Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ՑԵԽ

Ցեխ…

Չգիտեմ կանցնե՞մ այս կամուրջը, թե՞ ոչ…
Որքան առաջանում եմ, այնքան ծանրանում են ոտքերս, կարծես ցեխի գնդեր լինեն. իսկ մարդիկ շուրջս ծիծաղում են, նրանք երջանիկ են ու առողջ։
Որտե՞ղ է իմ ուժը։
Հույսս կորցրել եմ՝ թե կտեսնեմ մյուս կողմի լույսերը։
Կամուրջը՝ վերածվել է ճահճի, և փորձում է կուլ տալ ինձ, քաշել իր խորքը, թեև ուրիշները նրա վրայից անցնելիս նույնիսկ չեն էլ ցեխոտվում։ Միգուցէ, նրանք միշտ ոտքերի տակ են նայում, իսկ ես՝ երկնքին։ Այնուամենայնիվ, ասենք, միայն ես չեմ, ուրիշ խեղդվողներ էլ կան, որոնք խորտակվելիս՝ բռնում են ոտքերս, կառչում՝ վարսերիս… Ի՜նչ լավ կլիներ, մազերս կարճ լինեին, ինչի՞ս են պետք այս երկար մազերը։
Ոմանք էլ երջանիկ են, որ վերջապես կհաջողեն ցեխոտել ինձ… Հրհռում են… իսկ ես՝ համրացել եմ, ձայնս դուրս չի գալիս, ուզում եմ գոռալ… շունչս կտրվում է, խեղդվում եմ…, այս որտե՞ղ եմ, այդ ինչպե՞ս այստեղ ընկա, միթե այդ ե՞ս եմ, այստե՞ղ… չեմ հավատում…
Որո՞նք էին սխալներս, ավելի ճիշտ՝ այն ճակատագրական սխալը, որի արդյունքում հիմա համտեսում եմ այս տհաճ ճահճի հյութը… Հիմա արդեն կարևոր չէ՝ սխալս կամ սխալներս, միևնույնն է, չգիտեմ կանցնե՞մ այս կամուրջը, թե՞ ոչ… Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այս պահին լսում եմ գետակի զվարթ կարկաչը, տեսնում եմ այն կողմում անձրևանոցներով քայլող երջանիկներին, որոնք ծիծաղում են տարբեր գույներով։ Տեսնում եմ արդարադատ արևը, որն ինձ էլ է տաքացրել հավասարապես և հաշվի չի առել վրայիս ադամանդներն ու զմրուխտները…
Հեռվում անձրև է՝ մարդկանց մեղքերը լվացող անձրև։ Ա՜խ, եթե նույնիսկ մի կաթիլ ընկներ վրաս, ես անմիջապես կմաքրվեի, ես նորից կսավառնեի իմ երազներում, ես կսիրեի աշխարհը, կանցնեի այս կամուրջը թեթևասահ, մեկ ոստյունով, և ձեռք կմեկնեի մնացածներին. ես ցույց կտայի նրանց այն, ինչ ինքս տեսնում եմ պարզ ու շիտակ. ես կերգեի նրանց համար, որ իրենց վերքերը դարմանեն, հով կանեի նրանց այրվող սրտերին, ես կբացեի բոլոր փակված դռները և բոլորին թևեր կբաժանեի, ես լեզուներ կբաժանեի, որ խոսեն կամ երգեն. ես ձեռքեր կբաժանեի, որ նկարեն և ստեղծեն, ես ցույց կտայի կյանքի ճիշտ ուղին… ես փայլ կպարգևեի խամրած աչքերին, ես կբացեի խլացած ականջները, ես կջերմացնեի նրանց սրտերը, որպեսզի սիրեն ու հավատան…
Գտնվելով այս ցեխի մեջ, ցավոք նոր եմ գլխի ընկնում, թե որքա՜ն բան կարող էի անել, բայց ա՜վաղ… Այնպես ցոգոլ եմ ուզում՝ հենց հիմա, բայց չեմ կարող իջնել իմ բակը և քաղել՝ հիվանդ եմ… Այնպես եմ ուզում նկարել. ծիծաղելի է, որ դեռ մի քանի օր առաջ ժամանակս վատնեցի նույնիսկ ոչ ինձ համար. ցավալի է,որ դրանից նույնիսկ չերջանկացա և ցավալի է, որ զղջում եմ… Ինչքան ցավալի բաներ կան, որոնք հիշելով՝ ավելի եմ խորասուզվում ցեխի մեջ և հույսս կորցնում։ Ինչքա՜ն հույսեր ունեի,ինչքա՜ն երանիներ, ինչքա՜ն բարձրունքներ կային ինձ գայթակող։ Ինչո՞ւ էի կարծում, որ միանգամից իմը կլինի ամեն ինչ։ Ինչո՞ւ էի լցված այդքան սին և ապուշ վստահությամբ, որը հիմա հօդս ցնդել է։ Ու՞ր է այն։
Կուզեի լցված լինեի նրանով…
Փետրվար, 2008

Հոգու ճիչ
Նվիրվում է մի անծանոթ կնոջ հիշատակին
Այն, ինչ գրում եմ՝ պատմվածք չէ, այլ իմ զգացմունքներն են, որ փորձում եմ բերել թղթի վրա. իսկ այն, ինչ զգում եմ այս պահին՝ լոկ տառապանք է, անորոշություն, հուսահատություն, ցավ, անզորութուն…
Գլխումս անպատասխան հարցերի տարափ է՝ «ինչուներ»-ի շարք, «ինչպե՞ս», «ե՞րբ», նորից «ինչուներ»…
Ծանոթ չէի նրա կնոջ հետ, չէի էլ տեսել. նույնիսկ անունը չգիտէի: Բայց այդ անունը ընկավ բերնե-բերան, երբ վթարի հետևանքով իր մահվան բոթը տարածվեց մեր բուհի տարածքով մեկ, մտավ դասարանները, պտտվեց ու կախված մնաց առաստաղների տակ…
Հիմա ափսոսանքն ու տառապանքը խղճի խայթի հետ միաձուլված՝ բույն են դրել իմ հոգու ու սրտի մեջ. ով գիտե, գուցե նա մի օր կարդա իմ այս խզբզոցը և իմանա, թե որքա՜ն եմ ցավում իր համար…
Չունեմ հնարավորություն՝ խոսել ինչ-որ մեկի հետ, պատմել իմ տարակույսների մասին. ասես խոր փոս են գցել ինձ, այնտեղ մութ ու սարսափելի է: Ես վախենում եմ…
Չէինք սպասում, որ նա կգա: Բայց նույնիսկ իր կնոջ վաղաժամ մահը պատճառ չէր դարձել, որ նա չգար մեր դիպլոմային հանդեսին, չէ՞որ դա կբեկանվեր իր բացակայության պատճառով: Ուժ էր գտել իր մեջ վերջին անգամ հանդիպելու իր աշակերտներին: Դեմքին դրոշմված էր խոր վշտի արտահայտություն, մի քիչ ցրված էր, կռացած: բայց կանգնել էր հաստատուն, այնպես, ինչպես միշտ կանգնում էր ամբիոնի առջև՝ սիրված բոլորի կողմից:
Երբ հնչեց իմ անունը, լուռ մոտեցա, կցկտուր ցավակցեցի, ասացի ընդամենը ՝ «Ցավակցում եմ» ու համբուրեցի: Չգիտեմ ինչո՞ւ մի քանի ավել րոպե չկանգնեցի իր կողքին, որ սփոփեմ, մխիթարեմ. իսկ ինքը,- ես դա լիովին զգացի,- ասես անտեսանելի թելերով փորձում էր պահել ինձ իր մոտ, ասես խնդրում էր չհեռանալ… Ես նրա ամենասիրած աշակերտուհին էի…
Ինձ չեմ կարողանում ներել, որ թույլ գտնվեցի ու չկարողացա ասել, որ իր հետ եմ, իր կողքին, կարող եմ իրեն նեցուկ լինել. իմ խոսքը նրան հույս կտար, ջերմ ու լուսավոր շողի պես կթափանցեր նրա բեկված սրտի մութ անկյունները: Իսկ ես թողի ու հեռացա… Հեռանալիս լսեցի, թե ինձ հաջորդող ընկերուհիս ասաց. «Ես հպարտանում եմ Ձեզանով…»: Շրջվեցի ու նայեցի՝ նրա աչքերը լցվել էին: Իմն էլ: Ուզում էի գոռալ, բայց լուռ մնացի ու հոգիս սևացավ…
Զգում եմ, թե նա ինչքան է տանջվում իր մենության մեջ. անշուշտ, լուռ արտասվում է անքուն գիշերներին՝ ընկնելով մտածմունքի մեջ, վերապրում անցյալի լավ ու վատ հուշերը, կնոջ ժպիտը, նույնիսկ չար խոսքը…
Այնպես կերազեի փաթաթվել նրան ու ասել, որ խոնարհվում եմ իր սիրո ու ծով բարության առջև, լացել նրա հետ միասին… Կիսել նրա անամոք վիշտը: Ինչպե՞ս չկարողացա դա անել…
Ինչու՞ են մարդիկ զսպում զգացմունքները, ինչու՞, երբ կարելի է շռայլել…
Մարտ,2008

Թողնել պատասխան

Your email address will not be published.