Սիրանույշ Օհանյան | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես պարզեցի, որ միայնակ Լեռն ունակ է օրհնել և անիծել։ Դրանով իսկ հասկացա, որ այդ Լեռն ապրում ու շնչում է այլ օրենքներով։ Տարբեր է նրա աշխարհը, տարբեր են նրա սկզբունքները։ Լեռան ոգին օտար էր թվում մյուս լեռների համեմատ։

Ես լեռներ նվաճողն եմ։ Ես անտեսանելի եմ, անլսելի։ Աշխարհում լսում են իմ անժխտելի գոյության մասին, սակայն ոչ ոք չի համարձակվի դարանակալել ինձ։ Ոչ ոք չի համարձակվի հանդիպել ինձ, մինչդեռ փնտրում են ամենքը։ Փնտրում՝ ճանաչելու և խույս տալու սին հույսերով։ Նրանք չգիտեն ինձ շնորհված կամքի ուժի մասին, նրանք չեն կասկածում իմ ինքնուրույն գոյատևման մասին։ Մինչդեռ ես կամ նրանցից անկախ։

Ես լեռներ մագլցողի ոգին եմ։ Ես անտեսանելի եմ, անհաղթահարելի։ Իմ տունը լեռներ մագլցողի հոգին է, իմ երկինքը լեռան գագաթն է։ Ես իմ սեփական կյանքն ունեմ։

Աշխարհի բոլոր լեռները վաղ թե ուշ մագլցելու եմ ես։ Ես տեսել եմ բազմաթիվ բարձունքներ ու անհամար անկումներ, ես ապրել եմ անհաշիվ նվաճումներ ու անթիվ կործանումներ։ Հազարավոր անգամներ ջախջախվել է լեռնագնացի անվհատ հոգին, հազարավոր անգամներ ցիներն են լափել նրա բզկտված մարմինը։  Ես փոխել եմ իմ ավերված կացարանն ու հաստատվել այլուր։

Ես անեծք եմ կրում՝ առաջին անգամ միայնակ Լեռան գագաթի առանձնությունը խաթարողին հալածող  անեծքը։ Աններելի է իմ մեղքը, անկոտրելի է իմ հպարտությունը, անխառն է իմ տիեզերամեծ բերկրանքը։ Ես հասկացել եմ աշխարհի ամենադժվար լեռանը։ Ես գիտեմ, թե ինչն է ծփում նրա ընդերքում։ Ես չեմ ափսոսում իմ միակ կյանքը, որն առհավետ մերժված է այլևս։ Լեռն այնքան խոր է, որ արժանի է զոհարան դառնալ անհամեստիս։

Առաջին լեռան չափ հին մի պատգամ ժառանգեցի իմ առաջին ու վերջին ուսուցչից՝ լեռները նախ մտքով են նվաճում։ Հոգիդ ընկալում է լեռան ամեն մի փշուրը, ամեն մի աստիճանը։ Հետո ոտքերը հետևում են մտքին։ Ես ընդունակ ուսանող էի. լեռները խոնարհվում էին իմ մտքի առաջ։ Ավելի ճիշտ՝ լեռները չէին խոնարհվում. այդ ես էի հասնում նրանց բարձրությանը։  Լեռները սիրում էին ինձ այնպես, ինչպես տարիներով սիրուց հետապնդվողն է հանկարծ սիրում համառ սիրահարին։ Ես հասկանում եմ լեռներին։

Անդունդի հատակում եմ ծնվել. լեռնագնացների մեծ մասն այդպես  է ծնվում։ Առաջին իմ հայացքն ընկալել է լոկ անձրևից հետո պայծառացած երկնքի լեռնագույն կապտությունը։ Տեսել եմ անդունդի ժայռածին պատերն ու զգացել բանտված սրտիս բողոքը։ Երբ առաջին թռիչքս գործեցի, հասկացա, որ վերջը միշտ սկզբին է տանում։ Վերջն այս Լեռն է՝ աշխարհների ու ճամփաների վերջը։

Անդունդի պռունկը կարող է և լեռնահաս բարձունք թվալ ներքևում ծնվածի համար, սակայն դա լոկ սկզբնահաշվարկն է լեռան բարձրության։ Ես չեմ ցանկանում մտաբերել հին իմաստությունը՝ լեռան արմատներն անդունդներում են սկիզբ առնում, սակայն մտքերս իրենց սեփական կյանքն ունեն։ Նրանք առաջ են ընկնում ինձանից։ Որքան բարձր է լեռը, այնքան խոր են ձգվում նրա արմատները։ Որքան ուղղագնա է լեռը, այնքան գրավիչ են նրա կործանիչ լանջերը։  Որքան սիրելի է լեռը, այնքան անհաղթելի է թվում այն։ Լեռանը հնարավոր չէ հաղթել։ Լեռանը հնարավոր է հպատակվել՝ նրա գագաթին բարձրանալով։ Ես լեռնագնաց եմ։

Երբ հասկացա, որ լեռնագնացի կյանքի իմաստն իր հնարավորությունները զարգացնելն է, հասկացա, որ լեռնեը նման են աստիճանների։ Նրանք մի ուղի են կազմում, որը տանում է դեպի միայնակ Լեռը։ Միայնակ Լեռն ամենևին էլ ամենաբարձրը չէ, ամենաանմատչելին չէ։ Միայնակ Լեռը չի գտնվում Տիեզերքի կենտրոնում, աչքի չի ընկնում գրեթե ոչնչով։ Հին մի ասք կա նրա մասին. որ հանգրվան է տվել Մեծ անկումից խույս տված միակ լեռնագնացին, պարուրել նրան իր գագաթի խոնավ ամպերով ու թաքցրել անդունդների հրապուրիչ, կործանարար հայացքից։ Այդ ասքը մտացածին է, որովհետև հին է աշխարհից. դրանով իսկ այն դուրս է աշխարհից։ Քչերն են հավատում դրան, թեև շատերն են ձևացնում. ես երբեք չէի կարողանում հասկանալ՝ իրո՞ք հավատում եմ, թե՞ ոչ։ Սակայն ողջ հոգիս հավատ դարձավ այն պահին, երբ հասկացա Լեռանն ու հավասարվեցի նրան։ Միևնույն պահին հոգումս ծնվեցին անեծքի ծանրությունն  ու կրկին արգելքը խախտելու իմաստուն գայթակղությունը։ Անեծքներ կան, որ մարդս կրում է օրհնանքի նման։ Մերժելի ու անհրաժեշտ, կործանարար ու կենսիմաստ անեծքներն են դրանք։ Ե’ս գիտեմ։

Չեմ ուզում մտաբերելով նկարագրել Վերջին մեծ վերելքը։ Ամենևին էլ վերջինը չէր միայնակ Լեռը, ամենևին էլ վերջնագիծ չէր իմ վերջին կանգառը։ Բայց արի ու տես, որ Վերջին հասնելու համար պարտադիր չէ մոտիկ լինել դրան։ Սահմանները միշտ անորոշությամբ են շփոթեցնում։ Ոչ ոք ի զորու չէ ասել՝ ինչով են տարբերվում կողք-կողքի ապրող խոտի երկու ծիլերը, որոնցից մեկը մյուսի արևից թաքնված ստվերում է շնչում։ Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչպիսի  հստակությամբ է ձգվում սահմանը։  Ես նույնպես զոհն եմ սահմանների խաբկանքի։ Եղավ այնպես, որ իմ ճանապարհին կանգնեց Վերջին վերելքի միայնակ Լեռը, նվաճեց ու տարավ ինձ։ Ես գտա ինձ նրա սառնաշունչ, երկնաբնակ գագաթին՝ անօդ ու ձյունածածկ, անապատի պես ինքնամփոփ ու  անապատի պես ծովածին  գագաթին։ Բարձրացա ու չկարողացա իջնել այլևս։ Անզորության թևաբեկ շունչը սառեցրեց հրճվանքիս պոռթկումները։ Լեռան գերին էի արդեն։

Ես գիտեմ, որ լեռներով կազմված սանդուղքն ունի իր ուրույն օրենքները։ Դրանցից մեկը բարբառում է առ այն, որ ամեն հաջորդ աստիճանին հնարավոր է հասնել՝ իջնելով նախորդից։ Սանդուղքներ կան, որոնցով բարձրանալն անվերջ իջնելու շղթա է պարտադրում։ Աշխարհում շատ բան է նկարագրվում դրանով։ Ես գիտեի միայն, որ հնարավոր է այդպես։ Ողջ կյանքն դարձավ նման մի ճանապարհի անհատական կառուցումը։ Միայնակ Լեռը տակնուվրա արեց անցյալիս ապրումները, հիշեցրեց այն մասին, որ որոշ թաքնված սկզբունքներ ուժեղ են տարածված օրենքներից։ Աշխարհը պայքարի դաշտ է հայտնի ու անհայտ ուժերի միջև. լեռնագնացները մարմնավորում են այդ ուժերին։ Ես նույնպես ուժ եմ։ Ուժն ընտրում է կրողին. կրողը կատարելագործման է տանում ուժը։ Ուժերը նույնպես գործիք են։ Նրանք նույնպես կրող են։

Ես հասա միայնակ Լեռանը։ Երբ ցանկացա իջնել՝ ավելի բարձրն ու անմատչելին նվաճելու համար, միայնակ Լեռը սպառնաց անխուսափելի հատուցումով։ Լեռնագնացի ցանկությունը կուրացրել էր ինձ. միանգամից չհասկացա, որ միայնակ Լեռան բարձրությունը նրա խորությամբ չի չափվում։ Միայնակ Լեռը սարսափելի էր իր գեղեցկության մեջ, սակայն նրա իսկական հմայքը ես հետո հասկացա, երբ անդառնալին հարվածեց ինձ։ Լեռան անեծքն ու օրհնանքը նույն սահմանում են հանդիպում. միայնակ Լեռան անեծքն ու օրհնանքը անմասնատելի են, անզանազանելի։

Այսպես հասկացա, որ միայնակ Լեռը, իր անեծքն ու օրհնանքը միևնույն ուժի տեսակներն են։ Լեռն ինքն է իր օրհնությունը. օրհնություններ կան, որ պատժի պես են կրվում։ Այսպես իմ թիկունքին հաստատվեց միայնակ Լեռը, որի գագաթին առաջին անգամ բարձրացա ես։ Ասես ծնվել եմ՝ միայնակ Լեռանը ուսած, և երիցս վա՛յ ինձ։ Ինչպե՞ս պետք է իջնեմ Լեռանից՝ կրելով նրան իմ ուսերին։ Սակայն Լեռը զգուշացրեց ինձ։ Նա ասաց. “Առանց ինձ չես իջնի ինձանից, առանց ինձ չես բարձրանա այլ լեռներ”։ Ինչպե՜ս ես չհասկացա։   Լեռներ կան, որ կրելու համար են ստեղծված։  Արմատների կողմից սրբացված լեռներն են դրանք։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.