեմն, ինչպես ասացի, պարզորոշ զգացի այդ արտառոց հոգեկան շփոթը, որը, սակայն, կարճ տեւեց, որպեսզի կարողանայի հասկանալ, եւ հետո այդ ապուշն անդադար գոռում էր, չէր թողնում կենտրոնանամ. «Արա՛գ, ավելի արա՛գ, ոտքերդ բարձր, կանգ չառնե՛լ…»։
Ի վերջո անուժ փռվեցի հատակին եւ ասացի` «Ինչ կուզեք, արեք, այլեւս չեմ կարող, մեռնում եմ»։ «Չես մեռնի,- ասաց,- հինգ րոպե հանգիստ եւ նորից վազք»։
Սիգարետ ուզեցի, չտվեց. «Չի կարելի,- ասաց։- Կտրուկ դադարն էլ է հակացուցված, վեր կաց, քայլիր»։ Քայլեցի ճարահատյալ։ Բայց իրավացի էր խենթը, այդպես շունչս ավելի հեշտ տեղը եկավ։ Դրսում արդեն մթնում էր։
Նա նայեց ժամացույցին եւ նկատելի ափսոսանքով հրամայեց. «Կանգ ա՛ռ։ Վե՛րջ։ Ես գնացի, մնաս բարով»,- ապա շրջվեց ու հեռացավ։ Պատուհանից հետեւեցի, մինչեւ չքվեց փողոցի ծայրում, եւ ինձ անմիջապես գցեցի զբոսայգի։ Լավ էր, ընկերներս երեկոյան բաժին գինու վերջը չէին տվել դեռ. մի շնչով դատարկեցի շշում մնացածը։ Տարակուսած նայում էին։
Ասացի` «Փորձանք պատահեց, ոստիկանություն ընկա»։ Ոչ մեկին չպատմեցի եղելությունը, չգիտես ինչու` համոզվածություն կար մեջս, որ չպետք է պատմեմ։
Իսկ առավոտյան, ոտքերս իրենք տարան ինձ դեպի լքված տունը։ Իհարկե, կարող էի ավելի վաղ գնալ եւ մինչեւ նրա գալը գործս ավարտել-հեռանալ։ Սակայն, անկեղծ ասած, ուզում էի տեսնել նրան. համատեղ անկացրած նախորդ օրն արել էր իր սեւ գործը։
Այո, գուցե տարօրինակ էր, բայց այդպես էր` ուզում էի տեսնել հոգեառիս, անկարող էի հակառակվել ցանկությանս։ Ինձ նաեւ շատ հետաքրքրում էր` գալու՞ է գիժը, թե՞ այնուամենայնիվ ինչ-որ բան շփոթել էր։ Եկավ։ Ճիշտ ժամին։ Ես ժամացույց չունեմ, սակայն փողոցին ու երկնքին նայելով անսխալ որոշում եմ ժամանակը։
Եկավ ու կարծես չզարմացավ ինձ տեսնելով, թեեւ ասաց` «Էլի՞ այստեղ ես, անտեր շուն»։ «Ինքդ ես շունը»,- մտովի պատասխանեցի ես, եւ դա երեւի տպվեց դեմքիս, որովհետեւ կտրուկ խոժոռվեց ու գոռաց` «Աջ դա՛րձ։ Ձախ դա՛րձ։ Աջ ուսն առաջ` քայլով մա՛րշ։ Վազքով մա՛րշ»։
Մինչեւ կեսօր վազում էի, քայլում, նույնիսկ փորսող տվի` անիծելով բախտս։ Փորսող տալիս անցյալս էի հիշում. երբ խրվում ես հիշողությունների մեջ` չարչարանքները հեշտ ես տանում։
Հիշեցի պատանեկությանս երազանքները, ուրիշ բաներ, եւ հենց նայեցի նրան,- ուզում էի տեսնել համազգեստը` հիշողությանս որոշ մանրամասներ ճշգրտելու համար,- հոգեկան այն արտառոց շփոթը կրկնվեց, այս անգամ` շատ ավելի հստակ, ինձ հանկարծ պարզորոշ թվաց, թե ես ես չեմ, այլ` ինքը, իսկ ինքը ինքը չէ, այլ` ես։
Նախկինում պատահել է, որ ուրիշներին նայելիս հանկարծ մտածել եմ, թե ինչու՞ եմ ես ես, այլ ոչ այն անցորդը, պաղպաղակ վաճառողը կամ ոստիկանը, այո, ինչու՞ եմ ես ես, այլ ոչ մեկ ուրիշը, ի՞նչն է, որ ինձ համոզում է ասել` ես ես եմ։
Բայց դրանք միայն մտորումներ էին, իսկ, ահա, լքված տանը փորսող տալիս շատ հստակ զգացի` ես ես չեմ, այլ նա, ինձ նույնիսկ թվաց, թե այդ նա է փորսող տալիս, իսկ ես, համազգեստ հագած, հրամաններ եմ արձակում։ Եվ հոգնածությունն էլ կարծես չէի զգում, թեեւ քիչ առաջ մկաններս ցավագին տնքում էին, ինչպես շան երախ ընկած կատու կամ կատվի երախն ընկած մուկ։
Կեսօրին մի ամբողջ սիգարետ հյուրասիրեց` երեւի խղճաց. նկատել էի` նրա երկարատեւ բարկությունը դեպքից դեպք կարող էր փոխվել կարճատեւ բարության, բայց հետո ավելի էր կատաղում, ասես փոշմանած` որ բարություն է ցուցաբերել։
Ես ծխում էի, ինքն ուտում։ Հետո ինձ տվեց հաց-կարագ-ջեմի մնացորդը, իսկ ինքը սիգարետ դրեց բերանը։ Թզի ջեմ էր, իմ սիրածը։ Ինքս ինձ ցածրաձայն ասացի. «Էհ, մի բաժակ գինի լինե՜ր…»։ Լսեց։ Քմծիծաղեց։ «Ականջիդ օղ արա, հարբեցող,- ասաց,- իմ ծառայության ժամանակ ոչ մի կաթիլ ալկոհոլ, այլապես խիստ կպատժեմ։
Իսկ հիմա մի երկու րոպեով դուրս եմ գալիս, չփորձես փախչել, մոտերքում եմ, կբռնեմ»։ Ասացի` «Փախչող լինեի` չէի գա»։ «Մարդուս տրամադրությունը առավոտյան ուրիշ է, կեսօրից հետո` ուրիշ, իսկ գիշերով` ավելի ուրիշ»,- նկատեց գիժը։ «Չեմ փախչի,- հանգստացրի նրան։- Բայց ձեր ուզածը այստեղ էլ կարող եք անել»։
«Էդ էր պակաս,- ասաց,- ես ու դու հո մեկ չե՞նք»։ Քիչ մնաց ասեի` մեկ ենք, որովհետեւ այդ պահին սկսել էր թվալ, թե ինքս ինձ հետ եմ խոսում։ Սակայն խոսողը ես չէի, նա էր, ուստի ի՞նչ է ստացվում` ինձ թվաց, թե նա՞ է ինքն իր հետ խոսում… Բայց դա կարող էր թվալ միայն իրեն… Խճճվում էի, սակայն զսպել մտքիս ընթացքը չէի կարողանում։ Լավ է, շուտ վերադարձավ. ուղղեց կիտելը եւ խրոխտ կեցվածք ընդունած` հրամայեց. «Զգա՛ստ։ Վազքով մա՛րշ»։
Տարօրինակ էր, սակայն գիշերով, երբ ծառի տակ նստած գինի էի խմում, հանկարծ հայտնաբերեցի, որ կարոտում եմ նրան։ Ուզեցի գիշերն արագ անցնի։ Իհարկե, գիշերը կարճելու լավագույն միջոցը քնելն էր, բայց ընկերներս շատախոսելու էին տրամադրված, երթեւեկության աղմուկը փողոցի կողմից նույնպես չէր դադարում։
Առավոտյան վախեցած արթնացա, կարծեցի` քնով եմ անցել, բայց երբ ուշադիր նայեցի չորս կողմս, ապա երկնքին, տեսա, որ անհանգստությունս զուր է։ Մեր կանանցից մեկն անխռով խռմփացնում էր` ծունկը փորիս դրած։
Միզել էր վրան։ Կրծքագրպանից մի ճմռթված սիգարետ էր ցցվել. չէի ուզում խանգարել խեղճի քունը հենց միայն թույլտվություն հարցնելու համար, պարզապես վերցրի։ Ձեռքս դիպավ կրծքին, դա նույնն էր, թե դիպչեր ցելոֆանե տոպրակի, որի մեջ մի քիչ գոլ ջուր կա։
Թափ տվի վրայիցս խոտ-ծղոտը, դուրս եկա փողոց։ Հավաքարարը քթի տակ հայհոյելով էր ավլում մայթը։ Թույլ տվեց, որ վառեմ սիգարետս իր սիգարետի կրակից` շարունակելով հայհոյել` «Էս ինչ կեղտոտ ժողովուրդ ա ապրում էս քաղաքում, ես սրանց տիրու…»։
Կարեկցանքով կկոցեցի աչքերս ու հեռացա։ Ծխելով քայլել ամայի փողոցներով` ինչպիսի՜ հաճույք է, ասես քաղաքի տերը լինես։
Երբ նա եկավ, ես լուրջ տեսքով քարին նստած` նախորդ օրվա թերթն էի աչքի անցկացնում, որ ցանկապատի մոտ գտա։ Դեռ հեռվից գոռաց. «Է՛յ, անտեր շուն, եկե՞լ ես»։ Ձայն չհանեցի, գլխի թեթեւ շարժումով բարեւեցի ու շարունակեցի կարդալ։
«Թերթ էլ է կարդում, սրան տեսեք»,- զարմացավ նա։ Հիմարի մեկը։ Ես բարձրագույն կրթություն ունեմ, համարյա… մինչեւ երրորդ կուրս, հետո հեռացա, այսինքն` հեռացրին, մի դեպք պատահեց ու… Մի խոսքով, թերի բարձրագույն։
Ուզում էի ասել այս մասին, բայց «երրորդ կուրս»-ի վրա հանկարծ սեւեռվեցի-մնացի։ Այդպես լինում է երբեմն` խոսքիս կեսից գիտակցությունս հանկարծ արգելակում-մնում է։ Նա ապշած նայում էր, թե ոնց եմ ջղաձգվելով կրկնում` «երրորդ կուր… մինչեւ երրորդ կը… կու-կու-կու…»։ Անիծյալ թերի բարձրագույնի հիշողությունները միշտ ցավ են պատճառում։
«Չես կարողանում առաջ գնալ, լռի՛ր»,- խորհուրդ տվեց։ Հեշտ է ասել, կարծես ինձնից է կախված։ «Ոտքի՛, զգա՛ստ»,- հուժկու գոռաց նա։ Հետաքրքիր էր` անմիջապես ազատվեցի սեւեռումից եւ ոտքի կանգնելով ասացի` լսու՛մ եմ։ Ու սկսվեց վազքը։
«Տեսնու՞մ ես, վարժությունները բուժիչ են քեզ համար,- նկատեց խելառը, ապա կտրուկ լրջացավ ու հրամայեց.- Պայթյուն առջեւի՛ց»։ Տարակուսած նայեցի. խորամանկում էի, իրականում լավ էլ գիտեի, թե ինչ պիտի անեմ, պարզապես ժամանակ էի շահում, որ շունչ առնեմ։ «Ի՞նչ է, բանակում չե՞ս ծառայել»,- հարցրեց։
«Ծառայել եմ,- պատասխանեցի,- բայց այդ հրամանը ծանոթ չէ»։ «Ուրեմն այսպես, պիտի անհապաղ շրջվես թիկունքով դեպի պայթյունը եւ քիթբերնի վրա քեզ գցես գետնին,- բացատրեց նա։- Հասկացա՞ր։ Դե որ հասկացար… Պայթյու՛ն առջեւից»։
Անմիջապես շրջվեցի թիկունքով դեպի երեւակայական պայթյունը եւ փռվեցի գետնին։ «Վատ չէ,- գլխավերեւումս լսվեց նրա ձայնը։- Բայց կրունկներդ ցցված են, իջեցրու։ Գլուխդ լավ սեղմիր գետնին, էլի՛, էլի՛։- Նա ներբանով սեղմեց գլուխս` կատակելով.- Լավ է` ես սեղմեմ, քան բեկորները խփեն-տանեն։ Վեր կաց, մեկ էլ փորձենք»։
Զգաստ կանգնած էի` սպասելով նոր հրամանի։ «Պայթ…»,- սկսեց նա եւ, օ՜ զարմանք, սեւեռվեց-մնաց։ Պարանոցն ու դեմքը ջղաձգելով կրկնում էր` «Պայթ… պայթ… պայթ…»։ Վերջապես լռեց։ Անթարթ նայում էինք միմյանց։ Հանկարծ ինձ սկսեց թվալ, թե ամեն ինչ գիտեմ նրա մասին։ Ուզում էի ճշտել եւ հարցրի` «Ներող եղեք, ուզում եմ հարցնել` պատահաբար հո գյուղից չե՞ք»։ «Քեզ ինչ, քոսոտ շուն,- ֆշշացրեց։
«Ատում ես գյուղից եկածներին, հա՞»։ «Ոչ, ինչու՞, ինքս էլ… Ճիշտ է, գյուղում չեմ ծնվել, բայց ծնողներս գյուղից են, ի վերջո` բոլորիս արմատներն էլ գյուղից են»,- արդարացա` զգալով, որ կատաղում է։
«Ինձ չես խաբի, ես գիտեմ, ատում ես, քեզ նմաններին լավ եմ ճանաչում։ Ոչինչ, ոչինչ, մի երկու ամիս էստեղ պահակություն կանեմ, հետո սպայի կոչում կստանամ, էն ժամանակ կտեսնենք, թե ով ով է»,- վերջին բառերը կարծես մի ուրիշի էին ուղղված։
«Երեւի լավ բարեկամներ ունեք վերեւներում»,- փորձեցի սիրաշահել, բայց ինչպես պարզվեց` անհաջող, որովհետեւ նա սկզբում վախեցավ, նույնիսկ կծկվեց մի տեսակ, հետո սաստիկ կատաղեց ու գոռաց. «Ավել-պակաս դուս ես տալի: Ոտքի՛, զգա՛ստ։
Փորդ ներս քաշի, մռութդ բարձրացրու՛»։ Մի պահ մտածեց, ապա հանեց կողքից կախած հակագազն ու տվեց` «Վեց վայրկյան, հակացա՞ր»։ «Ներեցեք,- բողոքեցի,- նորմատիվը, որքան գիտեմ, ութ վայրկյան է»։ «Էր, հիմա վեց է։- Նա պատրաստ պահեց վայրկյանաչափը։- Ուշադի՛ր, սկսու՛մ ենք։ Հագնե՛լ հակագազը»։
Մինչեւ ընդմիջում ինձ այդպես էլ չհաջողվեց վեց վայրկյանում հագնել անիծյալ ռետինե թաղանթը, որ քաշում-պոկում էր մազերս, երկու անգամ հաջողացրի ութ վայրկյանում հագնել, բայց դա նրան չբավարարեց։ Ռետինը դաղել էր դեմքս, աղի քրտինքն ասես մերկ մաշկիս վրայով էր հոսում։ «Լավ, ընդմիջումից հետո կշարունակենք»,- ասաց հոգեառս` ժամացույցին նայելով։ Ուժասպառ` նստեցի չեչոտ քարին։
«Լսիր, գիտե՞ս, հակագազը քեզ շատ էլ սազում է, ոնց որ` քո վրայով կարած, լուրջ եմ ասում, դեմքիցդ հազար անգամ սիրուն է,- հռհռաց նա։- Քո տեղը լինեմ` հակագազով կապրեմ, միակ շանսդ է` կանանց ուշադրությանն արժանանալո»։
Աչքս ընկավ ծնկներիս հանգրվանած հակագազին ու թվաց, թե նա էլ է հռհռում վրաս։ Իսկ գիժն արդեն լափում էր իր բուտերբրոդը, որն այս անգամ ապխտած երշիկով էր։ Երշիկի բույրը հասնում էր քթիս։ Ինձ չառաջարկեց։ Ոչ էլ սիգարետ տվեց։
Քարերի արանքներում մնացուկ փնտրեցի, չգտա, փոխարենը մի հայելու բեկոր ընկավ աչքովս, վերցրի, նայեցի… Դեմքս ասես եփած բազուկ լիներ, ճմրթած բազուկ։ Շպրտեցի հայելին։ Նա շրջվեց ձայնի կողմը, ապա հայացքը սենյակում պտտելով` հրամայեց. «Զգա՛ստ։ Ոտքի՛։ Էս ի՞նչ է պահակակետի վիճակը, քեզ եմ հարցնում, խոզանոցը սրանից մաքուր է։ Սա էնպիսի մի պահակակետ պետք է լինի, որ նկատեն, զարմանան, պարգեւատրեն։
Շու՛տ արա, անտեր շու՛ն, կարգի բեր տարածքը։ Էն քարերն էլ հավաքի, սիրուն շարի պատի տակ, դավայ, անցի գործի, մենակ թե փոշի չբարձրացնես»։ Ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ էի նման շրջադարձի համար` հակագազից պրծա։ Մաքրեցի տարածքը, քարերը հավաքեցի, խնամքով կիտեցի պատի տակ, բայց նա նայեց, նայեց ու դժգոհ նկատեց. «Չէ, այդտեղ չի նայվում մի տեսակ, հակառակ պատի տակ տեղափոխիր»։ Անիծյալ գեղագետ։
Այդպես, մինչեւ օրվա վերջը, քարերը տեղափոխում էի մի պատից մյուսի տակ եւ հակառակը։ Օրվա ավարտին փայլեցրի նրա փոշոտ սապոգները, ուզում էի նաեւ ճարմանդը փայլեցնել, բայց չթողեց. «Չէ,- ասաց,- գոտին քեզ վստահել չեմ կարող»։ Մի հարցնող լիներ` ինչու՞ չես կարող, կուտե՞մ։ Արդեն մահու չափ հոգնել, զզվել էի այդ խենթից, եւ համազգեստն էլ ամենեւին չէր սազում ապուշին։ Մի՞թե սրանից պրծում չունեմ` մտածում էի։ Ու հենց այդտեղ էր, որ գլխի ընկա վերջապես… Բայց նորից առաջ եմ ընկնում…
Մի խոսքով, այսօր առավոտյան, երբ նա միջանցքով գալիս էր դեպի սենյակ, ես շունչս պահած` թաքնվել էի պատի ետեւում։ «Էյ, անտեր շուն, ու՞ր ես»,- կանչեց։ Ձայն չհանեցի։ «Չլինի՞ չես եկել»,- մի տեսակ կարծես տխրեց նա ու նստեց քարին։
Նույն պահին թափով գլխին իջեցրի ձեռքիս պատրաստ պահած տախտակը։ Ծանր տնքաց ու փլվեց գետին։ Պաղած աչքերում զարմանք կար։ Բայց նրանով հրճվելու ժամանակ չունեի. արագ հանեցի հագուստս, ապա հանեցի նրա համազգեստն ու հագա, իսկ իմ հագուստը նրան հագցրի։ Հեշտ բան չէր։
Վերջապես գլխարկս էլ դրեցի գլխին ու նայեցի` իսկը անտեր շուն։ Այդպես էլ ասացի` «Թու՛, անտեր շուն»։ Համազգեստը ճիշտ վրայովս էր` ուղղեցի-հարթեցրի գոտուս տակ, ճարմանդը թեւքով փայլեցրի, տաբատի փողքերն ավելի խորը մտցրի սապոգների մեջ, վերցրի մահակն ու կանգնեցի դռան առաջ։ Իսկ նա սկսել էր ուշքի գալ։
Ճոճվելով մի կերպ կանգնեց ու աչքերը չռեց վրաս։ Ասացի` «Հը՞, անտեր շուն, ո՞նց ես»։ Ապուշացած` մերթ համազգեստիս էր նայում, մերթ իր հագի կեղտոտ, ճմռթված ցնցոտիներին։ «Զգա՛ստ։ Ա՛ջ դա՛րձ։ Վազքով մա՛րշ»,- հրամայեցի։ Փորձեց հակաճառել, բայց մահակն անհապաղ իջեցրի վզին. սուսուփուս վազեց։
Հիմա ես եմ կիսավեր տան պահակը։
Վերջին մեկնաբանություններ